ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- «Առաւօտ» օրաթերթի Շաբաթ, 13 Յունիսի թիւին մէջ, Գագիկ Շամշեան ստորագրած է հետեւեալ տեղեկագրութիւնը.
«Հայաստանի ոստիկանութեան Կենտրոնականի բաժնի կողմից, որպէս անյայտ կորած, այս տարուան Ապրիլի 30ից որոնւում էր ԱՄՆ քաղաքացի, 1951 թուականին ծնուած, Երեւան քաղաքի Ամիրեան փողոցի թիւ 5 շէնքի 3րդ բնակարանի բնակիչ, «ԼիլՆար» ՓԲԸ տնօրէն Նազարէթ Յակոբ Պէրպէրանը, որը Ապրիլի 26ին, երեկոյեան 20ի սահմաններում, դուրս է եկել նշուած հասցէից եւ չի վերադարձել: Իսկ շէնքի բակից անհետացել է Պէրպէրեանին պատկանող æԻՓ մակնիշի «04 ԼՍ 413» համարանիշի աւտոմեքենան: Ոստիկանութեանն Ապրիլի 28ին այս մասին յայտնել է քաղաքացի Ս.ն: Մայիսի 3ին Պէրպէրեանի անյայտացման հետ կապուած, ոստիկանութեան Կենտրոնի քննչական բաժնում յարուցւում է քրէական գործ՝ ՀՀ ՔրՕր-ի (քրէական օրէնքի-Խմբ.) 104 յօդուածի յատկանիշներով (կեանքի եւ առողջութեան դէմ ուղղուած յանցագործութիւն, սպանութիւն): Օրեր անց ոստիկանութիւնը Պէրպէրեանին պատկանող աւտոմեքենան յայտնաբերում է «Զուարթնոց» օդանաւակայանում լիովին սարքին, չթալանուած վիճակում: Գործի էր դրուած ձայնային անվտանգութիւնը՝ «սիգնալիզացիան»: Մեր տեղեկութիւններով, Մայիսի 15ին Երեւան-Սեւան մայրուղու 25րդ կիլոմետրի վրայ մայթեզրի յայտնի «չայնի» ոլորանների ձորակում յայտնաբերւում է անյայտ կորած ամերիկահայ գործարար Նազարէթ Պէրպէրեանի դին: Պարզւում է, որ Պէրպէրեանի սպանութիւնը պլանաւորուած (ծրագրաւորուած-Խմբ.) է եղել նրա ընկերոջ՝ Պետրոս Յովհաննէսի Թեմիրեանի կողմից: Վերջինս, մեր տեղեկութիւններով, նախկինում եղել է դատապարտուած՝ անչափահասի նկատմամբ սեռական բնոյթի գործողութիւններ կատարելու մեղադրանքով: Մինչեւ սպանութիւնը, նա յայտնի ձորակում իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ, փորել է փոս, այնտեղ տեղափոխել աւազ, ցեմենտ, վերադարձել իր վաղեմի ընկեր Պէրպէրեանի տուն, հէնց տան մէջ խեղդամահ արել նրան եւ արդէն դիակին ներարկել կէտամին դեղամիջոց, որից յետոյ, մութն ընկնելուն պէս, դիակը տարել է Պէրոպէրեանի æԻՓ աւտոմեքենան եւ տեղափոխել «չայնիի» ձոր: Որպէսզի իր վրայ կասկածներ չընկնեն, Թեմիրեանը Պէրպէրեանի տնից վերցրել է նրա բաճկոնը, փողկապը, անդրավարտիքը, ճամպրուկը, ինչպէս նաեւ Պէրպէրեանի աշխատանքային «նոթպուք»-համակարգիչը, որոնցմով նա 5 օր առաջ Հայաստան էր եկել Սիրիայից: Իսկ յետոյ, երբ արդէն ընկերոջ դիակը թաղում է ձորում, բետոնապատում այն, միայն այս գործողութիւններից յետոյ Թեմիրեանը ամերիկահայ գործարարի մեքենան տանում եւ կանգնեցնում է «Զուարթնոց» օդանաւակայանի տարածքում:
Ինչպէս յետոյ պարզուեց, Թեմիրեանը Պէրպէրեանի տնից յափշտակել է նաեւ 12 հազար ԱՄՆ դոլար: Թեմիրեանը յանցանքն իրականացնելուց յետոյ, փորձել է իր համար ալիբի ստեղծել. թէ՛ Պէրպէրեանի շրջապատում եւ թէ՛ վերջինիս պատկանող Պուշկին-Աբովեան խաչմեռուկում կառուցուող հիւրանոցային համալիրի շինարարների մէջ տարածել է, թէ Պէրպէրեանն Էմիրութիւններում վիլլա ունի եւ հաւանաբար մեկնած կը լինի այնտեղ: Որպէսզի իրաւապահների ուշադրութիւնը շեղի իր կատարած սահմռկեցուցիչ սպանութիւնից, որոնք, հնարաւոր է, օդանաւակայանի համակարգիչներում չգտնեն նրա մեկնումը հաստատող որեւէ տուեալ, Թեմիրեանը նաեւ տարածել է, թէ Պէրպէրեանը ունի երկու անձնագիր, որոնցից մէկում նշուած է այլ անուն-ազգանուն եւ հաւանաբար մեկնել է հէնց այդ անձնագրով: Մեր տեղեկութիւններով, Թեմիրեանը յանցագործութիւնը կատարել է միայնակ: Արդէն յայտնի է, որ Պէրպէրեանի դին ներկայացուել է ճանաչման՝ նրա հետ սերտ շփման մէջ գտնուած անձանց: Քանի որ 17 օր բետոնի («սիմենթ»-Խմբ.) տակ մնալուց յետոյ դիակը գրեթէ ամբողջութեամբ եղել է անճանաչելի, նշանակուել է դիակի ԴՆԹ թեստ (տի.էն.էյ. քննութիւն-Խմբ.), որի արդիւնքներով, մեր տեղեկութիւններով, հաստատուել է, որ յայտնաբերուածը Պէրպէրեանի դին է: Սպանութիւնը բացայայտուել է ՀՀ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան, Կենտրոնականի բաժնի, Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի եւ քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութիւնների, ինչպէս նաեւ ԱԱԾ աշխատակիցների կողմից: