ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Անցեալ ամիս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը Ստամբուլում 13րդ Եւրասիական տնտեսական գագաթնաժողովի ժամանակ յայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է երկրում արդիւնահանուող գազի 50 տոկոսը ուղղել «Նաբուկօ» նախագծին, գազամուղ, որը սկիզբ է առնում Կենտրոնական Ասիայում:
Ադրբեջանցու այս յայտարարութիւնը անսպասելի էր, քանզի Բաքուն շատ երկար տատանւում էր իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցում մի նախագծում, որը շրջանցում է Ռուսաստանը եւ, ըստ Մոսկուայի՝ հակառուսական ուղղուածութիւն ունի:
«Նաբուկօ» նախագծի շրջանակներում նախատեսւում է շուրջ 3300 կիլոմետր երկարութեամբ գազամուղի մագիստրալի (գլխաւոր խողովակաշար-Խմբ.) կառուցել, որն սկսուելու է Թուրքմէնստանից, անցնելով Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով մինչեւ Կենտրոնական Եւրոպայի երկրներ, նախեւառաջ՝ Գերմանիա եւ Աւստրիա: Նախագծի մասնակիցներից իւրաքանչիւրը 16.67 տոկոս բաժնեմաս ունի:
Ադրբեջանի կասկածները պայմանաւորուած էին Ռուսաստանի հանդէպ զգուշաւոր քաղաքականութեամբ, որը տարածաշրջանի խոշոր քաղաքական խաղացող է, որի ազդեցութիւնը բաւականին մեծ է շատ տեղական հիմնախնդիրների, ի թիւս որոնց՝ ղարաբաղեանի վրայ:
«Չշտապելու» եւս մէկ պատճառ էր Թուրքիայի դիրքորոշումը այս նախագծում արդէն իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցի վերաբերեալ: Թուրքիայի ծովային եւ ցամաքային սահմաններին են հատւում տարբեր քաղաքական բովանդակութիւն ունեցող միանգամից մի քանի հեռանկարային նախագծեր:
«Նաբուկօ» նախագծին աջակցում են ԱՄՆը եւ Եւրոպան, սակայն ոչ Ռուսաստանը, այն դէպքում, երբ «Հարաւային հոսք» նախագծին (Սեւ ծովով ռուսական եւ միջինասիական գազի մատակարարում Եւրոպա) աջակցում են Ռուսաստանը եւ Իտալիան:
Իր աշխարհագրական դիրքից օգտուելով՝ Թուրքիան կարող է նախընտրել այս կամ այն նախագիծը՝ կախուած իր քաղաքական շահից:
Այս հարցը քննարկուել է դեռ Յունուարին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկուա կատարած այցի եւ իր ռուս պաշտօնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Էրդողանը Մոսկուային առաջարկել է «Հարաւային հոսք»ի օգտին հնարաւոր որոշում ընդունելու դիմաց մէկ փաթեթում քննարկել ղարաբաղեան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարը:
Մոսկուան չէր թաքցրել իր սպասումները, որ Անկարան կը նախընտրի ռուս-իտալական նախագիծը, սակայն ոչ «ի հաշիւ հայկական գործարքի»:
Ռուսաստանի իշխանութիւնները յիշեցրեցին, որ Մոսկուան եւ Անկարան, բացի «Հարաւային հոսքից», կապում են նաեւ այլ լայնածաւալ նախագծեր՝ Սամսուն-æէյհան նաւթամուղի կառուցումը, «Երկնագոյն հոսք» գործող գազամուղը, ինչպէս նաեւ հեռանկարային «Երկնագոյն հոսք-2»ը, որը պէտք է ռուսական գազ մատակարարի մինչեւ Կիպրոս, Իսրայէլ, Լիբանան, Սիրիա:
Մոսկուայի կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել այդ «մերձեցման գործօններին», այլ ոչ թէ «բաժանող գործօններին»:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ բանակցութիւններից անմիջապէս յետոյ յայտարարեց, որ «չպէտք է մէկ փաթեթում շաղկապել ղարաբաղեան հակամարտութեան լուծումը եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը»:
Այդ կերպ Պուտինն ընդդիմացել է թուրքական առաջարկին, եւ պատահական չէ, որ նոյն օրը Երեւան այցելեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լաւրովը:
Եւ հէնց Մոսկուայում անյաջող բանակցութիւններից յետոյ թուրքական շրջանակներն սկսեցին աւելի շատ հակուել «Նաբուկօ» նախագծի կողմը:
Թուրքիան հիւրընկալել էր 13րդ Եւրասիական տնտեսական գագաթնաժողովը, որտեղ պարզ դարձաւ, որ «Նաբուկօ»ի շինարարութիւնն առանց ձգձգումների սկսուելու է 2011 թ.:
Այս մասին թուրքական CNBC բիզնես հեռուստաալիքին տուած հարցազրոյցում հաղորդել է «Նաբուկօ»ի պաշտօնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը: Նա նաեւ վստահեցրել է, որ գազամուղը կաշխատի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակութեամբ:
Դոլեզալի խօսքով՝ «Նաբուկօ»ի շինարարութեան ծախսերի 70 տոկոսը կը փոխհատուցեն ֆինանսական հաստատութիւնները, 30 տոկոսը՝ կոնսորցիումի մասնակիցները:
«Եւրամիութիւնն արդէն 200 միլիոն եւրօ վարկ է տրամադրել»,- ասել է Դոլեզալը: «Նաբուկօ» նախագիծը գնահատւում է 7,9 միլիարդ դոլար:
«Նաբուկօ»ի համար գազի հաւանական մատակարարների թւում Դոլեզալը նշել է Թուրքմէնստանը, Ադրբեջանը եւ Իրաքը:
Ադրբեջանի ամենամեծ ցանկութիւնն իր վառելիքի միջոցով Եւրոպային ինտեգրուելն (միանալը-Խմբ.) է: Դրանով նա բարձրացնում է իր նշանակութիւնը մի շարք եւրոպական երկրների համար եւ երաշխաւորում կայուն ֆինանսական ներհոսք:
Սակայն, միւս կողմից էլ, Ադրբեջանի տնտեսական զարգացումը կախուած է միայն վառելիքի շուկայական փոխարժէքից, եւ գների կտրուկ անկումը կարող է տնտեսական ճգնաժամի յանգեցնել:
Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը, անկախ իրենից, աւելի նուազագոյնի է հասցնում Հայաստանի դէմ նոր պատերազմի հնարաւորութիւնը, քանի որ նոր միջազգային համաձայնագրերը պարտաւորեցնում են նրան կայուն մատակարար լինել:
«Արմենիանաու»