ՆՈՒՆԷ ԼԵՒՈՆԵԱՆ*

Յետ կէսօր էր. դանդաղ եւ ծոյլ Կիրակի: Քամին ականջիս էր հասցնում հեռւում հեծանիւ քշող երեխաների ծղրտոցն ու ծիծաղի կտորները: Մի քանի ժամ ունէի՝ անյետաձգելի գործերիս վերադառնալուց առաջ, երբ ձեռքս վերցրի Սարօ Նազարեանի «Լուսանկարների Ալբոմները»: Փոստատարը գիրքն ինձ էր հասցրել շաբաթներ առաջ՝ խնամքով փաթեթաւորուած եւ պարոն Նազարեանի գեղեցիկ ընծայագրով: Հաճելի զբաղմունքը առաւել յարմար պահի վայելելու ակնկալիքով պարբերաբար յետաձգում էի գրքի ընթերցանութիւնը, սպասում էի՝ շուրջս խաղաղ ու լուռ լինի, որ ի վերջոյ բացեմ գիրքն ու ընկղմուեմ այդ դեղնականաչ շապիկում ընդգրկուած էջերի բովանդակութեան մէջ, որ, թւում էր, շապիկի գոյների պէս թեթեւ, գարնանային տրամադրութիւն են առաջացնելու: Բայց տարօրինակ մի բան կատարուեց. առաջին իսկ էջից սկսուեց մի իրականութիւն, որից մէկ փախչել ես ուզում, մէկ վերադառնալ: Պարոն Նազարեանը չէր գրել լուսաւոր ու երջանիկ երեւոյթների մասին. նրա պատմուածքները անխուսափելի ցաւին դէմ առ դէմ յայտնուած հայ մարդու մասին էին: Մարդ, ով անկախ իր կամքից, իսկ երբեմն՝ նաեւ դրան հակառակ, ստիպուած է լինում լքել իր հայրենիքն ու տունը, բայց այնպէս չէ, որ նոր հանգրուանը գրկաբաց ընդունում է նրան ու ջերմօրէն ողջագուրւում հետը: Հակառակը, երբեմն վաղեմի ծանօթներն ու մանկութեան ընկերը կարող են հանդիպելիս չբարեւել եւ նրան չնկատելու տալ: Անսպասելի հիւանդութիւնն ու կորուստը կարող են անակնկալի բերել հերոսներին՝ թողնելով անելանելիութեան դառը զգացման մէջ: Նոր միջավայրն իր հերթին չի հեշտացնում խնդիրների լուծումը, եւ յաճախ լուծումը բխում է բոլորովին այլ աղբիւրից՝ գրեթէ անտեսանելի, կարծես նախախնամութեան միջնորդութեամբ: Վահրամը բուժւում է: Սեւակը՝ հիասթափւում: Անին իր կեանքի յաջողութեան հիմնաքարը դնում է հօր խօսքերի վրայ՝ «կեանքը հիմնուած է երկուստեք փոխզիջումների վրայ»: Երուանդը նոյնպէս ելք է գտնում անելանելի թուացող իրավիճակից. նա նախընտրում է փախուստը, որովհետեւ խնդիրը լուծելու ուրիշ տարբերակ չի գտնում: Միայն գրքի վերնագիրը կրող պատմուածքի («Լուսանկարների Ալբոմները») հերոսուհին՝ Յասմիկը, թւում է՝ ելքը երկար փնտռելուց յետոյ, ի վերջոյ յանգում է իր կեանքի ոլորապտոյտն ընդունելուն եւ համակերպուելուն, թէեւ ոչ այնքան հեշտօրէն, այլ իր անցեալի լուսանկարները թրջող արցունքներով…
Հերոսները շատ տարբեր են իրարից եւ առաջին հայեացքից որեւէ նմանութիւն չունեն: Սակայն միայն դրսում ապրող հայը կարող է հասկանալ նրանց բոլորի նմանութիւնն ու հարազատալ նրանցից իւրաքանչիւրի հետ՝ անգամ բացասական հերոսների տեսակէտն ընկալելով եւ այդ տեսակէտի տարրերը տխրութեամբ ինքն իր մէջ յայտնաբերելով: Իսկապէ՞ս մենք չենք հասկանում Վահրամի մանկութեան ընկերոջը՝ Գառնիկին: Իսկապէ՞ս չենք հասկանում Երուանդի դստրերի՝ յաջողութեան հասնելու դեռահասային մոլուցքն ու հօր ընդդիմութիւնը որպէս բռնութիւն ընկալելը:
Սարօ Նազարեանի իւրաքանչիւր հերոս ինչ-որ հետք ունի մեր մէջ, եւ դրա պատճառն այն է, որ հերոսները չափազանց իրական են եւ ոչ յօրինուած: Այդ նոյն մարդիկ են, որ ամէն օր հանդիպում են մեզ, ողջունում ու անցնում: Այդ մարդիկ են, ում կերպարը պարոն Նազարեանը բնութագրում է չափազանց հմտօրէն ու զարմանալիօրէն ճշգրիտ՝ սկսած արտաքինից մինչեւ հոգեբանական նուրբ յատկանիշներ: Չնայած բոլոր կերպարների ծանօթ թուալուն, որոշ դէպքերում կարելի է ինքնակենսագրական տարրերի հանդիպել ու գրեթէ վստահաբար պնդել, որ հեղինակն ինքն իր մասին է պատմում հերոսի անուան տակ. իր պատմութիւնը՝ դժուար, բայց յաղթահարելի, ծանր, բայց յենարան հանդիսացող մարդկանց մշտական ուղեկցութեամբ, ինչի համար հեղինակը բազմիցս երախտապարտ է լինում պատմուածքների մէջ:
Զարմանալի է Սարօ Նազարեանի գիրը. չափազանց խորքային եւ ծանր թեմաների կողքին անցնող կեանքի թեթեւութիւնն ու գեղեցկութիւնը որսալու ունակութիւնը․ կեանքն իր բոլոր կողմերով արտացոլելը մեծ իւրայատկութիւն են հաղորդում նրա գրչին:
…Երեկոյ էր, երբ աւարտեցի գիրքը: Երկակի ապրումներ ունէի, ու թւում էր, թէ հենց դա է հեղինակի նպատակը: Նա կարծես թոյլ չի տալիս, որ դու գիրքը փակես յստակ տրամադրութեամբ: Այնուամենայնիւ, մի փոքրիկ յուշում է թողնում գրքում արծարծուած բոլոր խնդիրների լուծման համար՝ ամենավերջին պատմուածքն ամփոփող տողի տեսքով. «Յոյսը վերջինն է մեռնում»:
Պէտք է ուժ գտնել քո մէջ եւ յոյսի այդ վերջին պատառիկը բռունցքի մէջ ամուր պահած առաջ շարժուել՝ յանուն ազգային արժէքների պահպանութեան եւ յանուն արժանապատիւ գոյութեան, քանի որ «տակաւին յոյս մը կրնանք ունենալ»:
Ջեֆերսոնվիլ, Ինդիանա
* Բանաստեղծուհի, արձակագիր Նունէ Լեւոնեանը ծնուել եւ ուսանել է Երեւանում եւ տարիներ է, որ տեղափոխուել է Միացեալ Նահանգներ: Հեղինակ է չորս գրքերի, որոնցից երեքը իր բանաստեղծութիւնների ժողովածուն է եւ միւսը արձակ յուշագրութիւն է: