ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Պիտի դառնար 85 տարեկան մի քանի օրեր յետոյ: Իր կեանքը ապրած եւ արժեւորած Անգինէի համար արդէն կարեւոր չէր այդ թիւը: Արել էր իր կարելին որպէս մարդ, որպէս կին, որպէս հայուհի: Թաղման արարողութիւնն իսկ դարձել էր նրան մեծարելու եւ գնահատելու հանդիսութիւն, միակ տարբերութեամբ, որ նա չէր լսում, բայց ներկայ էր: Հաւաքուած բազմութիւնը յարգանքի տուրք տալուց բացի կարծես ուզում էր ասել մէկը միւսին. «Գիտե՞ս, ես էլ եմ ճանաչում Անգինէին, մօտ էի նրա հետ»: Իսկ ո՞ւմ հետ մօտ չէր Անգինէն, ու՞մ հետ բարեկամ չէր: Ապրած երկրների այլազանութիւնը, ծառայած հաստատութիւնների բազմակողմանիութիւնը, ապրած տարիների երկար կեանքը, մասնագիտութեան եւ իր ասպարէզի ժողովրդայնութիւնը դարձրել էին նրան «Անգինէ»: Արդեօք մտերմութեան ո՞ր աստիճանն է թոյլ տալիս վերլուծելու բարեկամիդ. տարիները՞, հանդիպման յաճախականութիւնը՞, թէ միանգամից իրար հասկանալու հանգամանքը:
Անհատական օրինակը չէ, որ պիտի նրան բացատրէր, այլ դրա ընդհանրացումն էր, որ Սփիւռքից մինչեւ Հայաստան Անգինէին դարձրել էր բոլորին սրտակից: Սիրում էր հետաքրքրուել բոլորի կեանքի մանրամասնութիւններով, այդ էր նրա բնոյթը, որովհետեւ միշտ-միշտ շրջապատուած էր մարդկանցով եւ պարտաւոր էր իմանալ նրանց մասին: Անվերջ օգնում էր Հայաստանի իր բոլոր բարեկամներին: Ուշադիր էր ոչ միայն կարիք ունեցողների, այլ անխտիր՝ բոլորի նկատմամբ:
Տիկին Անգինէի գործունէութեան յատկանշական կէտերից է նրա ծառայութիւնը հայկական տարբեր գաղափարական հոսանքներին: Եթէ նրա եղբայրները՝ Օննիկ Քէշիշեանը եւ Օշին Քէշիշեանը ունեն առանձնացած յստակ ուղղութիւններ՝ ողջախոհ համագործակցութեան սկզբունքներով, ապա Անգինէն նրանց համադրումն է, որի հիմքը, անշուշտ նրա մասնագիտութիւնն է. հայ մշակոյթին ծառայելը չունի սահմանափակումներ: Որեւէ դիմագիծ պէտք է ուրուագծուի նախ որպէս մարդկային նկարագիր եւ, մեր պարագային, հայ ժողովրդի զաւակ լինելու արժեւորում: Անգինէն կարողացել էր իր ապրած կեանքով տալ այդ պատկերը:
Չճանաչելով սկզբից, շատ հետաքրքիր էր ինձ համար լսել նրա կատարողական կարողութիւնների մասին, որ իր ապրած ժամանակների համար բաւական մեծ յաջողութիւններ էին: Ազդեցիկ են անունները երգչուհու անցած բեմական ուղիների: Կենդանի կատարողական արուեստի դերը կեանքում դառնում է մշակոյթի այդ ժանրը տուեալ շրջանում զարգացնելու եւ շարունակելու միջոց, որով կապւում եւ փոխանցւում են ժամանակները: Այն վայելում են ականատեսները: Սակայն կան գործեր, որոնք արւում եւ մնում են դարերի համար եւ կենդանի են միշտ: Այդպիսին է Անգինէի «Կենաց երգ» երգարանը, որ հրատարակուել է 1999 թուին: Արդէն հինգ տարիներ է, որ այդ երգարանը օգտագործում եմ Լոս Անճելըսի տարբեր հայկական հաստատութիւններում՝ երեխաներին հայերէն երգ սովորեցնելու համար: Անգինէն, հայերէն երգի իր իմացութեան շնորհիւ, կարողացել է այստեղ խմբաւորել մեր հայրենասիրական, ազգային-ազատագրական, կրօնական, աշուղական, ժողովրդական եւ հեղինակային բազմաթիւ երգեր, որոնք մատչելի կարող են լինել աշակերտին: Եւ դեռ աւելի՛ն, իւրաքանչիւր երգի հայերէն բառերի կողքին տեսնում ենք նոյնի անգլիատառ գրութիւնը՝ հայերէն լեզուի դժուարութիւն ունեցողների համար: Ըստ Անգինէի, «Սփիւռքին մէջ մեր հայ երգը լեզուին հետ միասին մեր հողն է, մեր հայրենիքն է»: Այս նշանաբանից ելնելով՝ նա տարիներ շարունակ երաժշտութիւն է դասաւանդել ազգային դպրոցներում, յատկապէս «Ռոզ եւ Ալէք Փիլիպոս» վարժարանում:
***
Ծննդավայր Երուսաղէմից սկսեալ, Անգինէ Քէշիշեան-Մուրադեանը տարածել է հայ երգը, փայլել է բեմերի վրայ, երգել է եկեղեցիներում: Հայատառ մամուլը տրամադրել է իր էջերը Անգինէի երաժշտա-քննադատական յօդուածներին: Սակայն այս ամէնը մէկ կողմ դնելով՝ նա նուիրուել է հայ մանկանը հայ երգ սովորեցնելուն:
Իր բարեկամներից Վահրամ Մաւեանը գրում էր Լիզբոնից. «Երաժշտական աշխատանքներուդ մասին տուած լուրերդ կարդացի հետաքրքրութեամբ: Կը խուսափիմ այստեղ անգամ մը եւս կրկնած ըլլալէ այն ինչ որ կը մտածեմ- եւ ասիկայ գիտես թէ ցաւով- երաժշտութեան, երգի մարզին մէջ քեզի ընծայուած բացառիկ շնորհները առաւելագոյն չափով օգտագործած չըլլալուդ մասին: Ի՞նչ պիտի ըսես օր մը, միւս կողմ երթալէ ետք, երբ Աստուած հաշիւ պահանջէ քեզմէ… Սիրելի՛ Անգինէ, դպրոցի երեխաներուն հետ տարած աշխատանքդ եւ զայն պաշտպանող խանդավառութիւնն ու ոգիդ կը յուզեն զիս: Երբ երեւակայես թէ այդ պտըլիկ, հայու վառուըրուն աչուկներով սիրուն տղաքն ու աղջիկները գաղութին դիմագիծը ճշդող հայերը պիտի ըլլան ասկէ 10-15 տարի ետք, այն ատե՛ն միայն կ՛ըմբռնես կարեւորութիւնը անոնց հոգիներուն մէջ նետած հայկական կայծերուդ: Եւ ասիկայ պզտիկ գոհունակութիւն մը չէ, սիրելի՛ Անգինէ: Ապրիս, շա՜տ ապրիս»:
Ահաւասիկ, իր կարողութիւնները ամենաօգտակար ուղղութեամբ դրսեւորելով՝ Անգինէն կատարել էր ճիշդ կողմնորոշումը:
Կեանքի մարդ լինելը նոյնպէս առանձին կարողութիւն է, եւ այդ շնորհեալներին մահուան գալուստը չի սարսափեցնում: Եթէ այստեղ են, լա՜ւ, ապրում են լիովին, եթէ պէտք է գնալ, լա՜ւ, մեկնում են առանց հրաժեշտի… քանի որ մեզ հետ են միշտ: Այդպէս էլ մեկնեց տիկին Անգինէն: Խունկ եւ աղօթք նրա շիրիմին: