

28 Փետրուարին, Սումկայիթի ջարդերուն եւ Պաքուի մէջ տեղի ունեցող դատավարութիւններուն գծով ՀՅԴ Բիւրոն հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«1988 թ. Փետրուարն ազդարարեց ազգային զարթօնքի եւ նորագոյն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր եւ Արցախի Հանրապետութեան կերտումը:
«Ի պատասխան արցախահայութեան սահմանադրական իրաւունքի իրացման խաղաղ պայքարի, Ադրբեջանը` Խորհրդային իշխանութիւնների անտարբերութեան պայմաններում, 1988 թ. Փետրուարի 27ից 29ը կազմակերպեց եւ իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան արիւնալի ջարդերը: Սումգայիթին յաջորդեցին Բաքւում, Գանձակում, Շամխորում եւ այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ (ցեղային) զտումը:
«1988 թ. Սումգայիթի հայկական ջարդերը, հարիւր հազարաւորների բռնի տեղահանումը, դրանց յաջորդած արցախեան առաջին եւ 44օրեայ պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումն ու կեղծ դատավարութիւնն ի ցոյց են դնում տարածաշրջանում Ադրբեջանի երկարաժամկէտ ռազմավարական նկրտումները:
«Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնն այսօր բացայայտ դրսեւորւում է Բաքւում ընթացող դատավարութեան բեմականացմամբ, նաեւ այսպէս կոչուած «խաղաղութեան» պայմանագրի բանակցութիւնների գործընթացով, որի ակնյայտ նպատակը ոչ թէ միջազգային իրաւունքի եւ նորմերի վրայ խարսխուած խաղաղութեան հաստատումն է, այլ` հայկական պետականութեան փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործօնի վերացումը:
«Սումգայիթի ջարդերի 37րդ տարելիցի եւ Բաքւում շարունակուող դատավարական ֆարսի (զաւեշտի) կապակցութեամբ ՀՅԴ Բիւրոն յայտարարում է.
«- Դաշնակցութիւնը շարունակելու է հետամուտ լինել 1988-90 թթ․ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնների ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին:
«- Սումգայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանութեան զոհերի արդար փոխհատուցման եւ վերադարձի իրաւունքի պահանջը, ինչպէս նաեւ Բաքւում պատանդառուած բոլոր գերիների եւ պահուող անձանց անյապաղ ազատ արձակումը պէտք է հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգի մաս դառնան»:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
28 Փետրուար 2025