ԹԻՖԼԻՍ.- ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 3-4ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան (ԸԵՄՄ) «Կովկասեան երկխօսութիւն» տարածաշրջանային համագումարը:
ՀՅԴ Երիտասարդականը համագումարին մասնակցում էր երեք հոգանոց պատուիրակութեամբ՝ Արտակ Զարգարեան (Հայաստան), Այգ Պետրոսեան (Հայաստան) եւ Արմինէ Նարինեան (Արցախ):
Համագումարի ընդհանուր բնաբանն էր՝ «մեր մասնակցութիւնը մեր ապագայի կերտման գործում»:
Համագումարին մասնակցում էին Վրաստանից եւ Ադրբեջանից պատուիրակներ:
Կովկասեան երկխօսութիւն ձեւաչափը Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան շրջանակներում հիմնադրուել է 2008 թուականին Նորվեգիայի Աշխատաւորական կուսակցութեան երիտասարդական միութեան անմիջական աջակցութեամբ եւ ֆինանսաւորմամբ: Այն նպատակ է հետապնդում համախմբել տարածաշրջանում գործող ԸԵՄՄի անդամ երեք կազմակերպութիւններին եւ ստեղծել համագործակցութեան մթնոլորտ՝ առկայ տարաձայնութիւններն ու հակամարտութիւնները բանակցութիւնների սեղանի շուրջ քննարկելու եւ լուծման տարբերակներ գտնելու համար:
Թբիլիսիում տեղի ունեցած համագումարի քննարկման հիմնական առարկան Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերջին զարգացումներն էին: Վրաստանի եւ Նորվեգիայի ներկայացուցիչները փորձում էին Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուած արձանագրութիւնները ներկայացնել դրական լոյսի ներքոյ, այն հիմնաւորումով, որ դրանք կը նպաստեն տարածաշրջանում կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու գործընթացին: ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հակադարձեցին այդ տեսակէտին, այն հիմնաւորումով, որ այդ արձանագրութիւնները դէմ են Հայ ազգի ու հայոց պետականութեան շահերին, ստորագրուել են մեծ տէրութիւնների ճնշման ներքոյ եւ հետեւաբար չեն կարող նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ համագործակցութեան հաստատմանը:
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը Ընկերվար-միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է: ԸԵՄՄին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից:
ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄի լիիրաւ անդամ է:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.