Ուրբաթ, Սեպտեմբեր 11, 2009 թուին, Լեւոն եւ Յասմիկ Թաւլեան Մանկամսուր եւ Մանկապարտէզը իր դռները բացեց իր աշակերտութեան առջեւ, հպարտօրէն նշելով իր որակաւորումը National Association for the Education of Young Childrenի (NAEYC) կողմից, որը երկրի առաջնակարգ կազմակերպութիւնն է մանկամսուրների եւ մանկապարտէզների որակաւորման համար:
Առաւօտեան երբ ծնողներն ու աշակերտները մուտք էին գործում դպրոց, դիմաւորւում էին մանկապարտէզի վարիչ տիկ. Հելեն Մանուչերեանի եւ ուսուցչական կազմի կողմից, որոնք նրանց առաջնորդում էին դպրոցի բակ, միանալու հայկական ժողովրդական երաժշտութեան ներքոյ կատարուող շուրջպարին: Նախորդ տարւայ աշակերտները ուրախանում էին տեսնելով իրենց ընկերներին, իսկ նորեկները ծանօթանում էին նոր ընկերների հետ:
Շուրջպարից յետոյ, աշակերտներն ու ծնողները շարուեցին, դպրոցի բակում, մասնակից լինելու ուսումնական նոր տարեշրջանի բացման արարաղութեան՝ բարձր հովանաւորութեամբ ԱՄՆի Արեւմտեան Թեմի առաջնորդ՝ Տ. Մուշեղ Արքեպ. Մարտիրոսեանի: Բացման արարողութեան ներկայ էին Առաջնորդարանի հովանու ներքոյ աշխատող դպրոցների Խնամակալ մարմնի անդամներ, Փասատինայի Ս. Սարգիս Հայց. Առաքելական Եկեղեցւոյ հոգաբարձութեան անդամներ, տեղիս Հայ օգնութեան միութեան մասնաճիւղի անդամներ, որոնք ծառայում են որպէս մանկապարտէզի կնքամայրեր, ինչպէս նաեւ Ծնողա-ուսուցչական մարմնի ներկայացուցիչներ եւ նահանգային խորհրդարանի անդամ՝ Անթոնի Փորթանթինոյի ներկայացուցիչը՝ տիկ. Լերնա Կայսրեան Շիրինեանը:
Սրբազան հայրը առաջնորդեց աշակերտներին երգելու Տէրունական Աղօթքը, որից յետոյ, իր խրախուսանքի խօսքի մէջ ասաց՝ «Շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ որ եկել էք Թաւլեան Մանկապարտէզ՝ զարգացնելու ձեր միտքն ու հոգին: Վստահ եմ որ դուք կը լինէք օրինակելի աշակերտներ: Շնորհաւորում եմ տիկ. Հելեն Մանուչերեանին՝ դպրոցի NAEYCի կողմից որակաւորուելու առիթով եւ կ՛աղօթեմ առ Աստուած, որ ուսուցիչներն ու աշակերտները ունենան արդիւնաւէտ տարի:»
Ստանալու համար NAEYC որակաւորում, Թաւլեան մանկապարտէզը անցաւ լուրջ քննութիւնների միջով, ուր գնահատուեցին դպրոցի դասածրագրերը եւ ծառայութիւնները NAEYCի մանկապարտէզների 10 ծրագրերի եւ աւելի քան 400 չափանիշերի նկատմամբ:
«Մենք հպարտ ենք, որ որակաւորուել ենք NAEYCի կողմից, որը ցոյց է տալիս մեր աշխատանքի բարձր որակը եւ այդ վստահեցնում է մեր ծնողներին, որ նրանց երախաները կը ստանան բարձրագոյն դաստիարակութիւն եւ ծառայութիւն», ասում է մանկապարտէզի վարիչ՝ տիկ. Հելեն Մանուչերեանը: «Մենք մի կամուրջ ենք, որ կապում ենք հայախօս ընտանիքը անգլիախօս աշխարհի հետ. մենք տալիս մեր երախաներին միջոցներ յաջողելու իրենց կեանքում, միաժամանակ մեծ յարգանք տածելու իրենց արմատների եւ մշակոյթի նկատմամբ:»
«Սա մեծ յաջողութիւն է եւ մենք հպարտ ենք դրանով» ասաց Ազգային Վարժարանների Խնամակալ Մարմնի անդամ՝ Քրիս Քէօսեանը: «Մենք յատկապէս շնորհակալ ենք ծնողներին, որ վստահում են ազգային դպրոցներին եւ առիթը տալիս, որ մեր երիտասարդ սերնդին դաստիարակենք ազգային ոգով: Բոլորին մաղթում եմ յաջողակ տարի:»
NAEYC որակաւորումը ստեղծուել է բարձրացնելու մանկապարտէզների մասնագիտական մակարդակը եւ առիթ տալու, որ ծնողները ճանաչեն բարձրորակ մանկապարտէզները: Այդ որակաւորումը տրւում է հինգ տարի ժամանակաշրջանի համար: Տիկ. Մանուչերեանն ասաց, որ որակաւորումը չափազանց դժուար գործընթաց էր, եւ դա արդիւնաւորուեց անձնակազմի համագործակցութեան բերումով:
Այս յաջողութիւնը չվրիպեց ծնողների աչքից: «Մենք մեր աղջկան ուղարկում ենք Թաւլեան, որովհետ շատ լաւ բաներ ենք լսել դրա մասին. երեխաները սովորում են երգել, պարել, հայերէն եւ անգլերէն լեզուները, ձեռային աշխատանքներ եւ թուաբանութիւն: Մենք ուզում ենք մեր զաւակը սովորի այս բոլորը եւ միաժամանակ լինի հայկական շրջապատում» ասում է Նորա Շահբազեանը, որի աղջիկը Լորին առաջին տարին է որ յաճախում է Թաւլեան մանկամսուր: Իսկ այն ծնողները, որոնց երեխան արդէն մէկ տարի յաճախել է Թաւլեան, շատ շնորհակալ են իրենց զաւակի ստացած դաստիարակութեան համար: «Մենք իսկապէս զգացուած ենք, որ մեր աղջիկը անցեալ տարի սովորեց Թաւլեանում», ասում է Արամ Եղիայեանը, որի դուստրը այս տարի սկսում է մանկապարտէզը, «միայն յոյս ունենք, որ տարրական դպրոցն էլ Թաւլեանի պէս լաւ կը լինի»:
Թաւլեանը նաեւ արժանացել է «Օրինակելի Դպրոցի» տիտղոսի Սան Կապրիէլ հովտում: «Ես ուրախ եմ որ Թաւլեան Մանկամսուր-Մանկապարտէզը գտնւում է իմ շրջանում եւ մաղթում եմ ամենայն յաջողութիւն յառաջիկայ տարիներին», ասում է նահանգային խորհրդարանական Անթոնի Փորթաթինոն իր ներկայացուցիչ Լերնա Կայսրեան Շիրինեանի միջոցով ուղարկած պատգամում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.