ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Սա է, ըստ «Թարաֆ»ի հեղինակի, պատմութեան հետ առերեսման գլխաւոր խոչընդոտը:
«Թարաֆ» թերթի Նոյեմբերի 24ի համարում Հուսէյին Քալքան ստորագրութեամբ հրապարակուել է «Թոռները եւ փաստաթղթերը» յօդուածը, որտեղ հեղինակն անդրադառնում է այն հայ կանանց եւ աղջիկներին, որոնք Մեծ Եղեռնի տարիներին յայտնուել են թուրք երեւելիների ընտանիքներում եւ բռնի մահմեդականացուել: Հարցն ինքնին բազմաբնոյթ է, ինչը դժուարացնում է դրա ուսումնասիրութիւնը: Իսկ թուրքական ընտանիքներում յայտնուելու պատճառով մահմեդականացուած հայ կանանց եւ աղջիկների ճակատագիրը» աւելի քան ողբերգական, այն առումով, որ ջարդարարները ցեղասպանութեան ենթարկելով մի ամբողջ ժողովրդի, նրանից ունեցուածքի հետ խլել են նաեւ կանանց ու աղջիկներին:
Քալքանի յօդուածում յիշատակւում է առեւանգուած հայուհու թոռ Ֆեթհիէ Չեթինը, ինչպէս նաեւ ներկայացւում են նրա մեծ մօր ճակատագրին արժանացած այդ կանանց եւ աղջիկների ողբերգութիւնն ամբողջ դաժանութեամբ երեւան հանող փաստեր, թէկուզ առանձին: Ահա թէ ինչ է գրել «Թարաֆ» թերթի հեղինակ Հուսէյին Քալքանը.
Ֆեթհիէ Չեթինի «Մեծ մայրս» գիրքը դիւրընկալելի չէ, առաւել եւս նրա Այշէ Գիւլ Ալթընայի հետ հրապարակած «Թոռներ» գիրքը: Սա 25 առանձին պատմուածքներից կազմուած տառապանքների ժողովածու է: Դեռեւս չգիտենք, թէ որքան են այս կարգի պատմութիւնները: Հերոսներից ոմանք իսկապէս անյայտ կորել են, ոմանք էլ որպէս «մահմեդական»՝ անհետացել են մեր մէջ: Ունեն երեխաներ, թոռներ, սակայն վերջիններս պարտադրուած շարունակում են լռել: Մինչդեռ ինքնամաքրման համար մեզ անհրաժեշտ է իմանալ այս պատմութիւններն ու առերեսուել պատմութեան յետնաբեմի հետ:
Հայերի ջարդերում կողոպուտի ենթարկուեց ոչ միայն այս ժողովրդի ունեցուածքը, այլեւ՝ նրա երեխաները: Դա արուեց ոչ թէ պատահականօրէն կամ սահմանափակուեց մի քանի երեխաներով, այլ համակարգուած ձեւով եւ ուղղորդուեց վերեւից: Հայ երեխաների համակարգուած այս կողոպուտը հասկանալու համար բաւական են նոյնիսկ պետութեան հրապարակած հատուկենտ վաւերագրերը:
Հայկական հարցին առնչուող եւ հասարակութեանը մատչելի բաց վաւերագրերում ամենամեծ կապոցը հայ որբերին վերաբերողներն են կազմում: Տեղահանութեան եւ կոտորածի ողջ ընթացքն ուղղորդող Թալէաթ փաշան ուղղորդեց նաեւ երեխաների կողոպուտը: Մեր երկրում հայ երեխաների դաժան ճակատագրի առումով, ըստ ամենայնի, վճռորոշ եղաւ Թալէաթ փաշայի 1915ի Յուլիսի 12ին վարչական 16 կենտրոններ յղած հետեւեալ հեռագիրը. «հայերի տեղահանման եւ փոխադրման ընթացքում ծնողներից զրկուող երեխաների խնամքն ու դաստիարակութիւնն ապահովելու նպատակով հրամայում եմ նրանց բաժանել այն գաւառների եւ գիւղերի երեւելի եւ պատուարժան անձանց, որոնք բնակեցուած չեն հայերով կամ օտարերկրացիներով» (վարչապետարանին առընթեր օսմանեան արխիւ, թիւ 54/41):
Հեռագրի ոճից ակնյայտ է դառնում, որ Թալէաթ փաշան հայերի ունեցուածքի պէս նրանց երեխաներին եւս դիտարկում է որպէս առգրաւման ենթակայ օբյեկտ (իր, առարկայ, ապրանք-Խմբ.): Թէեւ այս յօդուածում ցեղասպանութեան հարց չենք քննարկում, սակայն նշեմ, որ ՄԱԿի Ցեղասպանութեան կոնվենցիան (Ուխտը-Խմբ.) միայն այս փաստն անգամ դիտարկում է որպէս ցեղասպանութեան դրսեւորում: Կոնվենցիայի երկրորդ յօդուածի 5րդ դրոյթը (ցեղասպան արարքների թւում) մատնանշում է. «տուեալ էթնիկ խմբի երեխաներին բռնի կերպով մէկ այլ խմբին յանձնելը»:
17 ԵՐԵԽԱՅ, ԲՈԼՈՐՆ ԷԼ՝ ԱՂæԻԿ
Աշխարհամարտի աւարտին Պոլսոյ հայոց պատրիարքարանը ձեռնամուխ եղաւ ճարել այս երեխաներին: Յայտնաբերուած եւ պատրիարքարանի խնամքի տակ առնուած երեխաների թուաքանակի մասին յստակ տեղեկութիւններ չկան: Սակայն 8ը Յունուարի, 1919 թուակիր փաստաթուղթը կարեւոր է երեխաների կողոպուտի սեռական ուղղուածութիւնը բացայայտելու առումով: Այս փաստաթուղթը ներառում է ներքին գործերի նախարարութեան արտգործնախարարութիւն յղած երկու պատասխան նամակն ու երկու լրացուցիչ ցանկ (վարչապետարանին առընթեր օսմանեան արխիւ, HR. MU, 43/2-17): Դիմումներին համապատասխան Մաքրի Քեօյում (ներկայումս՝ Բաքըրքոյ՝ Ստամբուլի թաղամաս) բնակուող մահմեդական «երեւելիների եւ պատուարժան անձանց» տներում յայտնաբերուել է 17 երեխայ: Յայտնաբերուածները բացառապէս աղջիկներ են: Յատկանշական է, որ այս երեւելի մեծամասնութիւնը, որոնց տներում երեխայ է յայտնաբերուել, պետական պաշտօնեայ է, կամ՝ զինուորական: Անատոլիայի տարբեր բնակավայրերից առեւանգուած այս աղջիկների մեծ մասը յանձնուել է եկեղեցիներին կամ պատրիարքարան: Իսկ միւս մասին՝ մահմեդական լինելու պատրուակով կամ փախուստի դիմելու պատճառաբանութեամբ պատրիարքարան չեն յանձնում, այլ պահում են տներում, որտեղ նրանք յայտնուել էին: Հէնց այս աղջիկներին է վերաբերում յաւելուածի առաջին ցանկը:
Վաւերագրերում աղջիկներին առնչուող տուեալները ցուցակագրուած են: «Ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զաւակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցանկում նշուած են Դիարբեքիրի փոխկուսակալ Հալիդ Բէյի, Մաքրի Քեօյի պարէնի տեսուչ Նասուհի Բէյի, հեռագրատան պետի տեղակալ Ալի Ռիզայ Բէյի, Էրզրումի հեռագրատան գլխաւոր տնօրէն Իհսան Բէյի, Օմեր Ռուշթիւ փաշայի, սուլթանական քրէական դատարանի անդամ Իհսան Բէյի, 510րդ դիվիզիայի 7րդ վաշտի հրամանատար Մեհմեդ Նուրիի, հացի մատակարարման պատասխանատու Աբդուլլահի, պաշտօնաթող կառավարիչ Իբրահիմ Բէյի նման պետական պաշտօնեաների եւ զինուորականների անունները:
ԲԱՆԴԸՐՄԱՑԻ ՎԵՐԺԻՆՆ ՈՒ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ
Վելիդ Էբուզա Իթթիհատ վէ Թերաքիի առաջնակարգ դէմքերից էր: Համալսարանն աւարտել էր Ֆրանսիայում, վերադառնալով Ստամբուլ հրատարակել է «Թասուիրի Էֆքեար», ապա եւ՝ «Թաւհիդի Էֆքեար» թերթերը: Այս «պատուարժան» անձնաւորութեան տանը յայտնաբերուել էր Բանդըրմա քաղաքից բերուած 18 տարեկան մի աղջիկ: Ահա թէ Վելիդ Ղբուզիյայի մասին ինչ է գրուած «ընտանիքում աղախնի կամ հոգեւոր զաւակի կարգավիճակով աղջիկներ պահող անձանց» ցուցակում. «էբուլ Զիազադէ Վելիդ Բէյը բնակւում է Մաքրի Քեօյում, ֆրանսիական դպրոցի հարեւանութեամբ, արտօնատէրն է «Թասուիր-ի Էֆքեար» թերթի»: Ինչ վերաբերում է աղջկան, ապա նրա մասին էլ «աղջիկների անունները» ցանկում Վելիդ Էբուզիյայի տանը գտնուող աղջկայ մասին գրուած է. «Վերժին բանդըրմացի է, 18 տարեկան, 8 մէջիդիէ (օսմանեան դրամական միաւոր) աշխատավարձի դիմաց քաղաքում որպէս սպասաւորուհի աշխատելիս պահանջարկի հիման վրայ 1932ի Դեկտեմբերին նրան յանձնել են ոստիկանութեան առաջին բաժին» (որտեղից էլ, ի հարկէ, Վելիդին):
ԿՈՏՈՐԱԾԻ ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԱԾՈՒԹԻՒՆԸ
Յաւելուածի երկրորդ ցանկում եւս 21 հայ երեխաների անուններ են, մեծամասնութիւնը՝ աղջիկ: Նոյնպէս հայկական եկեղեցիներին կամ պատրիարքարանին յանձնուած այս աղջիկները եղել են զինուորականների ու պետական պաշտօնեաների ընտանիքներում: Նրանց բնակութեան նախկին վայրերի մասին տուեալները ցոյց են տալիս, որ այս աղջիկներին «պատուարժան անձանց» համար բերել են Անատոլիայի տարբեր բնակավայրերից, նոյնիսկ Հալէպից, հազիւ թէ խնամքը հոգալու մղումով:
«Թոռներ» գրքի հերոսներից Արիֆը երեւան է հանում իրենց տներում այս աղջիկներին ընդունելու բուն պատճառը՝ ասելով. «մեծ մօրս մի հոգեւորական էր վերցրել՝ պատսպարելու, թէ՞ գեղեցկութեան համար, չգիտեմ: Ոմանք ասում են՝ պատսպարելու համար: Սակայն տեսնում եմ, որ միմիայն գեղեցիկ աղջիկներին են վերցրել… »: Իսկ Դենիզն աւելացնում է. «եթէ ազատ կամքով լինէր, ապա մեծ մայրս կը նախընտրէր ճանապարհին մեռնել, քան…»:
Փաստաթղթերն ու այս կարգի պատմութիւնները ցոյց են տալիս կոտորածների սեռական ուղղուածութիւնը: Մի ամբողջ ժողովրդի կոտորելիս, նրա կանանց եւ երեխաներին էլ խլել են: Թերեւս դա է պատճառը, որ հարցին եւ կատարուածի հետ առերեսուելու հանգամանքին այդքան հիւանդագին են մօտենում:
«ԱԶԳ»