
Եւրոպական խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանին, ԵԽԽՎի Բիւրոյի եւ մնայուն յանձնաժողովի գործունէութեան հաշուետուութեան ընթացքին, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեան անդրադարձաւ Պաքուի մէջ անօրէն կերպով բանտարկուած հայերուն խայտառակ դատավարութիւններուն, որոնք ցոյց կու տան, թէ Ատրպէյճան պատրաստ չէ Հայաստանի հետ ստորագրելու կամ կեանքի կոչել որեւէ խաղաղութեան համաձայնագիր:
Ստորեւ՝ անոր ելոյթը.
«Մէկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը յայտարարեցին այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի տեքստի (բնագիրի) համաձայնեցման մասին: Միջազգային հանրութեան կողմից այս լուրն ընդունուեց «կառուցողական խանդավառութեամբէ` չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակութիւնը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպէս էլ հրապարակուած չէ:
«Պայմանագիրը դեռ չի ստորագրուել:
«Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղութեան պայմանագիրն» ընկալում են որպէս մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղութիւնից: Ապագայի հանդէպ վստահութիւն ստեղծելու փոխարէն ընթացիկ բանակցութիւնները խոր անվստահութիւն են առաջացրել: Խաղաղութեան գաղափարն ինքնին խեղաթիւրւում է, եւ շատ հայեր ցաւալի երկընտրանքի առաջ են կանգնած` ընդունել այն որպէս նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թէ՞ որպէս վերջնական պարտութեան խորհրդանիշ:
«Համոզուած եմ` կը համաձայնէք, որ ցանկացած համաձայնագրի արժէք ոչ միայն այն ստորագրելու, այլեւ յստակ երաշխիքների եւ արդիւնաւէտ իրագործման մեխանիզմների առկայութեան մէջ է: Երկարատեւ խաղաղութիւնը պահանջում է զսպումների եւ հաւասարակշռութեան ամուր համակարգէր, յատկապէս` փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դէպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:
«Բացի այդ, բանակցութիւնների ընթացքում ի սկզբանէ արդարադատութեան եւ էսկալացիայի (մագլցումի) նուազեցման խթանմանը միտուած միջոցներն այժմ բացառուած են, եւ Ադրբեջանը ցոյց տուեց, թէ ինչպէս են հեշտութեամբ անտեսւում եւրոպական զսպման մօտեցումները:
«Թոյլ տուէք մէկ անգամ եւս ձեր ուշադրութիւնը հրաւիրել Բաքւում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարութիւնների վրայ: Դրանք շարունակելը յստակ ցոյց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, եւ ո՛չ էլ իրականում կեանքի կոչելու որեւէ խաղաղութեան համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպէտք է մոռանանք` Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնութիւնները պահպանելու պատմութիւն չունեն, ոչ էլ` այդպիսի պատմութիւն կառուցելու մտադրութիւն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցութիւնը չէ, այլ «պատմական հնարաւորութեան» օգտագործումը` վերջնականապէս լուծելու այն, ինչ նրանք դեռ անուանում են «հայկական հարց»:
«Պարոն նախագահ,
«Մենք իրաւացիօրէն մշտապէս ուշադրութիւն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին: Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգութեան միտումնաւոր ոչնչացումը: Նման աղէտները կանխելու համար ստեղծուած միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապէս չեն գործում: Ադրբեջանը շարունակում է խախտել եւ անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպութիւնները տագնապալի անտարբերութիւն են ցուցաբերում հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրաւունքների նկատմամբ:
«Միջազգային հանրութեան, այդ թւում` Եւրոպայի խորհրդի լռութիւնն Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի բացայայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրայ հիմնուած միջազգային կարգի փլուզման մասին»: