Վրաց-օսական նոր պատերազմը, որը հրահրուեց Թիֆլիսի իշխանութիւնների կողմից եւ վերածուեց Վրաստանի նկատմամբ Ռուսիոյ ագրեսիայի, բացասական հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար, ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ երկարաժամկէտ կտրուածքով: Վրաստանի տարածքով են հիմնականում իրականացւում Հայաստան մտնող եւ մեր երկրից դուրս եկող բեռնափոխադրումները, քանի որ Թուրքիան Հայաստանը շրջափակման տակ է պահում 1993էն ի վեր, Ատրպէյճանը շրջափակումը սկսել է աւելի վաղ՝ 1990ականների սկզբներին, երբ բռնկուեց ղարաբաղեան հակամարտութիւնը: Հայաստանի անմիջական չորրորդ հարեւանի՝ Իրանի տարածքով եւս իրականացւում է ապրանքաշրջանառութիւն, սակայն, փոքր ծաւալներով:
Կարճաժամկէտ կտրուածքով վրաց-օսական հակամարտութիւնը (որը առիթ օգտագործելով՝ ռուսական օդուժը ռմբահարեց եւ շարքից հանեց Վրաստանը Հայաստանին կապող երկաթագիծը, աւելի կոնկրէտ՝ Կորի քաղաքից ոչ հեռու գտնուող երկաթուղային կամուրջը) արդէն թողել է իր բացասական հետեւանքները Հայաստանի ներքին սպառման շուկայի վրայ: Այսօր առաջին հերթին Վրաստանի տարածքով Հայաստան են ներկրւում հացահատիկ եւ հեղուկ վառելիք, քանի որ դրանց պակասը առաջին հերթին են զգացւում: Կորիի մօտ պայթեցուած կամուրջի վերանորոգման աշխատանքներին մասնակցում են նաեւ մասնագէտներ Հայաստանից:
Վրաստանի ներքին կայունութիւնը, ինչպէս բազմիցս նշել են Երեւանի պաշտօնեաները, Հայաստանի համար ունի չափազանց կարեւոր նշանակութիւն: 90ական թթ. առաջին տարիներին, երբ Վրաստանը ներքաշուել էր քաղաքացիական պատերազմի եւ էթնիկ հակամարտութիւնների մէջ, Հարաւային Օսիայում եւ Աբխազիայում, Հայաստանը, ըստ էութեան, չէր կարողանում Վրաստանի տարածքն օգտագործել որպէս տարանցիկ ուղի: Հարեւան երկրում Հայաստան մտնող երկաթագիծը եւ կազատարը 90ական թթ. պայթեցուել է մօտ յիսուն անգամ՝ անտանելի պայմաններ ստեղծելով առանց այն էլ խաւարի եւ ցրտի մէջ թաղուած եւ պատերազմի մէջ ներքաշուած Հայաստանի եւ նրա շարքային քաղաքացիների համար:
Ցամաքով շրջափակուած Հայաստանը դէպի ծով ելք օգտւում է Վրաստանի աճարական ափից՝ Սեւ ծովի Պաթում եւ Փոթի նաւահանգիստներից: Հայկական երկաթագիծը միայն ապահովում է կապը Վրաստանի հետ մինչեւ Պաթում, իսկ դէպի Գիւմրի-Կարս (դէպի Թուրքիա), Իջեւան-Ղազախ (դէպի Ատրպէյճան), Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Պաքու եւ Երեւան-Նախիջեւան-Չուլֆա (դէպի Իրան) շրջափակուած են եւ մատնուած անգործութեան: Վրաստանի տարածքով են անցնում նաեւ Հայաստանը Ռուսիոյ կապող աբխազական երկաթուղին եւ երեք ցամաքային ճանապարհները, որոնցից երկաթուղին ե՛ւ Աբխազիայով անցնող ե՛ւ հիմնական համարուող մայրուղին փակ է դեռ 1992ի Օգոստոսից, երբ բռնկուեց վրաց-աբխազական պատերազմը: Կազպէկի-վերին Լարս եւ Հարաւային Օսիայով անցնող երկու ցամաքային ուղիները փակ են 2005ից: Այսպիսով՝ վրաց-ռուսական պատերազմը նշանակում է Մոսկուայի կողմից Վրաստանի, որպէս հետեւանք՝ նաեւ Հայաստանի շրջափակում:
Վրաստանի ներքին կայունութիւնը կարեւոր է նաեւ այդ երկրում ապրող հայերի անվտանգութեան տեսանկիւնից: Ըստ Վրաստանում անցկացուած 2002ի մարդահամարի, հայերի թիւը կազմում է մօտ 250 հազար կամ՝ բնակչութեան 6 տոկոսը: Հայերը ցրուած են ողջ Վրաստանի տարածքում, իսկ հաւաք կերպով բնակւում են մայրաքաղաք Թիֆլիսում, Ծալկայի շրջանում եւ Չաւախքում: Հաշուի առնելով ռուսական տասնամեակների ներկայութիւնը, այդ թւում՝ ռազմական (Ախալքալաքի ռուսական 62րդ ռազմակայանը մէկ տարի առաջ դուրս բերուեց) Չաւախքում, միշտ էլ կայ վտանգ, որ ռուսերը Վրաստանին պատժելու համար, կարող են օգտագործել հայկական գործօնը: Սա մի վտանգ է, որը յստակ գիտակցում է պաշտօնական Երեւանը:
Վրաց-հարաւօսկան «սառեցուած» հակամարտութեան «տաքացումը» ընդհանրապէս սպառնում է կովկաս-կասպեան տարածաշրջանի անվտանգութեանը:
Եւ վերջինը. Միացեալ Նահանգներ-Ռուսիա նոր եւ անխուսափելի առճակատումը, որի առիթը եւ պատճառը Վրաստանն է ու վերջինիս անյագ ձգտումը դէպի ՆԱԹՕ, կարող է փլուզել Հայաստանի «կ’ոմպլեմենտար» արտաքին քաղաքականութիւնը: Լաւ թէ վատ՝ վերջին տասը տարիներին Երեւանը կարողանում էր պահպանել ռազմավարական յարաբերութիւնները Մոսկուայի հետ մի կողմից եւ խորացնել կապերը ՆԱԹՕի ու Եւրոմիութեան հետ միւս կողմից: Մոսկուա-Ուաշինկթըն եւ Մոսկուա-Պրիւքսէլ առճակատումը կարող է Երեւանին ստիպել աւելի զգոյշ լինել Արեւմուտքի հետ յարաբերութիւններում եւ աւելի ամուր փարուել Ռուսիային: