ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
www.lragir.am կայքէջի 2010թ. Մարտի 20ի «Յօնքը սարքելու փոխարէն» յօդուածի անյայտ հեղինակը անում է հետեւեալ միանշանակ պնդումը. «…աշխարհի որեւէ քիչ թէ շատ կայացած երկիր թոյլ չի տայ էթնիկ հիմքով քաղաքական կուսակցութեան գոյութիւնը»: Միանգամայն անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող պնդում:
Օրինակ, Իսպանիայի խորհրդարանում ներկայացուած տասը կուսակցութիւններից եւ բլոկներից վեցը էթնիկ/տարածաշրջանային կուսակցութիւններ են: Դրանք հետեւեալներն են. Միասնութեան եւ միութեան կուսակցութիւնը (Կատալոնիա, Convergռncia i Uniց Partido de Catalunya). Այն ներկայացուած է Իսպանիայի 50 նահանգներից միայն 4ում եւ խորհրդարանում ունի 6 տեղ: Բասկերի ազգայնական կուսակցութիւնը (Partido Nacionalista Vasco)՝ ներկայացուած է 3 նահանգում եւ ունի 6 տեղ, Կատալոնիայի ձախ հանրապետականները (Esquerra Republicana de Catalunya)՝ 4 նահանգում եւ 3 տեղ, Կանարեան կոալիցիան (Coaliciցn Canaria)՝ 2 նահանգում եւ 2 տեղ, Գալիցիայի ազգայնական բլոկը (Bloque Nacionalista Galego)՝ 3 նահանգում եւ 2 տեղ, Նաւարրային՝ այո բլոկը (Nafarroa Bai)՝ 4 նահանգում եւ 1 տեղ: Ի դէպ վերջին երկու բլոկների մէջ մտնում է համապատասխանաբար 6 եւ 4 կուսակցութիւն: Բացի վերոյիշեալներից Իսպանիայում գործում են նաեւ մի քանի տասնեակ այլ էթնիկ/տարածաշրջանային կուսակցութիւններ, որոնք ներկայացուած չեն դաշնային խորհրդարանում: Ուզում եմ յատուկ շեշտել, որ այս կուսակցութիւններից շատերը հանդէս են գալիս ոչ այնքան ինքնավարութեան պահանջով (քանի որ այդ շրջաններից շատերն արդէն ինքնավար են), որքան առաւելաբար պահանջում են լիակատար քաղաքական անկախութիւն: Սակայն դրանից նրանք յանցագործ չեն դառնում կամ համարւում: Անկախութեան պահանջը, առաւել եւս ինքնավարութեան պահանջը, ինքնին յանցագործութիւն չէ: Դա իրաւունք է: Դա մարդու ազատ ընտրութեան բաղադրիչներից է:
Կանադայի խորհրդարանում ներկայացուած (51 տեղ) Քեբեկցիների կուսակցութիւնն (Bloc Quռbռcois) ունի էթնիկ բնոյթ եւ գործում է Կանադայի 13 նահանգներից եւ տարածքներից միայն մէկում՝ Քեբեկում, բայց դրանից այդ կուսակցութիւնը չի դառնում յանցագործ: Այդ կուսակցութեան վերջնական նպատակն է անկախ պետականութեան ստեղծումը: Նրա նախաձեռնութեամբ Քեբեկում մի քանի անգամ անկախութեան հանրաքուէ է անցկացուել, սակայն միշտ էլ 2-3 տոկոս չի բաւականացրել 50 տոկոսի սահմանագիծն անցնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, եթէ Քեբեկի բնակիչների մեծամասնութիւնը մի օր քուէարկի անկախութեան օգտին, կենտրոնական իշխանութիւնը բանակը չի ուղարկի ճնշելու քեբեկցի «անջատողականներին»: Ի վերջոյ անջատուելու կամ միանալու իրաւունքը մարդու անօտարելի իրաւունքներից մէկն է: Նշեմ, որ Կանադայից անկախութեան ձգտող կուսակցութիւնը նոյն Կանադայի կենտրոնական իշխանութիւնից դրամական աջակցութիւն է ստանում իր կուսակցական գործունէութեան համար, քանի որ դա է օրէնքի պանաջը:
Քեբեկցիների կուսակցութիւնը Կանադայի ամենամեծ էթնիկ/տարածաշրջանային կուսակցութիւնն է, սակայն իւրաքանչիւր նահանգում կայ մի քանի էթնիկ/տարածաշրջանային կուսակցութիւն: Կանադայում համապետական վերջին ընտրութիւններին (2006թ.) մասնակցում էր Կանադայի տեղաբնիկ ժողովուրդների ազգային կուսակցութիւնը (The First People National Party of Canada), սակայն այն տեղ չգրաւեց խորհրդարանում, քանի որ հաւաքեց ընդամէնը 1201 քուէ: Դա 7.6 անգամ քիչ էր, քան Կանադայի Մարիխուանայի կուսակցութիւնը (The Marijuana Party of Canada): Ի դէպ Կանադայում գրանցուած է նաեւ Ռնգեղջիւրի կուսակցութիւն (Rhinoceros Party):
Ֆրանսիայում գործող էթնիկ/տարածաշրջանային կուսակցութիւններից յիշատակելի են բասկերի՝ Բասկերի երկիր (Abertzaleen Batasuna) կուսակցութիւնը, էլզասցիների (գերմանացիների) Նախ Էլզասը (Alsace dabord) կուսակցութիւնը, բրետօնցիների Բրետօնի ժողովրդավարական միութիւն (Union Democratique Bretonne) կուսակցութիւնը, Սաւոյցիների լիգա (Ligue Savoisienne) կուսակցութիւնը եւ կորսիկացիների Ազգային միութիւն (Unione Naziunale) կուսակցութիւնը: Սրանք բոլորն էլ իրենց էթնիկ տարածաշրջանների համար աւելի լայն ինքնավարութիւն պահանջող կամ անկախութեան ձգտող կուսակցութիւններ են:
Միացեալ թագաւորութեան խորհրդարանի համայնքների պալատում Շոտլանդական ազգային կուսակցութիւնն (Scottish National Party) ունի 7 տեղ եւ 2 տեղ Եւրոպայի խորհրդարանում, իռլանդական Շին ֆեյն (Sinn Fein) [Մենք ինքներս] կուսակցութիւնը համապատասխանաբար 5 տեղ եւ 1 տեղ, ուելսցիների Փլեյդ Քըմռը (Plaid Cumru, Ուելսի կուսակցութիւն) 3 տեղ եւ 1 տեղ, Ալսթըրի միութենական կուսակցութիւնը (Ulster Unionist Party) 1ական տեղ: Յատկանշական է, որ սրանք բոլորը, բացի վերջինից, անկախական/անջատողական կուսակցութիւններ են, այսինքն՝ պայքարում են յանուն իրենց ազգային-տարածքային միաւորների լիակատար անկախութեան: Այսուհանդերձ, այդ կուսակցութիւնները ոչ միայն չեն փակւում եւ նրանց անդամները չեն ձերբակալւում ու հալածւում, այլեւ իրենց ներկայացուցիչներն ունեն Եւրոպական խորհրդարանում:
Ռումինիայի քաղաքական դաշտում գնչուները ներկայացուած են երկու միաւորով՝ Գնչուների կուսակցութեամբ (Partija Roma), որը ներկայացուած է նաեւ խորհրդարանում եւ արտախորհրդարանական «Ռոմա» [գնչու] քաղաքացիական միութիւն կուսակցութեամբ (Civil Union «Roma»): Նոյն երկրի հունգարացիները խորհրդարանում ներկայացուած են Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միութիւն կուսակցութեամբ (Democratic Union of Hungarians in Romania), որը 22 տեղ ունի պատգամաւորական պալատում, 9 տեղ սենատում, 3 տեղ Երվրախորհրդարանում: Ռումինական գերմանացիների Ռումինիայի գերմանացիների դեմոկրատական ֆորում կուսակցութիւնը (Demokratisches Forum der Deutschen in Rumanien, DFDR) խորհրդարանի պատգամաւորական պալատում ունի 1 տեղ:
Տասնամեակներ շարունակ Միացեալ Նահանգներում ընտրական պայքարն ընթանում է Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցութիւնների միջեւ: Այսուհանդերձ, կան բազմաթիւ, այդ թւում նաեւ տարածաշրջանային/նահանգային ընդգրկման, կուսակցութիւններ: Նշեմ երկու ամենահետաքրքիրները՝ Բոստօնի թէյախմութեան կուսակցութիւնը (Boston Tea Party) եւ Միացեալ Նահանգների մարիխուանայի կուսակցութիւնը (United States Marijuana Party): ԱՄՆում չկան էթնիկ կուսակցութիւններ, որովհետեւ երկրում չկան հոծ բնակեցուած էթնիկ շրջաններ: Փոխարէնը ներկայումս գործում են բազմաթիւ տարածաշրջանային/նահանգային կուսակցութիւններ, այդ թւում Օրեգոնի անկախ կուսակցութիւնը (Independent Party of Oregon) կամ Հարաւի անկախութեան կուսակցութիւնը [Թեքսաս] (Southern Independence Party, Texas):
Ակնյայտ է, որ այսօր æաւախքի հայերը չունեն անկախութեան ձգտում: Նրանք անգամ վարչական լայն եւ լիակատար ինքնավարութեան ձգտում չունեն: Ես անգամ չգիտեմ՝ դա լաւ է, թէ վատ, բայց դա փաստ է: Նրանց ուզածը միայն որոշ հարցերում սահմանափակ ինքնավարութիւնն է: Պարզ ասած՝ ուզում են, որ իրենց էլ մարդու տեղ դնեն, որ իրենք իրենց հողի վրայ որպէս հայ արժանապատիւ ապրելու անսակարկ իրաւունք ունենան:
Ջաւախքի հայերն էլ մարդ են եւ ունեն մարդու բոլոր իրաւունքները: Այդ թւում նաեւ իրենց կամքն ազատօրէն սեփական քաղաքական եւ ոչ քաղաքական կառոյցների միջոցով, արտայայտելու իրաւունք: Հետեւաբար, յանուն տարածաշրջանի կայունութեան ջաւախքահայերը պիտի կարողանան կենսագործել իրենց իրաւունքերը, օրինակ գոնէ այն մակարդակով, ինչ գնչուները Ռումինիայում: Թէ չէ մի օր æաւախքը կը յոգնի Հայաստանի եւ Ղարաբաղի մատաղացու գառը լինելուց:
Արա Պապեան
«Մոդուս վիւենդի» կենտրոնի
ղեկավարն է