
Ձեռամբ տէր Կոմիտաս քհնյ. Զոհրաբեանի (հոգեւոր հովիւ Ֆաուլըրի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու) եւ հայր Անանիա Ծատուրեանի (առաջնորդական փոխանորդ Կենտրոնական Կալիֆորնիայի) Ֆրեզնոյում գտնուող «Կալիֆորնիայի հայկական տուն» (California Armenian Home) հաստատութեան մատուռում Փետրուարի 21ին կատարուեց տնօրհնէքի արարողութիւն: Մինչ բուն արարողութիւնը, տէր Կոմիտասը ներկաներին համակողմանի ծանօթացրեց տնօրհնեաց կարգի խորհրդին ու դրան յաջորդող արարողութիւնների բովանդակութեանը, ապա «Հայր մեր» աղօթքից յետոյ կատարուեց ընդհանրական խոստովանութեան կարգ, որից յետոյ ներկաները բարեպատեհ առիթն ունեցան հաղորդուելու:
Յուրախութիւն հոգեւոր հայրերի՝ արարողութեանը ներկայ մամիկներն ու պապիկները տնօրհնեաց կարգի հոգեզմայլ շարականերգութեանը բերեցին իրենց ցանկալի մասնակցութիւնը, որ մատրան հոգենորոգ մթնոլորտը լցրեց աւելի ջերմութեամբ: Արարողութեան վերջում ներկաների համար կատարուեց բժշկութեան աղօթք:
Նշենք նաեւ, որ հոգեւոր հայրերն անձամբ այցելեցին նրանց, ովքեր առողջական ծանր խնդիրների պատճառով հնարաւորութիւն չէին ունեցել մասնակցելու ընդհանրական արարողութիւններին եւ իրենց առանձնասենեակներում կատարեցին բժշկութեան աղօթք:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
