ԱԼՎԱՐԴ ՈՒԶՈՒՆԵԱՆ
Մայիսի 16ին, Արշակ Տիգրանեան վարժարանում մեծ ոգեւորութեամբ անցկացուեցին մարզական խաղեր: Դպրոցի մարզական յանձնախումբը բաւականին նախապատրաստական աշխատանքներ էր տարել այդ օրը՝ աշակերտներին եւ ուսուցիչներին ուրախ ու ոգեւորութեամբ լեցուն պահեր պարգեւելու համար: ԱՄՆի, Հայաստանի եւ վարժարանի օրհներգներից յետոյ յայտարարուեց մարզահանդէսի բացման սկիզբը: Մարզիչ Ռուտոլֆ Ռամեհ կազմակերպել էր միջդասարանային մարզական մրցումներ, որտեղ տարբեր մարզական խաղերի միջոցով աշակերտներ ցոյց տուեցին իրենց մարզական հմտութիւնները եւ միշտ յաղթանակի պատրաաստ ոգին:
Ա. Տիգրանեան վարժարանի «առիւծները» բաժանուած էին երկու խմբերի՝ Արարատ եւ Արագած, որոնք պարբերաբար ցուցադրում էին իրենց ուժերը նետումների, կարճ ու երկար տարածութեան վազքի, պարանաձգութեան, ֆութպոլային եւ պասքեթպոլային խաղերի մէջ: Մանկապարտէզի եւ նախամանկապարտէզի խմբերը աչքի ընկան հեծանիւային մրցումներով ու վազքով: Մարզական խաղերի կազմակերպման մէջ իր մեծ աջակցութիւնը ցուցաբերեց Արշակ Տիգրանեան վարժարանի մարզական յանձնախումբը՝ յանձն առնելով այդ օրուան հիւրասիրութիւնը:
Մարզական յանձնախմբի ջանքերին շնորհիւ յաղթող աշակերտներին յանձնուեցին գաւաթներն ու մետալները: Ուսուցիչների խրախուսութեամբ աշակերտների աճող ոգեւորութիւնը աւելի աշխոյժ էր դարձնում մարզական խաղերի ընթացքը: Փայլուն արդիւնք ցուցաբերեցին այն աշակերտները, որոնք փորձառութիւն էին ձեռք բերել ՔԱՀԱՄի մարզական խաղերին: (ՔԱՀԱՄի խաղերի ժամանակ մեր վարժարանը շահեց ֆութպոլի առաջնութեան գաւաթ եւ ոսկեայ, արծաթեայ ու պրոնզէ մետալներ՝ փինկ-փոնկի եւ այլ մրցումների մէջ: Նոյնպէս մեր կրտսեր աշակերտների խումբը ՀԲԸ միութեան կազմակերպած պասքեթպոլի մրցաշարքում առաջնութիւն շահեց):
Ուժերը հաւասար էին երկար ժամանակ եւ բախտորոշ դարձաւ վերջին ֆութպոլային խաղը, որը որոշեց Արագած խմբի յաղթանակը:
Մեծ խանդավառութիւն ստեղծեց Արարատ եւ Արագած խմբերի ծնողների ֆութպոլային մրցումը: Վարժարանի ֆութպոլի մարզիչն է Խաչիկ Գէորգեանը:
Մարզահանդէսի վերջում յաղթող խմբին յանձնուեցին գաւաթներ եւ մետալներ:
Այս հրաշալի աւանդոյթը, որը մեծ խանդավառութիւն է առաջացնում դպրոցում, կը շանունակուի նաեւ յաջորդ տարիների ընթացքում՝ խրախուսելով «Առողջ մարմինն առողջ հոգում» բանաձեւը: