ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Խումբ մը արուեստագէտներու ու մտաւորականններու կողմէ ստորագրուած զօրակցական նամակ մը յղուած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին, վարչապետ Տիգրան Սարգսեանին, ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանին, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին եւ հայկական լրատուամիջոցներու ղեկավարներուն:
Լոս անճելըսաբնակ արուեստագէտներու ու մտաւորականներու այս նամակին մէջ գրուած է հետեւեալը.
«Վերջին օրերին յամառ լուրեր են տարածւում Հայաստանի Պետական Կամերային (սենեկային-Խմբ.) նուագախմբում առկայ անառողջ մթնոլորտի եւ զուտ մարդկային յարաբերութիւնների մասին: Ըստ այդ տեղեկութիւնների՝ միջազգային համարում ունեցող հայաստանեան հերթական նուագախումբը յայտնուել է պառակտման եզրին: Այս անգամ անարդար թշնամանքի թիրախ է ընտրուել մաէստրօ Արամ Ղարաբեկեանը:
«Այժմ մենք չենք ցանկանում անդրադառնալ մանրամասներին, վստահ լինելով, որ դուք տեղեակ էք դրանց: Մինչդեռ բուն երեւոյթը չենք կարող շրջանցել: Հայաստանի եւ արտերկրի երաժշտասէրներին մաէստրօ Արամ Ղարաբեկեանը յայտնի է բարձր պրոֆէսիոնալիզմով, իր աշխատանքային անմնացորդ նուիրումով եւ անշահախնդրութեամբ, իրականութիւն, որը չեն հերքում անգամ իր չարակամները: Միեւնոյն ժամանակ գիտակցում ենք, որ խստապահանջութիւնը առաջին հերթին իր անձի եւ իր ղեկավարած նուագախմբի նկատմամբ կարող էր դառնալ ընդվզման առիթ, յատկապէս այդ նոյն արժէքները չկրող եւ պատասխանատուութեան նուազ զգացումով օժտուած որոշ անձանց մօտ:
Գիտակցելով, որ այս հարցը հանրապետութեան ամենաբարձր ատեանների առաջնահերթ հոգածութեան խնդիրներից չէ, այնուամենայնիւ, ցանկացանք Ձեր ուշադրութիւնը հրաւիրել՝ հաւատալով, որ դրանով հնարաւոր կը լինի կանխել Հայաստանում ու Սփիւռքում յուսալքութեան նոր ալիքի գոյացումը:
Նամակին տակ ստորագրողներու շարքին են Ալիսիայ Կիրակոսեան (բանաստեղծուհի), Միքայէլ Աւետիսեան (խմբավար), Անահիտ Ներսիսեան (երգչուհի) Նարէ Հայկազեան (դերասանուհի), Աշոտ Խուդավերդեան (նկարիչ), Սարօ Մանգասարեան (երաժշտական դպրոցի տնօրէն), Այդա Ամիրխանեան, (պարուսոյց), Մերի Զարեան (լրագրող), Արթուր Իսպիրեան (երգիչ), Վալերի Ստամբոլցեան (մաթեմատիկոս), Նարինէ Բրուտեան (լեզուաբան), Սոնա Խանդանեան (տիզայնըր), Հէրի Որբերէան (Հորիզոն հեռուստաընկերութեան տնօրէն), Արմէն Դիլանեան (լրագրող), Բիանկա Մանուկեան (Tele Culture հեռուստալիքի տնօրէն), Անի Թադեւոսեան (լրագրող), Վարդան Իսմայիլեան (օպերատոր), Արաքս Վարդերեսեան (երգչուհի), Արամ Ալաջաջեան (ճարտարապետ), Թոմ Յովսէփեան («Շրջապատ» ամսագրի խմբագիր), Խորէն Քեշիշեան (արձակագիր, թատերագիր) եւ ուրիշներ: