«Նահապետից Յետոյ Ես Ի՞նչ Խաղամ» Կ՛ըսէ Սիրուած Դերասան Սօս Սարգսեան
«ԱՍՊԱՐԷԶ».- ժողովրդական, սիրուած դերասան Սօս Սարգսեան դարձաւ 80 տարեկան: Յոբելեարի հետ իր ստեղծագործական ուղիի, իրականացած ու չիրականացած երազանքերու, սերնդակիցներու, երիտասարդ դերասաններու եւ շարք մը հարցերու շուրջ զրուցած է NEWS.amի թղթակից Գայեանէ Գրիգորեան:
ՀԱՐՑ.- Պարոն Սարգսեան, մեծ դերասաննե՞րն էլ են դժուարութեամբ յաղթահարում տարիքը:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Անկեղծ ասած տարիքս չեմ զգում, բայց երբ որ տեղը գալիս է ու ուժ պիտի գործադրեմ, տեսնում եմ, որ էն չի, բայց զարմանում եմ, որ ես ինձ չեմ զգում 80 տարեկան, երազանքեր ունեմ, անելիքներ ունեմ եւ երբեք հարց չեմ տալիս, թէ երբ պիտի իրագործեմ, ինձ թւում է, որ Աստուած թոյլ կը տայ իմ բոլոր երազանքները իրականացնել:
ՀԱՐՑ.- Ի՞նչ երազանքեր են, եթէ գաղտնիք չէ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Դէ՜, շատ ունեմ, բայց առաջինը, ի հարկէ, իմ երկրի, ժողովրդի հետ է կապուած: Ես միշտ երազել եմ, որ Հայաստանում բանտերի գլխին սպիտակ դրօշներ պիտի ծածանուեն՝ ի նշան այն բանի, որ յանցագործներ չկան այստեղ: Ինչ լաւ կը լինի, որ այդ երազանքը կատարուի ու մարդիկ միմեանց նկատմամբ բարեհաճ լինեն, եղբայրավարի:
ՀԱՐՑ.- Ես էլ կարծեցի թէ թատրոնի հետ են կապուած Ձեր երազանքերը:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ի հարկէ, թատրոնի հետ կապուած երազանքներ էլ ունեմ: Համազգային թատրոնը իմ ուշադրութեան կենտրոնում է եւ ես ուզում եմ, որ այն դառնա համաշխարհային թատրոն, հայ արուեստագէտը, հայ ստեղծագործողը չպիտի բաւարարուի իր շրջապատի, իր երկրի սահմաններով: Հայ մտաւորականը, հայ ստեղծագործողը պէտք է երազի համաշխարհային նուաճումների մասին: Էդպէս էին իմ բոլոր հասակակիցները՝ Խորէն Աբրահամեանը, Ֆրունզ Մկրտչեանը եւ շատերը: Ճիշտը դա է, արուեստագէտը պէտք է այդպիսին լինի՝ խանդոտ, պահանջկոտ:
ՀԱՐՑ.- Պարոն Սարգսեան, երիտասարդ սերնդի մէջ տեսնու՞մ էք այնպիսի լեգենդների, ինչպիսին ձեր սերնդակիցներն էին:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մեծ դերասաններ հիմա աշխարհում քիչ կան, ոչ միայն Հայաստանում, որովհետեւ մարդկութիւնը գնում է սխալ ճանապարհով, մարդկութիւնը դեգրադացւում է, ստեղծում է էժան արուեստ: Տեսէք՝ այլեւս չկան այնպիսի անուններ, որոնք օրէնսդիր են թատրոնում՝ Քամիւ, Էդուարդոյ Ֆիլիպոյ եւ այլն: Շատերը կային ժամանակին, հիմա չկան: Հիմա ես ամէն բեմադրութիւնից առաջ փնտռում եմ, պիես չկայ, իսկ թատրոնը պիես է, թատերագրութիւն: Այս պղտոր ալիքը աշխարհով մէկ ծածկել է արուեստը, կինօն, թատրոնը: Համասեռամոլները աշխարհը գրաւեցին, տեսէք՝ ինչ է կատարւում, տղամարդը տղամարդու հետ ամուսանում է եւ պետութիւնը օրինականացնում է, սրանից աւելի հակաաստուածային, հակաբնական բան հնարաւոր չէ: Բայց հասան էդ նպատակին, ես սարսափած նայում եմ՝ մեր ազգի հետ ինչ կը լինի, եթէ մենք էլ հետեւենք այդ եւրոպական արժէքներին: Կինը կորցրել է իր խորհրդաւորութիւնը, արդէն անուշներ չկան:
Պիտի ասեմ, որ շատ տաղանդաւոր երեխաներ կան, ի հարկէ, առաջին հերթին իրենցից է կախուած: Էդ թափը, էդ մասշտաբների զգացողութիւնը ունե՞ն իրենք, թէ՞ չէ, որ դառնան Ժան Մարէ, Ժան Գաբեն, Լեւոնով եւ այլն եւ այլն, մեծեր շատ կան աշխարհում: Հիմնականը իրենցից է կախուած, բայց նաեւ պայմաններ են պէտք, նաեւ հասարակութիւնը պէտք է մղի առաջ, հայոց հասարակութիւնը դեռ ձեւաւորուած չէ, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, որն է նրա իդէալը, որն է այսօրուայ հերոսը, չգիտի: Ժամանակին Րաֆֆու հերոսները իդէալ են եղել, նրանց Րաֆֆին ստեղծել է, որովհետեւ ժողովուրդը նրանց պահանջն ունեցել է: Հիմա ի՞նչ է պահանջում հասարակութիւնը: Տաղանդաւոր երիտասարդներ շատ կան, բայց հող է պէտք, միջավայր է պէտք, օգնող է պէտք, որ դուրս գան համաշխարհային ծիր:
ՀԱՐՑ.- Բայց, պարոն Սարգսեան, Դուք եւ ձեր սերնդակիցները աւելի դժուար ժամանակներում չէի՞ք ապրում, որ դարձաք կինոյի, թատրոնի անմար անուններ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ի հարկէ, դժուար էր: Ի հարկէ, Խորհրդային Միութեան սահմաններից դուրս անուն հանելը շատ դժուար էր, բայց իմ սերնդակիցները այդ հս-կայ Խորհրդային Միութիւնում անուն հանեցին, նկարահանուեցին Մոսֆիլմում, Վրացֆիլմում: Մինչեւ հիմա ես նամակներ եմ ստանում Աբխազիայից, Կամչատկայից, ինձ խնդրում են ինքնագիր ուղարկել: 20 տարի է անցել, բայց մարդիկ յիշում են: Էդ կարողացանք անել: Օրինակ, Խորէն Աբրահամեանը ասում էր՝ ինձանից մեծ դերասան աշխարհում չի կարող լինել, ես պիտի լինեմ, ես յայտնի պիտի դառնամ, պիտի ստեղծագործեմ, շատ պահանջկոտ մարդիկ էին:
ՀԱՐՑ.- Պարոն Սարգսեան, մի անգամ ասացիք, որ շատ ամաչկոտ երեխայ էք եղել, հապա ինչպէ՞ս ստացուեց, որ դերասան դարձաք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Սոսկալի ամաչկոտ էի, «նոնսենս» է՝ ամաչկոտ մարդը դարձաւ դերասան, էդպէս ստացուեց, գիտես ինչ, ինչ որ ի վերուստ մի բան կար, որ ես դարձայ դերասան: Ստեփանաւանը մի փոքրիկ քաղաք էր, ես էլ 7-8 տարեկան մի երեխայ, եւ յանկարծ իմ մտքով անցնում է, որ մեր թաղի երեխաներով թատրոն պիտի խաղանք, ես էլ պիես եմ գրում, բոլորը հաւաքւում են, վարագոյր ենք սարքում եւ սկսում ենք խաղալ այդ պիեսը: Ես յիշում եմ, որ պիեսում շատ կային երգի կտորներ, պարում էինք, կռւում էինք, կարծեմ՝ ֆաշիստների դէմ էինք կռւում, էդ ոնց կարող էր լինել, որ մարդ, որ թատրոնում չի եղել, ուղղակի պատկերացնում է, յանկարծ էդպիսի բան է անում, Աստուած ինձ յուշել է՝ գնա էս ճանապարհով: Բազմիցս ուզեցել եմ հեռանալ թատրոնից, բայց չի ստացուել, Աստծոյ մատը խառն էր, իսկ կինոն, եթէ Հենրիկ Մալեանը չլինէր, ես կինոյում չէի լինի, հաւատացէք: Մինչ այդ մի քանի դերերում նկարուել էի, բայց չէի սիրում կինօն: Մալեանը ինձ ստիպեց, որ ես սիրեմ կինօն, էդ մթնոլորտը սիրեմ, եւ շատ եմ սիրում այդ աշխատանքային պրոցեսը, դրուածքը, զանազան պարտականութիւնները:
ՀԱՐՑ.- Ինչու՞ էք ամէնից շատ ողբերգական կերպարներ մարմնաւորում:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Բա ո՞վ մարմնաւորի: Էդպէս ստացուեց, ճակատագիրը էդպէս ուզեց եւ բարդ ռեժիսորները, շատ լաւ ռեժիսորները ինձ էին դիմում, ինչ անեմ ես, «Խնձորի այգին», «Ձորի Միրոն» չէի ուզում նկարահանուել, բայց Ժիրայր Աւետիսեանը փողոցում խօսում-խօսում համոզում էր, ես էլ արդէն «Նահապետը» նկարահանուել էի, վերջացրել էի, ասացի չեմ ուզում, որովհետեւ կարծես թէ նմանութիւն կայ, բայց այնքան յամառ եղաւ: Էդ ժանրը թատրոնում էլ եմ խաղացել, Եագօ եմ խաղացել, Լիր արքայ եմ խաղացել:
ՀԱՐՑ.- Պարոն Սարգսեան, եթէ դերասանը ողբերգութիւն չի ապրում կեանքում, կարողանու՞մ է կատարեալ խաղալ այդ կերպարը:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իսկական դերասանները ամէն ինչ գտնում են իրենց էութեան մէջ, որովհետեւ մարդն այնքան բազմագոյն է, որ իւրաքանչիւր մարդու մէջ էլ կայ չարութիւն, բարութիւն, ազնուութիւն, անազնուութիւն: Կիրթ մարդիկ էդ յատկութիւնները մի տեսակ իրենց մէջ խլացնում են, օրինակ նախանձը սոսկալի բան է, կիրթ մարդը իր մէջ խլացնում է, ես յիշում եմ, որ դերասաններ կային, ովքեր բացասական դերեր չէին ուզում խաղալ, ես խաղում էի: Զիմզիմով էի խաղում, յետոյ պարզում էի, որ էս մարդը կայ իմ մէջ, խօսում է, գործում է: Եագոյ էի խաղում, համաշխարհային գրականութեան մէջ լաւագոյն կերպարներից մէկը: Ինչու՞ է լաւագոյն, որովհետեւ շատ է բարդ, շատ է հետաքրքիր:
ՀԱՐՑ.- Բացասական դերերից դերասանները ինչու՞ էին խուսափում:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հանդիսատեսը տարօրինակ վերաբերմունք ունի, նա սիրում է դրական կերպար, օրինակ Աւետ Աւետիսեանը հանճարեղ դերասան է եւ խաղում էր Զիմզիմով: Ժողովուրդը չէր սիրում, իր խաղացած կերպարը նմանեցնում էին իրեն, բայց Սունդուկեանի թատրոնում չկար էնքան բարի, ազնիւ մարդ, ինչքան Աւետ Աւետիսեանն էր:
ՀԱՐՑ.- Դուք Ձեր թողած ժառանգութիւնը ինչպէ՞ս կը գնահատէք:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Կան չիրականացուած բաներ, բայց եթէ ապերախտ չլինենք, ես պէտք է գոհ լինեմ, որովհետեւ ճակատագիրը ինձ հնարաւորութիւն ընձեռեց բազում լաւ դերեր խաղալ: Գիտէք ինչ կայ՝ վերջին հաշուով ես գիտեմ, ով եմ, բայց չեմ ասի դրա մասին, որովհետեւ ես վաղուց մի բան գիտեմ՝ դերասանի աշխարհքից գնալուց յետոյ նրա անունը կամ ժողովուրդը մոռանում է կամ նա դառնում է առասպել: Ասենք՝ Ադամեանը մեզ համար առասպել է, Փափազեանը, Հրաչեայ Ներսիսեանը, Ֆրունզիկ Մկրտչեանը, Խորէնը, Մետաքսեան առասպելներ են: Հիմա ո՜վ գիտի՝ կարող է ես մեռնեմ ու մի շաբաթ յետոյ ինձ մոռանան, բայց կարող է Սօս Սարգսեանի լեգենդը մնա, գուշակելը ուժից վեր է:
ՀԱՐՑ.- Ե՞րբ էք վերջին անգամ ֆիլմում նկարահանուել:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երեք տարի առաջ Մոսկուայում, մի ֆիլմում եմ նկարահանուել:
ՀԱՐՑ.- Իսկ Հայաստանու՞մ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Չէ, վաղուց չեմ նկարահանուել:
ՀԱՐՑ.- Ինչու՞:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբեմն առաջարկում են, բայց գիտէք՝ դժուար է , վերջին հաշուով «Նահապետ»ից յետոյ ես ի՞նչ խաղամ, որ արժանի լինի իմ այն խաղացած դերերին: Մերժում եմ, որովհետեւ էն խաղացած դերերիս արժանի կերպար պիտի լինի, մանաւանդ՝ մեծացել եմ: