
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
YMCA կազմակերպութեան Գլենդելի մասնաճիւղում Մարտի 22ին կայացաւ ամէնամեայ երրորդ «YOUniqueness» խորագրով միջազգային փառատօնը, որ տօնական միջավայրում միաւորել էր տարբեր մշակութային համայնքների: Ամերիկայի հայ, ֆիլիպինական, կորէական, լատինական, իտալական եւ իռլանդական համայնքները հաւաքուել էին մէկ յարկի ներքոյ` ներկայացնելու իրենց ազգային մշակոյթը` երգը, պարը, արուեստի գործերն ու խոհանոցի իւրայատկութիւնները:
Գլենդելի քաղաքապետարանի, YMCA Գլենդելի եւ Foothills-ի համատեղ նախաձեռնութիւնը, տարբեր ցեղային խմբերի համար` միմեանց մշակոյթներին ծանօթանալու, հաղորդակցուելու եւ յարաբերութիւններ հաստատելու տարուայ լաւագոյն եւ սպասուած առիթներից է դարձել:


«Երեք տարի առաջ մեկնարկեցինք այս միջոցառումը, երբ այն ժամանակ Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Արդի Քասախեանն առաջարկեց ստեղծել հարթակ` միաւորելու շրջանում բնակուող տարբեր ցեղային համայնքների: Ես էլ կապուեցի տարբեր համայնքների հետ, եւ մեկնարկեցինք փառատօնը, որի այցելուների թիւն այս տարի հասաւ 800ի», ուրախութեամբ արձանագրեց YMCA Գլենդելի խորհրդի անդամ Էդիտ Ֆուէնթեսը:
Փառատօնն ունէր մի քանի բաղկացուցիչներ: Գեղարուեստական յայտագիրը ներառում էր պարային եւ երգի կատարումներ: Ամերիկահայ համայնքը բեմում ներկայացրեցին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի երգչախումբն ու պարախումբը` հիացմունքի պահեր պարգեւելով ներկաներին:
Ձեռնարկի տաղաւարային հատուածում ներկայացուած էին գրականութիւն, արուեստի գործեր: Յատկանշական էր Արցախի անկիւնի առկայութիւնը, որտեղ ցուցադրւում եւ վաճառւում էին Արցախը ներկայացնող յուշանուէրներ: Ներկաները նաեւ հնարաւորութիւն ունեցան ճաշակելու հայկական խոհանոցի բարիքներից, որ նուիրաբերել էր Գլենդելում գործող «Ֆընիշիա» ճաշարանը:


YMCA Գլենդելի խորհրդի անդամներից եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Նորա Եագուպեանն ուրախութեամբ ընդգծեց հայկական անկիւնի յաջողութիւնները: «Փառատօնը կոչւում է եզակի, բացառիկ, որովհետեւ իւրաքանչիւրս եզակի ենք, եւ համախմբելով տարբեր մշակոյթներ` ծանօթանում, յարգում եւ գնահատում ենք միմեանց ժառանգութիւնը` ստեղծելու հասկացողութեամբ, հանդուրժողութեամբ եւ սիրով լի աշխարհ: Ուրախ եմ, որ կազմակերպիչ յանձնախումբը հաստատեց «Փիլիպոս»ի մասնակցութիւնը, քանզի այս կրթօջախը խորհրդանշում է բոլոր հայ վարժարանների նուիրեալ աշխատանքը` հայկական ժառանգութիւնը պահպանելու գործում: Արցախի յուշանուէրների վաճառքից առաջացած գումարն էլ կ՛ուղարկուի Հայաստանում արցախահայ կանանց», նշեց Եագուպեանը, ով մեծ ներդրում ունի ամերիկեան այս հեղինակաւոր կազմակերպութիւնում հայկական ժառանգութեան եւ հայ համայնքին ներկայացնելու գործում:


