«Ասպարէզ».- Ստորեւ կը ներկայացնենք ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հարցազրոյցը «ԴԷ ՖԱԿՏՕ» լրատուական-վերլուծական գործակալութեան թղթակից՝ ԿԱՐԷՆ ԶԱԽԱՐԵԱՆին հետ:
ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, արդեօ՞ք դիւրին է չճանաչուած երկիր կառավարելը։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Չճանաչուած երկիր կառավարելն, ի հարկէ, իր առանձնայատկութիւններն ունի։ Բայց արմատական տարբերութիւններ չճանաչուած եւ ճանաչուած երկիր կառավարելու միջեւ, այնուամենայնիւ, չկան։ Արցախի Հանրապետութիւնը նոյնպիսի պետութիւն է, ինչպէս որ շատ-շատերն աշխարհում, որոնք ունեն պետականութեան բոլոր անհրաժեշտ ատրիբուտներն (յատկանիշերը-Խմբ.) ու ինստիտուտները (պետական մարմինները-Խմբ.)։ Համապատասխանաբար եւ այդ ինստիտուտների գործունէութիւնն է Արցախում տեղի ունենում ճիշտ այնպէս, ինչպէս որ միւս երկրներում։ Արցախն իրեն հռչակել է ազատ քաղաքացիների ինքնիշխան պետութիւն, որտեղ մարդը, նրա կեանքն ու անվտանգութիւնը, իրաւունքներն ու ազատութիւնները բարձրագոյն արժէքներ են հանդիսանում։ Այդ հիմնարար պետական սկզբունքին էլ, որն ամրագրուած է ԼՂՀ Սահմանադրութեան մէջ, մենք հետեւում ենք։ Ի հարկէ, միջազգային համակարգի շրջանակներում չճանաչուածութիւնը մեզ բախման մէջ է դնում որոշակի՝ ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական բնոյթի դժուարութիւնների հետ։ Բայց այդ դժուարութիւնները շատ բանով փոխհատուցւում են Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեամբ։ Կառավարման արդիւնաւէտութեան վրայ աւելի շատ ազդում են պետական ինստիտուտների զարգացածութիւնը, կադրային ճիշտ քաղաքականութիւնը, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտը հասարակութեան մէջ, քան թէ պետութեան ճանաչուածութեան կամ չճանաչուածութեան փաստը։
ՀԱՐՑ.- Ստացւում է, որ միջազգային ընկերակցութեան շրջանակներում ԼՂՀի ճանաչումը նուա՞զ նշանակելի փաստ է։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ամենեւին ոչ։ Նուազ նշանակելի այն չի կարող լինել սկզբունքօրէն։ Բայց այն, որ Լեռնային Ղարաբաղը յաջողութեամբ է զարգանում նաեւ առանց ճանաչուածութեան, դա նոյնպէս փաստ է։ Հաւասարապէս եւ այն, որ Արցախի Հանրապետութիւնն արդէն կայացած պետութիւն է, որը շուտով կը թեւակոխի իր երրորդ տասնամեակը։ Մեր հանրապետութեան ճանաչումը՝ որպէս ինքնիշխան պետական կազմաւորում, միջազգային համակարգի շրջանակներում կը դառնայ միայն այդ փաստի արձանագրում եւ հանդիսանում է սոսկ ժամանակի հարց։ Իսկ այն բանում, որ դա կը լինի, ես բացարձակապէս համոզուած եմ։
ՀԱՐՑ.- Ինչի՞ վրայ է հիմնւում Ձեր համոզուածութիւնը։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ամէնից առաջ՝ արցախցիների անսասան կամքի վրայ, իրերի բնութեան վրայ։ Ամենագլխաւորը կայանում է այն բանում, որ մեր ժողովուրդը համայն հայութեան սատարմամբ յաջողութեամբ կառուցում եւ ամրապնդում է իր անկախ պետականութիւնը, զարգացնում իր երկրի տնտեսութիւնը, բարձրացնում իր բարեկեցութիւնը։ Եւ չճանաչուածութիւնը ոչ մի չափով չի թուլացրել սկսած գործը շարունակելու մեր վճռականութիւնը։ Բացի այդ, այսօրուայ իրողութիւնները սկզբունքօրէն տարբերւում են տասնամեայ վաղեմութեան իրավիճակներից, չխօսելով նոյնիսկ աւելի վաղ եղածների մասին։ Վերջին տարիների ընթացքում մի շարք, այսպէս կոչուած՝ չճանաչուած պետութիւններ հասել են իրենց անկախութեան ճանաչման՝ դրանով իսկ հաստատելով միջազգային ընկերակցութեան պատրաստ լինելը նոր իրողութիւնների ճանաչմանը։
ՀԱՐՑ.- Զանգուածային լրատուութեան ադրբեջանական միջոցները հակառակն են պնդում…
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Դա հասկանալի է։ Չցանկանալով ընկալել գոյութիւն ունեցող իրողութիւնը, ադրբեջանական իշխանութիւնները տեղեկատուական քաղաքականութեան միջոցով փորձում են խեղաթիւրել այն՝ տարածելով ամէն տեսակ ապատեղեկատուութիւն, Հայաստանին մեղադրելով ագրեսիայի (յարձակողապաշտութեան-Խմբ.) մէջ, պահանջելով վերադարձ 1988 թուականի իրավիճակին եւ այլն։
ՀԱՐՑ.- Եւ այնուամենայնիւ, այդ ասպեկտներն (երեսեներ-Խմբ.) այսօր բանակցային գործընթացում քննարկման առարկայ են հանդիսանում։ Ադրբեջանն ուղղակիօրէն յայտարարում է, որ պէտք է իրեն վերադարձուեն նախկին ԼՂԻՄի շրջակայքի տարածքները, պէտք է այնտեղ վերադառնան ադրբեջանցի փախստականները։ Դուք ինչպէ՞ս էք վերաբերւում, այսպէս կոչուած, տարածքների յանձնմանը։ Պաշտօնական Ստեփանակերտը տուեալ հարցի վերաբերեալ ինչպիսի՞ պայմաններ կարող է դնել հակամարտութեան միւս կողմերի առաջ, ինչպէս նաեւ միջնորդների առաջ։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ինչպէս կարգավիճակի հարցում, այնպէս էլ տարածքների հարցում 1988 թուականի իրավիճակին վերադառնալու մասին խօսք անգամ չի կարող լինել։ Արցախի տարածքը ոչ մի կերպ չի կարող գծուած լինել նախկին ինքնավար մարզի սահմաններով։ Կարգավիճակի հիմնախնդիրները եւ անվտանգութեան հարցերը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են հանդիսանում։ Մնացած բոլոր հարցերը դրանցից ածանցուածներ են։ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը նմանապէս չի կարող նուազագոյն իսկ կասկածի ենթարկուել։ Ի հարկէ, մեզ կարող են ասել, թէ Ադրբեջանը ռազմական գործողութիւնները չվերսկսելու երաշխիքներ կը խոստանայ։ Բայց ո՞րն է ադրբեջանական երաշխիքի երաշխիքը։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ դա իրողութիւնների վրայ հիմնուած կառուցողական դիրքորոշում է։ Մենք խորապէս համոզուած ենք, որ բոլոր տեսակի որոշումները պէտք է ընդունուեն հէնց փոխզիջումների հիման վրայ իսկ եւ ոչ մի դէպքում չպէտք է միակողմանի բնոյթ կրեն։ Միայն այդ դէպքում է հնարաւոր համապարփակ խաղաղութեան ձեռքբերումը։ Ինչ վերաբերում է փախստականների հարցին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները երբեք չեն ժխտել մեր հանրապետութեան տարածք նրանց վերադարձի հնարաւորութիւնը։ Բայց այդ հարցի լուծման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Առաջինն ու ամենագլխաւորը կայանում է նրանում, որ մարդասիրական հարցերի լուծումը, որոնց թուին է պատկանում եւ փախստականների վերադարձը, չպէտք է իրենով փոխարինի քաղաքական հարցերի լուծմանը։ Միայն քաղաքական հարցերի (օրինակ՝ կարգավիճակի) լուծումից յետոյ կարելի է անցնել մարդասիրական հարցերին։ Հակառակ դէպքում փախստականները, որպէս չափազանց խոցելի խումբ, կարող են նորից տուժել։ Բացի այդ, ԼՂՀ ադրբեջանցիների վերադարձի գործընթացը պէտք է համաժամանակացուի (սինքրոնացուի) հայ փախստականների Ադրբեջան վերադառնալու հետ, այլապէս այդ մարդասիրական հարցի լուծումը պարզապէս անիրական կը դառնայ։
ՀԱՐՑ.- Հասկանալի է, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման իրական մոդել ներկայումս, ցաւօք, չկայ։ Թէ երբ կը լինի՝ նոյնպէս պարզ չէ, եւ, ինչպէս Ադրբեջանում են պնդում, անխուսափելիօրէն յառնում է ռազմական գործողութիւնների վերսկսման հարցը։ Այսպէս ասած՝ նոր պատերազմի… Դուք դրանից չէ՞ք վախենում։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն անընդունելի է ցանկացած խելամիտ մարդու համար։ Պատերազմը՝ դա աւերածութիւններ են, դա մահ է, դա՝ չծնուած երեխաներ են։ Չեմ կարծում, թէ Ադրբեջանում այդչափ հասարակ բաները չեն հասկանում։ Առաւել եւս, որ 1990ականների սկզբին Ադրբեջանը, Ղարաբաղին պատերազմ պարտադրելով, վստահ լինելով, թէ կը կարողանայ դրանով իսկ ոչնչացնել Արցախն ու ամբողջապէս նուաճել նրա տարածքը, պարտութիւն է կրել։ Չեմ կարծում, թէ այնտեղ չեն հասկանում նոր պատերազմի սանձազերծման ամբողջ կործանարարութիւնը ինչպէս սեփական, այնպէս էլ միջազգային ընկերակցութեան շահերի պլանով։
Գաղտնիք չէ, որ Հարաւային Կովկասը եւ, մասնաւորապէս, մեր տարածաշրջանը յարաբերութիւնների գոյութիւն ունեցող դրուածքով կարող է դառնալ իւրատեսակ դետոնատոր (սկիզբ տուողը-Խմբ.) մի պայթիւնի, որի շառաւիղը շատ աւելի մեծ տարածութիւն կընդգրկի, քան ոմանց է թւում անհասկացողութեան պատճառով։ Կրկնեմ այն, ինչ այդ առթիւ բազմիցս եմ ասել։ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնն իզուր է եւ անտեղի։
Ես խորապէս համոզուած եմ, որ ժամանակակից աշխարհում գոյութիւն ունեցող հիմնախնդիրները հնարաւոր է լուծել բացառապէս քաղաքակիրթ մեթոդներով, բանակցութիւնների սեղանի շուրջ եւ ուղղակի երկխօսութեան միջոցով։ Բայց եթէ Ադրբեջանը ուժի դիմի, նա առաւել ծանր դրութեան մէջ կը յայտնուի, քան 1991-94թթ. պատերազմի ժամանակ էր։
ՀԱՐՑ.- Դուք նոյնիսկ մի անգամ ասել էք, որ Ադրբեջանի հետ պատերազմը վերսկսուելու դէպքում ԼՂՀ Պաշտպանութեան բանակը կարող է աւելի առաջ գնալ, այսպէս ասած՝ դէպի Ադրբեջանի տարածքի խորքը…
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ասել եմ եւ իմ խօսքերից չեմ հրաժարւում։ Այլ բան է, որ դա էլ հիմնախնդրի լուծում չէ։ Ընդհակառակը, դա կը լինի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ (չխօսելով արդէն Հայաստանի մասին) լարուածութեան նոր ահագնացում։ Եւ մեր ժողովուրդների միջեւ վստահութեան միջոցների մասին, որոնք ամէն կերպ պատուաստել են ջանում միջազգային միջնորդները, հարկ կը լինի մոռանալ մի հարիւր տարով, եթէ ոչ աւելի։
ՀԱՐՑ.- Այդ դէպքում՝ մի հարց. եթէ Դուք Ձեր դիւանագէտների թիմով, առանց Հայաստանի ներկայացուցիչների բանակցութիւնների սեղանի մօտ նստէիք ադրբեջանցի բանագնացների հետ, ի՞նչ կառաջարկէիք նրանց։ Ի՞նչ ձեւով կը կառուցէիք Ադրբեջանի հետ վստահութեան միջոցների համակարգը։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ամէնից առաջ պէտք է նկատեմ, որ ես չեմ կիսում այն կարծիքը, թէ ԼՂՀն, բանակցութիւնների գործընթաց վերադառնալով, պէտք է այդ բանակցութիւնները վարի միանձնեայ կերպով, առանց Հայաստանի։ Լեռնային Ղարաբաղի ինքնուրոյն դիրքորոշումն ամենեւին չի ենթադրում Հայաստանին հանել բանակցային գործընթացից։ Բանակցութիւնների միակ գործուն ձեւաչափը եռակողմն է՝ Հայաստան-Ադրբեջան-Արցախ։ Պէտք է նկատեմ, որ այդպիսի մօտեցումը, թւում է, արդէն գործնական ուրուագծեր է ձեռք բերում։ Հնարաւոր է՝ այն պատճառով, որ բանակցութիւնների լիարժէք ձեւաչափը վերականգնելու մասին (Բուդապեշտի գագաթնաժողովի պայմաններին համապատասխան) միջնորդներին բազմիցս արած մեր կոչերը որոշ արձագանգ են ստացել։ Յամենայն դէպս, բոլոր երկրներն ու կառոյցները, որոնք այսպէս թէ այնպէս ներքաշուած են բանակցային գործընթացի մէջ, նշում են հիմնախնդիրը նաեւ ԼՂՀի հետ քննարկելու անհրաժեշտութիւնը։ Եւ դա բնական է, քանի որ այսօր արդէն բոլորն են հասկանում, որ առանց բանակցութիւններին Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան՝ անհնար է ընդունել որեւէ վերջնական որոշում։ Դառնանք այն հարցին, թէ մենք ինչ կարող ենք առաջարկել Ադրբեջանին։ Իսկ ի՞նչ կարող են մէկը միւսին առաջարկել երկու հարեւան պետութիւններ։
Հանդարտ եւ կայուն յարաբերութիւններ՝ հիմնուած փոխադարձ յարգանքի եւ հեռանկարում փոխշահաւէտ համագործակցութեան վրա։
ՀԱՐՑ.- Արցախի հռչակած անկախութեան օգտին ինչպիսի՞ փաստարկներ ու հիմնաւորումներ կը ներկայացնէիք Իլհամ Ալիեւին, թէ որ ղարաբաղեան կողմը բանակցութիւններում լիներ։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ես կարծում եմ, որ առանց ինձ էլ Ալիեւին (ինչպէս հօրը, այնպէս էլ որդուն) ոչ քիչ փաստարկներ են ներկայացուել 1991 թուականին հռչակուած՝ Արցախի անկախութեան օրինականութեան, իսկ նշանակում է՝ եւ բնականութեան մասին։ Ցաւօք, Ադրբեջանի ղեկավարութիւնը, այդ փաստարկումներին չանսալով, թէպէտեւ շարունակելով շահարկութիւն անել միջազգային իրաւունքով, ինքը չի ներկայացնում, ի տարբերութիւն հայկական կողմերի, ոչ մի, դոյզն-ինչ նշանակելի, իրաւաբանական փաստաթուղթ, ոչ մի իրաւական ակտ, որոնց հիման վրայ ներկայիս Ադրբեջանական Հանրապետութիւնը կարողանար յաւակնել Լեռնային Ղարաբաղին։ Յամառօրէն կառչելով տարածքային ամբողջականութեան սկզբունքից, ադրբեջանական ղեկավարութիւնը գիտակցաար խեղաթիւրում է այն՝ խաղաղապահպան սկզբունքը վերածելով ուրիշ ժողովուրդների ստրկացնելու եւ նրանց տարածքները զաւթելու միջոցի։ Այդ պատճառով մինչեւ որ Ադրբեջանը չհրաժարուի ռազմական հզօրութեանը, ուժի դիրքից խօսելուն ապաւինելուց, ես որեւէ իրական առաջխաղացում չեմ տեսնում մեր փոխյարաբերութիւնների կարգաւորման եւ քաղաքակիրթ երկխօսութիւն հաստատելու գործում։ Այդուհանդերձ, ես կը խօսեմ բուն փաստարկների մասին։ Դրանք քիչ չեն։ Ամէնից առաջ, կատարելապէս հակատրամաբանական է, որ Լեռնային Ղարաբաղը, որն իր անկախութիւնը հռչակել է ազգային պետական կարգավիճակի բարձրացման ձեւով, պէտք է վարչատարածքայնօրէն ենթարկեցուած լինի ներկայիս Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածքի մաս չի եղել. ոչ ա՛յն Ադրբեջանի, որը 1918 թուականին թուրքական սուիններով է ստեղծուել, ոչ էլ ա՛յն Ադրբեջանի, որը կազմաւորուել է Միութեան տրոհման արդիւնքում։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ադրբեջանին, ապա միջազգային ամենատարբեր մակարդակներում հիմնախնդրի քննարկումների ժամանակ արդէն բազմիցս է նշուել, որ երրորդ կողմի կուսակցական մարմնի կամքն արտայայտող ակտը չի կարող միջազգային իրաւունքի տեսակէտով հանդիսանալ ապացուցային բնոյթի իրաւաբանական փաստաթուղթ։
Այս ամէնը, ինչպէս նաեւ Արցախի անկախութեան օգտին ծանրակշիռ փաստարկների զինանոցից վերցուած շատ ուրիշ բաներ լաւ եւ վաղուց են յայտնի։ Կարելի էր խուսափել դրանք կրկնելուց, եթէ Ադրբեջանում, բանականութեանը եւ պատմական գործընթացների անշրջելիութեան տրամաբանութեանն անսալով, իրօք կառուցողական դիրք բռնէին բանակցութիւններում՝ իրենց ուշադրութիւնը բեւեռելով աւելի շատ յետպատերազմեան հետեւանքների հարցերը լուծելու վրայ։ Այսինքն՝ նայէին դէպի ապագան, այլ ոչ թէ սեփական ժողովրդին տանջէին անցեալի պատրանքներով։
ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, իրականութիւնից շեղուենք եւ ենթադրենք, թէ Ադրբեջանում զղջացել են կատարածի համար (խօսքը դարձեալ Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի եւ այլնի մասին է), ճանաչել են իրենց հարազատ հողում ապրելու՝ ղարաբաղցիների իրաւունքը, դրանով հանդերձ, Արցախին առաջարկէին «լայն ինքնավարութեան» հիմունքներով մտնել Ադրբեջանական Հանրապետութեան կազմի մէջ։ Դուք դրան ինչպէ՞ս էք նայում։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Դուք գիտէք, եթէ Ադրբեջանում իրօք զղջային, գիտակցէին, ճանաչէին եւ այլն, ապա երբեք էլ չէին առաջարկի հէնց այդ «լայն ինքնավարութիւնը»։ Հարցն այստեղ բուն «լայն ինքնավարութիւն» հասկացութեան մէջ է։ Երբեմն այն անուանում են «բարձր կարգավիճակ»։ Էութիւնը նոյնն է։ Եւ էութիւնն այդ խաղաղ պայմանագրի, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցութեան գռեհկացումն է։ Այդ թեզիսն առաջ քաշելով, ադրբեջանական քաղաքական գործիչները պարզապէս քաղաքական շահարկութեամբ են զբաղւում։ Ինչպէս արդէն ասել եմ, անցեալին վերադարձ չկայ։ Մենք այդ ինքնավարութիւնն արդէն ունեցել ենք խորհրդային իրականութեան 70 տարիներին եւ գիտենք, թէ ինչով է դա վերջացել։ Ոչ մի լայն, ամենալայն կամ էլի ինչ–որ տեսակի ինքնավարութեան մասին խօսք լինել չի կարող։ Հակամարտութիւնն Ադրբեջանի հետ կարող է լուծուել միայն մի եղանակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան իրաւաբանական ճանաչմամբ միջազգային մակարդակով։
ՀԱՐՑ.- Եւ այսպէս, Լեռնային Ղարաբաղն արդէն քսան տարի գոյութիւն ունի որպէս ինքնուրոյն պետութիւն, թող եւ յայտնի իմաստով չճանաչուած։ Ղարաբաղցիներն ապրում են իրենց, այլ ոչ թէ ուրիշների կեանքով, եւ ամբողջ հարցը հիմա այս է. ինչպէ՞ս են նրանք ապրում։ Այդ պատճառով թոյլ տուէք արտաքին հիմնախնդիրներից անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներքին հիմնախնդիրներին։ Դրանք շա՞տ են, արդեօք։ Որո՞նք են դրանց պատճառները։ Հանրապետութիւնում դրանք ինչպէ՞ս են լուծում։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մեր հանրապետութեան պետական շինարարութեան փիլիսոփայութեան անկիւնաքարն է հանդիսանում գիտակցուած ընտրութիւնը յօգուտ ժողովրդավարական պետութեան կառուցման ու քաղաքացիական հասարակութեան ստեղծման։ Այդպիսի պետութեան կառուցման ձեւերն ու եղանակներն արդէն վաղուց են փորձարկուած եւրոպական քաղաքակիրթ երկրներում, եւ մենք խելամիտ չափերով ձգտում ենք դրանք կապակցել գոյութիւն ունեցող իրականութեանը։ Անկախութեան տարիների ընթացքում մեր հանրապետութիւնում վերջնականապէս ձեւաւորուել են պետականութեան ժամանակակից ինստիտուտները, երկիրն անցել է զարգացման խաղաղ ռելսերի (ուղիի-Խմբ.) վրայ, սկսուել է պատերազմից գործնականում լիովին աւերուած տնտեսութեան վերականգնման գործընթացը։ Լեռնային Ղարաբաղն իրաւամբ հանդիսանում է ամենակայուն երկրներից մէկը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ յետխորհրդային տարածութիւնում։ Մեր հանրապետութիւնում կայուն են տնտեսական աճի ցուցանիշները, նկատելիօրէն բարձրացել է բնակչութեան կենսամակարդակը։ Դրա հետ մէկտեղ, մենք ունենք դեռեւս չլուծուած շատ հիմնախնդիրներ։ Պատերազմն ու նրա հետեւանքները լուրջ վնաս են հասցրել մեր պետութեանը, եւ մինչ օրս ստիպուած ենք յաղթահարել դրանք։ Այսօրուայ դրութեամբ ԼՂՀի համար առաւել հրատապ են հանդիսանում սոցիալ–տնտեսական բնոյթի հարցերը։ Այստեղ առաջնային են բնակչութեան, յատկապէս նրա սոցիալապէս խոցելի խաւերի կենսամակարդակի բարձրացումը, ժողովրդագրական իրադրութեան բարելաւմանը, տնտեսութեան առաջնային ուղղութիւնների՝ էներգետիկայի, լեռնահանքային եւ վերամշակող արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, արտադրական ենթակառուցուածքների զարգացմանն ուղղուած միջոցառումների իրականացումը, ինչպէս նաեւ բնակչութեան կենցաղային կարիքների բաւարարման համար ջրամատակարարման հիմնախնդրի լուծումը, ոռոգման արդիւնաւէտ համակարգի ստեղծումը։ Մենք առանցքային նշանակութիւն ենք տալիս գիւղի զարգացմանը։ Այս ուղղութիւնն առաջնային է եղել նաեւ իմ նախընտրական ծրագրում։ Տնտեսապէս զարգացած գիւղը Ղարաբաղի անվտանգութեան եւ առաջընթաց զարգացման առանցքային բաղադրիչներից մէկն է։ Համոզուած եմ, որ, չնայած բոլոր դժուարութիւններին, մենք կը կարողանանք յաղթահարել տնտեսական եւ սոցիալական բնոյթի մարտահրաւէրները։
ՀԱՐՑ.- Լեռնային Ղարաբաղում ինչպէ՞ս է ամրապնդւում այդ հիմքը՝ կայուն տնտեսական զարգացումը։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք յենւում ենք, ամէնից առաջ, սեփական ուժերի, համայն հայութեան ներուժի, մեր ունեցած պաշարների եւ հնարաւորութիւնների շահաւէտ օգտագործման վրայ, ինչը մեր ժողովրդի եւ երկրի մօտ բարձր աստիճանի կենսակայունութիւն, դիմացկունութիւն է մշակել։ Մենք հէնց դա ենք համարում մեր զարգացման ամենայուսալի հիմքը։
Մենք մեծ նշանակութիւն ենք տալիս զանազան ներդրումային ծրագրերի մշակմանը։ Առայժմ այդ ծրագրերը, որոնք որպէս առաջնային ենք յայտարարել, ուղղուած են, ամէնից առաջ, ներքին շուկայի կարիքների ապահովմանը։ Այդպիսի խնդիրներն ի զօրու են լուծել Արցախում գործի գցուած միջին եւ փոքր ձեռնարկութիւնները, եւ այդ պատճառով բիզնեսի այդ հատուածին առաջնահերթ ուշադրութիւն է դարձւում։ ԼՂՀում բարենպաստ ներդրումային կլիմայ է ստեղծուած. հարկային օրէնսդրութիւնը մեզ մօտ, ես կասէի, բաւականին շօշափելի չափով լիբերալ է, մինչեւ պարզագոյն տարրերի են հասցուած տնտեսավարող սուբյեկտների (ձեռնարկութիւններու-Խմբ.) յարաբերութիւնները պետական կառոյցների հետ, օրէնսդրօրէն ամրագրուած է ներդրողների իրաւունքների պաշտպանութիւնը։
ՀԱՐՑ.- Որո՞նք են ԼՂՀի տնտեսական քաղաքականութեան հիմնական գերակայութիւնները։
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ.- Որպէս գերակայ ոլորտ՝ ես ամէնից առաջ կը նշէի հիդրոէներգետիկան (գետերու վրայ կառուցուած ելեկտրակայանները-Խմբ.)։ Այստեղ մեզ համար բանական ուղղութիւն է պատկերանում փոքր ՀԷԿերի (ջրելեկտրակայան-Խմբ.) կառուցումը, քանզի մեր ջրային պաշարները դա թոյլ են տալիս։ Առաջին անգամ հայկական բիզնես-դաշտում անցկացուել է «Արցախհէկ» ընկերութեան բաժնետոմսերի հրապարակային տեղակայում։ Ձեռնարկութիւնն իր փակ բաժնետիրական ընկերութեան իրաւաբանական կարգավիճակը փոխել եւ դարձրել է բաց։ Ըստ էութեան, ընդլայնուել է երկարատեւ կապիտալ (մեծ դրամագլուխներու-Խմբ.) ներդրումային ճակատը։ Գերակայ ուղղութիւնների թուին պէտք է դասել նաեւ ագրարային (գիւղատնտեսութիւնը-Խմբ.) ոլորտը, ինչպէս նաեւ հիմնաւոր շինարարութիւնը։ Սրանք այն երկու կարեւոր ճիւղերն են, առանց որոնց անհնարին է հանրապետութեան լուրջ տնտեսական զարգացումը։ Գիւղատնտեսութեան մէջ պէտք է լուծենք ոչ քիչ կարեւոր խնդիրներ։ Ամէնից առաջ, դա վերաբերում է խաղողագործութեանը՝ Արցախի համար աւանդաբար բարեյաջող բնագաւառին։ Պատերազմական աւերածութիւններն զգալիօրէն անդրադարձել են այս բնագաւառի վրայ, եւ հիմա այն պէտք է վերականգնել։ Հէնց խաղողագործութիւնն ու գիւղատնտեսական արտադրանքի (ամէնից առաջ՝ գինեգործական) վերամշակումը կարող են լիովին ինքնաբաւ դառնալ հանրապետութեան տնտեսութեան համար։ Առաւել եւս, որ դեռեւս խորհրդային ժամանակներից մեզ մօտ բաւարար չափով փորձ է կուտակուած. անցած ժամանակներում Ղարաբաղում խաղողի ընդհանուր բերքը հասնում էր տարեկան հարիւր ութսուն հազար տոննայի։ Մեզ մօտ յատուկ ծրագիր է մշակուած, որը հաշուարկուած է երկարատեւ հեռանկարի համար։ Ճիշտ է, առանձնապէս ուրախանալու դեռ ոչինչ չկայ՝ նկատի ունենալով նախկին նուաճումները, սակայն աճի միտումները յոյս են ներշնչում։ Թէեւ ստեղծուած հանգամանքներում (շուկայի հիմնախնդիրներ, վերամշակող ձեռնարկութիւնների պակաս, պահպանում, փոխադրում) կարճ ժամկէտներում այդ ճիւղը վերակենդանացնելը դիւրին չի լինելու։
Միւս առաջնային ուղղութիւնը հանդիսանում է անասնաբուծութիւնը։ Այստեղ եւս հարկ է նշել զարգացման բաւականին ներուժ։ Թէպէտ իր դժուարութիւններն ունի նաեւ այս գործը. համապատասխան շէնքեր, մեխանիզմներ, աշխատանքային պաշարներ։ Այնուամենայնիւ, յատուկ ծրագրեր են մշակուած։ Եւ հնարաւոր ներդրողները հանգիստ կարող են ներգրուել դրանց՝ իրենց համար երաշխաւորելով շահութաբեր արտադրութիւն. մսի պահանջարկը միշտ է լինելու։ Ի դէպ, անասնաբուծութեան զարգացման շրջանակներում անցեալ տարի ցեղային խոշոր եղջերաւոր անասունների գլխաքանակ է հանրապետութիւն ներկրուել Շուեյցարիայից ու Աւստրիայից։ Գիւղատնտեսական ծրագրերի համար, ամբողջութեամբ վերցրած, այս տարուայ բիւջէով նախատեսուած են ոչ քիչ ֆինանսական միջոցներ՝ աւելի քան 2,5 մլրդ դրամ (շուրջ վեց միլիոն տոլար), ինչը համարեայ կէս միլիարդով գերազանցում է 2009 թուականի համանման ցուցանիշը։
Ոչ միայն գիւղատնտեսութիւնը, այլեւ Արցախի տնտեսութեան մնացած բոլոր ուղղութիւնները համապատասխան մակարդակի բարձրացնելու համար առանձնայատուկ նշանակութիւն ունեն, ինչպէս արդէն նշել եմ, ներդրումները, որոնք մենք ակտիւօրէն ներգրաւում ենք։ Դրանք անհրաժեշտ են ե՛ւ կապիտալ շինարարութիւնում, ե՛ւ հանրապետութեան տնտեսութեան ցանկացած այլ ճիւղում։ Այս պլանով մեզ մօտ ստեղծուած եւ արդէն մի քանի տարի գործում է համապատասխան կառոյց՝ Արցախի ներդրումային հիմնադրամը։ Այդ հիմնադրամի ամենախոշոր ծրագրերից մէկն է բնակարանի հիփոթեքային վարկաւորումը, որը տարէցտարի ընդլայնում է իր գործունէութեան աշխարհագրութիւնը։ Ի հարկէ, հիմնադրամը վարկաւորում է ոչ միայն բնակարանաշինութիւնը։ Չէ որ Լեռնային Ղարաբաղում գործեր շատ կան ե՛ւ գիւղատնտեսութեան, ե՛ւ կապիտալ շինարարութեան, ե՛ւ հանքարդիւնաբերութեան, ե՛ւ զբօսաշրջութեան մէջ։ Մեզ մօտ իրական պայմաններ են ստեղծուած եւ շարունակում են ստեղծուել հանրապետութեան բոլոր՝ ե՛ւ բնական, ե՛ւ աշխատանքային, ե՛ւ մտաւոր պաշարների օգտագործմամբ տնտեսութեան հաւասարակշռուած զարգացման համար։ Ասուածին գումարենք համայն հայութեան քաղաքական–տնտեսական ներուժը, եւ կարելի է վստահ լինել, որ Արցախը յուսալի ապագայ ունի։ Ես դրանում բացարձակապէս համոզուած եմ։