Պետականութիւնը Բացարձակ Արժէք Է
2009թ Ապրիլի 22ից առաջ, երբ դեռ չէր ստորագրուել «ճանապարհային քարտէս» կոչուող յայտարարութիւնը, ասել եմ, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը հայ ժողովրդի բաց նեարդն (ջիղը-Խմբ.) է, պէտք չէ դիպչել այդ նեարդին, այլապէս հակազդեցութիւնը լինելու է անխուսափելի: «Արձանագրութիւնների» ստորագրումով դիպան այդ նեարդին, եւ ալեկոծուեց ողջ հայութիւնը:
Հայկական իրականութեան մէջ առաջանում էր փոթորիկ, ցունամի: Ցունամի, որ կործանարար լինելու չափ վտանգաւոր էր, որովհետեւ այն չէր հարուածելու օտար ափերին: Հարուածելու էր հայկական ափերին: Այլ խօսքով՝ այդ արձանագրութիւնների հրապարակումը այնքան յանկարծակի ու անակնկալ էր, որ կարող էր տարերային շարժում ստեղծել, կարող էր դառնալ քանդիչ, պառակտիչ, կարող էր աւելի վտանգաւոր լինել, քան բուն արձանագրութիւնները: Առաջին իսկ օրից մենք փորձեցինք կազմակերպել այդ ընդվզումը, այդ տարերային ընթացքը, կազմակերպելով՝ այն դնել նպատակադրուած՝ ազդու, բայց ոչ քանդիչ ուղղութեան մէջ, այն վերածելով ՈՉի շարժման:
Որպէսզի խուսափենք ծայրայեղութիւններից, որպէսզի կարողանանաք ինքներս մեզ ճիշդ հասկանալ, նախ փորձենք ըմբռնել՝ ինչո՞ւ կազմակերպուեց «ֆութպոլային դիւանագիտութիւնը»: Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նախաձեռնեց այս «խաղը»: Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ եւ ի՞նչ նպատակ էր հետապնդում: Մակերեսային մօտեցում կը լինի, եթէ մտածենք, թէ Հայաստանի իշխանութիւնները լաւ հայ չեն, դաւաճան են եւ այլն: Այդպէս չէ։ Ճիշդ չենք լինի, անարդար կը լիենք, եթէ այդպէս մտածենք:
Ֆութպոլային դիւանագիտութիւնը կազմակերպելիս Հայաստանի իշխանութիւնը հետապնդել էր երեք նպատակ:
Առաջին՝ Հայաստանը այնպիսի աշխարհաքաղաքական դիրքում է, որ աշխարհի հետ յարաբերուելու երկու կիսատ սահման ունի, մէկը՝ հարաւից՝ դէպի Իրան բացուող, միւսը՝ հիւսիսից՝ դէպի Վրաստան: Իրան տանող ճանապարհները խիստ են ու աննպաստ: Իրանի հետ չունենք երկաթուղային կապ: Աշխարհը չի ուզում մեզ հետ յարաբերուել այդ սահմանով: Վրաստանի հետ սահմանը նոյնպէս կիսատ է: Ինչո՞ւ որովհետեւ Վրաստանը առճակատման մէջ է Ռուսաստանի հետ եւ փակել է նրա հետ իր սահմանը։ Իսկ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է, որից ստանում է կարեւորագոյն նշանակութեան ապրանքներ, նրա հետ ցամաքային կապը անցնում է Վրաստանով։
Հետեւաբար՝ իշխանութիւնների առաջին նպատակը Հայաստանի համար մի նոր սահման ապահովելն էր դէպի ազատ աշխարհ: Բայց Թուրքիայի սահմանը այդպիսին կարո՞ղ էր համարուել։ Անշուշտ՝ ոչ: Չնայած դրան՝ երեք կիսատ սահմանը, վերջ ի վերջոյ, աւելի լաւ է, քան երկու կիսատ սահմանը: Հիմնական նպատակը այդ սահմանի բացումն էր, որպէսզի Հայաստանը կարողանար շնչել:
Երկրորդ նպատակը՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ, Թուրքիայի չէզոքացումն էր: Հայ-ատրպէյճանական պատերազմից առաջ եւ յետոյ, հայ-ատրպեճանական առճակատման պայմաններում, Թուրքիան միշտ էլ Ատրպէյճանի հիմնական դաշնակիցն է եղել: Չմոռանանք, որ հէնց Ատրպէյճանին զօրակցելու համար էր Թուրքիան փակել սահմանը: Հայաստանի իշխանութիւնները ունէին այն միամտութիւնը, որ եթէ կարողանան Թուրքիային քաշել խաղի, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել ու սահման բացել, ապա Թուրքիային կը մեկուսացնեն, եւ Ատրպէյճանի դիրքերը կը տկարանան բանակցութիւնների սեղանի շուրջ:
Երրորդ նպատակը: Բոլորս յիշում ենք, թէ ինչ պայմաններում Սերժ Սարգսեանը դարձաւ նախագահ: Մարտի 1 էր տեղի ունեցել, Հայաստանում յուզումներ կային, առճակատումներ, կարծիք կար, թէ Արեւմուտքը փորձում է գունաւոր յեղափոխութիւն կազմակերպել, Արեւմուտքը ներքին լծակ ունի Հայաստանում՝ ի դէմս ձեզ ծանօթ ընդդիմութեան: Հաշուի առնելով այս իրավիճակը՝ Հայաստանի իշխանութիւնները, հաւանաբար, մտածեցին, որ, նախաձեռնելով այս քաղաքականութիւնը, կը կարողանան ներքին գործընթացը ստուերի մէջ պահել, ձեռք բերել Արեւմուտքի հետ շփուելու հնարաւորութիւն, ընդունելի դառնալ Արեւմուտքի կողմից:
Հետապնդուող նպատակները բխում էին առարկայական անհրաժեշտութիւնից՝ յանուն երկրի անվտանգութեան ու զարգացման, ինչ որ տեղ բխում էին նաեւ քաղաքական անփորձառութիւնից, միամտութիւնից, սխալ մօտեցումներից ու հաշուարկից, բայց եւ՝ միայն այսքան։
Հետապնդուող նպատակները չիրագործուեցին: Ինչո՞ւ։
Նման ծրագիր սկսելուց առաջ պէտք է լինէին նուազագոյն երաշխիքներ: Հայ-թուրքական յարաբերութիւնները Սերժ Սարգսեանով չեն սկսուել: Շուրջ տասը տարուայ անցեալ ունեն. Ամերիկայում ձեւաւորուած ընդհանուր ծրագիրը՝ հայ-թուրք բարեկամութեան յանձնաժողովի ստեղծում՝ TRAC 1, TRAC 2, որոնց մեջ ընդգրկւում էին հիմնականում սփիւռքից, նաեւ Հայաստանից մտաւորականներ, քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, որոնք բանակցում էին թուրքերի հետ: Հիմնական նպատակը հայ-թուրք յարաբերութիւնների ստեղծման համապատասխան մթնոլորտ ձեւաւորելն էր: Այսինքն՝ կար ընդհանուր ծրագիր: Եւ եթէ կար ընդհանուր ծրագիր, ու Սերժ Սարգսեանը հրաւիրում էր Կիւլին Հայաստան, ուրեմն պէտք է լինէին սկզբնական ինչ որ երաշխիքներ։ Սկզբնական շրջանում այդպիսին էր ընդհանուր տպաւորութիւնը: Սակայն փաստերը ցոյց տուեցին, որ այդպէս չէ:
Նման լուրջ, քաղաքական ու ժողովրդային հոգեբանութեան առումով զգայուն նախաձեռնութիւնը առանց սկզբնական որոշակի տուեալների գոյութեան պարզօրէն համարձակ, ռիսքային (վտանգ պարունակող-Խմբ.) քայլ էր, որ կարող էր աւարտուել իբրեւ քաղաքական արկածախնդրութիւն։
Հայաստանի իշխանութիւնները ի սկզբանէ ճշդել եւ բազում անգամներ յայտարարել էին, որ սահմանի բացումը եւ դիւանագիտական յարաբերութիւնները պէտք է տեղի ունենան առանց որեւէ նախապայմանի։ Եթէ հայկական կողմը հետեւողական, հաստատակամ եւ անզիջող լինէր յայտարարուած սկզբունքի հարցում, եւ ոչ թէ երկիմաստ արձանագրութիւնների ստորագրումով հարցականի տակ դնէր մեր իսկ կողմից ճշդուածն ու յայտարարուածը, մենք անվնաս էինք դուրս գալու այս գործընթացից։
Սահմանների փակումը Թուրքիայի կողմից անընդունելի էր միջազգային հանրութեան համար։ Եւրոմիութեան անդամակցութեան ձգտող Թուրքիան ճնշման էր ենթակայ Հայաստանի հետ սահմանները փակ պահելու հարցով։ Իսկ մեր յայտարարած սկզբունքը, որ առանց նախապայմանի պէտք է լինեն այդ յարաբերութիւնները, ընդունելի ու արդարացուած էր աշխարհի կողմից:
Առանց նախապայմանների սահմանի բացումն ու դիւանագիտական յարաբերութիւնների ստեղծումը կարելի էր ձեւակերպել երկու պարբերութեամբ մի փաստաթղթում եւ վերջ։ Միջազգային հանրային կարծիքը պատրաստ էր ընդունելու նման տրամաբանական պայմանաւորուածութիւն, եւ Թուրքիայի մերժումը մնալու էր անհասկանալի եւ շարունակուելու էր ճնշումը նրա նկատմամբ։ Ուշ թէ շուտ մենք յաջողելու էինք առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորել Թուրքիայի հետ։ Սակայն ստորագրելով խնդրայարոյց այդ արձանագրութիւնները՝ միջազգային հանրութեան համար ստեղծեցինք սխալ մէկ հիմք՝ այս պարագային երկու երկրների՝ թէ մեր, թէ Թուրքիայի վրայ ճնշումներ գործադրելու համար։
Վերջապէս՝ եթէ այդպիսին լինէին արձանագրութիւնները, առանց նախապայմանների, ՈՉի շարժում չէր լինի, չէր կարողանայ գոյութիւն ունենալ եւ ազդեցիկ լինել: Եւ, բնականաբար, կը յաջողուէր ֆութպոլային դիւանագիտութեան այդ ծրագիրը: Սակայն նշածս պատճառներով այդ յաջողութիւնը մենք չունեցանք: Արդիւնքում ի՞նչ ստացուեց. սահմանը մինչ օրս փակ է եւ հեռանկարում էլ չի երեւում որեւէ թուական, երբ կարելի է տեսնել սահմանը բացուած: Իսկ, նախկին խոցելի դիրքերի համեմատութեամբ, այսօր Թուրքիայի մօտ առկայ է մեր ստորագրութիւնը կրող փաստաթուղթ, որը ուժեղացրել է Թուրքիայի դիրքերը։
Որքան էլ փորձեն Հայաստանի իշխանութիւնները մերժել ու հերքել, աշխարհը ընկալել է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորուել են Հայոց Ցեղասպանութեան հարցը քննութեան նիւթ դարձնել: Այսօր լաւ ենք զգում, երբ Սերժ Սարգսեանը բացէ ի բաց, ի լուր աշխարհի յայտարարում է, որ նման բան չկայ, բայց նաեւ կոյր պէտք է լինել չտեսնելու, որ ինչ որ բան կայ. այդ մասին խօսել է Օպաման, խօսել է Քլինթընը, Զուիցերիայի արտաքին գործերի նախարարը, Եւրոպական Միութեան արտաքին գործերի նախարարը, բոլորը խօսում են, որ այդ արձանագրութիւններով Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորուել են Ցեղասպանութեան հարցը քննութեան նիւթ դարձնել: Հայկական կողմը, բարեբախտաբար, այսօր ասում է՝ ոչ: Գիտէ՞ք ինչու է այդպէս: Դա նրանից է, որ փաստաթղթերը երկիմաստ են. փաստաթղթերի վտանգաւորութիւնը հէնց այդ երկիմաստութեան մէջ է: Դա տալիս է հնարաւորութիւն ամէն կողմին՝ մեկնաբանել դրանք ըստ իր ցանկութեան: Եւ որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան հնարաւորութիւնները նոյնքան չեն, որքան Թուրքիայինը, ապա մենք մեկնաբանութիւններն ընկալելի դարձնելու հարցում միշտ պարտուած ենք:
Յաջորդ բացասական արդիւնքը, որ ստացել ենք. Թուրքիան, այս քսան տարիների ընթացքում, ըստ էութեան, խորքում, վարագոյրի յետեւում եղել է հայ-ատրպեճանական առճակատման հարցում Ատրպէյճանին կողմ, բայց գործել է, կրկնում եմ, միշտ թիկունքում, միշտ վարագոյրի յետեւում, ոչ երբեք հրապարակաւ, յաչս աշխարհի: Թուրքիան մինչ օրս Ղարաբաղի հարցով հայ-ատրպեճանական առճակատման բուն գործընթացի կողմ չի համարուել: Այս սխալ քաղաքականութիւնը պատճառ դարձաւ, որ այսօր Թուրքիան Ղարաբաղի հարցով յաւակնում է կողմ ներկայանալ, իր յաւակնութիւնը պաշտօնականացնող գործունէութիւն է ծաւալել: Սա ամենաբացասական արդիւնքներից մէկն է, որ մենք ունենք։
Դեռ 2008 թուականի վերջերին տեղի ունեցաւ առաջին սխալը. Ուաշինկթընում Թուրքիայի, Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում ունեցան: Հայկական իրականութեան մէջ միայն մենք էինք, որ ընդվզեցինք սրա դէմ: Այդ օրուանից արդէն պարզ էր, որ քաղաքականութիւնը սխալ ուղղութեամբ է գնում: Եւ այսօր մենք եւս մի բացասական արդիւնք ունենք մեր դատի, մեր պայքարի մէջ, որովհետեւ Ղարաբաղի հարցով Թուրքիան արդէն համարւում է կողմ:
Չորրորդ՝ այս արձանագրութիւնների արդիւնքում Թուրքիան ստացել էր այն, ինչ իրեն պէտք է: Եւ որովհետեւ ստացել է, չի շտապում արձանագրութիւնները վաւերացնել: Փորձում է վերջին՝ Ատրպէյճանի հարցով ապառիկ մնացած խնդիրը կանխիկի վերածել: Փորձում է ստիպել, որ Ղարաբաղի հարցով մենք տեղի տանք, էական նահանջ արձանագրենք: Ի՞նչ ստացուեց: Ստացուեց, որ թուրքական բոլոր նախապայմանները, որոնք 1993 թուականից սկսած նա կրկնում էր, եւ որի դիմաց հայկական ոչ մի իշխանութիւն տեղի չէր տուել, չէր ենթարկուել, չէր ընդունել, այսօր իրագործելու փորձ է արւում:
Հինգերորդ՝ ասացինք, ֆութպոլային դիւանագիտութեան նպատակներից մէկն էլ այն էր, որ Հայաստանի ներքին իրավիճակը ղեկավարելի դառնար եւ Արեւմուտքի հետ յարաբերութիւնները կարգաւորուէին: Ինչ եղաւ արդիւնքում: Դա հասկանալու համար նախ նայենք–տեսնենք, թէ այդ ընթացքում ինչ կեցուածք է ունեցել Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ Հայաստանում գործող ընդդիմութիւնը: Այդ առճակատուող ընդդիմութիւնը, որ բացի Սերժ Սարգսեանի տապալումը, բացի իշխանութեան անկումը ուրիշ որեւէ բան չէր տեսնում եւ 24 ժամ, առաւօտից գիշեր, փողոցում էր, պայքարի դիրքերում, երբ Սերժ Սարգսեանը Կիւլին հրաւիրեց Հայաստան, անմիջապէս դադարեցրեց հանրահաւաքները, նստացոյցերը, լքեց փողոցը, գնաց տուն ու յայտարարեց, որ չի ուզում խանգարել այդ գործընթացին: Մի՞թէ պարզ չէ, թէ ինչ եղաւ: Մէկը դրսից Լեւոն Տէր Պետրոսեանին ասաց՝ բաւական է, հիմա դու պէտք է կանգ առնես, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնների ընթացքը մեր ուզած ուղղութեամբ է: Յետոյ հասաւ մի պահ, որ բանակցութիւնները տեղի էին ունեցել, բայց ստորագրութեան պահն էր ուշանում, նորից հրապարակի վրայ աշխուժացաւ Լեւոնը՝ հանրահաւաքներ, ցոյցեր, երթեր, Սերժ Սարգսեանի հրաժարականի պահանջ: Իսկ երբ ստորագրուեցին արձանագրութիւնները, եւ ընդվզեց ժողովուրդը, փողոց դուրս եկաւ, մենք էլ նրանց հետ միասին, թւում էր՝ ակամայ, առանց պայմանաւորուած լինելու, պէտք է Լեւոն Տէր Պետրոսեանն մի հրապարակում, Դաշնակցութիւնը մէկ այլ հրապարակում պայքարէր Հայաստանի իշխանութեան դէմ: Սակայն Լեւոն Տէր Պետրոսեանն այդ պահին նոյնպէս դադարեցրեց իր հանրահաւաքները, յայտարարեց, որ դարձեալ չի ուզում խանգարել, հրապարակը թողնում է ուրիշ ուժի եւ դարձեալ գնաց տուն: Այս վերջին շրջանում ի տես Հայաստանի նախագահի կեցուածքի դրական առումով փոփոխութեան, կարծրացման, դարձեալ փողոց դուրս եկաւ Լեւոն Տէր Պետրոսեանը: Այսինքն՝ մեր քաղաքական դաշտում իր հաստատուն տեղը գտաւ Արեւմուտք-ընդդիմութիւն համակարգուած աշխատանքը: Կարծում եմ՝ սա իշխանութեան մեծ ձախողումն է: Արտաքին ճնշումը չէզոքացնելու ճիշդ ճանապարհը ճնշողի հետ լեզու գտնելը չէ, երբ ներքին ընդդիմութիւնը դադարում է աշխատել։ Ճիշդ ճանապարհն այն է, որ վերացուեն ներքին առճակատման պատճառները, ընդդիմութիւնը չյայտնուի օտար ուժի ազդեցութեան տիրոյթում:
Ինչեւէ, ստորագրուեցին արձանագրութիւնները, այսօր դրանք կան: Մենք կամ պէտք է ցունամի ունենայինք, կամ կազմակերպուած պայքար: Մենք նախընտրեցինք երկրորդը՝ սկսեցինք ՈՉի շարժումը: Այդ շարժումը ունէր մի շարք սկզբունքներ եւ առաջադրանքներ: Սա ուզում եմ յատուկ շեշտել, որովհետեւ մեր պայքարը չի վերջացել, այն շարունակւում է, դեռ վերջնական արդիւնքի չենք հասել:
Առաջին. մենք հասկացանք՝ այս արձանագրութիւնների ամենագլխաւոր վտանգը, որ կարող է լուրջ հետեւանք ունենալ, ազգի պառակտումն է: Մինչեւ այսօր էլ կրկնւում է՝ սփիւռքն այսպէս է մտածում, սփիւռքը չի ուզում, Հայաստանն ուզում է, սփիւռքը ճնշում է բանեցնում Հայաստանի վրայ: Փորձեցին բաժանարար գիծ անցկացնել մեր ժողովրդի մէջ հայրենիք-սփիւռք կտրուածքով: Ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ՝ սա դաւ է, աւելի մեծ դաւ, քան արձանագրութիւնների ստորագրումը: Որովհետեւ արձանագրութիւնները թէ սփիւռքում, թէ Հայաստանում որոշ պաշտպաններ ունեն, բայց թէ սփիւռքում, թէ Հայաստանում ընդունելի չեն մեր ժողովրդի կողմից: Եւ ով փորձում է այդ ընդունելի-անընդունելիի սահմանն անցկացնել արեւմտահայ-արեւելահայ, սփիւռք-հայրենիք բաժանումների սահմանով, նա ուզում է պաշտօնականացնել մեր ազգի ողբերգութիւնը, փորձում է մեր ազգը պառակտել, մասերի բաժանել: Ցաւօք սրտի, այս ջրաղացին նաեւ ջուր են լցնում մարդիկ, որ ակամա, առանց հասկանալու, տուրք տալով ինչ որ տեղայնական մտածողութեան, փորձում են կրկնել այն քարոզչութիւնը, թէ այո՛, սփիւռքը դէմ է, իսկ Հայաստանը՝ կողմ: Կարծում են՝ լաւ բան են անում: Լաւ բան չեն անում: Այս արձանագրութիւններին դէմ է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը, որ հաւատում է ազգային արժէքներին, որ ազգային է: Ապազգայինն ամէն տեղ էլ անտարբեր է, նրա հոգը չէ, թէ ինչ են ստորագրում:
Այս խորապատկերի վրայ փորձ է արւում խօսել նաեւ սփիւռքը առանձնաբար կազմակերպելու մասին, արեւմտահայերի համագումար ստեղծել, զանազան կազմակերպական ձեւեր են յօրինում: Խօսքս բոլորի մասին չէ, խօսքս չարամիտների մասին է, որոնք փորձում են վերջնականօրէն մեր ժողովրդի մէջ երկուութիւն մտցնել, նրա առանձին հատուածները լարել իրար դէմ: Մենք մի՞ ազգ ենք, թէ՞ տարբեր ժողովուրդների հաւաքածու: Այս քարոզչութիւնը վտանգաւոր է, եւ ես ուզում եմ, որ ամէն մարդ մասնաւոր ճիգ գործադրի ինքնազսպման, խուսափի բոլոր այն արտայայտութիւններից, որոնք կարող են ժամանակի ընթացքում էլ աւելի խորացնել մեր ժողովրդի այս բաժան-բաժան եղած վիճակը։ Ամենակարեւորը մեր ազգի մէկութեան պահպանումն է:
ՈՉի շարժումը կազմակերպուեց այնպէս, որ համընթաց, համաչափ ընթանայ մեր ժողովրդի բոլոր հատուածների համար: Քսան տարի է՝ ես ապրում եմ Երեւանում: Այս քսան տարուայ մէջ չի եղել հանրահաւաք, որին մասնակից եղած չլինեմ, եթէ ոչ ուղղակի, առնուազն հեռուից, դիտորդի կարգավիճակում: Սա ասում եմ առանց չափազանցութեան. այն ցոյցը, որ տեղի ունեցաւ Հոկտեմբերի 9ին Երեւանում, աննախադէպ էր: 88 թուականի ղարաբաղեան շարժման յայտնի հանրահաւաքներից յետոյ այդչափ ժողովուրդ դուրս չէր եկել փողոց: Եւ սա վկայութիւնն է այն բանի, որ մեր ժողովուրդը իսկապէս տարբեր հատուածներով նոյն կեցուածքն է ցուցաբերել: Այսօր Հայաստանում ստորագրահաւաք է՝ ուղղուած Ազգային ժողովի պատգամաւորներին: Մենք նրանց կոչ ենք անում դէմ քուէարկել արձանագրութիւնների վաւերացմանը: Էլեկտրոնային փոստով դիմել ենք բոլորին, իրենց մերժումն ուղարկեն: Այսօր Հայաստանում, վերջին զեկոյցը, որ լսել եմ, շուրջ 250 հազար ստորագրութիւն է հաւաքուել: Բոլորի անձնական տուեալները ստոյգ գրանցուած են: Այսինքն՝ դրանք մարդիկ են, ովքեր առանց վախենալու, հրապարակաւ իրենց ստորագրութիւնն են փոխանցել: Սա ապացոյցն է այն բանի, որ մեր ժողովուրդը յստակ կեցուածք ունի, եւ որեւէ մէկը թող չփորձի մեզ մասնատել: Ձեզանից ոչ մէկը պէտք չէ ընկնի այդ ծուղակը: Դրա համար ցունամի պիտի չլինէր, այլ կազմակերպուած շարժում:
Երկրորդ՝ ինը դար շարունակ հայկական հողի վրայ, հայկական լեռնաշխարհում մենք պետութիւն չենք ունեցել: Ինը դար յետոյ մենք պետութիւն ենք ստեղծել եւ այդ պետութեան ստեղծման առաջին օրուանից, ինը դար անց, առաջին անգամ սկսել ենք յաղթանակներ ունենալ: Ինը դար յետոյ մենք հող ենք ազատագրել, ոչ թէ հող կորցրել: Ինը դար յետոյ մենք քաղաք ենք ազատագրել, մինչ ինը դար շարունակ միայն քաղաքների կործանման պատմութիւն ենք ունեցել: Մենք պետութիւն ենք ստեղծել, պետութիւն, որն ազգային է, որովհետեւ ղարաբաղեան շարժման հիմքի վրայ ձեւաւորուած պետութիւն է: Պետութիւն, որ Հայ դատի լուծման հիմնական կռուանն է: Եթէ չլինի այդ պետականութիւնը, եթէ չլինի Հայաստանի Հանրապետութեան մէջ ապրող մեր ժողովրդի առանցքը, մեր ազգը հեռանկար չի ունենայ: Մենք ենք ստեղծել այդ առանցքը: 1918 թուականին աւերակների վրայ ծնունդ ենք տուել պետականութեան, որպէսզի կանխենք հայ ժողովրդի անկման ընթացքը: Պէտք է փայփայել, գուրգուրալ այդ պետականութիւնը, որովհետեւ նա մեր համար ամէն ինչ է՝ մեր այսօրն է, մեր վաղն է, մեր սերունդների երկիրն է: Այդ պետականութիւնը պէտք է սիրել, այդ պետականութեանը պէտք է ծառայել: Այդ պետականութիւնը բացարձակ արժէք է, այդ պետականութեան անվտանգութիւնը մեզ համար ամենագլխաւորն է: Այդ պետականութեան ինքնիշխանութեան պահպանումը մեզ համար գերխնդիր է: Եթէ դրանք վտանգում են արտաքին ուժերը, մենք պէտք է կանգնենք այդ ուժերի դէմ: Եթէ մեր իշխանութիւնն է վտանգում, այդ իշխանութեանը պէտք է կեցուածք ցոյց տանք:
Մենք 70 տարի ունեցել ենք Խորհրդային Հայաստան Խորհրդային Միութեան կազմում: Այդ միութիւնը, իր բացասական բոլոր կողմերով հանդերձ, մի բան առնուազն մեզ համար նշանակում էր. մեր երկիրն ու ժողովուրդը, գոյութեան հարց չունէր, ապահով էր: Եւ սովորեցինք չմտահոգուել մեր երկրի անվտանգութեան հարցերով, ռազմավարական կարիքների հարցերով, զարգանալու իրական պայմաններ ունենալու հարցով: Այսօր մեր երկիրը նորաստեղծ է, հեշտ խոցելի: Մենք պէտք է միս ու արիւն տանք այդ պետութեանը: Գիտեմ՝ շատ նուրբ է հակաիշխանական լինելու եւ հակապետական դառնալու սահմանը: Սայթաքում պէտք չէ ունենաք, որովհետեւ մենք ենք մեր պետութեան իսկական տէրը: Մենք ենք այդ երկրի վաղուայ առաջնորդը: Մենք ենք տէրը մեր երկրի, իշխանութիւնները ժամանակաւոր են:
Երրորդ՝ Արցախի հարցն էր նաեւ այն պատճառը, որ այս պոռթկումը պէտք չէ ցունամիի վերածուէր, այլ մնար որպէս ՈՉի նպատակային շարժում: Վրաստան-Ռուսաստան պատերազմից յետոյ Հայաստանը ենթակայ էր մեծ կաշկանդումների: Գիտէ՞ք, թէ մենք Ղարաբաղում ինչու յաղթեցինք: Մի պատճառով միայն յաջողեցինք, որովհետեւ Ատրպէյճանը գրեթէ քայքայուած էր՝ ներքին առճակատման մէջ: Իսկ Հայաստանը քաղաքական իմաստով կայուն էր: Ինը դար յետոյ մեր ժողովուրդը մի հարցում կարողացաւ դրսեւորել միասնական կեցուածք. Ղարաբաղի հարցում, որովհետեւ բոլորն ունեցան մէկ կեցուածք՝ ղարաբաղցի, ջաւախքցի, հայաստանցի, սփիւռքահայ: Այսօր եւս, երբ կայ պատերազմի վտանգ, մենք մեր քայլերը այնպէս պէտք է անենք, որ եթէ դարձեալ խնդիր առաջանայ, կարողանանք կողք-կողքի կանգնել: Այսօր պէտք չէ անենք մի բան, որը մեզ վաղը խանգարի կանգնելու կողք-կողքի:
Չորրորդ՝ մեծ պետութիւնները, Թուրքիան յաճախ մտածում են՝ այս Ցեղասպանութեան հարցը որտեղից ծագեց: Ո՞վ է շահագրգռուած այս հարցով: Եւ սկսում են պատկերացնել, թէ ինչ որ տեղ կայ ինչ որ կենտրոն, որը ծրագրում, հրահրում, ֆինանսաւորում, հրահանգաւորում է այդ ամէնը: Եւ եթէ այդ կենտրոնի հետ իրենք կարողանան լեզու գտնել, կը ձերբազատուեն Ցեղասպանութեան հարցի միջազգային հետապնդումից: Մենք պէտք է ապացուցենք, որ Ցեղասպանութեան հարցը մեր ժողովրդի հարցն է, եւ չկայ որեւէ կենտրոն, ոչ աշխարհում, ոչ էլ հայկական իրականութեան մէջ, որ կարողանայ Ցեղասպանութեան հարցը առեւտրի նիւթ դարձնել: Պէտք է կարողանանք ապացուցել, որ Հայաստանի իշխանութիւնը ի վիճակի չէ Ցեղասպանութեան հարցը առեւտրի նիւթ դարձնել: Պէտք է կարողանանք ապացուցել, որ Ցեղասպանութեան հարցից ձերբազատուելու ճանապարհը ոչ Հայաստանի իշխանութեան հետ բանակցելն է, ոչ սփիւռքի հետ բանակցելը: Այդ հարցից ձերբազատուելու ճանապարհը միջազգային ճանաչումը, ընդունումն է եւ հատուցումը:
Մենք յաջողեցինք: Շատ դժուար էր յատկապէս արձանագրութիւնների ստորագրումից յետոյ: Հայ Դատի հետապնդման պայքարը շատ էր դժուարացել: Յաճախ զեկուցում էին շրջաններից, թէ այլեւս անկարելի է, ոչ ոք չի համաձայնւում, ամէն մարդ պատճառաբանում է, թէ չի ուզում վնասել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին: Բայց ի պատիւ Հայ Դատի յանձնախմբերի, մեր ժողովրդի զանազան հատուածների, մենք կարողացանք այդ նպատակը եւս նուաճել: Եւ այսօր մէկ այլ իրականութեան առջեւ ենք կանգնած: Թուրքիան համոզուեց, որ Ցեղասպանութեան ճանաչումը անկասելի ընթացք է, այն հնարաւոր չէ կասեցնել:
Հինգերորդ՝ ինչպէս ասացինք՝ ֆութպոլային դիւանագիտութիւն հետապնդած նպատակները հակահայկական չէին: Ցաւն այն էր, որ այդ նպատակների իրագործման համար ճիշդ բանակցութիւններ տեղի չունեցան։ Մենք ի սկզբանէ համոզուած էինք, որ մեր մէջ մենք թշնամիներ չունենք, դաւաճաններ չունենք եւ պէտք է պահենք իշխանութեան միջից իշխանութեան վրայ ազդելու հնարաւորութիւնը: Պէտք է պահենք ներքին երկխօսութեան հնարաւորութիւնը: Եւ այսօր նաեւ մեր այդ կեցուածքն է պտուղներ տուել: Եթէ այսօր մենք ունենք նախագահի դրական ուղերձը, եթէ այսօր մենք ունենք Սահմանադրական Դատարանի որոշումը, դա նաեւ այդ աշխատանքի արդիւնքն է: Մենք պայքարել ենք վճռակամ, բայց առանց թշնամանալու: Սակայն բոլորը մեր շնչի հետեւում տեսել են ցունամիի վտանգ եւ դա զգաստ է պահել բոլորին:
Ինչ ենք այսօր ստացել: Այսօր Թուրքիան իր վերջին ճիգն է թափում հայկական կողմին զիջումներ պարտադրելու Ղարաբաղի հարցում: Թւում է, թէ հայկական կողմը այլեւս հասկացել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ինքն էր պատկերացնում, այլ այն երկիրն է, որ Դաշնակցութիւնն էր ներկայացնում: Եւ փորձ է արւում, կարծես, գնալ ինքնասրբագրման: Փորձ է արւում առնուազն Ցեղասպանութեան հարցով մաքրել թիւրիմացութիւնները: Բայց մենք պէտք չէ հանգստանանք: Այս քայլերը, կատարուած վերջին յայտարարութիւնները նուազ արժէք ունեն, քան արդէն իսկ ստորագրուած փաստաթուղթը: Եւ այս յայտարարութիւնները պէտք չէ փափուկ բարձ դառնան մեզ համար: Մենք պէտք է շարունակենք պայքարը մինչեւ այն պահը, երբ Հայաստանի իշխանութիւնը հետ կը քաշի իր ստորագրութիւնը այդ փաստաթղթից եւ նոր բանակցութիւններ կը սկսի Թուրքիայի հետ: Այս յայտարարութիւնները մեզ ինչ որ չափով գոհացնում են, բայց, բաւարար չեն, պէտք չէ օրօրուենք այդ յայտարարութիւններով: Մենք պէտք է հասկանանք՝ վտանգն առկայ է, վտանգը կախուած է մեր գլխին մինչեւ այն պահը, քանի դեռ Հայաստանի իշխանութիւնները քաղաքական կամք չեն դրսեւորել եւ ետ չեն վերցրել իրենց ստորագրութիւնը այդ չարաբաստիկ արձանագրութիւններից: