ԹԱՆԳԱՐԱՆԸ
Հիմնադրուել է Հայաստանի Առաջին հանրապետութեան պառլամենտի օրէնքով (N 439,09.09.1919թ.): Կոչուել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրէնն էր Երուանդ Լալայեանը: Բացուել է այցելուների համար 1921թ. Օգոստոսի 20ին:
ԵՐՈՒԱՆԴ ԼԱԼԱՅԵԱՆ
Երուանդ Լալայեան (1864-1931) ազգագրագէտ, հնագէտ, բանահաւաք եւ Հայաստանի պատմութեան թանգարանի հիմնադիր տնօրէնն է (1919-1927):
Հիմնադրել է «Ազգագրական հանդէս»ը (1896), Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերութիւնը (1906) եւ Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908):
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՕՏ ԱԿՆԱՐԿ
Իւրաքանչիւր պետութեան կրթական եւ մշակութային կարեւոր ձեռնարկումներից մէկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառութիւն չէր նաեւ Հայաստանի Առաջին հանրապետութիւնը:
1919ի Մայիսի 16ին Հայաստանի հանրապետութեան նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում է ընդունում: 1920ի Յունուարի 31ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գիւմրի) առեւտրային դպրոցի շէնքում մեծ շուքով կատարւում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպէս հանրապետութեան ղեկավարները, այնպէս էլ բազմաթիւ հիւրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրուեց նշանաւոր հայագէտ Ստեփան Մալխասեանցի՝ 1920ի Փետրուարի մէկին կարդացած դասախօսութեամբ:
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունէր մէկ՝ պատմալեզուաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախօս: Ի պատիւ համալսարանի առաջին ռեկտոր-տնօրէն Եուրի Ղամբարեանի, պէտք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախօսելու հրաւիրուեցին արտասահմանեան բուհեր աւարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անուանի մասնագէտներ, ինչպիսիք էին Յակոբ Մանանդեանը, Մանուկ Աբեղեանը, Ստեփան Մալխասեանցը եւ ուրիշներ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Յովհաննիսեանի «Երեւանի համալսարանի վերակազմութեան մասին» հրամանով, 1920ի Դեկտեմբերի 17ին Հայաստանի համալսարանը վերանուանուեց Երեւանի ժողովրդական համալսարան: Երեւանում վերաբացուած կրթօճախի ռեկտոր է ընտրւում հայագէտ, պրոֆեսէօր Յակոբ Մանանդեանը:
Նախորդ դարասկզբի 20ական թուականներին համալսարանը գործում էր Աստաֆեան (այժմ՝ Աբովեան) փողոցում գտնուող ուսուցչական սեմինարիայի՝ սեւ տուֆով կառուցուած երկյարկանի շէնքի առաջին յարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամէնը երկու ֆակուլտետ՝ Հասարակագիտական եւ Բնագիտական: Իսկ արդէն 1921ի Հոկտեմբերից համալսարանն ունէր հինգ ֆակուլտետ՝ Բնագիտական, Արեւելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական եւ Խորհրդային շինարարութեան: Այնուհետեւ Բնագիտական ֆակուլտետը վերաձեւաւորուեց գիւղատնտեսականի, իսկ 1922ի Մարտին բացուեց նաեւ Բժշկական ֆակուլտետը:
Կառավարութեան 1923ի Հոկտեմբերի 20ի որոշման համաձայն, համալսարանը վերանուանուեց պետական համալսարան: Ըստ այդմ, բարձրացաւ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատուութիւնը, ինչպէս նաեւ խստացան կրթօճախին ներկայացուած պահանջները: Համալսարանի ղեկավարութիւնը յատուկ ընտրութեամբ աշխատանքի հրաւիրեց արտասահմանեան բուհեր աւարտած եւ մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:
1933-34 ուսումնական տարում համալսարանում գործում էին տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզուագրական, ֆիզիկամաթեմատիկական եւ մանկավարժական ֆակուլտետները: 1934ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացաւ, եւ նրա հիմքի վրայ կազմաւորուեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նոյն տարում բնագիտական ֆակուլտետը բաժանուեց երկու՝ կենսաբանական եւ քիմիական ֆակուլտետների):
Այսպիսով, 1935-1936 ուստարուանից համալսարանում ձեւաւորւում եւ սկսում են գործել ութ ֆակուլտետներ՝ Պատմութեան, Բանասիրական, Իրաւաբանական, Երկրաբանա-աշխարհագրական, Քիմիական, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանական: 1945ին բացւում եւ մինչեւ 1953 գործում է նաեւ Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը:
1957ին Պետական համալսարանին՝ որպէս առանձին ֆակուլտետ, միանում է ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը, որը 1961ին կրկին առանձնանում է:
1959ին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատւում եւ ինքնուրոյն միաւոր է դառնում ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975ին առանձնանում է ռատիօֆիզիկայի ֆակուլտետը:
1991 թուականին Երեւանի պետական համալսարանն արդէն ունէր 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստւում 32 մասնագիտութիւնների գծով:
Յատկապէս 1960-1990ական թուականները համալսարանի համար դարձան աննախադէպ զարգացման տարիներ. կազմաւորուեցին նոր ֆակուլտետներ, ստեղծուեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնուեց հայագիտական կենտրոն: Զգալիօրէն աշխուժացաւ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակուեցին նաեւ անուանի դասախօսների գիտական աշխատութիւններ, գիտական ամսագրեր, բազմաբնոյթ ժողովածուներ եւ այլն:
1995-1996 ուսումնական տարին Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) համար նշանաւորուեց նոր ուսումնական գործընթացի սկզբնաւորմամբ: Հանրապետութիւնում միջազգային չափանիշներին համապատասխան նոր եւ որակեալ կրթակարգ ունենալու նպատակով, ԵՊՀն, ինչպէս նաեւ հայաստանեան մի շարք բուհեր (համալսարաններ-Խմբ.) անցան երկաստիճան կրթական համակարգին:
Մինչ օրս, ԵՊՀն տուել է շուրջ 90 հազար շրջանաւարտ: Համալսարանում այսօր գործող 22 ֆակուլտետներում մասնագիտանում են մօտ 13 հազար սովորողներ: Բուհի աւելի քան 1200 դասախօսներից 200ը գիտութիւնների դոկտորներ են, 500ից աւելին՝ գիտութիւնների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ աւելի քան երեք տասնեակ ակադեմիկոսներ: Բարձր որակաւորում ունեցող գիտնականների շնորհիւ բուհում իրականացւում են ժամանակակից գիտութեան տարբեր ոլորտներին առնչուող հիմնարար եւ կիրառական կարեւորագոյն հետազօտութիւններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպւում են աւելի քան 100 ամբիոններում, որոնք համալրուած են նորագոյն տեխնիկայով եւ սարքաւորումներով: