ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում տիրող խառնաշփոթն էլ աւելի է մեծացել, որը կապուած է Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի նոր կարգադրութեան հետ: Ըստ այդ կարգադրութեան Վրաստանի բոլոր հանրային դպրոցների տնօրէններին եւ ուսուցիչներին արգելւում է առանց կրթութեան եւ գիտութեան մամլոյ կենտրոնի համաձայնութեան, լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանութիւններ կատարելը:
Ըստ Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում լոյս տեսնող «Հարաւային դարպաս» երկլեզու թերթի հաղորդման՝ հանրային հեռուստատեսութեան «Երկխօսութիւն Դաւիթ Պայճաձէի հետ» հաղորդման մէջ Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը յայտարարել է, որ, իր կարգադրութեան համաձայն, դպրոցի տնօրէնները լրագրողներին հարցազրոյց տալու կամ ցանկացած տեղեկատուութիւն յանձնելու վերաբերեալ նախօրօք պէտք է տեղեկացնեն կրթութեան նախարարութեան մամլոյ կենտրոնին: «Նախարարութեան մամլոյ ծառայութիւնը միայն կը կորդինացնի (համակարգէ-Խմբ.) տնօրէններին», յայտարարել է Վրաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարը:
Վրաստանի հեռաւոր նահանգների եւ շրջանների ուսուցիչները եւ տնօրէնները լրագրողների հետ շփուելիս պարտաւոր են այդ մասին նախօրօք տեղեկացնել համապատասխան մունիցիպալիտետների (քաղաքապետարանների) կրթական ռեսուրս կենտրոններին, որոնք էլ իրենց հերթին կարող են տեղեկացնել ԿԳ նախարարութեան մամլոյ կենտրոնին:
Ինչպէս յայտնի է Վրաստանի տարածքում գործող հանրային դպրոցների շրջանակներում, համաձայն Վրաստանի ԿԳ նախարարի 2009թ. Դեկտեմբերի 4ի հրամանագրի, նախատեսուած է ողջ ուսուցչական կազմի հաւաստագրման անցկացում:
Այն նախատեսուած է աւարտել մինչեւ 2014թ.: Ուսուցիչները միայն հաւաստագրման քննութիւններ յանձնելուց յետոյ կարող են ստանալ դասաւանդման իրաւունքը (այդ իրաւունքն, ի դէպ, ուժի մէջ է 8 տարի):
Յաւելենք նաեւ, որ սոյն՝ 2010թ., երկրի ոչ վրացական դպրոցներում վերոյիշեալ հաւաստագրման գործընթացը տեղի չի ունենալու:
Վրաստանի ԿԳ նախարարութեան այս, ինչպէս նաեւ միւս՝ առանց ԿԳ նախարարութեան մամլոյ կենտրոնի համաձայնութեան լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանութիւններ կատարելու արգելման մասին կարգադրութիւնը, զանգուածային յուզումների ալիք է բարձրացրել Վրաստանի մայրաքաղաքում եւ տարբեր նահանգներում:
Ուսուցչական կոլեկտիւների (կազմերու-Խմբ.) մեծ մասը ոչ միայն դժգոհում է այս օրէնքներից, այլեւ առաջիկայում նախատեսել է անցկացնել բողոքի լայնածաւալ միջոցառումներ:
«Այն փաստը, որ տնօրէնների համար ծրագրեցին լրագրողների հետ յարաբերութիւնների սահմանափակում, գտնում եմ լուրջ վտանգ է: Մենք դիմում ենք դպրոցների տնօրէնների միաւորման ղեկավար Դաւիթ Լագուիլաւային եւ խնդրում այդ կապակցութեամբ յայտարարութիւն անեն: Քանի որ դպրոցների տնօրէնների մեծ մասը շարունակում է մանկավարժական գործունէութիւնը, այսինքն՝ հանդիսանում են մեր կազմակերպութեան անդամներ, լրացուցիչ նոր արգելապատնէշի ստեղծման կապակցութեամբ լռելու եւ հաշտուելու մտադրութիւն չունենք (Վրաստանի ուսուցիչների ու գիտնականների ազատ արհմիութեան նախագահ Մանանա Ղուրճումելիձէի յայտարարութիւնից, «Հարաւային դարպաս», թիւ 5, 22 Փետրուարի, 2010):
Վրաստանի ԿԳ նախարարի հրահանգը, որով հանրային դպրոցների տնօրէններին եւ ուսուցիչներին արգելւում է առանց կրթութեան նախարարութեան մամուլի կենտրոնի համաձայնութեան լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանութիւններ կատարելը, Մարդու համընդհանուր իրաւունքների հռչակագրի (1948թ.) կոպտագոյն խախտում է:
Մասնաւորապէս խախտւում է նշեալ հռչակագրով երաշխաւորուած իրաւունքների եւ ազատութիւնների համընդհանրութիւնը (յօդուած 2), ինչպէս նաեւ կարծիք ունենալու եւ արտայայտուելու ազատութեան իրաւունքը (յօդուած 19):
Տուեալ հրահանգով էապէս սահմանափակւում է մարդկանց մի հոծ խմբի՝ մասնաւորապէս դպրոցների տնօրէնների եւ ուսուցիչների, կարծիք ունենալու եւ արտայայտուելու ազատութեան իրաւունքը, ըստ այդմ նրանց նկատմամբ իրականացւում է խտրականութիւն:
Հարցն աւելի է բարդանում, քանի որ այնպիսի բազմազգ երկրում, ինչպիսին Վրաստանն է, նման սահմանափակումը կարող է դիտարկուել որպէս կրթական համակարգից իրաւացիօրէն առաւելապէս դժգոհ ոչ վրացի եւ բնիկ ազգութիւններին, ինչպէս նաեւ ազգային փոքրամասնութիւններին լռեցնելու փորձ: