ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, «Թուֆենկեան հիմնադրամ»ի եւ լիբանանեան դրամագլխով Կիպրոսում գրանցուած ARI (Artsakh Roots Investments) ընկերութեան միջեւ օրերս Ստեփանակերտում ստորագրուել է պայմանագիր, համաձայն որի՝ առաջիկայ շաբաթներին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (ընդգրկում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի տարածքները՝ մինչեւ Արաքսի ափ) գիւղացիները հնարաւորութիւն կը ստանան գրաւիչ տոկոսադրոյքերով ստանալ գումարներ՝ անասնապահութիւնը եւ գիւղատնտեսութիւնը զարգացնելու նպատակով:
Եռակողմ պայմանագիրը ստորագրելու նպատակով Ստեփանակերտ էին ժամանել ARI-ի բաժնետէրերից Մելքոն Յակոբեանն ու Մասիս Ալեքսանդրեանը, ովքեր նաեւ Լիբանանի ե «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներն են: Ստեփանակերտում գտնուելու մօտ մէկ շաբաթուայ ընթացում, պայմանագիրը ստորագրելուց բացի, Յակոբեանն ու Ալեքսանդրեանը հանդիպումներ են ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանի, ընկերային ապահովութեան, առողջապահութեան եւ կրթութեան նախարարների հետ:
«Արցախ մեր այս այցելութեան նպատակն էր շարունակել այն գործընթացը, որ սկսուել էր 2009ի Օգոստոսին, երբ Լիբանանից Քաշաթաղ էին մեկնել մի խումբ գործարարներ: Սկզբունքով նրանք եկել էին «Թուֆենկեան հիմնադրամ»ի 7-8 նախաձեռնութիւններից մի քանիսը ընտրելու, բայց ԼՂՀ վարչապետի հետ նախորդ տարուայ հանդիպումից յետոյ, նրա հետ խորհրդակցաբար, մեր գործունէութեան ուղին շրջուեց: Մենք հասանք այն համոզման, որ աւելի լաւ կը լինի մեր ներդրումը կատարենք Քաշաթաղի գիւղերի զարգացման ծրագրերի մէջ, Երեւանում «Ազդակ»ի (թղթակցին) հետ զրոյցում ասաց Ալեքսանդրեանը:
Երկու տարի առաջ՝ 2008 թուականի Մարտի 28-30ին Բերձոր (Լաչին) քաղաքում «Թուֆենկեան հիմնադրամ»ը ԼՂՀ պետական հովանաւորութեամբ եւ նախագահ Բակօ Սահակեանի մասնակցութեամբ կազմակերպել էր համահայկական խորհրդաժողով՝ նուիրուած Քաշաթաղի բարգաւաճմանը: Հայաստանից եւ Սփիւռքից խորհրդաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնեակ քաղաքական, մշակութային, կրօնական եւ բարեսիրական կազմակերպութիւններ, որոնց թւում իր պատշաճ ներկայութիւնն ունէր նաեւ «Արցախ» ֆոնտը: Խորհրդաժողովի նպատակն էր համայն հայութեանը ծանօթացնել Քաշաթաղի խնդիրները, կարիքները, դժուարութիւններն ու շրջանի ռազմավարական կարեւորութիւնը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ Հայաստան-ԼՂՀ ցամաքային կապի ամրապնդման տեսանկիւնից: Խորհրդաժողովը նպատակ ունէր Հայաստանի եւ սփիւռքի գործարարներին ներկայացնելու Քաշաթաղում ներդրումներ կատարելու հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ՝ բարձրացնել Քաշաթաղում հաստատուած մօտ 8000 բնակիչների կենսամակարդակն ու բարոյական ոգին, նրանց զգալ տալ, որ միայնակ չեն: Հէնց այդ խորհրդաժողովի գործնական եւ առարկայական արձագանգը կարելի է համարել լիբանանահայ գործարարների՝ 2009ի Օգոստոսին կայացած այցը Քաշաթաղի շրջան:
Մասիս Ալեքսանդրեանը պատմում է. «Մենք Կիպրոսում ստեղծեցինք մի ընկերութիւն, որը ունի ARI անունը, Artsakh Roots Investments: Շուրջ 15 գործարարներ իրենց ներդրումը կատարեցին, կազմեցինք եռակողմ պայմանագիր ARIի, «Թուֆենկեան հիմնադրամ»ի եւ Արցախի պետութեան միջեւ: Փոխատուն ARIին է, փոխառուն՝ հիմնադրամը, իսկ Արցախի պետութիւնը երաշխաւորն է: Մեր այդ այցելութեան ընթացքում ստորագրեցինք պայմանագիրը, բոլոր կողմերն էլ շատ խանդավառ եւ ոգեւորուած են եւ առաջիկայ շաբաթուայ ընթացքում պէտք է յառաջիկայ 100 հազար տոլարը փոխանցենք: Այս գումարը կը տրամադրուի գիւղացիներին 3000ից 5000 տոլար չափաբաժիններով: Յետագայում մենք պէտք է ուղարկենք գումարների միւս բաժինները: Վարչապետ Արա Յարութիւնեանը մեզ հաւաստիացրեց, որ շատ մօտիկից կը հետեւի եւ կը վերահսկի այդ աշխատանքներին, որպէսզի ձախորդ դէպքեր չլինեն, եւ այս մեր ներդրումը դրական արձագանգ ունենայ սփիւռքի այլ հետաքրքրուող անձանց մօտ»:
Հայկական սփիւռքը մինչեւ վերջերս լուրջ հետաքրքրութիւն չէր դրսեւորել Քաշաթաղի շրջանի զարգացման նկատմամբ: Ներդրումներ գրեթէ չեն կատարուել: Բացառութիւն է կազմում զուիցերիահայերի մի ընկերութիւն, որը Մելիքաշէն գիւղում կառուցել է հիւրանոց, վերականգնել տեղի մելիքական ապարանքները: Վերջին տարիներին եւ որպէս բարեսիրութիւն, եւ որպէս պիզնըս նախագծեր հետաքրքութիւն են դրսեւորել «Թուֆենկեան» ու Լիբանանի «Արցախ» հիմնադրամները: Artsakh Roots Investmentsի նախաձեռնութիւնը կարելի է անուանել ամենալուրջ ներդրումային ծրագիրը: Ինչպէս նշում են ARIի բաժնետէրերը, յաջողութեան դէպքում այս ծրագիրը կարող է վարակիչ լինել սփիւռքի այլ գաղութներում:
Մելքոն Յակոբեանն ու Մասիս Ալեքսանդրեանը Արցախում գտնուելու առիթն օգտագործելով՝ հանդիպել են ԼՂՀ ընկերային ապահովութեան նախարարի հետ՝ քննարկելու «Արցախ» ֆոնտի «Նոր կեանք, նոր յոյս» ծրագիրը: Արդէն երրորդ տարին է, որ ֆոնտը ԼՂՀ ազատագրուած, ռազմավարական առումով կարեւոր շրջաններում բնակուող ընտանիքներին տրամադրում է կթու կով, երբ նրանց ընտանիքում ծնւում է երրորդ եւ յաջորդ երեխան:
«Այս տարուայ համար մինչեւ այսօր կովեր ստանալու աւելի քան 90 դիմում է ներկայացուել: Մեր մէջ վախ ու հաճոյք կայ, որ այս տարի դիմումների թիւը 200ից պիտի անցնի: Կթու կովեր գնելու համար գումարները հաւաքում է ամենապարզ խաւը՝ տարեկան մօտաւորապէս 40 տոլար մասնակցութեամբ: Մարդիկ ներքին գոհացում են ստանում Արցախի վերաշինման գործին մասնակցութիւն ունենալու համար: Լինում են նաեւ այլ նուիրատուութիւններ, բաւական մեծ ճիգ է պահանջւում», ասաց Մելքոն Յակոբեանը:
Ազատագրուած տարածքներում մարդիկ ունեն բազում դժուարութիւններ: Նրանց մի մասը մինչ այսօր էլ ապրում է զրկանքներով, երեխաների մի մասը թերսնւում է, չկան մարդու համար ապրելու արժանապատիւ պայմաններ, ճանապարհները բարւոք չեն: Կարող է թուալ, թէ մէկ կովը այս մարդկանց կեանքում լուրջ փոփոխութիւն չի կարող կատարել: Ֆինանսական իմաստով, անշուշտ, մէկ կովը չի կարող կտրուկ փոխել ազատագրուած տարածքներում բնակուող մարդկանց ընկերային վիճակը: Բայց «Արցախ» ֆոնտի գործունէութիւնը, ֆինանսականից զատ, կարեւոր է առաջին հերթին բարոյական եւ հոգեբանական իմաստով: Ազատագրուած տարածքներում բնակուող մարդիկ նախ եւ առաջ ունեն ուշադրութեան ու հոգատարութեան կարիք:
«Մեր նպատակն է սփիւռքահայերի մէջ ցանել հայրենեաց տուրքի գաղափարը: Անգամ եթէ դա լինի ամսական մէկ կամ երկու տոլար: Այո, ճիգ է պահանջւում, բայց կարծես թէ գաղափարը տարածւում է: Միայն անցեալ տարի «Նոր կեանք, նոր յոյս» ծրագրով մենք բաժանեցինք 146 կով: Այդ ծրագիրը շարունակելու եւ աւելի յստակ շրջագիծ գծելու նպատակով մենք հանդիպեցինք ԼՂՀ ընկերային ապահովութեան նախարարի հետ», ասաց Մասիս Ալեքսանդրեանը:
2009 թ. Օգոստոսին լիբանանահայ գործարարների խումբը այցելել էր Կովսականի քաղաքային հիւանդանոց, որը սպասարկում է Քաշաթաղի շրջանի հարաւային գօտու երկու տասնեակ գիւղերի աւելի քան երկու հազար բնակիչների: Այդ հիւանդանոցում, որը նաեւ ծննդատուն է, պայմանները հեռու էին գոհացուցիչ լինելուց: Որոշուեց ինչ-որ օգնութիւն տրամադրել այդ հիւանդանոցին, որպէսզի պայմանները դառնան տանելի:
«Այդ նպատակով մեր այս այցելութեան ընթացքում հանդիպեցինք նաեւ ԼՂՀ առողջապահութեան նախարարի հետ: Անցեալ տարի, երբ եղանք Քաշաթաղի հարաւում, այնտեղ՝ Կովսական գիւղաքաղաքում, մեր գործարարները ծանօթացան շրջանի հիւանդանոցի ոչ այնքնան բաղձալի պայմաններին: Որոշուեց նորոգութիւններ կատարել, մեր գործարարները ծախսերն իրենց վրայ վերցրեցին: Այս հանդիպման ընթացքում առողջապահութեան նախարարն առաջարկեց մի քիչ աւելի փոփոխութիւններ իրականացնել, որպէսզի առաջիկայ տասը տարիներին հիւանդանոցը ծառայի մարդկանց: Այդ ծրագիրն էլ պիտի սկսի», ասաց Մասիս Ալեքսանդրեանը:
Զանազան այլ հանդիպումների արդիւնքում որոշուել է նաեւ զարկ տալ Արցախում զբօսաշրջութեան զարգացմանը: Մասնաւորապէս, նախնական ծրագիր կայ Տիգրանակերտի պեղումների մասին պատմող ցուցահանդէսը տեղափոխել Պէյրութ, որպէսզի ներկայացուի Տիգրան Մեծ հայոց արքայի կառուցած քաղաքի պատմութիւնը, որը արդէն մի քանի տարի շարունակուող պեղումների արդիւնքում դուրս է բերւում հողից: Մելքոն Յակոբեանն ասաց, որ վերջերս Պէյրութում Արցախեան շաբաթ է անցկացուել, ինչը մեծ ոգեւորութիւն է առաջ բերել գաղութում: Նրա խօսքերով, հաւանաբար անհրաժեշտ կը լինի նման շաբաթները կրկնել:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Սիվիլիթաս հիմնադրամի
փորձագէտ
Յատուկ «Ազդակ»ի համար