«ԱՍՊԱՐԷԶ».- Յարութ Սասունեանի այս յօդուածը այսօր կը հրատարակենք Ազգ օրաթերթի աշխատակից Յակոբ Ծուլիկեանի թարգմանութեամբ:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների զարգացումներին անդրադառնում է «Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը:
«Ես ականատես եղայ, թէ ինչպէս են պատմութիւն կերտում, երբ անցեալ շաբաթ Հայաստանի նախագահի հրաւէրին ի պատասխան Թուրքիոյ նախագահը այցելեց Հայաստան՝ դիտելու երկու երկրների ֆութպոլի հաւաքականների խաղը:
Նախքան խաղը, հայկական որոշ շրջանակներ ազգայնական ոգու բացայայտ խանդավառութեամբ յաղթանակ էին նախատեսում Հայաստանի համար, մինչ ուրիշները վստահ էին, որ խաղն աւարտուելու է ոչ-ոքի՝ իբրեւ քաղաքական համերաշխութեան մթնոլորտին հարիր ելք: Մի երրորդ խումբ էլ զայրացել էր ինձ վրայ, երբ նշել էի, որ թրքական թիմը ուժեղ է եւ հաւանաբար կը յաղթի, որ ֆութպոլային խաղերի պետականօրէն կանխորոշուած ելքերը դադարել էին գոյութիւն ունենալուց Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ: Ինչպէս կանխատեսել էի, Հայաստանի թիմը 2-0 հաշուով պարտութիւն կրեց «անգոյն» մի մրցախաղում, որտեղ թրքական թիմն առաւել պատրաստուած էր:
Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանում թուրք նախագահին սպասում էր պետական պատշաճ ընդունելութիւն, նաեւ բողոքողների մի հոծ խումբ: Նախագահական նստավայրի ամբողջ ճանապարհին ցուցարարների աւելի մեծ խումբ բողոքում էր, ոչ թէ անձամբ Կիւլի կամ նրա այցի դէմ, այլ՝ Ցեղասպանութեան հարցում թրքական պետութեան ժխտողական կեցուածքին դէմ:
Կարծում եմ, խորապէս զարմանալի կը լինէր, եթէ թրքական պետութեան առաջնորդը ժամանէր Հայաստան եւ ոչ մի հայ նրան չյիշեցնէր, որ դեռեւս չկարգաւորուած խնդիրներ կան երկու երկրների միջեւ: Նա կարող էր սխալ եզրահանգումներ անել, որ Հայաստանի հայերը ոչ մի խնդիր չունեն Թուրքիոյ հետ, եւ որ Ցեղասպանութեան հարցը արծարծում են միայն սփիւռքահայերը:
Ինչեւէ, ֆութպոլային խաղը եզակի հնարաւորութիւն տուեց նախագահ Սարգսեանին եւ արտգործնախարար Նալբանդեանին՝ հանդիպելու իրենց թուրք գործընկերների հետ Երեւանում եւ քննարկելու երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների, շրջափակման վերացման եւ Կովկասում կայունութեան ու համագործակցութեան փլաթֆորմ ստեղծելու հնարաւորութիւնների վերաբերեալ հրատապ հարցերը: Երկու արտգործնախարարները կէսգիշերային իրենց բանակցութիւններից յետոյ որոշեցին շարունակել քննարկումներն աւելի ուշ՝ այս ամիս Նիւ Եորքում կայանալիք ՄԱկի Գլխաւոր «ասամպլիա»ի նիստերին մասնակցելու օրերին: Մինչ այդ, նախագահ Կիւլը, իր հայ գործընկերոջը հրաւիրեց Թուրքիա՝ 2009ի Հոկտեմբերի 14ին միասին դիտելու պատասխան խաղը:
Յայտնի չէ, թէ ինչ առաջընթաց արձանագրեցին վերոնշեալ քննարկումները: Երկու կողմերն էլ հանդիպումների աւարտին հանդէս եկան լաւատեսական յայտարարութիւններով: Սակայն երեւի կարելի է մի քանի նկատառումներ թուարկել տարածաշրջանում կատարուող փոփոխութիւնների վերաբերեալ:
ա) Հայաստանն ու Թուրքիան դիւանագիտական «ինտենսիւ» (բուռն) ճնշման են ենթարկուած Մ. Նահանգների, Եւրոպայի եւ Ռուսաստանի կողմից՝ կարգաւորելու իրենց երկարամեայ խնդիրները, որպէսզի հնարաւոր լինի վերոնշեալ օտար հզօր տէրութիւններին ապահովելու իրենց էներկիայի (ուժանիւթի-Խ) մատակարարումը Կասպիական տարածաշրջանից եւ ապրանքների անվտանգ տեղափոխումը երկաթագծի միջոցով:
բ) Վրաստան-Օսէթիա-Ռուսիա հակամարտութիւնը մեծապէս բարձրացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակութիւնը տարածաշրջանում՝ հարուած հասցնելով Վրաստանի եւ Ատրպէյճանի հեղինակութիւններին:
գ) Թուրք պաշտօնական այրերն այլեւս Արցախի հակամարտութեան կարգաւորումը կարծես չեն նշում իբրեւ նախապայման՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման գործում:
դ) Կիւլի այցը երկրի ներսում՝ Թուրքիայում եւ Ատրպէյճանում, կարծր թեւային քննադատողներին հաշուի առնելով՝ կարելի է պատկերացնել, թէ ինչպիսի դիմադրութեան նա կ’արժանանայ, եթէ որոշի դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Երեւանի հետ եւ մօտ ապագայում բացել Հայաստանի հետ Թուրքիոյ սահմանը:
է) Վերջապէս, պէտք է խոստովանել, որ պատմական որոշակի յաջող քայլ կատարուեց շատ իւրայատուկ մի թուրքի եւ շատ իւրայատուկ մի հայի միջեւ:
Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Ճեմալ փաշայի թոռ, «Միլլիյէթ» թերթի լրագրող Հասան Ճեմալն էլ այս շաբաթուան սկզբին Երեւանում յուզիչ հանդիպում է ունեցել 1922ին Թբիլիսիում իր պապի հայ սպանողի թոռան հետ: Իսկ դրանից առաջ, նա այցելել է Ծիծեռնակաբերդի Եղեռնի յուշահամալիրը եւ ծաղկեպսակ է դրել զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակին մօտ:
Թարգմ. Հ. Ծ