Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբի նախագահ եւ Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան 18 Մարտին, «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը.
«Այսօր Շուէյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի Կանտոնների խորհուրդը ընդունեց թիւ 24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղութեան ֆորում. հայերի վերադարձի հնարաւորութեան ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29ը կողմ քուէարկեցին նախաձեռնութեանը, որով կոչ է արւում Շուէյցարիայի իշխանութիւններին հիմնել առանձնացուած հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխօսութեան համար։ Այս նախաձեռնութեան նպատակն է ապահովել բռնի տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Կանտոնների խորհրդի որոշումը յաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նոյն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024ի Դեկտեմբերի 17ին։ Երկու պալատների հաւանութեամբ թիւ 24.4259 նախագիծը ստանում է օրէնքի ուժ՝ պարտաւորեցնելով Դաշնային խորհուրդը սկսել իր իրականացումը։ Կանտոնների խորհրդում զեկուցող էր պատգամաւոր Տիանա Անգելինա Մոզերը (Կանաչ Ազատական կուսակցութիւն, Ցիւրիխ), մինչդեռ Ազգային խորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը պատգամաւոր Էրիխ Ֆոնտոբելն էր (Շուէյցարական ժողովրդական կուսակցութիւն, Ցիւրիխ)։ Սա առաջին դէպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է Հայկական Հարցին։ Բռնի տեղահանուած անձանց վերադարձի իրաւունքը միջազգային իրաւունքի հիմնասիւներից է, որը հաստատուած է բազմաթիւ իրաւական նախադէպերով եւ միջազգային հռչակագրերով։ Մասնաւորապէս՝ Միջազգային արդարադատութեան դատարանի 2023ի Նոյեմբերի որոշումն ու Եւրոպական խորհրդարանի 2024ի Մարտի եւ Հոկտեմբերի բանաձեւերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահով ու արժանապատուօրէն վերադառնալ իրենց տները։ Խաղաղութեան այս ֆորումի նախաձեռնութեամբ Շուէյցարիան վերահաստատում է իր հաւատարմութիւնը մարդասիրական երկխօսութեանը, միջազգային իրաւունքին եւ կառուցողական դիւանագիտութեանը՝ ի նպաստ Հարաւային Կովկասում երկարաժամկէտ խաղաղութեան»։