ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Կիրակի, Հոկտեմբեր 4ը մի անմոռանալի ու նշանակալից օր էր: Պատրաստւում էի ներկայ գտնուելու «Ալեքս» թատերասրահում կայանալիք «Զալ եւ Ռուդաբէ» բալէյի հանդէսին. եւ միառժամանակ, շփոթուած, զարմացած ու զայրացած գամուած հեռուստատեսիլի առջեւ, հետեւում էի օրուայ իրադասութիւններին ու մտածում, թէ ինչպէ՞ս կենտրոնանալ, երբ մեր ամենանուրբ ազգային զգացումները վիրաւորուած են. ինչպէ՞ս լռել երբ մեր հայրենիքը վտանգի մէջ է, ինչպէս չբողոքել երբ Հայոց Ցեղասպանութիւնը սակարկութեան խնդրոյ առարկայ է, որ այդ ամենը լոկ թղթի վրայ «փրոթոքոլ» կոչելով, սեղանի վրայ դրուած եւ մեր նախագահ Սերժ Սարգսեանը, ուզում է ստորագրել:
– Արդեօ՞ք քաղաքական թատերաբեմը ինչ է ծրագրել հայի համար: Սերժ Սարգիսեանը այցելել է Լոս Անջըլես համոզելու մեզ, որ դա է հայի փրկութիւնը, որ պիտի զիջումների գնալ, որպէսզի ապրենք: Մի կողմից հայութիւնը վրդորուած, մի բռունցք դարձած՝ «ՄԻ ԴԱՒԱՃԱՆԻՐ» կարգախօսով ցոյցի էր ելել, միւս կողմից մենք, մեղքի զգացումով, սակայն լաւատեսութեամբ քայլում էինք դեպի «Ալեքս» թատերասրահ:
Սրահի մթնոլորտը տարբեր էր. Ներկայ էին հայ, պարսիկ եւ օտար ազգերի աչքառու արուեստագէտեր, մամլոյ ներկայացուցիչներ եւ քաղաքական դէմքեր:
Երեկոյեան ժամը 7ին, վեր բարձրացաւ վարագոյրը եւ հնչեղ երաժշտութեան ներքոյ, բեմի ճակատին պատկերուեց կրակից ծնուած՝ առասպելական, խորհրդապաշտ թռչունը՝ «Սիմոռղը»: Պատկերը մարմնաւորուեց Անուշ Ակոփեանի թռչնապարով, որ կապոյտ եւ նարնջագոյն երազային տարազով իր համոզիչ խաղով՝ աւէտեց «Զալ եւ Ռուդաբէ» դիւցազներգութեան ոգին: Բեմ եւ սրահ իրար միացան: Տպաւորիչ էր բացումը, ներշնչող: Մեր հոգիները քաղաքական խառնաշփոթ թատերաբեմից փոխադրուեց դէպի խորհրդապաշտ թռչունը եւ նրա թռիչքը: Ապա փոխուեց տեսարանը, բեմի երկու անկիւններից, զնկապղինձ թմբկիկներերի (Tombac) հարուածային գործիքներով հանդէս եկան Քուրոշ Մ. եւ Մեհրդատը: Նրանց հմուտ եւ ռիթմիկ զարկերի ներքոյ մուտք գործեց, օպերայի յայտնի երգչուհի, գրականգէտ եւ հոգեբան՝ Շահլա Սարուխանին: Նա պարսկերէնով՝ մերթ երգով ու մերթ ասմունքով նուրբ եւ ստոյգ ըմբռնումով, մեկնաբանում էր «Զալ եւ Ռուդաբէ» դիւցազներգութիւնը՝ Հեքիաթային տրամադրութիւն յորդեց հանդեսասրահում: Հաքիմ Աբոլ Ղասեմ Ֆերդոսին, սոյն դիցավէպի հեղինակը, վերակենդացաւ մեր հոգիներում. նա իր ժամանակաշրջանի (904-1010) ամենահռչակաւոր, փիլիսոփայ բանաստեղծն էր: Վիպասան, որ պարսկական ազգային նկարագիրը, ինքնութեանը, մարդկային տուեալները, եւ Իրանի պատմութեանը, 990 գլուխները եւ 62 պատմուածքները՝ գրի է առել, չափածոյ եւ գրական լեզուով: Իր պատմւածքների ժողովածուն, ամփոփուել է «Շահնամէ» գրքում, որ թարգմանուել է անգլերէնի եւ նաեւ հայերէնի:
Ապա բեմավիճակների սահուն փոփոխութեամբ հիւսւում էր դիցավէպը, դասական բալէյի, արդիկան պարի եւ տոհմային աւանդական՝ շարժումնրի երանգներով:
Հեղինակային մտայղացման, կատարեալապէս ներդաշնակ: Մտապարագիծը խօսուն էր եւ շարժումները յստակ ու հետաքրքիր: Բեմավիճակների արագ փոփոխութեամբ, բազմաերեսակ, տեսարանների ոլորտներով, բնութագրւում էր Ֆերդոսիի հերոսների ներաշխահը, պարսկական եւ հնդկական կեանքն ու կենցաղը: Պարագիծը դառնում էր աւելի հասկանալի, երբ ամէն մի պարայրն ելոյթից առաջ, 2 թմբիկների, ռիթմիկ հարուածների ձայնին ձուլուած պարսկերէն եւ անգլերէն երկու պատմիչների ասմունքը, բանաստեղծական շնչով էր լցնում սրահը. կարժէ նշել Kenwa Li Newellի ելոյթները. նա մի բազմաշնորհ արուեստագիտուհի է, որ հարուստ է իր անցեալի ստեղծական գործով: Նա մասնագիտացել է շէյքըսփիրեան գրականութեան: Ահա թէ ինչու այնքան ազդեցիկ ոճով էր արտասանում՝ «Զալ ու Ռուդաբէ»ն: Նա նաեւ բազմաերեսակ բեմադրութիւնների վարիչ ու բեմադրիչ է:
Ահա՝ բեմադրութիւնը հասնում է իր գագաթնակէտին: Maria Tikho-mirovaն Ռուդաբեյի դերում իր սլացիկ հասակով, եւ գեղեցկութեամբ, արդարացնում էր հեղինակի կերտած կերպարը: Նրա ոսկեգոյն գլխակապը, ծալքերով լայնաթեւ տարազը, արտացոլում էր խորհրդապաշտ թռչունի «Սրմորղի» ոգին: Նրա արգիլուած եւ գաղտնի հանդիպման յամառ որոշումը, դրսեւորւում էր բալէյի համապատասխան դիրքաւորումներով: Հանդիպման պահն է: Զալի դերում Enton Hoxhaը դասական բալէյի առնական թռիչքով հանդիպում է Ռուդաբեյին: Բեմայարդակը վերածւում է սիրոյ թռթռուն զգացումների եւ երազների իրականացման անջրպետի. հոգիների գալարումներն կեանք են առնում մարմնի այլազան շարժումների միջոցով: Հերոսը գրկում ու վեր է բարձրացնում իր սիրած աղջկան, թռչքի դիրքում ու ուսամբարձ կրում է նրան, կերտելով՝ հիասքանչ բալէյի պատկերներ: Յանկարծ բեմի անկիւնում, վար է իջնում մի սպիտակ վարագոյր, սիրապարը շարունակւում է դեպի թափանցիկ վարագոյրը եւ յետ վարագոյրի, իրանի գետնամերձ սողոսկումներով՝ սիրոյ պարը արգասաւորւում է: Սիրահարները թողնում են բեմը: Հանցաքը իրագործուել էր:
Առաջին բաժինը եզրափակուեց խորհրդաւոր տեսարանով: Բեմայադակը փոխուեց մեհենի: Բեմի անկիւնից, սահանքով մուտք գործեցին 3 բոցավառ ձիթաիւղի կաթսաներ կրող, 15 պարուհիներ՝ կարմիր լայն շրջազգեստներով: Նրանք կշռական պարի ճկուն մարմնական շարժումների յաջորդականութեամբ, տպաւորիչ արարողութեամբ աղոթում ու վերահաստատում էին իրենց ուխտը:
Երկրորդ բաժինը, առաջին պատկերով Սինդոխտը յայտնաբերեց, Ռուդաբէյի թոյլ տուած հանցանքը՝ օրէնքների խախտումը: Ապա տեսարանների արագ փոփոխութեամբ ներկայացւում էր, աւանդոյթների ոտնահարման, երկու երկիրների միջեւ գոյացած տարաձայնութիւնները, եւ անկեղծ սիրոյ միջոցով դժուարութիւնները յաղթահարելու ուժը: Համոզիչ էր Ռուդաբէյի մօր դերում Alex Crawfordի պարակցութիւնը, երբ գտաւ աղջկայ գլխակապը հանցանքկի վայրում: Բեմայարդակը վերածուեց պատերազմի դաշտի ու ապա արքայական հարսանեկան շքեղ ծիսակատարութեան: Հարսնաքոյրեր՝ Ալինա Անաննեանը եւ Թանիա Մանգասարեանը, ընկերակցութեամբ պարուհիներ՝ Անուշ Ակոփեանի, Քաթրին Էսքանդարի, Բիանի Այւազեանի, Կրիստին Դաշդմիրեանի, Մարիամ Ղուկասեանի, Էլմա Նաւասարդեանի եւ Ռոզել Քրաոֆորդի իրենց սքանչելի պարակցութեամբ ընդունեցին ամուսնացող՝ Ռուդաբէյին եւ Զալին:
Բեմադրութիւնը աւարտուեց իմաստալից պատկերով:
Վերջում յոտնկայս ծափահարութեան տարափի ներքոյ բեմ հրաւիրուեց բեմադրիչ Աննա æանբազեանը եւ գնահատական ու երախտագիտական զգացումների հետ, ընդունեց շնորհաւորական եւ յարգանքի ծաղկեփունջերը: Յարգանք Աննա æանբազեանին իր այնքան գեղեցիկ ընտրութեան համար: Մասնակցող արուեստագէտները արհեստավարժի կոչում ունէին: Գնահատելի է նաեւ ծնողների եւ ընկերութեան մօտ կանգնած բարեկամների օգնութիւնը, որոնց համագործակցութեամբ հնարաւոր դարձաւ, բեմադրել այս մեծածախս դիցավէպը: