ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի մէջ քաղաքական ուժերուն եւ գործիչներուն միջեւ համագործակցութիւնը ընդհանրապէս դժուարացած է, որովհետեւ շատ մեծ դեր կը խաղան յաւակնութիւնները: Յունիս 12ի խորհրդարանական ճեպազրոյցներու ընթացքին այդպիսի կարծիք յայտնած է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը: Այնուհանդերձ, Ժառանգութիւն կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի՝ ՀՅԴի հետ միասնաբար աշխատելու եւ խորհրդակցելու կոչը, Վահան Յովհաննիսեանը համարած է ճիշդ եւ նշած, որ անհրաժեշտ է առնուազն խորհրդարանական մակարդակի վրայ ներկայացուող նախագիծերուն շուրջ քննարկումներ իրականացնել եւ համատեղ մօտեցումներ մշակել:
Իբրեւ խորհրդարանական ընդդիմութիւն, ՀՅԴ բնականաբար, կարգ մը հարցերու շուրջ կը համագործակցի նաեւ խորհրդարանի իշխանական ուժերուն հետ, յայտնած է Վ. Յովհաննիսեան եւ աւելցուցած. «Իշխանութեան հետ կը համագործակցենք բոլոր այն հարցերում, որոնք համահայկական նշանակութիւն ունեն, եւ որտեղ իշխանութեան քաղաքականութիւնը, մեր գնահատականով, ճիշդ է: Բնական է, որ ե՛ւ սփիւռքի միաւորման, ե՛ւ Հայաստանի բարեկամ քաղաքական շրջանակներ ստեղծելու գործում կարող ենք մեծ դերակատարում ունենալ, եւ մեր հայրենքին այդ ծառայութիւնից երբեք չենք զրկի»:
Անդրադառնալով արմատական ընդդիմութեան կողմէ հնչած՝ ««Ժառանգութիւն»ը արբանեակ կուսակցութիւն է, իսկ դոմինանտը Հայ ազգային կոնգրէսն է» յայտարարութիւններուն՝ Վ. Յովհաննիսեան ըսած է. «Արբանեակ համարել «Ժառանգութեան»ը ես համարում եմ առնուազն անխոհեմ, եթէ հետագայ համագործակցութեան ծրագիր ունեն։ Իսկ ես կարծում եմ, որ՝ չունեն, որովհետեւ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ նրա արբանեակները իրականում չեն կարող ոեւէ մէկի հետ համագործակցել՝ չլինելով պապայի դերում։ Իսկ նրան պապայի դերում Հայաստանի հանրապետութեան ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել։ Այս առումով, մենք նրանց հետ այս պայմաններում ոչ խօսելու թեմա ունենք, ոչ էլ համագործակցելու ընդհանուր դաշտ»:
Խօսելով Միացեալ Նահանգներու պետական բաժանմունքի յայտարարութեան մասին, ըստ որուն՝ նախագահական ընտրութիւններէն յետոյ Հայաստանի մէջ յաղթահարուած չէ քաղաքական ճգնաժամը, ՀՅԴ պատգամաւորը նշած է, որ իր կարծիքով, իշխանութիւնը բացարձակապէս անուղղելի չէ, եւ եթէ իրենք, իշխանութեան առած քայլերուն մէջ նկատեն կոպիտ սխալներ, այն ատեն կը դիմեն համապատասխան կոպիտ քայլերու:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅԴ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ
**********************************************************************************************
(ԲԱՑ ՆԱՄԱԿ)
Երկար ժամանակ մտորում էի` արդյո՞ք արժե գրել ձեզ այս նամակս, որը ժամանակվրեպ կընկալվի ձեր կողմից, թեև անկախ նամակիս բովանդակությունից’ ստեղծված դրությունը էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունն ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ, ինչը պարտավոր եմ ասել, քանզի 1965 թվականից, 16 տարեկան հասակից եմ պայքարել ու թռուցիկներ տարածել, որ ազգս սովետական թմբիրից արթնանա, մոռացության չմատնվի ազգիս հետ կատարվածը։ 1,5 միլիոնից ավել զոհերի հիշատակն ու մեր պատմական հայրենիքի վերադարձը եղել ու մնում է կյանքիս միակ իմաստը:
ճիշտ է երկար տարիներ գտնվում եմ հայրենիքից հեռու, բայց այսօր էլ նույն գաղափարների կրողն եմ ու այստեղից՝ իմ ուժերի ներածի չափով աշխատում եմ նպաստել մեր սրբազան պայքարին. իմ հայրենասիրական ստեղծագործությունները, հրապարակախոսական հոդվածներն անգլերեն թարգմանված համակարգիչով տարածում եմ աշխարհի տարբեր հասցեներով. կոնգրեսականներ, սենատորներ, հեղինակավոր թերթեր, լրագրողներ առանց սահմանի, թուրքական թերթեր … և այսօր այս նամակը գրելու իրավունքը վաստակած, դիմում եմ ձեզ՝ Հայաստանյան դաշնակցական կուսակցության ղեկավար մարմիններիդ, որ լինելով հարյուրամյա ազգային կուսակցություն, մաս կազմելով կոալիցիայի, դուք բարձիթողի վիճակում ձգեցիք ազգային խնդիրներն ու ամբողջովին ապավինեցիք նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բարի կամքին։ Ձեր կրավորական կեցվածքն առիթ հանդիսացավ, որ նրանք առանց ձեզ հետ հաշվի նստելու, միանձնյա, արագացված ապազգային քայլեր ձեռնարկեն՝ “Սահմանի բացման” երազանքով գայթակղված, առանց ծանր ու թեթև անելու օգուտներն ու վնասները: Դուք քաջատեղյակ լինելով թուրքական դիվանագիտության պրոֆեսիոնալիզմին, աճպարարությանը, որի հիմքում ընկած է սուտն ու կեղծիքը, ինչու՞ անմիջապես չկանխեցիք նախագահի կողմից անմտածված , անհարկի, աշխարհին մոլորեցնող այս քայլը՝ “Ֆուտբոլային հրավերքը”: Միթե՞ քաղաքական հոտառությունից այդքա՜ն հեռու էիք Հայաստանյան ՀՅԴ Գերագույն Մարմնի պատասխանատուներ, որ ճշգրիտ համադրումներ չկարողացաք կատարել, պետական շահերը պաշտպանելով, հետին պլան մղեցիք համընդհանուր ազգային շահը ու սթափվեցիք շա՜տ ուշ, երբ բանը բանից անցել էր, երբ “ֆուտբոլային հրավերքն” իր սև գործն արել էր արդեն:
“ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ” պետք է արժնանար ձեր կողմից կոշտ դիմադրության. կոալիցիայից դուրս գալու, պորտֆելներից հրաժարվելու, զօր ու գիշեր հանրահավաքներ կազմակերպելու, նստացույցեր…, որ ձեր բողոքի ձայնը հասներ Թուրքիա՝ մինչև Գյուլին, որ նա չմտածեր, թե միայն սփյուռքն է պայքարում ցեղասպանության, մեր հողերի համար, այլ բուն Հայաստանի ժողովուրդը անզիջում է անցյալը սրբագրել փորձող ամեն մի ոտնձգության դեմ: Այ, այն ժամանակ բարձր կլիներ դաշնակցության հեղինակությունը ժողովրդի աչքին ու դուք թիկունք կանգնողների պակաս չէիք ունենա:
Չեմ կասկածում, որ ժողովուրդը ձեզ նեցուկ չկանգներ, քանզի ազգային հարցերը մեր ազգի համար միշտ էլ թիվ մեկ գերխնդիր են եղել ու կան. դա ապացուցվեց 88-ին: Միթե՞ ազգային ռազմավարական գիտելիքների պակաս ունի դաշնակցությունը, թե՞ կոալիցիայի մաս կազմելով, ներքաշվեցիք ներքաղաքական խնդիրների մեջ, մոռանալով ձեր բուն առաքելության մասին, ընդունելով հարմարվողական կեցվածք, աչք փակեցիք ձեր շուրջը կատարվող ապազգային գործընթացին։ Արդյունքում սփյուռքի “Հայ-դատի” տարիներ ի վեր կատարած լոբբիստական աշխատանքների անուրանալի ձեռքբերումները ջուրը լցրեցիք:
Երկար տարիներ կոալիցիայի մաս կազմելով, ձեր իշխանամետ, հարմարվողական, կրավորական կեցվածքով հաճոյացաք իշխանություններին ու ձեր անտարբերությամբ երկրորդ պլան մղեցիք ազգային խնդիրները. ես ցնծություն կապրեի, եթե ձեր գլխավորությամբ ողջ ազգը դուրս գար ու բողոքեր “ֆուտբոլային հրավերքի” ժամանակ, բայց դուրս է գալիս Լևոնին սատարելու։ Ինչու՞։ Քանզի ձեր անգործունեության շնորհիվ ազգային գաղափարախոսությունը մղվել է հետին պլան ու հոգևարք է ապրում բուն Հայաստանում. ու այսօր միայն ստամոքս լցնելու կռիվ է գնում. մի փոր հացի ազգ ենք դարձել. այս է պատասխանը:
Միայն տարին մեկ անգամ. ապրիլի 24-ին եք մեզ ի ցույց դնում ձեր հայրենասիրության չափը:
Ի՞նչ է դաշնակցությունը մաս կազմեց կոալիցիային, որ պորտֆելնե՞ր ձեռք բերի ու հաճոյանա իշխանությունների՞ն: Կոպիտ է որակումս, բայց զուտ դառը ճշմարտություն:
Ողջ ազգի թիկունքին գաղտնի սիրախաղերը թուրք ղեկավարների հետ ու ձեր միամիտ «անտեղյակությունը» նրանց բանակցություններին ու ստորագվող փաստաթղթերին անընդունելի է՝ հանցագործություն, իսկ ձեր կողմից լռելը՝ օժանդակություն Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, որ ավելի խորը ներքաշվեն թուրքական սիրախաղի որոգայթները, որի արդյունքում կորցրեցինք մեր վստահությունը ցեղասպանությունն ընդունած ու դեռ չընդունած Եվրոպական պետությունների, աշխարհի աչքին։ Ապրիլի 24-ի Օբամայի ելույթը դրա վառ ապացույցն էր: Այս սիրախաղի բոլոր ճանապարհները տանում են Թուրքական դիվանագիտության հաղթանակին.
Այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը կարող են հանդես գալ ամբողջ ազգի անունից , հաշվի չառնելով Սփյուռքի միլիոնավոր պահանջատեր մեր հայրենակիցների պայքարը, թքած ունեն աշխարհով մեկ գործող “Հայ-դատի ” անգնահատելի աշխատանքներին, որոնք հասել են բավական հաջողությունների Մեծ Եղեռնը տարբեր պետությունների կողմից ընդունելու ուղղությամբ, որոնք տարիներ շարունակ մեծ լոբբիստական աշխատանքներ են տանում ու գումարներ ծախսում, որ իրականություն դարձնեն մեր արևմտյան տարածքների վերադարձը:
Ձեր քթի տակ էր կատարվում հայ-թուրքական սիրախաղը ու դուք լուռ էիք. ինչու՞ այդքան ուշ սթափվեցիք, թե՞ ափսոսում էիք պորտֆելներից զրկվել:
Երբ տեսաք ձեր հանդուրժողականությամբ, հարմարվողականությամբ խայտառակում եք ձեր կուսակցության պատիվը՝ շա՜տ ուշացումով հրաժարական տվեցիք, բայց չընդվզեցիք, բողոքի ցույցեր չկազմակերպեցիք, ոչ էլ նախագահից պահանջեցիք վերջ տալ աշխարհին մոլորեցնող հայ-թուրքական սիրախաղին, որը դիվանագիտության խայտառակ տգիտության վկայություն է. ձեռքսեղմումի պահին առերևույթ բարեկամ, բայց մի քայլ այն կողմ նույն թշնամի Թուրքիայի հետ պարտվողական դիրքերից հանդես գալու ողջ գործընթացին դուք էլ մասն եք կազմում, պատասխանատվություն կրում հավասարաչափ, մի բան էլ ավել:
Զգում եմ, որ դրությունը փոխել ձեր ուժերից վեր է, քանզի գործընթացը՝ հայ-թուրքական սիրախաղը մեծ թափ առած շարունակվում է… իսկ դաշնակցությունը խռովկան երեխու կարգավիճակում է հայտնվել, գերադասելով լռությունը:
Սահմանի բացման հիվանդագին սինդրոմով տառապող մեր նախագահն ապրիլի 24-ից հետո ընթացող հայ-թուրքական բեմադրությունից դեռ հետևություններ չի արել. իներցիայով թափ առած ներքաշվել է թուրքական խարդախ խաղի մեջ ու մտադիր էլ չէ հետ կանգնել ճանապարհի կեսից։ Իսկ դաշնակցական կուսակցությունը ժամանակ չունի ազգային խնդիրներով զբաղվել, քանզի քաղաքապետի ընտրություններն ավելի կարևոր են, իսկ ազգային խնդիրները չեն փախչի:
Խիստ եմ որակումներիս մեջ, ու թեկուզ ինչքան էլ փնտրեք արդարացնող հակափաստարկներ, բայց ցավոք այս է դառը ճշմարտությունը, որից պետք է հետևություններ անեք Հայաստանյան ՀՅԴ Գերագույն մարմնի պատասխանատուներ ու ձեր դիրքերը երբեք չփոխեք ո´չ մի պաշտոնի հետ, քանզի դուք սուրբ առաքելություն ունեք ձեր ուսերին ու ողջ ազգը մեծ սպասումներ ունի Ձեզանից:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
(գրող-հրապարակախոս)
sona_arshuneci@yahoo.fr