Վեթերաններու Միութիւնը Ծանր Վիճակի Մէջ Կը Գտնուի
ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Քալիֆորնիայի Հայ վեթերանների միութիւնն այսօր տասնհինգ տարիների պատմութիւն ունի: Նրա անդամները շուրջ 70 տարի առաջ մարտի են ելել միլիոնաւոր մարդկանց ոչնչացնող հիթլերեան ֆաշիզմի դէմ:
Հայրենիքից հեռու, հայրենիքի համար, Բ. Համաշխարհային պատերազմում ոտքի ելան 600 հազար հայեր: Նրանք ընդգրկուեցին Հայաստանում կազմաւորուած ազգային 78, 89, 408, 409, 264 դիվիզիաներում (զօրամասերու մէջ-Խմբ.), ռուսական, անգլօ-ամերիկեան ու ֆրանսիական ռազմաճակատներում: Տասնեակ հազարաւոր հայեր հերոսական սխրանքներ գործեցին Իտալիայում՝ Մուշեղ Դաշտոյեանի, Գէորգ Քիլիզեանի, Ֆրանսիայում՝ Միսակ Մանուշեանի, Բարթուղ Պետրոսեանի, Կարպատներում ու Բելառուսիայի անտառներում լեգենդներ (առասպելներ-Խմբ.) էին հիւսում Կովպակի, Նաումովի, Վերշիգորայի, Ա. Միկոյեանի անուան հայ պարտիզանները, որոնց հետագայում միացան գեներալ (զօրավար-Խմբ.) Դրոյի կողմից համակեդրոնացուած ճամբարներից փրկուած աւելի քան տաս հազար ազգային լեգէոնի գերեալները:
Հայ ժողովրդի քաջարի զաւակները աննախընթաց սխրանքներ ցուցաբերեցին Կովկասի համար, Թերեքի ափից մինչեւ Ստալինկրատ՝ Վոլգայի ու Դոնի ափերը, Սեւ Ծովեան քաղաքներում՝ Կերչում, Օդեսայում, Ղրիմում, Սեւաստապոլում, Դնեպրի ահեղ գետանցման ժամանակ, Լենինգրադի, Մոսկուայի, Մերձբալթեան երկրների համար… ու Բեռլինի գրաւման ժամանակ… պարեցին մեր յաղթական, հնադարեան քոչարին:
Երեք հարիւր հազար հայեր տուն չվերադարձան: Նրանք իրենց կեանքը նուիրաբերեցին մարդկութեան ազատ ու անկախ ապրելու փառաւոր գործին, իրենց փառքը պսակեցին հայրենի հողին համար:
Ողջ մնացածներից շատեր էլ հանգրուանեցին Ֆրանսիայում, Միացեալ Նահանգներում:
Յետպատերազմեան տարիներին չմոռացուեցին ոչ զոհուածները եւ ոչ էլ վերադարձածները, որոնք դարձան պատերազմի վետերաններ: Պետականօրէն նշուեցին «Յիշատակի օր», «Վեթերանի օր», «Յաղթանակի օր», հայրենիքում կանգնեցուեց զոհուածների յիշատակի բարձրադիր յուշարձանը՝ իր յաղթանակի այգով ու «Մայր Հայաստան» մոնումենթով (յուշարձանով-Խմբ.): Գրեթէ բոլոր շրջաններում ու գիւղերում կանգնեցուեցին յուշարձաններ: Այստեղ, Ամերիկայի Միացեալ Նահանգներում, ծանրակշիռ արձագանգներ գտան ամերիկեան, ռուսական, հրէական վեթերանների միութեանց ստեղծումը: Հայերից շատերը տեղ գտան այդ կազմակերպութիւններում: Աւելին. Երկրորդ համաշխարհային պատերազմի վեթերանների միութիւններ ստեղծուեցին Նիւ Եորքում, Վաշինկթոնում, Սաքրամենթոյում, Լոս Անջելոսում: 1993ին Արեւմտեան Հոլիվուտում, մարտերում փառաբանուած սպաներ Թորգոմ Փեհլիւանեանը, Եւգենի Սիմոնեանը, Մովսէս Արզումանեանը, Սերգէյ Թալաջեանը, Յակոբ Զաքարեանը եւ ուրիշներ, կազմաւորեցին Հայ վեթերանների միութիւն:
Հայ վեթերանների միութիւն ստեղծուեց նաեւ 1997ին, Գլէնդէյլում, որի կազմակերպիչները եղան Գրիշա Դարբինեան, Էլիզավետա Կարապետեան, Մաքսիմ Յակոբեան, Արտաշէս Ֆրանկեան, Յակոբ Բագրատեան, Լիաննա Աւետիսեան եւ ուրիշներ:
Միութեան նախագահ պրոֆեսոր Գ. Դարբինեան կարողացաւ ստեղծել վեթերանների մի ստուար խումբ, որը մեծ դեր խաղաց հայապահպանութեան, հայրենիքում անապահով մարդկանց օգնելու գործում: Այսօր նրանք արդէն 87 տարեկան են, իսկ Գինոս Իսկանդարեանի 90ամեակը Օգոստոսի մէկին կը նշեն հայ վեթերաններն ու հիւրերը:
Դա է եղել հիմնական պատճառը, որ ընթացիկ տարուայ Փետրուարեան ընդհանուր ժողովին 87ամեայ Գրիշա Դարբինեան հրաժարուել է ու դիմել ազատման: Նրան փոխարինել է խորհրդային բանակի սպայ, Արցախի ազատագրական պատերազմի գործօն մասնակից, «Մալաթիա-Սեբաստիա» կամաւորական ջոկատի հրամանատար կապիտան Վիգէն Ղազարեանը:
Ահա եւ մի քանի հարցերով դիմեցինք նրան:
ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Պարոն Կապիտան, ի՞նչ աշխատանքներ է կատարել վեթերանների միութիւնը անցած տարիների ընթացքում: Ի՞նչ միջոցառումներ ու գործեր են կազմակերպուել:
ՎԻԳԷՆ ՂԱԶԱՐԵԱՆ.- Վերջերս ստացայ վեթերանների միութեան նախկին նախագահի տեղեկանքը, որտեղ համառօտակի պատմում է անցած աւելի քան տաս տարիների կատարած աշխատանքների մասին:
Հայ վեթերաններից շատերն ընդգրկուած են եղել ռուսական, հրէական եւ ամերիկեան վեթերանների միութեանց կազմում: 1977ի Մայիսից Գլէնդէյլում ստեղծուել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի վեթերանների միութիւնը», որպէս ինքնուրոյն կազմակերպութիւն:
Նրա հովանաւորողներն են եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Գլէնդէյլի քաղաքապետարանը, Ս. Աստուածածին եկեղեցին, Հայաստանի հանրապետութեան Լոս Անջելըսի հիւպատոսութիւնը, «Ասպարէզ» օրաթերթը եւ ուրիշներ: Միութիւնը մշտական կապերի մէջ է եղել մի շարք հասարակական ու ձեռներէց կազմակերպութիւնների հետ: Նիւթապէս ու բարոյապէս օգնել են վեթերաններին: Յատկացրել են ժողովների համար սենեակ: Ամերիկայի Քոնկրէսի անդամ Էտըմ Շիֆը մշտապէս իր պատրաստակամութիւնն է յայտնել օգնելու: «Հորիզոն» եւ «Էքսպրէս» հեռուստաընկերութիւնները հաղորդումներ են ունեցել վեթերանների մասին:
Իր գոյութեան տարիներին, վեթերանների միութիւնը հայրենիք է ուղարկել շուրջ 250 ծանրոցներ՝ իւրաքանչիւրը հարիւր կտոր հագուստից: Վեթերաններից Եկատերինա Կարապետեանը, Լիաննա Աւետիսեանը, Յովհաննէս Բագրատունեանը, Անդրանիկ Աբրահամեանը եւ Գրիշա Դարբինեանը, նիւթապէս օգնել են Հայաստանի ծնողազուրկ երեխաներին: Տաս հազար դոլար փող են յատկացրել «Մարշալ Բաղրամեան» ֆոնդին, արժանացել են մեդալների ու պատուոգրերի, նպաստել են Եղեռնի յուշահամալիրում տեղադրուող Թուրքիայում ԱՄՆի դեսպան Հենրի Մորգենթաուի յուշարձանի կառուցմանը: Վեթերան հովանաւորներ
Վարուժան Աբրահամեանը եւ Յովհաննէս Բագրատունեանը, Գրիշա Դարբինեանի հետ բազմաթիւ անգամ օգնել են Գաւառի շրջկենտրոնին, գրադարանին ու Սարուխան գիւղին: Հինգ հազար դոլար տուել են զոհուածի այրու համար Սարուխան գիւղում տուն կառուցելու, գիւղի դպրոցին գնել են կահոյք, համակարգիչներ, բնագիտութեան տարրալուծարան, զինել են ժամանակակից ուսուցման սարքերով եւ այդ տարրալուծարանը կոչւում է Գրիշա Դարբինեանի անունով: Նրա անունով փողոց կայ նաեւ Գաւառի շրջկենտրոնում:
Վեթերանների միութեան օգնութեամբ Երեւանում հրատարակուել են Գ. Դարբինեանի գրքերը, իսկ Գրողների միութիւնն ստեղծել է «Գրիշա Դարբինեան» ամէնամեայ գրական մրցանակ: Հայաստանի գիւղատնտեսական ինստիտուտը (հիմնարկը-Խմբ.) նշել է պրոֆեսոր Դարբինեանի յոբելեանը, սահմանուել է նրա անունով կրթաթոշակ: Անցած տարիների ընթացքում Գ. Դարբինեանի անունով վեթերանները վեց անգամ պարգեւատրուել են յուշամեդալներով: Հայ վեթերանները առել են շրջապտոյտներ դէպի Ֆրեզնօ, Սաքրամէնթօ, Ուաշինկթոն, Նիւ Եորք, Սանթա Քլարա, Բիգ Բեր ու Քալիֆորնիայի այլ տեսարժան վայրերում, բայց փոխադրակառքերի սահամանափակումների պատճառով, այս շրջապտոյտներին 15-20 աւելին չեն մասնակցել:
Շարունակելով նրանց աւանդոյթները՝ մենք ընթացիկ տարուայ Յաղթանակի օրը՝ Մայիսի 9ը նշեցինք «Մարգիզա» սրահում մեծ հանդիսաւորութեամբ: Դա Երկրորդ Համաշխարհային պատերազմի յաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրն էր: Չլինէր Շուշիի ազատագրումը, Արցախի պատերազմը երկար կը շարունակուէր եւ շատ զոհեր կը պահանջուէր: Այնպէս որ Շուշիի ազատագրումը մեր հայ ազատամարտիկների առասպելական սխրանքներով լի յաղթարշաւն է եղել: Կային աւելի քան հարիւր վեթերաններ ու հիւրեր, որտեղ հանդէս եկան Լոս Անջելըսում Հայաստանի հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, Գլէնդէյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարեանը, Մաշտոց քոլէճ-համալսարանի տնօրէն, պրոֆեսոր Կարպիս Տէր Եղիայեանը, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Կոստանդին Օրբելեանը, փառաբանուած վեթերան, աւագ սպայ Էլիզ Կարապետեանը, միութեան նախկին նախագահ Գրիշա Դարբինեանը, վեթերանների պատուաւոր անդամներ Արտաշէս Քացախեանը, Շահէ Քէօրօղլեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործիչ Սարօ Նազարեանը եւ ուրիշներ: Ելոյթ ունեցողներից շատերը խոստացան նիւթական ու բարոյական աջակցութիւն ցոյց տալ հայ վեթերաններին: Արա Նաջարեանը խոստացաւ օգնել Գլէնդէյլում կառուցելու «Անյայտ զինուորի յուշարձան» կոթող, որը կը բնութագրի ոչ միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի, այլեւ Աֆղանիստանում, Արցախում, Իրաքում, մասնակցած վեթերանների ու զոհուածների պայծառ յիշատակը:
ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Բացի պատերազմի վեթերաններից, ուրիշ ի՞նչ վեթերաններ ունէք:
ՎԻԳԷՆ ՂԱԶԱՐԵԱՆ.- Միլիոնի հասնող հայեր լինելով ԱՄՆի ժողովուրդների ընտանիքի անդամներ, իրենց արժանի լուման են ներդրել այս երկրի տնտեսութեան բարգաւաճման գործում, աչքի ընկնելով առանց բացառութեան բոլոր բնագաւառներում, եւ հիմա շատերն անաշխատունակ վեթերաններ են:
Մենք նրանց սիրով ընդգրկում ենք Քալիֆորնիայի հայ վեթերանների միութեան մէջ: Ձգտում ենք ամէն ինչ անել նրանց օգնելու համար, որպէս աշխատանքի վեթերաններ:
ԱՐԾՐՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ.- Ինչպէ՞ս է վեթերանների առօրեան այսօր, ի՞նչ հեռանկարներ ունէք:
ՎԻԳԷՆ ՂԱԶԱՐԵԱՆ.- Չէի ասի, թէ մեր առօրեան այսօր գերազանց է: Նախկին նախագահից աշխատանքներն ընդունել եմ զրոյի վրայ. ինձ յանձնել են վեթերանների մի հին ցուցակ, անուն ազգանուն, որտեղ չկան հասցէ ու հեռախօսի համարներ: Հնարաւոր չէ կապուել նրանց հետ, չգիտենք կենդանի՞ են, թէ հայրենիք են մեկնել: Բազմաթիւ վեթերաններ գործել են, այս 10-15 տարիների ընթացքում շատերը մահացել են, հող են դարձել, բայց չկան նրանց լուսանկարները, կենսագրականները, շատերի մասին «Ասպարէզ» օրաթերթը տպագրել է, բայց չեն կտրել, պահել: Չկան վահանակներ, յուշ-ալբոմներ, կենսագրականներ, վեթերանների ոչ մի գործ չկայ, ինչպէս որ այսօր ունի հրեաների կազմակերպութիւնը՝ վեթերանների իրենց փառաբանուած հերոսներով, վահանակներով, ալբոմներով, հրաշալի թանգարանով, որտեղ գալիս տեսնում, հիանում են, յուզւում ու հպարտանում են վեթերանների ժառանգները, նոր սերունդը: Հայ վեթերաններին յատկացուած այդ մի սենեակում չի թոյլատրւում, ասենք՝ հայ մարշալների կամ գեներալների, հայ հերոսների նկարները փակցնել:
«Կարող էք փակցնել Քրիստոսի նկարը միայն, ուրիշ ոչին»չ, ասում են քահանաները: Հայ վեթերանների երկարամեայ կազմակերպութիւնը չունի անգամ մի լուսանկարչական ապարատ (սարք-Խմբ.), էլ չենք խօսում համակարգչային աշխատանքների, կինօ (շարժապատկերի) նկարահանման եւ այլ ժամանակակից միջոցների մասին, որոնք խիստ անհրաժեշտ են վեթերանների կենսագրական տեղեկութիւններն ի մի բերելու, նրանց պատմութիւնը գրելու՝ գալիք սերունդներին ներկայացնելու համար: Պատերազմների հայ վեթերանների միութիւնն այսօր չունի աշխատասենեակ, պահարան, հեռախօս, հասցէ, որտեղից գրութիւններ ուղարկուեն կամ հեռաձայնուեն՝ անհրաժեշտութեան դէպքում:
Պարզապէս, շատ թոյլ է եղել միութեան ներքին կազմակերպչական աշխատանքները: Այն ձգտում ենք զրոյից բարձրացնել, որի համար մեծ ջանքեր, նիւթական միջոցներ ու համակողմանի օգնութիւն է պահանջւում: Բաւական է ասել, որ ստանձնել ենք նախագահութիւնը՝ գանձի մէջ ունենալով ընդամէնը 13 դոլար…
Կարիքի մէջ այսօր ունենք տասնեակ վեթերաններ, որոնք մեր շարքերը համալրում են Աֆղանիստանի ու Արցախի պատերազմներին մասնակցած: Ունենք հաշմանդամ վեթերաններ, զոհուածների ընտանիքներ, որոնք յայտնուել են ֆինանսական ծանր ճգնաժամի մէջ, աշխատանք չունեն, ոչ մի տեղից օգնութիւն չեն ստանում, դեռ քաղաքացիներ չեն, ընկել են անելանելի վիճակում: Դիմում են մեզ: Ի՞նչ անենք: Պարզապէս օգնութիւն ենք հայցում բոլոր ձեռներէց անհատներից, պատասխանատու կազմակերպութիւններից, Գլէնդէյլի քաղաքապետարանից, օգնէ՛ք՝ ունենանք աշխատասենեակ, հասցէ, հեռախօս, համակարգիչ՝ հրատարակելու համար «Հայրենականչ վեթերանի ձայն» թերթ ու բուկլէտներ, նուիրուած վեթերաններին, նրանց սրբազան գործին:
Տարիներն անցնում են անդարձ ու արագ: Մենք վճռակամ ենք, որ՝ «Ո՛չ ոք չի մոռացուելու, ոչի՛նչ չպիտի մոռացուի»: