Կենսագրութեանս մէջ շատ հարազատ մի վայր է Լոս Անճելըսը։ Ինձ ամէնէն մտերիմ, մօտիկ մարդիկ, ժամանակաւորապէս կամ մշտական այստեղ կ’ապրին, այս քաղաքում։ Կարօտն է ինձ բերել։ Բայց ես երբեք դատարկ ձեռքով չեմ եկել եւ իմ այս անգամուան այցն էլ ունի իր գործնական, ստեղծագործական նպատակը։
Ուրախ եմ ասելու, որ իմ առաջին փորձը այստեղ, Լոս Անճելըսում ֆիլմ նկարելու, իրականութիւն դարձաւ իմ այս այցի ընթացքում։
Դու տեղեակ ես «Բարի գնալուստ» ներկայացմանը (Երեւանի մէջ, առիթ ունեցած եմ տեսնելու «Բարի գնալուստ»ի վերջին փորձը, նախքան զայն հանրութեան ներկայացնելը)։ Գիտես, որ այդ ներկայացման մտայղացումը, գաղափարը ինձ յուշել է իմ մօտ ընկեր, «Լեւոն թրաւըլ» ճամբորդական գրասենեակի տէր Կարպիս Թիթիզեանը, որ միշտ ասում էր ինձ, թէ հնարաւոր է մի թեմա ներկայացնել, որի միջոցաւ հնարաւոր լինի համախմբել մեր ժողովրդի բոլոր հատուածները։
«Խաթաբալադա»ն երբ ներկայացրինք, այստեղ, տարիներ առաջ, միայն Հայաստանից եկած մարդիկ էին լցրել սրահը։ Հասկնալի է, որ թեման մատչելի չէր բոլորին։
Ստեղծուեց «Բարի գնալուստ»ը, որի բեմագրութիւնը արեց Գուրգէն Խանջեանը, բեմադրութիւնը՝ Վահան Բադալեանը։ Դերերը կատարեցին Ռոպերթ Յարութիւնեանը, Արա Տեխտրիկեանը եւ ես։
Պէտք է ասել, որ ժողովուրդի, հանդիսատեսի վերաբերմունքը, աւելի ճիշդը սրահի մէջ պոռթկումը անսպասելի էր։ Ծիծաղը թոյլ չէր տալիս, որ շարունակենք խաղը։ Առաջին անգամ ներկայացումը խաղացուեց այստեղ, Լոսում, «Սթարզ» թատերասրահի մէջ։ Հինգ անգամ Լոսում եւ մէկ անգամ Սան Ֆրանսիսքոյում ներկայացուելէ ետք, «Բարի գնալուստ»»ը հասաւ Երեւան, ուր խաղաց ամբողջ տարին, միշտ՝ լիքը սրահներով։ Չմոռնամ ասել, որ բեմադրութեան արտադրութիւնը իր վրայ էր վերցրել «Լեւոն թրաւըլ»ը։
Հրաւէրներ էլ ստացանք տարբեր երկրներից, Աւստրալիայից սկսած մինչեւ Պելկիա, մինչեւ Իրան ու Լիբանան։ Բայց ես դադրեցրեցի ներկայացումը, որովհետեւ իմ մօտ արդէն հասունացել էր «Բարի գնալուստ»ի շարունակութեան գաղափարը, որ պէտք է լինէր ֆիլմի տեսքով եւ ներկայացնէր, թէ օդանաւակայանից դուրս գալուց յետոյ ինչ է լինելու։
Բարեբախտաբար, նորից գտնուեց մէկը, Ռուբէն Պապեանը, արտակարգ մի անձնաւորութիւն, որ իր վրայ վերցրեց ֆիլմի արտադրութեան ծախսերը։
Քսան տարի առաջ Հայաստանից Ամսթերտամ փոխադրուած Ռուբէնը անմիջապէս ընկալեց նիւթի այժմէականութիւնը եւ որոշեց աջակցել նրա իրականացման։
Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւեցին ընդամէնը տասնհինգ օր, եւ նոյնքան կարճ ժամկէտում կարողացանք նկարահանել այն։ Ներկայումս ֆիլմի մոնթաժման աշխատանքներն ենք կատարում։
Ֆիլմի բեմադրութիւնը կատարեց «Երեւան պլիւզ»ի բեմադրիչ Վահէ Խաչատրեանը։
Ես պարտաւոր եմ թուել էն մարդկանց անունները, որոնք իրենց արուեստով, մասնագիտութեամբ, բարոյական աջակցութեամբ հնարաւոր դարձրին այս ֆիլմի նկարահանումը, այլապէս իմ տրամադրութեան տակ եղած միջոցներով անհնար էր աշխատանքը հասցնել իր աւարտին։
Այդ մարդկանց շարքին են Կարպիսը՝ Թիթիզեան, Աւետիսը՝ Իսկանեան, Էտի եւ Անօ Բաբայեանները, Յարութիւն Աճառեանը, Ալեքսանդրը՝ Արզումանեան, օփերաթոր՝ Գէորգ Ճուղուրեանը, դիմայարդար՝ Արփին Տատրեանը, Արտակը՝ Սեւադա, Արթուր Համբարեանը, Արմէնը՝ Մանուկեան, որ իսկապէս դարձաւ ֆիլմի տնօրէնը, որ անշահախնդրօրէն մեր դիմաց դուրս եկած բոլոր խնդիրներին լուծումներ էր գտնում, Օսաննան ու Մարալը։
Ֆիլմի դերասանական կազմը հոյակապ էր։ Երեւանից մեզ միացան Ռոպերթ Յարութիւնեանը, Արա Տեխտրիկեանը։ Նրանց միացան տեղական ուժեր՝ Բէնօ Տէր Յարութիւնեանը, Լուսինէ Մարտիրոսեանը, Նարէ Հայկազեանը, Լիլիթը, Մորիս Գույումճեանը։ Դրուագներում՝ բազմաթիւ դերասաններ։
Ֆիլմի վերջաւորութեան, Գալուստը երեւակայում է իր Երեւան վերադարձը։ Նա երազում է իր հետ Երեւան տանիլ խումբ մը մարդիկ, որոնց ինքն ուզում է տեսնել մշտապէս այնտեղ։ Այս տեսարանը նկարելիս քառասունհինգ երեւանցիներ սիրայօժար եկան եւ լցուեցին օդանաւի մէջ։ Ես շնորհակալ եմ նրանցից իւրաքանչիւրին։
Մենք բոլորս մէկ ենք, մեր տեսակը մեզ կը միացնէ, այս է այս ֆիլմի պատգամը։
Ֆիլմի անունը՝ «Ուէլքամ պապա» կամ «Բարի գնալուստ»։ Մենք նուիրում ենք այս ֆիլմը աշխարհի բոլոր հայրերին։ Պէտք է ասեմ, որ տասներկու տարեկանիս հայրս կորցրած լինելով, միշտ թիկունքի պակաս եմ զգացել, միշտ կարիք եմ զգացել հայրական խորհուրդի, խօսքի։ Հետաքրքիր է, որ «Բարի գալուստ»ի բեմի վրայ հագնուել եմ ճիշդ այնպէս, ինչպէս հայրս էր հագնում։
Ապրիլի մէկին վերադառնալու եմ Երեւան։ Վահէ Խաչատրեանի հետ կ’աւարտենք ֆիլմի մոնթաժի աշխատանքները։ Ռուբէն Պապայեանի, արտադրողի հետ կ’որոշենք, թէ երբ եւ որտեղ է լինելու ֆիլմի առաջին ցուցադրութիւնը։ Երեւի Սեպտեմբերին կը լինի, այստեղ, Լոս Անճելըսում։
Հայկական ֆիլմի ներկայ վիճակի մասին կարող եմ ասել, որ արդի հայ կինոն գտնւում է միջակ վիճակում։ Պէտք է ամէն ինչ անել, որ յայտնուին վառ անհատականութիւններ, որոնք մեր կինոն բարձրացնեն իր երբեմնի մակարդակին։
Թերեւս այս մտահոգութիւնից մեկնելով է, որ համաձայնուեցի մտնել մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի կողմից յառաջացած եօթ հոգիանոց յանձնաժողովի մէջ, որ պիտի գբաղուի հայ կինոյի զարգացման խնդիրներով։
Պետութիւնը փորձում է աջակցել ֆիլմի զարգացման գործին։ Օրինակ, վերջերս է որոշուել ու մրցոյթ է յայտարարուել քոմետիայի եւ մանկական ժանրերի ֆիլմերի պատրաստութեան համար, որոնք պիտի արտադրուեն պետական միջոցներով։ Այդ երկու ժանրերի պարագային էլ շատ մեծ է բացը։
Իմ յաջորդ գործը պիտի լինի դերասանի մասին ֆիլմ մը, որ պիտի նուիրուի Մհեր Մկրտչեանի յիշատակին։ Ֆիլմի բեմագրութեան վրայ արդէն չորս տարի է աշխատում եմ։ Հիմա արդէն բանակցութիւնների մէջ եմ մոսկուաբնակ հայ ստեղծագործողների հետ, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները իրենց աւարտին հասցնելու կապակցութեամբ։
Ամուսնացած եմ։ Ունեմ երկու աղջիկ։ Մեծը՝ Մարիամ, նախկին կնոջիցս, քսանչորս տարեկան է։ Երկրորդը՝ Վիքթորիաս, մէկուկէս տարեկան է։ Նա կրում է իմ ութսունհինգամեայ մօրս անունը։ Փոքրիկ Վիքթորիաս ծնուել է մօրս ծննդեան օրը։