ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Վերջերս Ախալքալաքում աւտոմեքենայով կանգնած էինք մի խանութի առջեւ եւ սպասում էինք ծխախոտ գնող մեր միւս ուղեւորին: Մեր կողքով անցնող պարեկի «հսկիչ-ոստիկան-Խմբ.) մեքենայի միջից մեզ ձայն տուեցին. «ծադի ջիփի»: Կողքս նստած վարորդը շուարեց. «տեսնես ինչ ասեց. գնա, մօտեցիր, հեռացիր, իջիր թէ այլ մի բան»: Ծխախոտի խանութի առջեւ հաւաքուածներից ամէն մէկը (քանի որ Վրաստանում ծխախոտը տալիս են անձնագրի առկայութեան դէպքում միայն) եւս մի բան մտածեց եւ սկսեց բարձրաձայն դատողութիւններ անել. «հիմա կը բռնեն», «կը տուգանեն», «ոչ մի բան էլ չեն անի», «պարեկն ասեց հետեւիր ինձ »: Ես, որ փոքր ի շատէ տիրապետում եմ վրացերէնին, հետաքրքրութեամբ հետեւում էի այս ամէնին: Այսպիսի օրինակները բազմաթիւ են, վրացի պարեկի գրեթէ իւրաքանչիւր զգուշացման ժամանակ:

Հայոց լեզուի իրաւական կարգավիճակի ստացումը կարող է լուծել այս խնդիրը հիմնովին:
Շատերի մօտ տարակուսանք կարող է առաջացնել, թէ ինչպէս կարելի է չտիրապետել պետական լեզուին: Շատ պարզ: Նման երկրներում, ինչպիսին Վրաստանն է, կիրառելի է երկու տեսակի պաշտօնների համակարգ ֆեդերալ եւ պետական: Ֆեդերալ կամ դաշնային պաշտօնեաները պէտք է առաջնահերթօրէն տիրապետեն այն լեզուին, որը գործածւում է տուեալ տարածաշրջանային միաւորում (մեր դէպքում Ջաւախքում): Պետական պաշտօնեաներից (օրինակ Ջաւախքի հարցերով ՆԳ փոխնախարարը կամ այլ նման պաշտօնեան) կարող են պահանջել վրացերէնի իմացութիւն, քանի որ նրա գործունէութեան դաշտը այլ է: Այս են պահանջում Վրաստանի ստորագրած կամ չստորագրած միջազգային փաստաթղթերը: Տուեալ դէպքում, ինչպէս նախատեսուած է միջազգային օրէնսդրութեամբ, ֆեդերալ տարածքային միաւորի վրայ տեղի պաշտօնեաների գործածման պաշտօնական լեզուն կը լինի միայն հայերէնը, եւ այս պարագայում պարեկի զգուշացումը կը լինի ոչ թէ «ծադի ջիփի» անհասկանալի լեզուով, այլ «գնա (շարժուիր), ջիփէ» ջաւախքցիների համար բնիկ եւ հասկանալի լեզուով: Միաժամանակ պաշտօնների (տուեալ դէպքում պարեկի) յաւակնութիւն կարող են ունենալ նաեւ տեղի իրաւաբան – մասնագէտները, որը նաեւ կարող է մասամբ լուծել արտագնայ աշխատանքի մեկնելու խնդիրը (արտագաղթի նուազում):
Պետութիւնը պարտաւոր է ըստ ամենայնի հեշտացնել իր քաղաքացիների կեանքը: Սա նորմալ պետութեան համար բնական ձգտում է, քանի որ քաղաքացիները՝ այսինքն հարկատուներն են պահում պետութեանը եւ ոչ թէ հակառակը: Այդ առումով, օրինակ, ԱՄՆի հարաւային նահանգներում, ուր մեծաթիւ են իսպանախօսները, չէք գտնի մի ոստիկանութիւն, շտապ օգնութեան հիւանդանոց կամ հրշէջ ծառայութիւն, որտեղ այդ մարդկանց հետ հաղորդակցուելու համար ծառայութեան վերցրած չլինեն իսպանախօսների: Չէ որ հնարաւոր է, որ մէկը ոստիկանութիւն զանգելու, հրշէջ կանչելու կամ շտապ օգնութեան բժշկական պէտքն ունենայ, սակայն չիմանայ անգլերէն: Ոչ ոք չի ասում, որ եթէ նրանք ԱՄՆի քաղաքացի են կամ յաճախ էլ անօրինապէս են գտնւում երկրում, պիտի կրակի մէջ վառուեն կամ մնան առանց ոստիկանական պաշտպանութեան, քանի որ չգիտեն պետական լեզուն: Պետութիւնն է ժողովրդի համար եւ ոչ թէ հակառակը: Գլենդէյլի, Փասադենայի կամ Հոլիվուդի վերոյիշեալ ծառայութիւններում յատուկ հայախօսների են ընդունում, քանի որ կայ մի ստուար զանգուած, որ բացի հայերէնից այլ լեզու գրեթէ չգիտի: Ի հարկէ, կը գայ ժամանակ, որ այդ մարդկանց սերունդները կը դառնան անգլիախօս, բայց դա կը լինի յետոյ: Այսօր իրականութիւնն իր պարտքն է համարում ոչ միայն այդ քաղաքացիներից հարկեր գանձելը, այլեւ իր քաղաքացիներին ծառայութիւններ մատուցելը: Ի վերջոյ հարկեր են վճարում ոչ միայն պետական լեզուին տիրապետողները, այլեւ չտիրապետողները: Հետեւաբար, բոլորն էլ իրաւացիօրէն ակնկալում են վճարած հարկերի դիմաց համապատասխան վերաբերմունք:
Ներկայումս, ցաւօք, Ջաւախքում հայութեան ապրելն աւելի շատ մեխանիկական մի շարժում է դարձել, քան հայրենի հողի վրայ իրաւական կամ հոգեւոր ներկայացուածութիւն:
«Իրաւունքը de facto»
Թիւ 11 (171), 16.02.2010թ.