«ԱՍՊԱՐԷԶ».- «Համազգային»ի Կլէնտէյլի Յովհաննէս Թումանեան Մասնաճիւղի կազմակերպութեամբ Կիրակի, Մայիս 23ին գրական երեկոյ մը տեղի պիտի ունենայ նուիրուած՝ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանին: Ձեռնարկի մասին յաւելեալ տեղեկութեանց համար տեսնել էջ 4ի վրայ լոյս տեսած յայտարարութիւնը:
Գրականագէտներին եւ հասարակութեանը յայտնի է բանաստեղծ՝ Ալիսիա Կիրակոսեանը: Ծնուել է Արգենտինայում, եղեռնից վերապրած Կիրակոսեան ընտանիքի մէջ: 1971 թուականից, բնակուել է Ամերիկայի Միացեալ Նահանգների՝ Լոս Անջելըս քաղաքում:
Համալսարանական կրթութեամբ իրաւաբան է, սակայն նա խորապէս առաջացած է արուեստի ու գրականութեան բնագաուառներում , եւ հռչակուած որպէս՝ հանրածանօթ բանաստեղծ:
Արուեստի բնագաւառում արդէն համբաւ վաստակած բանաստեղծը 1993թուականին, Բրազիլիայի Սան Պաբլոյի պետական համալսարանի մէջ պաշտպանել է դոկտորականը՝ գրականութեան ոլորտի մէջ, եւ արժանացել այդ կոչումին:
Կիրակոսեան ստեղծագործել է երեք լեզուներով՝ իսպաներէն, անգլերէն եւ հայերէն: Հեղինակն է 44 հատոր բանաստեղծութիւնների: Նրա ստեղծագործութիւնները թարգմանուել են իսպաներէն, անգլերէն, ֆրանսերէն, հայերէն, ռուսերէն, արաբերէն պորտուգալերէն, եւ շուեդերէն լեզուներով:
Արտայայտութիւններ՝ բանաստեղծուհու մասին.՝
«Ալիսիա Կիրակոսեան իր խօսքերի համադրութեան եւ հաւասարակշռութեան մէջ, պարփակում է կեանքի եւ մահուան գերագոյն խաղը տիեզերքի մէջ: վերանորոգիչ մի լեզու, տարբեր կշռոյթով գիտակցական մի ամբողջականութիւն՝ սահմանում են, որ նա ներկայիս համարուի հարաւային Ամերիկայի բանաստեղծների առաջնորդը»: «Լա ոս դէլ ինտերիօր» օրաթերթ,Կորդովա, Արգենտինա, 1967:
«Ես կեանքումս ոչ ոքի չեմ խանդել, բայց երբ կարդացի Ալիսիայի «Ոտաբոբիկ Աստուած»ը խանդ զգացի որ նա կին է: Միայն մի կին, մի խորունկ կին կարող է այդ տողերը գրել»:
Պարոյր Սեւակ, Երեւան 1967:
«Տողերի տակից իսկ բարձրացաւ ինքը՝ նորին մեծութիւն պոէզիան՝ վաւերականը, ճշմարիտն, հրաշալին, զտարիւն պոէզիայի լոյս էր խաղում այդ տողերի մէջ՝ իր հետ բերելով մարդկային սէրն ու թախիծը, յուզումն ու տառապանքը, զարմանքն ու հաուատքը: Դրանք տողեր էին, որոնք թափանցում էին սրտիդ ու մտքիդ այն խորշերը, որոնց մուտքը մատչելի է միայն մեծ զգացմունքով ու մեծ մտքերով շաղախուած պոէզիային: Մի հարուստ աշխարհ, մի խորունկ էութիւն: 20րդ դարի մարդն էր խօսում ինձ հետ: Նա, յիրաուի, կարողանում է բացայայտել մարդկային հոգում ապրող մոգականն ու խորհրդաւորը, լուսաւորել ամենանրբին զգացումները, զարմանալիօրէն ներդաշնակել խոհն ու զգացմունքը»:
Վահագն Դաւթեան, մրցանակակիր բանաստեղծ, Հայաստան 1967:
«Եթէ արուեստը եւ արտաքին ձեւը դրսերեւոյթի շքեղանք են, Ալիսիայի բանաստեղծութեան ադամանդեայ հարստութիւնը՝ խորքի, խորունկ ապրումի ու ներաշխարհային զգացումներու մէջ թաքնուած է. կը պսպղայ ընթերցողի աչքին, կը թափանցի հոգիի խորքը եւ փիլիսոփայական խորհրդածութեան մը կը մղէ լայն հորիզոններ ընդգրկող մարդը: Դարաւոր անջրպետ մը առած է իր հոգիին մէջ, կերտելով մթնոլորտ մը մարդէն, քարէն, հողէն ու հայրենիքէն կազմուած, եւ առօրեայ ապրումը տարածած է անհաշիւ դարերու խորքը»:
«Բագին» գրական ամսագիր, Բէյրութ, Լիբանան, Կարօ Սասունի, հրապարակագիր, 1969:
Ամբողջական երկերի բնութագրում.
13 գլուխներից է բաղկացած հատորը: Գրքի հրատարակիչն է Աբգար Ափինեանը, խմբագիր՝ Սէթ Կուրազեան, գեղարուեստական խմբագիր՝ Սամուէլ Սեւադա եւ համակարգչային ձեւակերպող՝ Գարեգին Սարգսեան: Գրքի գլուխները վերնագրուել են՝.
ա. «Հարցազրոյց Աստծոյ հետ» , հինգ բաժիններով, որտեղ հնարաւոր է ընթերցել մի շարք բանաստեղծութիւններ՝ գողտրիկ, խորաթափանց եւ խօսուն, որոնց թիւը շուրջ 140ի է հասնում : Ահա հեղինակի կարծիքը՝ նոյն առնչութեամբ. «Այս բանաստեղծութիւնների հատորը կոչւում է ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ՝ բայց պարզ մի հարցազրոյցից այն կողմ է գնում. մի զանգուած է հարցումների, բողոքների, փորձառութիւնների, խոստովանանքների, աղօթքների, վախերի, աղերսանքների, բացուող ու փակուող վէրքերի, երազի ուրուագծերի, ներքին զրոյցների, թրթռացումների, վերլուծումների, Աստծոյ հետ մենախօսութիւնների կամ բառերով ճամբորդութիւնների: Յուսով եմ, որ կը կարողանամ ընթերցողներին փոխանցել ապրումներս եւ ընկալումներս, ու քաշել նրանց դէպի տիեզերքս, որպէսզի կարողանան հետս բաժանել այն,ինչ որ տեսել եմ, մտածել կամ զգացել»:
Մէջբերում հատորից.
Հիմա խնդրում եմ
որ լսես ինձ
Տէր:
Դու՝ որ այն կողմն ես
լոյսն ատոմներիդ
արտօնիր այս անակնածանքն իմ
հարցազրոյցն իմ այս
որ բազմաձայն մենախօսութեամբ
կերտում եմ հարցումներով
բողոքներով
կամ պարզ աղերսանքներով
ու բեկանուած պատասխաններով
որոնք համարձակւում եմ
քո առաջ պարզել
անդնդային մենութեանս մէջ:
Դու՝ որ ձեւակերտողն ես
անսահմանութեան
եւ արարիչը
մեր սահմանուած կեանքի
օգնի՛ր մեզ որսալ
ակունքը ճշմարտութեան:
Ողողիր մեզ նրա էութեամբ
որ կարողանանք մերժել
արմատները չարիքի:
բ. «Խորան», չորս բաժինների մէջ է տեղադրուած բանաստեղծութիւնները: Նախաբանի մէջ կարդում ենք. «Հայրենիք այցելելուց յետոյ հայ լինելը այլեւս ոչ ընտրութիւն էր, ոչ էլ որոշում, այլ՝ անխուսափելի մի կնիք ճակատիս վրայ, առանց որի ես ինքս չէի այլեւս:
Արտասանութեան կամ երգի միջոցով, քերթուածներս հնչեցին հայերէնով: Ժողովուրդս ընդունեց ինձ որպէս հարազատ զաուակ եւ բարձրացրեց՝ իր սրտի հասակին: Այնուհետեւ, այդ սիրոյ մագնիսական գերին եւ մոլին դարձայ: Ահա մի բանաստեղծութիւն այս բաժնից.
Ուզում եմ ընկալել
ձգողութիւնը հոգուդ
եւ յայտնաբերել
մի ուրիշ միասնութիւն:
Գուցէ ճանաչում եմ քեզ
անցեալի բոցերից
բայց ամէն մի կեանք ունի
վայելքի մի պահ
եւ այս՝ կարող է
այն պահը լինել:
Գրկի՛ր ինձ
եւ թող որ մեր մէջ
տարածութիւնը հալուի:
Գրկի՛ր ինձ
եւ թող որ այնպէս
մի համանուագ ծնուի:
Տիեզերքը սպասում է
նոր սիրոյ ալիքների:
գ.«Արմատ եւ էութիւն», երկու բաժիններով: Հեղինակն իր հայերէն առաջին գիրքը վերնագրել է այս անուամբ եւ այդ մասին այսպէս է արտայայտւում նա.
«Հայրենիքը սրտբացօրէն ընդունեց ինձ, եւ այդ սիրոյ ուժով կարողացայ դէմ առ դէմ գալ արմատիս եւ էութեանս. այդ պատճառով, հայերէն հատորս, որ լոյս տեսաւ երբ հայ հողի վրայ էի գտնւում, կոչեցի ԱՐՄԱՏ ԵՒ ԷՈՒԹԻՒՆ»:
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
ՔՈՒԱՆՏԱՅԻՆ
Գրքի վերջին բաժինն է, որի կապակցութեամբ թէ հատորին խմբագիր՝ Աբգար Ափինեանն է նախաբան գրել եւ թէ Ալիսիա Կիրակոսեանն ինքը: