Յանցանքս ի՞նչ թաքցնեմ։ Երբ հարցը գալիս է երաժշտութեան ընդհանրապէս ու հայ երգին մասնաւորապէս, բաւական խստապահանջ եմ։ Յաճախ գաղութում ներկայացուած երգահանդէսներին չեմ մասնակցում, քանի որ արդէն նախապէս ուսումնասիրած լինելով ներկայացման ոճն ու մասամբ էլ ծրագիրը, ու նաեւ նպատակը, խուսափում եմ ժամավաճառութիւնից ու ինքնախաբէութիւնից։ Բոլորս էլ լաւ գիտենք նոյնանման, առեւտրական ու շուկայական պահանջներ բաւարարող երգահանդէսների պակասը, գոնէ մեր գաղութում չկայ։ Սակայն դա արդէն անձնական ճաշակի հարց է ու ասում են ճաշակը ընկեր չունի։
Վերջերս սկսում են շատանալ ու ընդունելի դառնալ մեր գաղութում երեւոյթը ո՛չ հայերէն լեզուով, ո՛չ հայերէն երաժշտականութեամբ, ո՛չ հայերէն հոգիով երգահանդէսների, որոնց երբեմն նոյնիսկ նեցուկ են կանգնում հայկական կազմակերպութիւններ ու միութիւններ, ինչ է՝ թէ երգիչը հայ է եւ կրում է «եան» մասնիկը (երբեմն այդ էլ չի կրում) իր ազգանունի վերջաւորութեան։ Իբր դա ժամանակակից է, դա «նոր սերունդի» ճաշակին է համընթեռ, դա «ազգապահպանման» մի նոր եւ մոդայիկ գործիք է։ Իսկ թէ ո՞ր մէկ «հայ» նոր սերունդի մասին է խօսքը, երբ այդ հայ նոր սերունդը սնուցանւում է օտարալեզու, այլասերուած ու այլաոճ երաժշտութեամբ ու մշակոյթով՝ դա արդէն ինձ համար բոլորովին անհասկանալի է։
Երեւի այդ երեկոյ եւս չգնայի «Նոր Երգ»ը լսելու, եթէ ինձ չհետաքրքրէր այդ նոր երգ կոչուած գաղափարը։ Ուզեցի գնալ, աչքովս տեսնել ու ականջովս լսել։ Հարցնում եմ միջոցառման կազմակերպիչ արտադրիչ Ստեփան Փարթամեանին՝ ինչո՞ւ «Նոր Երգ»։ Ի՞նչպէս որոշեցիր ձեռնարկը կոչել «Նոր Երգ»։ Պատասխանում է. «Քանի որ խնդրեցի ամէն մէկ երգիչ-ուհուց նոր երգով ներկայանալ։ Ուզեցի տեղքայլելու եւ հնութիւններ կրկնելու փոխարէն, նորութիւններով հայ մշակոյթը յառաջ տանել»:
Երգահանդէսին մասնակցում էին 18 երգիչ-ուհիներ, որոշները ծանօթ ու մի քանիսն էլ անծանօթ, չլսուած անուններ։ Ոմանք շատ հին երգիչներ ու ուրիշներն էլ սկսնակներ։ Ինչպէս կազմակերպիչն է յայտարարում իր բացման խօսքի մէջ, ներկայացւում էր երգերի ու երգիչների մի ծաղկեփունջ։ Իսկ չէ՞ որ մի ծաղկեփունջում կարելի է գտնել թէ՛ ամենաանուշաբոյր ու գեղեցիկ ծաղիկը ու թէ՛ անհրապուրիչ ու անբոյր խոտը։ Իսկ ինձ համար հէնց դրանց բոլորի միացումն ու միատեղումը ընծայում էր նոր երգի գաղափարը, ներկայացնում էր հայկական ժողովրդական երգերի ոճից սկսեալ մինչեւ էստրադան ու ռոքը ներկայացնող մի համերգ, գոհացնում տարբեր ճաշակներ ու իրաւացիօրէն ներդրում ունենում հայ մշակոյթի պահպանման գործում։ Ու դեռ աւելին այն էր, որ այս երգիչ-ուհիները բոլորն էլ ապրում ու ստեղծագործում էին հէնց մեր գաղութում։ Իսկ համերգը կրում էր բարեսիրական բնոյթ եւ համերգի ամբողջ հասոյթը յատկացւում էր Հայ արուեստի հիմնադրամին։ Այդտեղ արդէն մոռացել էի իմ երգի ու երաժշտութեան հանդէպ ունեցած անձնական նախասիրութիւնները, արդէն ականջներս վարժուել էին ու անտարբեր դարձել բոլոր ձայներին ու ոճերին էլ, որովհետեւ երգերն ամբողջ երգւում էին հայերէն ու մաքուր (եթէ նոյնիսկ ոչ ամենահայկական ու ամենաբարձրաստիճան ոճով) երաժշտականութեամբ։ Որովհետեւ նրանց բոլորի հոգին հայկական էր ու այդ յաջողւում էր փոխանցել հանդիսատեսին։ Որովհետեւ երգւում էր այն, ինչ որ ժողովուրդը հաճոյքով էր լսում։ Որովհետեւ այստեղ մեզ հարազատ մի մշակոյթ էր սնուցւում ներկաներին. ու ներկաները վայելում էին։ Թէեւ սրահը լեփ-լեցուն չէր, բայց ծափերն անընդմէջ էին։ Ուրեմն, միջոցառումը ծառայել էր իր նպատակին։ Տարբեր սերունդի ու ճաշակի հայորդիներ հաճելի ժամանակ էին վայելում՝ ըմբոշխնելով հայ երգն ու հայ մշակոյթի մի մասնիկը։
Մի գողտրիկ, կոկիկ, մտերմիկ երգի երեկոյ էր Մարտի 15ը, որին պիտի յաջորդի «Նոր Երգ II»ն՝ Մարտ 14, 2010ին։ Ձեր օրացոյցերում նշէք այդ թուականը։ Կարող է գալ տարի ձեզ եւս հետաքրքրի «Նոր Երգ»ի նոր երգը։