Հայոց պատմութեան մեջ մշտապէս կողք կողքի են դրւում երկու կարեւոր հասկացութիւններ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի հանրապետութիւնը: Մեր պատմական հայրենիքի այդ անբաժանելի մասը մշտապէս մաքառման ու դաժան պայքարի ուղի է անցել, երբեք չկորցնելով հաւատ, որ մի օր կը վերամիաւորուի մայր հայրենիքին: Արցախեան հերոսամարտերը իւրաքանչիւր հայիս համար, հայրենիքում թէ հայրենիքից դուրս, միշտ էլ էպիկական հնչողութիւն են ունեցել:
Բազմիցս մեր ժողովուրդն իր թափած անգին արեան շնորհիւ է, որ ապահովել է հայոց լեռնաշխարհում գոյատեւելու իր բնականոն իրաւունքը: Արցախցի հայ զինուորի բացառիկ հերոսականութեան շնորհիւ է, որ Արցախն այսօր իր մշակութային եւ հոգեւոր շղթաներով սնուցում է ստանում մայր հողից, պահպանելով իր նիւթական եւ հոգեւոր համաժողովրդական արժէքները:
Եւ դրա վառ ապացոյցն է այսօր Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պետութեան ներկայացուցիչների այցելութիունը մշակութային եւ ազգային աւանդոյթները տարիներ շարունակ հետեւողականօրէն պահպանող Կրթական այս դարբնոցը՝ Թէքէեան Մշակութային Միութեան Արշակ Տիգրանեան վարժարանը: Մենք բոլորս լիիրաւ տէրերն ենք այն հայրենիքի, որի անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղը: Վարժարանի ուսուցչական եւ հոգաբարձական անձնակազմը, տնօրէն Վարդգէս Գուրուեանը ողջոյնի ջերմ խօսք ասացին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանին։ Բացման խօսքով հանդէս եկաւ պրն. Բարսեղ Գարթալեանը, որը ողջունեց հիւրերին այցելութիւնը եւ յիշատակեց յանձին Արկադի Ղուկասեանի արցախցու անզիջում կամքն ու վճռականութիւնը հայրենիքը պաշտպանելու գործում:
Իր ողջոյնի խօսքն ասաց նաեւ Ալեքս Ղարիպեանը, յիշելով նախորդ տարիներին Արշակ Տիգրանեանցիների եւ նախկին նախագահի ջերմ հանդիպումները, որոնք համեմւում էին պասքեթպոլի խաղերով: Արցախի մասին պատմական ակնարկով եւ յղած ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արշակ Տիգրանեան վարժարանի հայոց լեզուի ուսուցչուհի Ալվարդ Ուզունեանը
Կարճ ֆիլմի ցուցադրումից յետոյ ելոյթ ունեցաւ Հայաստան համահայկական հիմանադրամի Արեւ-մտեան Շրջանի նախագահ Արա Ակիշեանը: Նա խօսեց Արցախի եւ սփիւռքի կապի կարեւորութեան մասին, որի կարիքն այսօր էլ զգում են թէ հայրենիքում, թէ հայրենիքից դուրս:
Իր շնորհակալական խօսքը ներկաներին ասաց պրն. Արկադի Ղուկասեանը եւ նախորդ այցելութիւնների հաճելի յիշողութիւնները կիսեց աշակերտների հետ: Հաճելի հանդիպումը աշակերտների հետ աւարտուեց արդէն աւանդոյթ դարձած պասքեթպոլի խաղով, որի համար Արկադի Ղուկասեանը ստացաւ յուշանուէր: Աւարտին տնօրէնը հիւրերին հրաւիրեց հիւրասիրութեան: