ԱԽԱԼՔԱԼԱՔ.- 2010 Մարտ 27ին, Ախալքալաքի մէջ կայացաւ «Ջաւախք» ժողովրդական շարժման համաժողովը, որուն մասնակցեցան կառոյցի 200է աւելի նախկին եւ ներկայ անդամներ, Ջաւախքի մէջ գործող այլ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ ջաւախքահայ հասարակական գործիչներ:
Հաշուետու զեկոյցով հանդէս եկաւ «Ջաւախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետեանը: Ելոյթ ունեցան նաեւ կառոյցի անդամներ Ստեփան Յակոբեանը, Վահագն Յակոբեանը, Ջաւախքի մտաւորականներու միութեան նախագահ Ազատ Շիպակցեանը եւ այլք:
Ելոյթ ունեցողները խօսեցան ջավախքահայութեան առջեւ ծառացած հիմնախնդիրներուն, հայ բնակչութեան նկատմամբ վրացական կեդրոնական իշխանութիւններու խտրական քաղաքականութեան դրեւսեւորումներուն եւ այլ հարցերու մասին: Յատուկ անդրադարձ եղաւ Վրաստանի մէջ յառաջիկայ Մայիս 30ին նախատեսուած տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն, եւ անոնց՝ ջավախքահայութեան, շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերու մասնակցութեան:
Համաժողովի աւարտին մասնակիցները ընդունեցին յայտարարութիւն մը, որուն ամբողջական բնագիրը կը ներկայացնենք ստորեւ.
«Սամցխէ-Ջաւախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակուող հայութեան առջեւ այսօր ծառացած են մի շարք քաղաքական, լեզուական, կրթամշակութային, կրօնական եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնց գերակշիռ մասը կենտրոնական իշխանութիւնների խտրական քաղաքականութեան արդիւնք է:
Խնդիրներից առաւել կարեւոր ենք համարում հետեւեալները.
1. Հայերի համախումբ բնակութեան տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկուած են օրէնքով իրենց վերապահուած լիազօրութիւնների իրականացումից. նրանց գործունէութիւնը, ինչպէս նաեւ հայութեան հանրային-քաղաքական կեանքն ընդհանրապէս կառավարւում եւ ուղղորդւում է ուժային կառոյցների կողմից:
2. Վրաստանի իշխանութիւնները օրէնսդրական եւ այլ միջոցներով պարտադրում են տարածաշրջանի հայութեանը հանրային գործունէութեան բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարութիւն, վարչարարութիւն, կրթական համակարգ եւ այլն) օգտագործել բացառապէս վրացերէնը:
3. Վարչական եւ այլ մարմիններում, կրթամշակութային հաստատութիւններում աշխատանքի ընդունուելը փոխկապակցուած է վրացերէնի իմացութեանը, որին ջաւախքահայութեան մեծամասնութիւնը օբյեկտիւ պատճառներով լաւ չի տիրապետում: Այդ չիմացութիւնը եւ դրանից բխող՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքը իշխանութիւնների կողմից օգտագործւում է որպէս ջաւախքահայութեան ճնշման լրացուցիչ լծակ:
4. Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում չունի իրաւական կարգավիճակ, իշխանութիւնները չեն վերադարձնում խորհրդային իշխանութեան տարիներին բռնագրաւուած հայկական տաճարները:
5. Երկրի օրէնսդրութեամբ արգելւում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրայ քաղաքական կազմակերպութիւններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցութիւնը չի գրանցւում, ինչը հայ բնակչութեան շահերը ներկայացնող այդ ուժին զրկում է երկրի հասարակական-քաղաքական կեանքին մասնակցելու իրաւունքից:
6. Ջաւախքահայութեան նկատմամբ կենտրոնական իշխանութիւնների քաղաքականութիւնը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիւութեան դրսեւորումները արմատախիլ անելու ուղղուածութիւն: 2007 թուականից առ այսօր, ուժային կառոյցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրէական գործեր յարուցելու եւ հեռակայ դատավարութիւններ անցկացնելու հետեւանքով իրենց հայրենիքն են լքել եւ/կամ քաղաքական գործունէութիւնն են դադարեցրել տասնեակ ջաւախքահայ ակտիւիստներ (գործիչներ-Խմբ.):
Ջաւախքահայութեան խնդիրներին լուծում տալը ուղղակիօրէն բխում է Վրաստանի կողմից մարդու եւ էթնիկական (ազգային-Խմբ.) փոքրամասնութիւնների պաշտպանութեան ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւններից: Դրանից ելնելով՝ Վրաստանին դաշնակից եւ գործընկեր պետութիւնները, բազմաթիւ հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւններ յորդորում են իշխանութիւններին դադարեցնել հալածանքները, վերադարձնել հայկական տաճարները եւ գրանցել Հայ առաքելական եկեղեցին, վերացնել լեզուի հիմքի վրայ խտրականութիւնը եւ թոյլ տալ հայերի համախումբ բնակութեան շրջանների կառավարման մարմիններում հայերէնի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնութիւնների համարժէք քաղաքական ներկայացուածութիւնը խոչընդոտող օրէնսդրական եւ գործնական արգելքները:
Մենք՝ «Ջաւախք» ժողովրդական շարժման համաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում Վրաստանի իշխանութիւններին երկխօսութեան եւ հանդուրժողականութեան մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան նորմերի տառից եւ ոգուց բխող լուծումներ տալ ջաւախքահայութեանը յուզող խնդիրներին, եւ մասնաւորապէս՝
1. Դադարեցնել ջաւախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած դատական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները, վերականգնել արդարութիւնը՝ վերանայելով նրանց նկատմամբ ընդունուած բոլոր ապօրինի դատական վճիռները, ազատ արձակել ջաւախքահայ քաղբանտարկեալ Վահագն Չախալեանը.
2. Չխոչընդոտել տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին օրէնքով իրենց վերապահուած լիազօրութիւնների իրականացմանը.
3. Վերացնել հանրային կեանքի բոլոր ոլորտներում հայերէն լեզուի օգտագործման նկատմամբ դրուած արգելքը: Հայերէնին տալ տարածաշրջանային լեզուի կարգավիճակ,
4. Արտօնել Ախալքալաքում հայերէն լեզուով ուսուցման հիմքի վրայ հայ-վրացական պետական ԲՈւՀի (բարձրագոյն ուսումնական հաստատութեան՝ համալսարանի-Խմբ.) հիմնադրումը.
5. Վրաստանում համապատասխան իրաւական կարգավիճակ տալ Հայ առաքելական եկեղեցուն եւ վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրաւուած բոլոր հայկական տաճարները:
2010 թ. Մայիսի 30ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները: «Ջաւախք» ժողովրդական շարժումը, գիտակցելով, որ ինքնակառավարման մարմինները այն հիմնական ներկայացուցչական հարթակն են, որտեղ եւ որի միջոցով հայ բնակչութիւնը հնարաւորութիւն ունի հետապնդել իր քաղաքական, լեզուական, կրթամշակութային ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ կոչ է անում ջաւախքահայութեանն իր քուէն տալ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց ծրագրերում կը զետեղեն եւ գործնականում կը հետապնդեն հայ բնակչութեան առջեւ ծառացած վերոնշեալ իրաւունքների իրացման խնդիրը:
«Ջաւախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանութիւններին չխոչընդոտել հայ բնակչութեան շահերը հետապնդող ուժերի ընտրութիւններին մասնակցութեանը, ինչպէս նաեւ երաշխաւորել ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացումը: