Մի ֆրանսիացի յայտնի գրող իրաւացիօրէն ասում էր. «մենք բոլորս գալիս ենք մեր մանկութիւնից»: Որեւէ քաղաքական գործչի, ինչպէս նաեւ իւրաքանչիւր մարդու, ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թէ որտեղի՞ց է նա գալիս: Առաւել եւս դա կարեւորւում է Էրդողանի. «իմ նախնիները երբեք ցեղասպանութիւն չեն իրականացրել» նախադասութիւնից յետոյ:
Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի քարթուելական ծագում, աւելի յստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին յայտարարել է նաեւ ինքը 2004թ. Օգոստոսի 12ին, Բաթումի կատարած այցի ժամանակ: Թուրքիայի ներկայ վարչապետի մեծ հօր անունը նոյնպէս Ռեջեփ է եղել եւ նա մինչեւ 1878թ. բնակուել է Բաթումի կողմերում գտնուող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում եւ բնակութիւն է հաստատում Ռիզէ քաղաքում, որտեղ յայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ մականունով: Նա զոհուել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դէպի Ռիզէ առաջացող ռուսական զօրքերի դէմ կռուելիս:
Թէեւ Ռեջեփ Թայիփը ծնուել է Ստամբուլում (1954թ. Փետրուարի 26ին) սակայն իր վաղ մանկութիւնը՝ մինչեւ 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզէում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերութիւնում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր եւ զբաղուած էր հինգ երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակութիւն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն աւարտում է կրօնական դպրոց (Imam Hatip Lisesi): Արդէն ուսումնառութեան տարիներին՝ 16 տարեկանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերեւս Ռեջեփ Թայիփն իր պապի նման իմամ դառնար, եթէ կրօնն աստիճանաբար աւելի ու աւելի մեծ տեղ չգրաւէր Թուրքիայի քաղաքական կեանքում:
Ռեջեփ Էրդողանի կինը՝ Էմինէ Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգութեամբ արաբ: Նրանք ունեն չորս երեխայ:
Հիմա՝ ցեղասպանութեան իրականացման մասին:
Որեւէ մէկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնելու համար: Աւելին, որեւէ մէկը չի մեղադրում նաեւ թուրք ժողովրդի ներկայ սերնդին Հայոց Ցեղասպանութեան համար: Այսուհանդերձ, թէեւ մեր ժամանակակից թուրքերը մեղաւոր չեն իրենց նախնիների յանցագործութիւնների համար, այնուամենայնիւ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպէս ժամանակակից գերմանացիները, մեղաւոր չլինելով նացիստների յանցագործութիւնների համար, պատասխանատու են դրանց համար եւ մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատուութիւնը: Իսկ այդ պատասխանատուութիւնն արտայայտւում է ոչ միայն կատարուած յանցագործութեան միանշանակ դատապարտումով, այլեւ տասնամեակների ընթացքում Իսրայէլին յատկացուած եւ յատկացուող հարիւրաւոր միլիարդների հասնող օգնութեամբ:
Ներկայիս Թուրքիայի հանրապետութիւնը ոչ միայն հանդիսանում է Օսմանեան կայսրութեան ուղղակի իրաւական շարունակութիւնը (legal continuity), այլեւ շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապուած մնալ այդ կայսրութեան վերջին՝ երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրայայտ իրողութիւն է՝ Թուրքիայի հանրապետութեան բոլոր հիմնադիրները, այդ թւում նաեւ Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչ եւ իրականացնող Իթթիհադ վէ թարրակի կուսակցութեան անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագէտներ երիտթուրքերի կառավարման շրջանի մէջ ներառում են նաեւ հանրապետութեան առաջին տասնամեակները՝ 1908-50թ. (The Young Turk era in Turkish history):
Ըստ այդմ, եթէ Էրդողանի նախնիները, գուցէեւ, անմիջականօրէն չեն մասնակցել Հայոց Ցեղասպանութեանը, անտարակոյս, Էրդողանի քաղաքական նախնիները քսաներորդ դարի առաջին ցեղասպանութեան իրականացնողներն են:
Հետեւաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը եւ շարունակում է վայելել յանցագործութեան պտուղները, նա առնուազն յանցակից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանութեանը: Ի վերջոյ յանցագործները միայն նրանք չեն, որ իրականացնում են յանցագործութիւնները, յանցագործներ են նաեւ յանցագործութիւնը պարտակողներն ու գողօնն իրացնողները:
Արա Պապեան, «Մոդուս Վիվենդի» կեդրոնի ղեկավարն է