Մարդահամար 2010ի աշխատանքները արդէն ընթացքի մէջ ըլլալով, «Ասպարէզ» օրաթերթի աշխատակից Ժուլիէթ Դաւթեան հարցազրոյց վարեց Միացեալ Նահանգներու Մարդահամարի Պըրպէնք քաղաքի գրասենեակի պատասխանատու Անահիտ Թովմասեանին հետ:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարացազրոյցը.
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Ի՞նչ է Մարդահամար 2010ը, եւ ո՞րն է նրա կարեւորութիւնը:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Մարդահամար 2010ը Միացեալ Նահանգների 50 նահանգներում բնակող բնակիչների հաշուարկումն է: Հարկաւոր է Միացեալ Նահանգների բոլոր բնակիչները, անկախ իրենց սեռային, տարիքային, ցեղային կամ ազգային պատկանելիութիւնից, կամ Միացեալ Նահանգների քաղաքացի լինելու կամ չլինելու հանգամանքից, մասնակցեն այս մարդահամարին: Միացեալ Նահանգներում առաջին մարդահամարը տեղի ունեցաւ 1790 թուականին: Սոյն թուականից ի վեր, մարդահամարը կրկնուում է իւրաքանչիւր տասը տարին: 2010ի մարդահամարը լինելու է Միացեալ Նահանգներում կիրառուող 23րդ մարդահամարը:
2010ի Մարտին, մարդահամարի հարցարանները ուղարկուելու են Միացեալ Նահանգներում հասցէագրուած բոլոր բնակարաններին: Հարցարանները լրացնելու ժամկէտ է նշանակուած 2010ի Ապրիլ ամիսը: Ապրիլի 15ին երկրորդ անգամուան համար հարցարաններ են ուղարկուելու այն բնակարաններին, որոնց լրացրած հարցարանները մինչ այդ թուականը գրասենեակ չեն հասել: Մայիսից սկսեալ, Մարդահամարի գրասենեակի կողմից պաշտօնեաներ, չլրացուած եւ չստացուած հարցաթերթիկները հաւաքելու համար անձամբ կ՛այցելեն բնակարանները:
2010ի մարդահամարի հարցաթերթիկը ընդգրկելու է միայն 10 հարցումներ: Բոլոր հարցումներին պատասխանելուց յետոյ, հարցաթերթիկները պէտք է գրասենեակ վերադարձնել՝ նրանք դնելով Մարդահամարի գրասենեակի կողմից հայթայթուած ծրարին մէջ:
Մարդահամարի պարտականութիւնն է հաշուել Միացեալ Նահանգների բոլոր բնակիչների թիւը եւ արդիւնքները զեկուցել երկրի նախագահին մինչեւ Դեկտեմբեր 31, 2010 թուականը:
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Ո՞րն է Մարդահամարին մասնակցելու կարեւորութիւնը:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Կարեւոր է Միացեալ Նահանգների բոլոր քաղաքներում ինչպէս նաեւ նահանգներում ապրող բոլոր բնակիչների համար հաշուառուել Մարդահամար 2010ին: Մարդահամարը ձեւաւորելու է մեր գաղութի ապագան, ինչպէս նաեւ մեր ձայնը խորհրդարանում: Այն որոշիչ դեր է ունենալու Դաշնակցային եւ Նահանգային կառավարութեան կողմից համայնքներին յատկացուելիք տարեկան 300 միլիառ տոլար դրամագլուխի օգտագործման եղանակին վրայ, որ գործադրւում է թաղերի բարենորոգումների, հանրային առողջութեան, ուսման, երթեւեկութեան եւ այլեւայլ նպատակների համար: Հայութեան համար մարդահամարին մասնակցելը եւ հաշուառուելը կ՛ապահովի մեր համայնքի կազմակերպութիւններին՝ իրենց արդար բաժինը դաշնային եւ նահանգային դրամագլուխներից, որոնք կ՛օգդագործուեն երիտասարդների կամ տարեցների համար ծրագիրների մշակման եւ գործադրման:
Միացեալ Նահանգների արտօնութեամբ, Մարդահամարի արդիւնքները նաեւ օգտագործւում են Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների տան աթոռների նշանակման եւ նահանգի կանոնագրութեան ստուգումներին: Մարդահամարի արդիւնքները նաեւ կ՛ազդեն մեր համայնքի նահանգային եւ տեղական կառավարութիւնների ներկայութեան պատկերի վրայ:
Մէկ խօսքով, Մարդահամարը կարելի է նմանացնել մի պատկերի, որն օգնում է մեզ ընդգծելու ժողովուրդի որպիսութիւնը: Ժողովուրդի պատկերի մասին տեղեկութիւնները օգնելու են ծրագրաւորումների համար որոշումներ կայացնելու գործին, ծրագրումներ, որոնք որոշելու են տարեցներին սպասարկութիւններ հայթայթելու աշխատանքների մասին, նոր դպրոցներ եւ ճանապարհներ կառուցելու, ինչպէս նաեւ նոր աշխատավայրեր ստեղծելու մասին:
Մարդահամարը նաեւ ժամանակաւոր աշխատանքների առիթներ է ստեղծում:
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Ձեզ վստա-հուած տեղեկութիւնները որքանո՞վ են գաղտնի պահւում:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Թէեւ Մարդահամարը համարւում է Դաշնային կառավարութեան ծրագիրներից մէկը, սակայն խստիւ արգիլուած է որեւէ Մարդահամարի գրասենեակի պաշտօնեայի համար, որեւէ անձնական կամ ընտանեկան տեղեկութիւններ փոխանցել Դաշնային գրասենեակներից որեւէ մէկին, լինեն դրանք գաղթականական, օժանդակութեան, հարկային եւ կամ օրէնսդիր գրասենեակները: Մարդահամարի գրասենեակների բոլոր պաշտօնեաները պարտաւոր են խոստանալ, որ մարդահամարի ընթացքում իրենց վստահուած տեղեկութիւնները առյաւէտ գաղտնի են մնալու: Որեւէ խախտման պարագային, պաշտօնեան տուգանուելու է մինչեւ 250,000 տոլարի վճարման տուգանքով, ինչպէս նաեւ բանտարկութեան պատիժով:
Մարդահամարի գրասենեակը իրեն հասած տեղեկութիւնները արձակելու է 72 տարիներ յետոյ, եւ այն էլ միայն հետախուզութեան նպատակներով:
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- 2010ի հարցարանները տարբերելո՞ւ են նախկին տարիների հարցարաններից: Ինչպէ՞ս:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Այո՛: Նախկին տարիներին մեծ մաս բնակարանները ստանում էին քիչ թիւով հարցումներ պարունակող հարցարաններ, իսկ ամէն վեցերորդ բնակարան ստանում էր թիւով շատ աւելի եւ ինչպէս նաեւ ժողովուրդի տնտեսական-ընկերային իրավիճակի մասին հարցեր պարունակող հարցարաններ: Սակայն Մարդահամար 2010ի հարցարանները լինելու են աւելի կարճ եւ ունենալու են միայն տասը պարզ հարցումներ՝ բնակարանում բնակող անձանց անունների, յարաբերութիւնների, սեռի, տարիքի, ծննդեան թուականի, ցեղային պատկանելիութեան եւ նաեւ բնակարանը բնակիչների սեփականութիւնը թէ վարձու լինելու իրավիճակի մասին:
Յաւելեալ մանրամասն տնտեսական-ընկերային տեղեկութիւնները հաւաքուելու են Ամերիկեան հանրային հարցախոյզի կողմից:
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Մարդահամարի հարցումները պատասխանելու ժամանակ ի՞նչ է սպասւում հայերից:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Նախ հայերից սպասւում է վստահաբար մասնակցել այս աշխատանքին: Ինչպէս արդէն վերը նշուեց, մեզ յանձնուած պատասխանները ամբողջովին գաղտնի են պահւում եւ մեր հայրենակիցները կարող են ամբողջութեամբ ապահով զգալ: Նաեւ կարեւոր է մեր ժողովուրդի համար յստակ զանազանել հայկական գաղութը միւս փոքրամասնութիւններից: Հարցաթերթիկի մէջ ցեղային պատկանելիութեան մասին կան երկու հարցումներ: Որպէսզի հայ գաղութը անջատուի միւս ժողովուրդներից, խնդրում ենք մեր հայրենակիցներից հետեւեալ հարցումներին պատասխանել մեր այստեղ հայթայթած պատասխաններով.
Ցեղի (Ռէյս) հարցումին պատասխանել՝ Սպիտակ.
Ուրիշ ցեղ (Ատըր Ռէյս) հարցումին պատասխանել՝ Հայ.
ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ.- Հարցումների եւ յաւելեալ տեղեկութիւնների մասին որո՞ւն կարելի է դիմել:
ԱՆԱՀԻՏ ԹՈՎՄԱՍԵԱՆ.- Հարցումների պարագային կամ եթէ ցանկանում էք հայ համայնքը Մարդահամարին ծանօթացնելու աշխատանքների մէջ օգտակար լինել, կարող էք կապուել Միացեալ Նահանգների Մարդահամարի գրասենեակ, Անահիտ Թովմասեանին՝ հեռաձայնելով (818) 510-5494 կամ ելեկտրոնային փոստով՝ (anahit.tovmasyan@census.gov) հասցէին:
Նշենք, որ Անահիտը Մարդահամարի Պըրպէնք քաղաքի գրասենեակի համագործակցութեան մասնագէտն է եւ պատասխանատուն՝ հայ համայնքին հետ համագործակցութեան աշխատանքներուն:
Ան ծնած ու հասակ նետած է Հայաստան եւ կը խօսի սահուն արեւմտահայերէն եւ արեւելահայերէն: