
Համազգայինի Երեւանի գրասենեակը հաղորդագրութեան մը միջոցով յայտարարեց, որ հայոց պատմութեան երեւելի դէմքերէն Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150ամեակին առիթով, Համազգայինը պիտի կատարէ համապատասխան նշում մը:
Վերոնշեալ հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Հայաստանի գրասենեակը, ՀԱԱ գրականութեան ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցութեամբ, նախատեսում է ս.թ. Մարտի 28ին, ժամը 13:00ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում կազմակերպել Նիկոլ Աղբալեանի կեանքին ու գործունէութեանը վերաբերող լսումներ:
«Միջոցառմանը կարող են մասնակցել Հայաստանից եւ Սփիւռքից բոլոր նրանք, ովքեր հետաքրքրուած են սոյն թեմայով:
«Մասնակիցները կարող են դիմել հետեւեալ էլեկտրոնային հասցէով՝ hayastan@hamazkayin.com
«Յոբելեանական տարին առիթ է եւս մէկ անգամ արժեւորելու մեծ հայի ունեցած ներդրումը երկրի հասարակական-քաղաքական, կրթական ու մշակութային կեանքում:
«Նրա կենսագրութեան կարեւոր էջերից էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութեան մէջ կրթութեան նախարարի պաշտօնի ստանձնումը, ինչը նշանաւորուեց Երեւանի Պետական համալսարանի հիմնադրումով: Կարեւոր է յիշել բացման առիթով նրա ճառից մի հատուած. «Չնայած, որ մեր երկիրն աւերուած է, մեր ժողովուրդը՝ աղքատութեան մէջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան: Այն, ինչ որ մենք ունենք այսօր, ձեռք է բերուած սերունդների արիւնով, յարգենք նրանց յիշատակը: Մենք վերաշինում ենք մեր տունը եւ հիմնում կրթութեան տաճարներ՝ առանց խորհելու, թէ ինչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը: Մեր մէջ հաւատ կայ, որ այս անգամ հայոց ազգի նաւը դուրս կը գայ փոթորկից անփորձանք: Մեր թշնամիները չեն յաջողելու, եւ այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրաւանդակի վրայ, չի հանգչի եւ կը լուսաւորէ Առաջաւոր Ասիան: Անցնում է մղձաւանջը եւ պայծառանում Հայաստանի երկինքը: Դեռ մեզ համար բոլոր վտանգները անցած չեն, դեռ մէկ ձեռքում սուր պիտի ունենանք, բայց արդէն ժամանակն է, որ միւս ձեռքում գրիչ բռնենք…»: