Գործն է անմահ լաւ իմացէք, որ ապրում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով կ՛ապրի յաւերժ, անդադար…
Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ
Հայրենիքում փորձն ու գիտելիքները կիրառելու, Հայաստանում ներդրում կատարելու միտքն է, որ Ֆրիդա Ջորդանի համար համահայկական նախաձեռնութեան խթան հանդիսանում: «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը հիմնադրումից կարճ ժամանակ անց նշանակալի արդիւնքներ է գրանցում՝ փրկելով բազմաթիւ մարդկային կեանքեր, փոխելով ճակատագրեր, միաժամանակ՝ ընդունուած դառնալով աշխարհում: Փաստերն ինքնին խօսուն են, գործն այլեւս՝ յաւերժ… հարկ է միայն աւելացնել, որ յաջողութիւնը մեծապէս պայմանաւորուած է կազմակերպութեան նախագահ ու համահիմնադիր Ֆրիդա æորդանի անհատական որակներով՝ մարդասիրութիւն, նուիրուածութիւն, պատասխանատուութիւն, կատարելութեան ձգտում:
Գործունէութեան, նախասիրութիւնների, հայ կնոջ, ինքնութեան, համայնքի մասին հարցազրոյց՝ Ֆրիդա ]որդանի հետ
«Տասը տարի առաջ «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը հիմնելիս, մենք մի պարզ խնդիր ունէինք՝ ցօղունային բջիջների փոխպատուաստման համար դոնորներ գտնելով՝ հնարաւորութիւն ստեղծել փրկելու արեան ծանր հիւանդութիւններով տառապող մեր ազգակիցներին եւ յատկապէս երեխաներին», կենտրոն հիմնադրելու գաղափարի մասին պատմում է «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ի համահիմնադիր եւ նախագահ Ֆրիդա æորդանը: Արեան ծանր հիւանդութիւնները յաճախ անբուժելի էին լինում հայերի համար, քանզի ժառանգական իւրայատուկ կառուցուածքի պատճառով աշխարհում գրեթէ անհնար էր համապատասխան դոնորներ գտնել, եւ հիմնականում միայն հայը կարող է օգնել ազգակցին: Ֆրիդա æորդանի գաղափարը արձագանգ է ստանում եւ մի խումբ նուիրեալների շնորհիւ, Հայաստանում հիմնւում է ոսկրածուծի դոնորների աշխարհում 65 ռէեստրներից մէկը, որը միակն է հետխորհրդային տարածքում եւ տարածաշրջանում:
Հայաստան-Սփիւռք Համագործակցութիւն
«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը Հայաստան-Սփիւռք համագործակցութեան լաւագոյն օրինակներից է, որի կայացման գրաւական, Ֆրիդա Ջորդանը համարում է ընդհանուր գաղափարի շուրջ համախմբումը: «Մենք պէտք է մշտապէս միմեանցից սովորենք, փոխանակուենք գիտելիքներով ու փորձով: Տարիների ընթացքում շատ բան եմ սովորել Հայաստանի իմ գործընկերներից, իրենք էլ՝ մեզանից»:
Համագործակցութեան հարցում դոկտոր æորդանը բարձր է գնահատում նաեւ գործընկերոջ հետ ձեւաւորուած փոխընկալման մթնոլորտը. «Հիացած եմ հայաստանեան մեր աշխատակազմի արհեստավարժութեան բարձր մակարդակով: Նրանք պատրաստ են թռիչքների, յաղթահարումների, ինչը ներդաշնակ է դարձնում մեր համագործակցութիւնը», նշում է Ջորդանը:
Յաջողութեան թերեւս գլխաւոր գրաւականներից է Ֆրիդա Ջորդանի անձնական մօտեցումը գործին. «Իմ ցանկութիւնն էր Հայաստանի հետ սկսել մի համագործակցութիւն, որ մարտահրաւէրներ կրէր իր մէջ: Մշտապէս ձգտել եմ բարձր նշաձող սահմանել եւ յաղթահարել իւրաքանչիւր մարտահրաւէր»:
Նպատակասլացութիւն, աշխատասիրութիւն, յամառութիւն, այս սկզբունքները դոկտոր æորդանը սահմանում է նաեւ աշխատակիցների համար, ինչի արդիւնքում մշտապէս հասնում է նպատակին, միաժամանակ՝ երբեք կանգ չի առնում ձեռքբերածով:
Կենտրոնի վերջին ձեռքբերումը՝ ցօղունային բջիջների հաւաքագրումն էր Հայաստանում, ինչը բնոյթով պատմական իրադաձութիւն է: Այսօր «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը աննախադէպ է նաեւ նրանով, որ համահայկական է եւ համաշխարհային. աշխատանքի արդիւնքից օգտւում են ոչ միայն աշխարհասփիւռ հայերը: «Հայաստանը շատ սիրուած ռէեստր է համարւում եւ պատուաւոր տեղ ունի Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպութիւնում», նշում է կազմակերպութեան նախագահը:
Հայկական Ինքնութիւն
«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը նաեւ ազգային միաւորող խորհուրդ ունի: «Գիտական ուսումնասիրութեան շրջանակներում հաւաքագրելով տարբեր երկրներից հայերի արիւնը, ապացուցել ենք, որ արեան նման համակցում բնորոշ է միայն հայերին», տեղեկացնում է Ֆրիդա æորդանը:
Հայկական ինքնութեան միւս բաղկացուցիչները Ֆրիդա æորդանը համարում է լեզուն, մեր հաւատքն ու հայրենիքը. «Այս ամէնը ամրացնում են հայ լինելու զգացումը: Մենք գոյատեւելու, վերածնուելու իւրայատուկ կամք ու յատկութիւն ունենք: Մեր ազգի համար ամենաբախտորոշ, ողբերգական պահերին էլ շարունակում ենք ծնել ու ստեղծել անկախ պայմաններից՝ գիտակցելով ազգապահպանման խնդիրը», հայի մասին իր պատկերացումներն է կիսում տիկին æորդանը:
Հայ Կին
Ֆրիդա æորդան հաւատարիմ է մնացել իր ազգային ինքնութեանը՝ ծնուելով Իրանում, կեանքի ու գործունէութեան հիմնական շրջանն անցկացնելով Մեծն Բրիտանիայում, այնուհետեւ՝ Միացեալ Նահանգներում: Այս հարցում նա ըդգծում է ընտանիքի, տատի ու մօր ազդեցութիւնը, նշելով, որ կնոջ իր իդէալը մայրն է. «Հայ կինը մեծ ներուժ ունի եւ բացի մայր լինելուց, վերջին շրջանում բաւականաչափ ներգրաւուում է նաեւ հասարակակական տարբեր գործընթացներում՝ գրանցելով նաեւ նշանակալի յաջողութիւններ»: Տիկին æորդանը համոզուած է, որ կանայք կարող են հաւասարապէս դրսեւորուել տարբեր ոլորտներում, ինչը նաեւ ինքնավստահութիւն է ներշնչում կնոջը:
Նախասիրութիւններ
Ֆրիդա Ջորդանը սիրում է ճամփորդել, բացայայտել աշխարհն իր ընկալումներով: «Սիրում եմ բնութիւն, սպորտ, երաժշտութիւն, թատրոն, Վարդան Պետրոսեանին», նախասիրութիւնների մասին անկեղծանում է Ֆրիդա Ջորդանը: Մոլեկոյլար տպաւորման լաբորատորիայի ղեկավարի պաշտօնից ու Ոսկրածուծի կենտրոնից բացի, Ֆրիդա æորդանը նաեւ բժշկական թեմաներով հաղորդաշար է վարում «Հորիզոն» հեռուստաընկերութեամբ, որ մեծ ժովրդականութիւն է վայելում հայ համայնքի շրջանում:
Անդրադառնալով համայնքի այսօրուայ խնդիրներին՝ դոկտոր Ջորդանը նշում է միասնական լինելու անրաժեշտութիւնը: «Համայնքը ցրուած է, ուժերը կենտրոնացած չեն: Միասնականութիւն է պէտք ընդհանուր գաղափարների շուրջ: Ֆորում, որտեղ բոլոր հայերը համախմբուեն ու գործեն միասին: Հակառակ պարագան կործանարար է Սփիւռքի համար: Սփիւռքի յարատեւումը պայմանաւորուած է հայրենիքի հզօրութեամբ», նշում է Ջորդանը: «Սփիւռքը չի կարող ինքնանպատակ լինել եւ սնւում է հայրենիքից: Պէտք է փոխյարաբերութիւնները զարգացնել, դրանք հասցնել ամենաբարձր մակարդակի: Մենք պէտք է խորութեամբ ճանաչենք միմեանց, կենցաղը, մշակոյթը ու փոխանակուենք մեր փորձով», ընդգծում է գիտնականը:
***
Յուլիսի 25ին, «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը նշում է գործունէութեան տասնամեակը: Յոբելեանական տարեթիւ, երբ վստահօրէն կարելի է յայտարարել ծանրակշիռ նուաճումների ու յաղթանակների մասին: Ֆրիդա Ջորդանը, հաւատարիմ իր սկբունքներին՝ խօսում է նոր ծրագրերի մասին. «Ցանկանում եմ ցօղունային բջիջների փոխպատուաստման կենտրոն հիմնել Հայաստանում, որ մեր գործունէութիւնն առաւել լիարժէք դառնայ նաեւ հայրենիքում բնակուող մեր հայրենակիցների համար», նշում է Ֆրիդա æորդանը: Նա առաջնային է համարում նաեւ կենտրոնի գործունէութեան մասին իրազեկութեան բարձրացումը Հայաստանում եւ Սփիւռքում, ինչը կը նպաստի գրանցամատեանում հայ նուիրատուների քանակի աւելացմանը:
Ամփոփելով գործունէութեան առաջին տասնամեակը՝ Ֆրիդա æորդանն ընդգծում է կամաւորների ու աջակիցների մասնակցութեան կարեւորութիւնն այս գործում:
«Տուր ինծի, Տէր, ուրախութիւնն անանձնական», Մեծարենցի այս խօսքերով է թերեւս առաջնորդւում 21րդ դարի հայ կնոջը խորհրդանշող Ֆրիդա Ջորդանը…
——————————————————————————————————-
Ֆրիդա Ջորդան
– Ծնուել է Իրանում,
– Սովորել է Թեհրանի Մարիամեան Հայկական դպրոցում,
– Ուսումը շարունակել է Մեծն Բրիտանիայի մի շարք բարձրագոյն կրթական հաստատութիւններում եւ ստացել PHD in Biochemistry.
– Տեղափոխուելով Միացեալ Նահանգներ՝ մասնագիտական որակաւորում է ստացել նաեւ այստեղ,
– Արժանացել է բազմաթիւ մրցանակների,
– Ներգրաւուած է եղել կամաւոր աշխատանքներում,
– Բազմաթիւ հրապարակումների հեղինակ է.
————————————————————————————————————-