ԱՐԵԳ ՂԱՐԱԲԷԳԵԱՆ ՎԱՀՐԱՄ ՋԱԼԱԼԵԱՆ
Հայաստանի Վերականգնուող Էներգետիկայի եւ Էներգախնայողութեան հիմնադրամը ծրագրել էր Հայաստանում կենսաէթանոլի արտադրութեան հնարաւորութիւնների գնահատման նախնական ուսումնասիրութիւն: Այս ուսումնասիրութիւնը ֆինանսաւորուել էր Համաշխարհային բանկի կողմից: Նախնական տեխնիկատնտեսական գնահատումը կատարեցին Enertech International, Inc. եւ BBI International ընկարակցութիւնները (ԱՄՆ) եւ DHD Contact ՍՊԸն (Հայաստան):
Լինելով ցամաքապատ երկիր, առանց հում նաւթի հանքավայրերի՝ Հայաստանը աւտոտրանսպորտի ոլորտում բենզինի աճող պահանջարկին դիմակայելու գործում 100 տոկոսով կախուած է վառելիքի ներմուծումից: Գումարած դրան, համաշխարհային հում նաւթի վաճառքի գների աճը թողնելու է ազդեցութիւնը բենզինի մանրածախ շուկաների վրայ: Դրանից բացի, ակնկալւում է, որ Ռուսաստանից ներմուծուող բնական գազի գները կ՛աճեն ապագայում՝ դարձնելով բնական գազը աւելի թանկ, որը ճնշում կը բերի բենզինի գների վրայ: Նման միտումները շարժիչային փոխադրամիջոցների այլընտրանքային վառելիքները, ինչպիսին է կենսաէթանոլը, կը դարձնեն աւելի մրցունակ շուկայում: Եւ վերջապէս, կենսաէթանոլի խառնուրդը, որպէս շարժիչային փոխադրամիջոցների վառելիք, ունակ է փոխարինման սկզբունքով կրճատելու բենզինի ներմուծումը, նուազեցնելու արտարժոյթի հոսքերը, բարձրացնելու էներգամատակարարման անվտանգութիւնը, աւելցուկ հողերում կենսաէթանոլի համար տեղական հումքատեսակներ աճեցնելով ստեղծելու նոր աշխատատեղեր տնտեսապէս անբարենպաստ գիւղական տարածքներում, ինչպէս նաեւ լաւացնելու տեղական օդի որակը, մասնաւորապէս, գերբնակեցուած քաղաքային տարածքներում:
Կենսավառելիքների արտադրութեան ծրագրի ընդհանուր յաջողութիւնը պայմանաւորող կարեւոր գործօններից է հանդիսանում գրաւիչ գներով համապատասխան հումքատեսակների մատչելիութիւնը: Այսօր գրեթէ ամբողջ աշխարհում կենսաէթանոլի արտադրութեան համար հիմնական հումքատեսակներ են հանդիսանում եգիպտացորենը եւ շաքարեղէգը, սակայն, տեսականօրէն, շաքարի կամ օսլայի բարձր պարունակութիւն ունեցող ցանկացած այլ հումքատեսակ կարող է կիրառուել կենսաէթանոլի արտադրութեան համար: Հայաստանի կլիմայական պայմանները յարմար չեն շաքարեղէգի մշակման համար, այնուամենայնիւ, Հայաստանի կլիամայական պայմաններում սննդամթերքի արտադրութեան համար չօգտագործուող հողատարածքներում մշակման համար գոյութիւն ունեն յարմար այլըտրանքային հումքատեսակներ: Մասնաւորապէս, կենսաէթանոլի արտադրութեան համար, գետնախնձորը (Jerusalem artichoke կամ topinambur եւ ոչ potato) առաւել խոստումնալից հումքատեսակ է: Այն կարող է մշակուել ներկայումս անվար հողերում: Աւելին, այն ունի ածխաջրածինների բարձր պարունակութիւն, յատկապէս արմատային պալարներում, ինչը շատ յարմար է դարձնում այն կենսաէթանոլի արտադրութեան համար: Ներկայումս գետնախնձորը աճեցւում է քիչ մասշտաբով անհատ գիւղացիների կողմից, սակայն բաւարար պահանջարկ չլինելու պատճառով, մեծաքանակ արտադրութիւններ չկան:
Նմանապէս, կերային եգիպտացորենը (տնային անասունների եւ թռչունների համար) յարմար բուսատեսակ է երկրի որոշ մասերում վարելահողերի եւ միկրոկլիմայական պայմանների տեսակէտից: Չոր աղացմամբ ֆրակցիաների բաժանման եղանակի կիրառմամբ եգիպտացորենը կարող է վերամշակուել այնպէս, որ հումքային եգիպտացորենից կենսաէթանոլի փոխակերպման համար անջատուի օսլան իր ամբողջ ծաւալով: Միաժամանակ, որպէս յաւելեալ արտադրանք, արտադրուելու է արժէքաւոր անասնակեր, որն ունի պրոտէինի, իւղերի եւ ածխաջրերի բարձր պարունակութիւն: Նմանատիպ անասնակեր կարելի է նաեւ ստանալ՝ օգտագործելով գետնախնձորը որպէս կենսաէթանոլի արտադրման հումք:
Ներկայումս չկայ մեծաքանակ եգիպտացորենի արտադրանք Հայաստանում, բայց կան ծրագիրներ որ մշակել եգիպտացորեն 10,000 հեկտարի վրայ Տաւուշի մարզում: Տուեալ ծրագիրը սահմանափակ յաջողութիւնների է հասել:
Նախնական տեխնիկատնտեսական հիմնաւորման ընթացքում հիմնաւորուեցին կենսաէթանոլի արտադրութեան երկու իրարից տարբեր գործարաններ, մէկը հիմնուած գետնախնձորի վրայ որպէս հումքատեսակ՝ Սիւնիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքների հարեւանութեամբ: Երկրորդ գործարանը լինելու է Տաւուշի մարզում, գործածելով եգիպտացորենը որպէս հումք: Այս երկու մարզերը ունեն բարձր գիւղական գործազրկութեան ցուցանիշներ եւ նրանց կիլիմայական պայմանները յարմար են երկու նշուած հումքատեսակների աճեցման համար:
Կենսաէթանոլի արտադրութեան ազգային ծրագրի ներդրման վերաբերեալ որոշումը դիտարկելուց առաջ, պէտք է հաշուի առնուեն մի շարք առաւելութիւններ ու թերութիւններ: Առաւելութիւնների շարքին են դասւում այն հանգամանքները, որ կենսաէթանոլը կարող է արտադրուել հումքատեսակների տեղական վերականգնուող աղբիւրներից, նպաստել գիւղատնտեսութեանը երկրի սոցիալապէս անբարենպաստ գիւղական շրջաններում, կարող է ապահովել գիւղատնտեսներին եւ կենսաէթանոլի արտադրութեան գործարանի սեփականատէրերին վստահելի եկամուտի հոսքով: Նաեւ կենսաէթանոլը թունաւոր չէ եւ կենսաինքնաքայքայուող է, որպէս շարժիչային փոխադրամիջոցների վառելիք այրուելիս կարող է նուազեցնել մթնոլորտային արտանետումները խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Երեւանը եւ Գիւմրին, նպաստել համընդհանուր ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը եւ օգնել Հայաստանի տնտեսութեանը արտարժոյթի արտահոսքերի նուազեցմամբ:
Միւս կողմից, կենսաէթանոլի արտադրութեան ազգային ծրագիրը կարող է հանդիպել մի շարք խոչընդոտների: Բենզինի համեմատութեամբ, էթանոլը օժտուած է աւելի ցածր էներգետիկ արժէքով եւ սկբնական փուլում կարող է վատ ընդունուել հասարակութեան կողմից: Դրան է գումարւում այն, որ բենզինում կենսաէթանոլի խառնուրդի աւելի բարձր տոկոսը (օր՝ 10%ից աւելի) համատեղելի չէ գոյութիւն ունեցող ոչ ճկուն վառելիքային համակարգով մեքենաների, խողովակների ենթակառուցուածքի, մատակարարման համակարգի, կամ մանրածախ կէտերում առկայ բաքերի եւ պոմպերի հետ: Եթէ ներմուծուող բենզինը չլինի բարձր որակի եւ պարունակի խոնաւութիւն, ապա կենսաէթանոլով խառնուած բենզին օգտագործող մեքենաների դէպքում ի յայտ կը գան աշխատանքի եւ պահպանման հետ կապուած խնդիրներ, որը կարող է ծրագիրը անյաջողութեան մատնել: Աւելին, ներկայումս Հայաստանում տակաւին չկան եւ նոր պէտք է ձեւաւորուեն, ստեղծուեն կենսաէթանոլի փոխակերպման արդիւնքում առաջացած յաւելեալ արտադրանքի շուկաներ:
Կենսաէթանոլի պոտենցիալ շուկայի ծաւալների գնահատում եւ գնահատուած առաւելագոյն գներ
Հիմք ընդունելով այն ենթադրութիւնը, որ ՀՀ կառավարութիւնը կը պարտադրի մինչեւ 2014թ. բենզինի ըստ ծաւալի 5 տոկոսանոց կենսաէթանոլի խառնուրդը՝ կենսաէթանոլի անհրաժեշտ ընդհանուր ծաւալների կանխատեսումն է տարեկան 14,000 տոննա:
Հիմնուելով այս կանխատեսման վրայ, երկու գործարանների համար առաջարկուել է տարեկան 7000 տոննա արտադրողականութիւն:
Շինարարական ծախսերը տարեկան 7000 տոննա արտադրողականութեամբ գործարանի համար կը կազմեն մօտաւորապէս $17-19 միլիոն: Կենսավառելիքի ծրագրի ֆինանսական վերլուծութեան կարեւորագոյն փոփոխական մեծութիւններն են կենսաէթանոլի գինը, հումքի գինը, յաւելեալ արտադրանքի գինը եւ էներգիայի ծախսերը:
Առաջարկուող հումքի (գետնախնձոր – topinambur – եգիպտացորեն) գնի հաւաստի տեղեկատուութեան բացակայութեան պատճառով, ֆինանսական վերլուծութիւնն անհրաժեշտօրէն կատարուել է՝ ընդունելով առանց վարկային միջոցների օգտագործման ներդրման թոյլատրելի հատոյց (այն է՝ 15%) եւ որոշել հումքի այնպիսի ինքնարժէք, որն կ՛երաշխաւորի այս հատոյցը ժամանակի ընթացքում, եւ ցանկացած պարագայում համարւում է առաւել չափաւոր մօտեցում:
Եթէ բերքահաւաքը կազմի 40ից 45 տոննա մէկ հեկտարից, ապա գետնախնձորի համար գնագոյացումը ակնկալւում է մօտաւորապէս $50/տոննա (15 դրամ/կգ): Ֆինանսական մոդելը ապացուցեց որ վերամշակող գործարանը կարող է վճարել մինչեւ $88 գետնախնձորի տոննայի դիմաց եւ դեռ ունենալ 15% շահ առանց վարկաւորման: Ֆինանսական կանխատեսումներում օգտագործուող կենսաէթանոլի մանրածախ գինը կազմում է 410 դրամ/լիտր ($1.34):
Հայաստան ներմուծուող եգիպտացորենի գինը մօտաւորապէս $400 էր մէկ տոննայի դիմաց (120-140 դրամ/կգ) 2008ի դրութեամբ: Այս գինը էականօրէն բարձր է եգիպտացորենի միջազգային գներից Հայաստան ներկրման փոխադրումների բարձր գնի եւ վաճառքի փոքր ծաւալների պատճառով: Վերլուծութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ Հայաստանում եգիպտացորենի արտադրութեան արժէքի աճը պայմանաւորուած է յատկապէս պարարտանիւթերի, մոլախոտերը ոչնչացնող քիմիկատների, եւ տրակտորների դիզելային վառելիքի բարձր արժէքով, որոնք թոյլ չեն տալիս յաւելեալ շահոյթ, չնայած որ հիմա օգտագործւում են բարձր բերքատուութիւն ունեցող սերմեր: Բոլոր դէպքերում, ֆինանսական մոդելը ցուցաբերել է որ գործարանը կարող է տեղական գիւղացիներին վճարել ոչ աւել քան $393 մէկ տոննա կերային եգիպտացորենի դիմաց՝ ստանալու համար նուազագոյն 15% շահ:
Միջին հաշուով, այսօր Հայաստանում մշակւում են միայն 70% վարելահողերը սննդամթերքի արտադրութեան համար: Օգտագործուող հողերը Վայոց Ձորի մարզում կազմում են միայն 23% իսկ Գեղարքունիքի մարզում նրանք կազմում են 90%: Կենսաէթանոլի արտադրութեան ծրագրի համար հողերի ընտրութիւնը պիտի կատարուի առաջնորդուելով հետեւեալն սկզբունքներով.
– Կենտրոնանալ միայն յաւելուրդային հողերի վրայ.
– Սկսել ԽՍՀՄ ժամանակաշրջանում օգտագործուող հողերից, որոնք սակայն ներկայումս չեն օգտագործւում սննդամթերքի արտադրութեան համար.
– Սկզբնապէս կենտրոնանալ 1000-2400 մետր բարձրութեան վրայ գտնուող ցածր բերքատուութեամբ կամ աղակալած հողերի վրայ.
– Բացառել մեքենայնացուած գիւղատնտեսական սարքաւորումների համար անմատչելի հողերը ու նաեւ վտանգուած բուսատեսակներ կամ կենդանիներ պարունակող հողերը:
Կատարուել է լայնածաւալ գնահատում՝ յայտնաբերելու յարմար հողեր կենսաէթանոլի հումք արտադրելու համար, հաշուի առնելով գերիշխող կլիմայական պայմանները, հողերի պիտանելիութիւնը, բարձրութեան սահմանափակումները եւ ոռոգման մատչելիութիւնը:
Սիսիանի եւ Գորիսի հարեւանութեամբ գիւղատնտեսական արտադրութիւն ծաւալելու համար գոյութիւն ունեն պիտանի 16,800 հեկտար հողեր: Մօտաւորապէս 87,000 տոննա գետնախնձոր կը պահանջուի վերամշակող գործարանի կողմից տարեկան 7000 տոննա արտադրանքի համար: Եթէ որպէս ելակէտ ընդունենք այն, որ մէկ հեկտարը կը տայ 40 տոննա բերք, ապա մօտ 2190 հեկտար հողը կը պահանջուի բաւական քանակի գետնախնձոր մատակարարելու համար: Այս պարագայում պիտանի հողերի մօտ 87%ը դեռ մնալու է ապագայում սննդամթերային արտադրութեան համար:
Տաւուշի մարզում ներկայումս կայ 10,370 հեկտար չօգտագործուող գիւղատնտեսական հողեր: Մօտաւորապէս 23,000 տոննա եգիպտացորեն կը պահանջուի տարեկան 7000 տոննա արտադրանքի համար: Եթէ ընդունենք, որ ներկայիս Հայաստանում մէկ հեկտար հողից կը ստացուի 4 տոննա եգիպտացորեն, ապա կը պահանջուի 5750 հեկտար հող: Այս պարագայում դեռ կը մնայ պիտանի հողերի մօտ 45%ը ապագայում սննդամթերային արտադրելու համար:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՈՂ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ
Գիւղական համայնքների զարգացումը, աշխարհում դիտարկւում է որպէս կենսավառելիքի օժանդակ օգուտներից մէկը: Դրանով հանդերձ, վերջերս կենսէթանոլի վերաբերեալ որոշումներն շատ աւելի մանրամասն են քնարկւում: Երկու առաւել վիճահարոյց հարցադրումներն են սննադամթերք ընդդէմ վառելիքի եւ կենսաէթանոլի ծրագրերի իրական բնապահպանական օգուտները: Ի տարբերութիւն արտադրողներին, որոնք օգտւում են հումքի գնի աճից, ընդհանուր ժողովուրդը կրում է սննդամթերքի գնի աճի հետ կապուած կորուստներ»: Դա յատկապէս վերաբերում է տնտեսապէս ոչ նպաստաւոր պայմաններում գտնուող բնակչութեանը, որի եկամտի զգալի մասը ծախսւում է սննդի վրայ: Այնուամենայնիւ, կենսավառելիքի պահանջարկը չի կարելի համարել սննդամթերքի գնի աճի հիմնական պատճառ:
Ակնկալւում է նաեւ, որ առաջարկուող ծրագրերը կ՛ունենան նշանակալից եւ դրական զարգացման ազդեցութիւններ եւ շահեր: Առաւել կարեւոր ազդեցութիւններն ու շահերը ամփոփւում են ստորեւ.
Նման ծաւալների կենսաէթանոլի արտադրութեան համար հումքատեսակի արտադրութեան ծրագիրը կ՛ունենայ անմիջական եւ զգալի դրական տնտեսական եւ աշխատատեղերի ստեղծման ազդեցութիւն Հայաստանի երկու՝ առաւել սոցիալապէս անբարենպաստ շրջաններում:
Շինարարական աշխատանքների մեծամասնութիւնը ապահովելու են տեղական հայ կապալառուները՝ կենսաէթանոլի արտադրութեան գործարանների կառուցման ասպարէզում լայն միջազգային փորձ ունեցող փորձառու կապալառուի վերահսկողութեան տակ: Նոր աշխատատեղեր կը ստեղծուեն նաեւ անուղղակի կամ ուղղակի ձեւով: Այս նոր աշխատատեղերը կը պահանջեն նոր հմտութիւններ եւ ուսուցում՝ իրենց կոմերցիոն շահագործման ընթացքում այս երկու գործարանների շահագործման եւ պահպանման նպատակով:
Կը հաւաքագրուեն զգալի հարկային եկամուտներ, ինչպէս նաեւ գիւղական տնտեսութիւններում ծախսուած դրամական միջոցներ:
ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՇՐԱԿԱՅ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱՅ
Կենսաէթանոլի ծրագիրը արտադրութեան եւ վառելիքային համակարգում ներդրման փուլերում կարող է դրական կամ բացասական ազդեցութիւն ունենալ շրջակայ միջավայրի վրայ: Բոլոր փուլերի ազդեցութիւնների հաշուեկշիռը թոյլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ ծրագիրն ունի դրական ազդեցութիւն, մանաւանդ մեծ քաղաքներում, ինչպիսին են Երեւանն ու Գումրին: Նախատեսուող 5% էթանոլի խառնումը թոյլ կը տայ մինչեւ 15% նուազեցնել ածխածնի օքսիդի արտանետումները, որը կը կազմի 3300 տ.՝ 2007թ. հաշուարկներով: Հաշուի առնելով աւտոտրանսպորտային միջոցների քանակի աճը, համապատասխանաբար այդ թիւը նոյնպէս աճելու է:
Բնապահպանական բնոյթի դիտողութիւնները հիմնականում վերաբերում են հողի օգտագործման փոփոխութեանը, որն առաջանում է գիւղատնտեսական արտադրանքի վրայ բարձր գների հետեւանքով: Բարձր գները խթանում են գիւղատնտեսութիւնը, դա շատ դէպքերում յանգեցնում է գիւղատնտեսութեան համար օգտագործուող հողերի ծաւալի աւելացմանը: Եթէ անտառածածկ հողերը վարելահող դարձնելու համար պահանջուի անտառահատումներ կատարել, ինչը կը բերի բնապահպանական վնասի, վերջինիս հետեւանքները կենսաէթանոլի հետ կապուած օգուտների հետ համեմատուել չեն կարող: Սակայն, նախատեսուած է որ Հայաստանում կ՛անսաէթանոլի հումքի արտադրման համար օգտագործուելու են այն հողերը, որոնք ներկայումս չեն օգտագործւում, որը նաեւ պատճառ չի դառնալու անտառահատման: