ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետի վարած բանակցութիւնների միջազգային հետեւանքների ողջ հանրագումարը առաջիկայ ամիսների ընթացքում խոստանում է լրջագոյն անդրադարձ ունենալ Ղարաբաղեան բանակցային գործընթացի վրայ։
Ակնյայտ է, որ ի պատասխան մինչեւ Ապրիլ ամիսը հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելու Բարաք Օբամայի պահանջի, որի տակ դժուար չէ նշմարել ԱՄՆ նախագահի Ապրիլ 24ի աւանդական ուղերձով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու անթաքոյց ակնարկ-սպառնալիքը, Թուրքիայի վարչապետն էլ առաջադրել է մինչ այդ Ղարաբաղեան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու խնդիրը։
Ի վերջոյ, կողմերը յանգել են հետեւեալ փոխզիջմանը՝ մինչեւ Ապրիլ ամիս ԱՄՆը ամէն ինչ անելու է Ղարաբաղին յարակից որոշ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման համար, որպէսզի Թուրքիայի խորհրդարանի առջեւ «կանաչ լոյս» վառի հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելու առումով։
Սրանից ադրբեջանական քաղաքագէտների ոգեւորութիւնը հասել է գագաթնակէտին, իսկ ահա թուրքերի ախորժակը է՛լ աւելի է մեծացել։ Նրանք համարում են, որ անգամ Ղարաբաղին յարակից որոշ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելուց յետոյ էլ չպէտք է բացել հայ-թուրքական սահմանը, քանզի սրանով կը փակուի մնացածը յետ ստանալու հարցը։
Այսպիսով առաջիկայ ամիսների ընթացքում ուրուագծւում են ծայրաստիճան վտանգաւոր աշխարհաքաղաքական զարգացումներ Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ի վերջոյ, մենք լաւ գիտենք «թուրքի խօսքի» գինը եւ հասկանում ենք, որ եթէ հայ-թուրքական սահմանի բացումը շաղկապուի Ղարաբաղի շրջակայքից թէկուզ մէկ մետր հող զիջելու հետ, ապա Թուրքիան յաջորդ իսկ օրը կարող է նախապայման դարձնել յաջորդ մետրը զիջելու հարցը կամ էլ նորից փակել սահմանը՝ պահանջելով երրորդ մետրը, եւ այդպէս շարունակ։
Թուրք-ադրբեջանական դերաբաշխումների շրջագծում ցանկացած «փոխզիջում» կործանարար է հայկական կողմի համար։ Այսուհետեւ «փուլային կարգաւորում» հասկացութեան փոխարէն խօսք կարող է լինել միայն ու միայն՝ Ղարաբաղեան հակամարտութեան լուծման համապարփակ բանաձեւի մասին։ Բայց ինչպէ՞ս միանգամից անցնել նման բանաձեւին, երբ արդէն 2 տարի է, ինչ գոյութիւն ունեն Մադրիդեան սկզբունքները։
Մեզ համար ստեղծւում է մի ծայրաստիճան բարդ եւ արտաքուստ փակուղային թուացող կացութիւն։ Սակայն ելքեր գտնել հնարաւոր է։
Մինչ օրս Անկարան կիրառում է «երկու ձեռքով» խաղալու, այսինքն՝ Հայաստանի դէմ թուրք-ադրբեջանական «աքցանն» օգտագործելու քաղաքական տեխնոլոգիաներ։ Թուրքիայի Ղարաբաղեան նախապայմանը հէնց նման տեխնոլոգիայի կիրառման դասական օրինակ է։ Դէ իւրէ (իրաւականօրէն-Խմբ.) Անկարան Ղարաբաղեան բանակցային գործընթացում միջնորդ կողմ չէ, բայց քանի որ Հայաստանը նրա հետ ունի կոնկրէտ խնդիր (սահմանի բացում), ապա իր նման «սուվերեն (գերիշխան-Խմբ.) իրաւունքը» կապելով Ղարաբաղեան հիմնահարցի լուծման հետ, Թուրքիան ներկայումս դէ ֆակտօ (իրողականօրէն-Խմբ.) կարողանում է դառնալ միջնորդ, անգամ թելադրող կողմ։
Իսկ ինչո՞ւ ենք անտեսում նոյն խաղի կիրառման հնարաւորութիւնը Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան հարթութեան վրայ։ Չէ՞ որ Թուրքիան ի դէմս իր վարչապետի, ասում է մեզ. Հոկտեմբերի 10ին, այսինքն՝ փաստաթղթերի ստորագրման պահին, իր երկիրը նախապայման չունէր, բայց այժմ հարցը խորհրդարան տեղափոխելուց յետոյ, նախապայման ունի, քանի որ իշխող կուսակցութիւնը չի ենթարկւում իր ղեկավարութեան հրահանգին։
Իսկ մենք իշխող կուսակցութեան փոխարէն ունենք մի ամբողջ կայացած պետութիւն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որը թէեւ առայժմ դէ իւրէ չի ճանաչուել միջազգային հանրութեան կողմից, բայց դէ ֆակտօ վաղուց արդէն գոյութիւն ունի եւ սեփական բանակի միջոցով վերահսկում է իր սահմանադրութեամբ ամրագրուած ազատագրուած տարածքները։
Որքանո՞վ է իրաւասու Թուրքիան, անգամ միջազգային հանրութիւնը ազատագրուած տարածքները Հայաստանից պահանջելու խնդրում, երբ դրանք ամրագրուած են ոչ թէ Հայաստանի, այլ ԼՂՀ սահմանադրութեան մէջ։ Յայտնի է, որ 2007թ. Նոյեմբերին միջնորդների առաջ քաշած Մադրիդեան սկզբունքները իբրեւ բանակցութիւնների հիմք ընդունելու պահին, Հայաստանը որեւէ նախապայման չներկայացրեց։
Այդ ժամանակ չկային հայ-թուրքական արձանագրութիւնները եւ ազատագրուած տարածքներից հայկական զօրքերի դուրսբերումը դիտւում էր իբրեւ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան փոխզիջման հնարաւորութիւն։ Այժմ ստեղծուել է մի նոր կացութիւն, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, հիմնուելով վերջերս ընդունած իր սահմանադրութեան վրայ, կարող է չենթարկուել ազատագրուած տարածքների մի մասը Ադրբեջանին զիջելու Հայաստանի պահանջին, ճիշտ այնպէս, ինչպէս Թուրքիայի խորհրդարանն է հրաժարւում ենթարկուել մեծամասնութիւն կազմող կուսակցութեան առաջնորդի հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացնելու պահանջին։
Եթէ միջազգային հանրութիւնը փորձում է նախքան Ապրիլ ամիսը արագացնել ազատագրուած տարածքների մի մասի զիջումը Ադրբեջանին, որպէսզի դրանով կատարի Թուրքիայի «անհնազանդ» խորհրդարանի պահանջը, ապա նոյն, անգամ աւելի լուրջ հիմքերի առկայութեան պատճառով պարտաւոր է Ադրբեջանի հետ միասին, բանակցութիւններ վարել ոչ թէ պաշտօնական Երեւանի, այլ իր սահմանադրութեամբ ամրագրուած տարածքները վերադարձնելու հարցում Հայաստանին չենթարկուելու բոլոր իրաւունքներն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ ու ստանալ նրա համաձայնութիւնը։
«Հայոց Աշխարհ»