Գրքի անուն՝« Կեանքի Խճանկարներ»
Հեղինակ՝ Ռ. Կորիւն (Ռուբէն Քէշիշան)
Տպագրուած՝ Գլենդէյլ, 2008թ.
Գիրքը պարունակում է հեղինակի ողջ կեանքի «ապրումների, դէպքերի ու դէմքերի նկարագրութիւններ: Ահա թէ ինչպէս է տեսնում գիրքը նա.
«Գիրքը մարդու ներքին աշխարհի յուզականութեան եւ թռիչքների արտացոլումն է»:
«Գիրքը յիշատակարանն է՝ մտքի, բանի եւ մտածումի»
«Գիրքը կեանքի պատմութիւնն է՝ եղելութեանց, իրադարձութեանց, դէպքերի եւ պատահարների:
Գալով իր հեղինակած գրքին, նա ասում է.
«Այս իմ երկրորդ գիրքն ընթերցողին ներկայանում է՝ «Կեանքի խճանկարներ» խորագրով, որը պարունակում է տարբեր բնոյթի պատկերներ մեր կեանքից՝ ազգային- հասարակական, հայրենասիրական, ընտանեկան, մարդասիրական, յուշեր, ճամբորդական նկարագրութիւններ եւ հանդիպումներ, պատմուածքներ եւ մի քանի նամակներ»:
Մէջբերուած տողերը ամէն ինչ են ասում գրքի նիւթերի եւ թեմաների վերաբերեալ : Մեզ մնում է աւելացնել նախ այն, որ գրքում տեղ գտած նիւթերի սիւժէները խիստ հետաքրքրական են եւ գրաւիչ, եղած պատմուածքները ընթերցողներին իրենց հետ տանում են մինչեւ իւրաքանչիւր պատմուածքի աւարտը եւ այսպէս ընթերցողը հետաքրքրութեամբ ընթերցում է ամբողջ գիրքը՝ կլանուած: Ապա մի այլ հանգամանք, այն է, որ հեղինակը ամբողջ էութեամբ կապուած է իր ծնողների յիշատակը վառ պահելու գաղափարին: Հեղինակը գրքի առաջին էջի վրայ տպագրել է իր ծնողների զոյգ նկարները, մակագրել է՝ «Սոյն գիրքը նուիրում եմ Ծնողներիս անմոռաց յիշատակին»:
«Հէ~յ աշխարհ», մայրիկիս յաճախակի ասոյթը. սա հեղինակի կենսագրական տուեալներից կարելի է համարել, այդտեղ նա իր մօր մասին գրում է. «Վա~յ, մայրս ոնց էր ուրախացել ինձ տեսնելով , աւելի քան մէկ տարուայ հեռաւորութիւն եւ բացակայութիւն աշխարհը տուել էին իրեն, դա Մարտ 1ի առաւօտեան 3.30 էր, նա սպասել էր մինչեւ օդակայարանից տուն հասնեմ: Նա առաւօտեան այդ ժամին երիտասարդացել էր, գոհունակութեան աղօթքներ էր մրմնջում եւ ժպիտը երեսից չէր պակսում, ամէնից մէկ-մէկ հարցնում եւ ուրախանում էր որ լաւ եւ առողջ են:
Գրքի վերջին բաժնում, նիւթերի ցանկից առաջ, հեղինակը իր շնորհակալութիններն է յայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են իրեն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.