Սեւրի Դաշնագրի Գծով Մեր Պայքարը Պէտք Է Տանինք Իրաւական Դաշտի Վրայ
«ԱՍՊԱՐԷԶ».- Սեւրի Դաշնագրի տարեդարձի առթիւ, մէկ հարցումով դիմեցինք «Մոտուս Վիվենտ»ի հասարակական կեդրոնի ղեկավար, Քանատայի մօտ հայաստանի նախկին դեսպան դոկտ. Արա Պապեանին: Հարցումը. Տեսականէն անդին, այսօր, Սեւրի դաշնագրի կապակցութեամբ ի՞նչ ունի ընելիք, ի՞նչ պէտք է ընէ, ի՞նչ յստակ քայլերու պէտք է դիմէ Հայաստան պետութիւնը:
Դոկտ. Պապեանէն ստացանք հեետեւեալ պատասխանը.
Միջպետական յարաբերութիւններում առկայ խնդիրները կարելի է լուծել չորս ճանապարհով. քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրաւական կամ դրանց համադրութեամբ: Իրատեսական մօտեցման դէպքում ակնյայտ է, որ առաջին երեք ոլորտներում մենք աւելի թոյլ ենք եւ մշտապէս աւելի թոյլ ենք լինելու, քան Թուրքիան: Միակ ոլորտը, որտեղ մենք ոչ միայն չենք զիջում, այլեւ առաւելութիւն ունենք Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային իրաւունքն է: Ուստի, տրամաբանական է, որ յաջողութեան հասնելու համար, մենք մեր պայքարը պիտի տեղափոխենք իրաւական դաշտ:
Իրաւական դաշտում մեր անելիքների մասին աւելի հանգամանալից քիչ յետոյ, հիմա՝ մի տարածուած մոլորութեան մասին: Հայկական հողային իրաւունքները խարսխուած չեն Սեւրի պայմանագրի վրայ: Սեւրի պայմանագիրը չի որոշել Հայաստան-Թուրքիա սահմանը. Սեւրի պայմանագրի 89րդ յօդուածով պայմանագրի կողմերը դիմել են ԱՄՆի նախագահին, որպէսզի վերջինս իր իրաւարար վճռով (arbitration) որոշի նշեալ սահմանը: Եթէ մինչեւիսկ չլինէր Սեւրի պայմանագիրը, միեւնոյնն է, Հայաստանն այսօր կ՛ունենար անսակարկ հողային իրաւունքներ, քանի որ դեռեւս Սան Ռեմոյի կոնֆերանսը 1920թ. Ապրիլի 26ին Դաշնակից ուժերի անունից դիմել էր Վիլսոնին հայ-թուրքական սահմանազատման (delimitation) խնդրանքով եւ ԱՄՆի նախագահն իր համաձայնութիւնը տուել է Մայիսի 17ին: Այսինքն՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից գրեթէ երեք ամիս առաջ: (Սեւրի պայմանագիրը ստորագրուել է 1920թ. Օգոստոսի 10ին) Սեւրի պայմանագրի ստորագրման կարեւորութիւնը՝ հողային իրաւունքների տեսանկիւնից, այն է, որ ստորագրելով պայմանագիր՝ Թուրքիան եւս մաս կազմեց իրաւարարութեան հայցին (arbitration compromis), եւ դրանով իսկ վերահաստատեց պարտաւորութիւնը՝ կատարման համար պարտադիր համարել ԱՄՆի նախագահի ցանկացած իրաւարար վճիռը: Շեշտում եմ վերահաստատեց, քանի որ ստորագրելով Մուդրոսի զինադադարը (30 Հոկտեմբերի, 1918թ.), որն իր իրաւական բնոյթով անվերապահ կապիտուլացիա էր, Թուրքիան իր ինքնիշխանութիւնը յանձնել էր յաղթող կողմին եւ վերջիններիս էր վերապահուած իրաւունքը որոշելու, թէ Օսմանեան կայսրութեան ո՞ր հատուածի վրայ կը վերականգնուի թուրքական պետութիւնը: Հետեւաբար, իրաւական դաշտում մեր պայքարը պիտի խարսխուած լինի երկու փաստաթղթի՝ Սեւրի պայմանագրի (10 Օգոստոսի, 1920թ.) եւ առաւելապէս նաեւ այդ պայմանագրից ածանցուող ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի (22 Նոյեմբերի, 1920թ.) վրայ: Առաջինի վերաբերեալ պէտք է ասել, որ չնայած այն վաւերացուած չէ, այսուհանդերձ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրուել է »բարձր պայմանաւորուող կողմերի միջեւ»: (Տե՛ս՝ Vienna Convention on Law of Treaties, Article 2 (f)). Երկրորդի վերաբերեալ անհրաժեշտ է շեշտել հետեւեալը.
ա. Իրաւարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է.
բ. Իրաւարար վճիռը, թէեւ կատարուել է ԱՄնի նախագահի կողմից, այսուհանդերձ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿի անդամ ներկայիս 192 երկրներից 142ի համար: (Տեղի սակաւութեան պատճառով հարցը չեմ մանրամասնում, սակայն հարցը հանգամանալից քննութեան է առնուած իմ «Հայկական հարցի լուծման հայեցակարգ»ի մէջ):
Որո՞նք պիտի լինեն մեր յաջորդական քայլերը յաջողութեան հասնելու համար:
Դեռեւս տարիներ առաջ (2005թ. Ապրիլին) ես նախագահ Քոչարեանին եւ նախարար Օսկանեանին առաջարկ էի ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականութեան նոր հնարաւորութիւնների մասին: Քանի որ առաջարկս մնաց թղթի վրայ, ուստի այն կարելի է նոյնութեամբ կրկնել: Հայկական հարցի լուծումը կարելի է իրականացնել երեք փուլով, որտեղ առաջին երկու փուլում պետութեան մասնակցութիւնը կարող է լինել ոչ անմիջական: Առաջին փուլում պէտք է ստեղծել աշխատանքային խումբ կամ խմբեր, որոնց նպատակը պիտի լինի համապատասխան փաստաթղթերի ի մի բերումը, դրանց գիտական հրապարակումը եւ անհրաժեշտ, գլխաւորապէս իրաւագիտական, ուսումնասիրութիւնների իրականացումը: Երկրորդ փուլում աշխատանքը պէտք է առաւելապէս իրականցնել մասնագիտացուած խորհուրդների միջոցով: Անհրաժեշտ կը լինի, միջազգային փորձագէտների ընդգրկմամբ իրականացնել կատարուած աշխատանքի փորձաքննութիւնը, հայեցակարգային փաստաթղթերից անցնել դատական հայցերի պատրաստման աշխատանքներին: Երրորդ՝ վերջին փուլում, երբ կը լինի միջազգային փորձագիտական խմբի դրական եզրակացութիւնը, անմիջականօրէն ներգրաւել հայոց պետականութիւնը եւ անցնել բուն պահանջատիրական հայցերին:
Կարեւորագոյն մարմինը, որտեղ պիտի տարուեն հիմնական աշխատանքները, պիտի լինի ՄԱԿի Արդարադատութեան դատարանը (International Court of Justice): Սա ՄԱկի ամենաքիչ քաղաքականացուած մարմինն է, քանի որ նրա անդամները ոչ թէ երկրների ներկայացուցիչներ են, այլ՝ անհատ իրաւաբաններ: Տուեալ կառոյցը ՄԱԿի ամենաբարձր դատական մարմինն է եւ նրա որոշումները պարտադիր են ՄԱԿի անդամ բոլոր երկրների համար: Սոյն դատարանի իրաւասութիւնների շրջանակում է՝ ա. Պայմանագրերի մեկնաբանութիւնը, բ. Միջազգային իրաւունքի ցանկացած հարց, գ. Որեւէ փաստի առկայութիւն, որի հաստատման դէպքում, դա կը հանդիսանայ միջազգային պարտաւորութեան ոտնահարում, դ. Միջազգային պարտաւորութիւնների ոտնահարման դէպքում հատուցումների բնոյթի եւ ծաւալի յստակեցում: (Statute of the International Court of Justice, Article 36, 2):
Ինչպէս տեսնում ենք, սոյն դատարանին է վերապահուած ոչ միայն միջազգային պարտաւորութիւնների ոտնահարման առկայութեան վերհանումը, այլեւ՝ հատուցումների բնոյթի եւ ծաւալի որոշումը: Այն, որ Թուրքիան, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճափոնիան, ԱՄՆ եւ էլի մի քանի տասնեակ երկրներ գտնւում են Վիլսոնի իրաւարար վճիռն իրականացնելու պարտաւորութեան ներքոյ, անվիճելի է: Այսինքն, գրագէտ նախապատրաստական աշխատանքի եւ յստակ հայցադիմումի դէպքում, դատավճռի հայանպաստ էութիւնն ակնյայտ է:
Դրանից յետոյ կարելի կը լինի հարցը բարձրացնել ՄԱԿի Անվտանգութեան խորհրդում՝ (ՄԱԿ Կանոնոդրութեան #34 եւ #35 յօդուածների շրջանակում) Թուրքիայի հանրապետութեան ստանձնած միջազգային պարտաւորութիւնների չկատարման հետեւանքով տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող վտանգների հարցի քննարկումը, ինչպէս նաեւ գործնական քայլերի նախաձեռնումը՝ իրավիճակը շտկելու ուղղութեամբ:
Ի հարկէ Հայկական հարցի լուծման գործում հայոց պետականութեան դերն առաջնային է եւ բացառիկ: Առաջնային է, որովհետեւ միայն պետութիւնն է, որ հնարաւորութիւն եւ հեղինակութիւն ունի համադրելու եւ ուղղորդելու համահայկական ջանքերը: Բացառիկ է, որովհետեւ հայոց բոլոր իրաւունքները՝ լինի դա նիւթական հատուցում, թէ տարածքների նկատմամբ տիտղոսի ու իրաւատիրութեան հաստատում, պատկանում են պետութեանը: Միջազգային յարաբերութիւնների մէջ միայն պետութիւններն են դերակատարները եւ միջազգային իրաւունքով միայն նրանց է վերապահուած համապատասխան կառոյցների միջոցով այլ պետութիւններին վերջիններիս պայմանագրային կամ իրաւական յանձնառութիւնների կատարման պարտադրումը:
Պարզ ասած, եթէ Հայաստանի հանրապետութիւնը հանդէս չգայ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը կեանքի կոչելու պահանջով, որեւէ հայկական կառոյց կամ կազմակերպութիւն դա չի կարող անել: Իրաւական տեսանկիւնից դա անհնարին է: Ինձ համար հայոց պետականութեան վերականգնումը 1991ին արժեւորւում է հէնց հայ ժողովրդի ազգային շահերը հետամտելու իրաւական կարողութեան վերականգնմամբ: Եթէ իմ պետութեան ղեկավարները պիտի զբաղուեն միայն ճանապարհներով, ջրմուղներով եւ կոյուղագծերով, ես դա ունէի նաեւ Սովետական միութեան կազմում եւ կարող եմ աւելիով ունենալ Ռուսաստանի կամ Թուրքիայի կազմում: Հայոց պետութեան ղեկավարութեան շարունակուող օտարուածութիւնը Հայկական հարցից, արժեզրկում է ազգային պետականութեան բուն գաղափարը եւ հարցականի տակ է դնում ինքնուրոյն յարատեւելու հնարաւորութիւնը: Ուզում եմ յատուկ շեշտել, որ Հայկական հարցի մասնակի լուծումը, ասենք միայն Լեռնային Ղարաբաղի մասով, չի լուծում հայոց պետականութեան առջեւ ծառացած խնդիրները եւ բնաւ չի չէզոքացնում մեր գոյութիւնը վտանգող մարտահրաւէրները:
Ցաւով պիտի արձանագրեմ, որ երեք նախագահների օրօք էլ պահանջատիրութիւնը մաս չի կազմել մեր պետական քաղաքականութեանը: Խնդրեմ, պահանջատիրութիւնը չշփոթել Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի հետ: Ցեղասպանութեան ճանաչումը չի ստեղծում իրաւական հիմքեր հայոց պահանջատիրութեան համար: Այն կարող է որոշակի հասարակական նպաստաւոր մթնոլորտ ձեւաւորել, բայց ոչ աւելին: Նախկին Օսմանեան կայսրութեան Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների մեծ մասը պատկանում է Հայաստանին, ոչ թէ այն պատճառով, որ այդտեղ հայեր են կոտորուել, այլ որովհետեւ այդ տարածքների Հայաստանի հանրապետթեանը յատկացուած լինելու մասին կայ համապատասխան անբեկանելի, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր միջազգային որոշում, այն է Վիլսոնի իրաւարար վճիռը: Մի պահ ենթադրենք, սոսկ միայն ենթադրենք, որ Ցեղասպանութիւն չի եղել եւ հայերին պարզապէս արտաքսել են այդ տարածքներից: Որեմն ի՞նչ, հայերն այդ տարածքների նկատմամբ իրաւունքներ չունե՞ն:
Այստեղ ուզում եմ մի քանի խօսք ասել ընդհանրապէս Սփիւռքի, մասնաւորապէս ՀՅԴ գործունէութեան մասին: Այն ինչ այսօր ընդհանրապէս յայտնի է Հայ Դատ անունով, միայն մասնակիօրէն է արտայայտում հարցի էութիւնը: Ցաւօք սրտի, Հայ Դատի աշխատանքները գրեթէ ամբողջութեամբ կենտրոնացած են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել տալու վրայ: Կարո՞ղ է արդեօք մէկն ինձ միջազգային յարաբերութիւնների եւ միջազգային իրաւունքի տեսանկիւնից բացատրել, թէ ինչպէ՞ս է, ասէք՝ Օբամայի բերանով արտասանուած «Հայոց Ցեղասպանութիւն» բառերը գործնական քաղաքականութեան մէջ արդիւնք տալու: Բերեմ մի պարզ օրինակ. Քանադան հնարաւոր ամենաբարձր մակարդակով՝ խորհրդարանների երկու պալատների կողմից եւ կառավարութեան ներկայացուցչի միջոցով, ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Արդեօ՞ք դրանից փոխուել է Քանադայի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ, կամ դա մեզ մօտեցրե՞լ է մեր իրաւունքների վերականգմանը:
Մինչեւ 1991թ. Ցեղասպանութիւնը ճանաչել տալու քաղաքականութիւնը ճիշդ էր, քանի որ միակ հնարաւորն էր: Հայոց պետականութեան վերականգնումից յետոյ իրավիճակը արմատապէս փոխուել է, քանի որ ի յայտ է եկել Հայաստանի Առաջին հանրապետութեան իրաւայաջորդ պետութիւնը, որին էլ պատկանում են տարածքների եւ նիւթական հատուցման իրաւունքները: Ներկայ փուլում Սփիւռքի քաղաքական բոլոր կառոյցների համար յոյժ կարեւոր է վերաձեւակերպել առաջնահերթութիւնները, վերասահմանել թիրախային նպատակները եւ, համապատասխանաբար, վերաբաշխել մարդկային եւ նիւթական միջոցները: Քանի՞ հոգի այսօր ունենք, որ զբաղւում են հայոց պահանջատիրութեան իրաւական հիմքերով, կամ ի՞նչ աջակցութիւն են նրանք ստանում: Կա՞յ արդեօք գոնէ մի կենտրոն, որը զբաղւում է պահանջատիրութեան, ոչ թէ Ցեղասպանութեան, հարցերի ուսումնասիրութեամբ: Օրինակ, ունե՞նք արդեօք իրաւական փորձաքննութիւն Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի հանրապետութեան իրաւայաջորդութեան վերաբերեալ: Առանց սրա, Ցեղասպանութեան ճանաչումը դառնում է միանգամայն անիմաստ: Արդեօ՞ք ունենք իրաւական համակողմանի ուսումնասիրութիւն 1918-22թթ. սուլթանի իշխանութեան կամ քեմալականների շարժման իրաւական կարգավիճակների մասին: Առանց սրա ինչպէ՞ս ենք հաստատելու Սեւրի պայմանագրի վաւերականութիւնը եւ չէզոքացնելու Ալեքսանդրապոլի, Մոսկուայի կամ Կարսի պայմանագրերը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի լինի գործով:
Երկու խօսք՝ Հայաստանի ներսում կատարուող աշխատանքի մասին: Արդեօ՞ք որեւէ մէկը Հայաստանի ժողովրդին ներկայացրել է Հայկական հարցը լուծելու հայեցակարգ, թէ կարգախօսի եւ ծրագրային հիմնադրոյթի մակարդակից այն կողմ չենք անցել: Հայաստանի ժողովուրդն առօրեայ հոգսերի մէջ խեղդուած, կրակի առաջին գծում կանգնած ժողովուրդ է: Նա չունի Ամերիկաներում կամ Եւրոպայում ապրող հայութեան ապահովութեան զգացողութիւնը, հետեւաբար, պահանջատիրութիւնը շատերի ընկալմամբ վտանգաւոր, իսկ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը՝ անհեռանկարային քայլեր են: Եթէ մենք ուզում ենք մեր ընդհանուր պայքարի մէջ յաջողութեան հասնել, ուրեմն առաջին հերթին հայաստանաբնակ հայութեանը պիտի կարողանանք հետեւողական եւ անխոնջ աշխատանքով ցոյց տալ՝
ա. Հայկական հարցի լուծումն իրատեսական է եւ իրագործելի.
բ. Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի: Հայկական հարցը չլուծելու դէպքում, Հայաստանի հանրապետութիւնը մշտապէս կախուած է լինելու հարեւան երկրների իրավիճակից եւ բարեհաճութիւնից.
գ. Հայկական հարցի լուծումը հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնն է եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին: Եւ դա պէտք է արած լինէինք դեռ երէկ: Չինացուն հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու լաւագոյն ժամանակը: Նա պատասխանում է՝ դա քսան տարի առաջ էր: Ուրեմն առանց ժամանակ կորցնելու պիտի սկսենք վաղուանից, շարունակենք ամէն օր եւ չբաւարարուենք ընտրութիւններին նախորդող երկու ամսով:
Հայաստանը կանգնած է մեծագոյն այնպիսի փորձութիւնների առջեւ, որոնցից իւրաքանչիւրն այսօր սպառնում է, առանց չափազանցութեան, Հայաստանի գոյութեանը: Դրանցից ծանրագոյնն ի հարկէ ժողովրդագրական վիճակն է: Հայաստանի բանակչութիւնը անշեղօրէն կրճատւում ու ծերանում է: Եթէ մինչ այժմ մենք արտագաղթը մասամբ հաւասարակշռում էինք բնական աճով, ապա հինգ տարի յետոյ Հայաստանում ծնուող երեխաների թիւն աւելի քիչ է լինելու, քան երկրում մահացողներինը: Վիճակն աւելի է սաստկանում չընդհատուող արտագաղթով: Սովորական ճանապարհով մենք այս ճգնաժամից չեն կարող ելնել: Եթէ մեզ առաջիկայ 10-15 տարում չյաջողուի իւրաքանչիւր տարի 2-3 միլիարդ դոլարի հատուցում ու վարձավճար ստանալ Թուրքիայից եւ այդ գումարն ուղղել բազմազաւակութեան խրախուսմանը Հայաստանում եւ ենթակառոյցների նորոգմանը, ապա մենք պարզապէս կը վերջանանք: Կը վերջանանք, ինչպէս ջուրն առուի մէջ՝ աղբիւրը ցամաքելուց յետոյ, ինչպէս լոյսը երկնքում՝ արեւը մայր մտնելուց յետոյ:
Մենք յապաղելու ժամանակ չունենք: Ժամանակն է անցնելու գործնական ծրագրերի: