«Շամլեան» Ազգային վարժարանը հետամուտ լինելով արհեստագիտական բարձրակարգ հնարաւորութիւններով դպրոցն օժտելու իր յանձնառութեանը, ուրախութեամբ տեղեկացնում է, որ շուտով վարժարանում հաստատուելու են համակարգչային երկու աշխատակենտրոններ՝ բոլորովին նոր համակարգիչներով:
Սոյն ծրագրի վերաբերեալ երկար ուսումնասիրութիւններ են կատարել վարժարանի Կրթական խորհուրդն ու Տեղեկատուական արհեստագիտական յանձնախումբը, որի ղեկավարն է վարժարանի ծնողներից, Հարաւային Կալիֆորնիայի «Էդիսոն» հաստատութեան տեղեկատուական արհեստագիտութեան բաժնի մասնագէտ Զարեհ Մովսէսեանը: Արհեստագիտութեան ոլորտում աշակերտութեան պահանջները եւ ուսումնական բնագաւառում արհեստագիտագիտութեան հնարաւորութիւններն ուսումնասիրելուց եւ գնահատելուց յետոյ, յանձնախումբը իր խորհուրդներն ու յանձնարարութիւնները ներկայացրեց վարժարանի Ուսումնական խորհրդին, որն իր հերթին բանակցութիւններ վարեց Տեքսասի նահանգի Աստըն քաղաքում կենտրոնացած Dell» համակարգչային հանրայայտ ընկերութեան հետ: Սոյն բանակցութիւնները արդիւնաւորուեցին անցեալ շաբաթ կայացած գործարքով, որի համաձայն, «Dell Optiplex 380» մակնիշի 65 արդիական համակարգիչներ ուղարկուեցին եւ յանձնուեցին «Շամլեան» Ազգային վարժարանին, Երկուշաբթի, Օգոստոսի 13ին:
«Առաջին իսկ օրուանից մեծ հաճոյք էր գործակցելու «Շամլեան« Ազգային վարժարանի հետ: «Dell» ընկերութեան ֆինանսական ծառայութիւնը հպարտ է սոյն գործարքի համար: Ես գնահատանքով եմ անդրադառնում այն ընթացքին, որը տրամադրուեց սոյն համակարգիչների համաձայնութեան կայացման համար եւ յուսով եմ, որ դարձեալ կը շարունակենք միասնաբար աշխատել ապագայ ծրագրերի շուրջը, շնորհակալութիւն յայտնելով ասել է «Dell» ընկերութեան վաճառքի հարցերով ներկայացուցիչ Միշէլ Ռութը:
Ներկայումս, վարժարանի համակարգչային հարցերի պատասխանատու Նորայր Թահմազեանը անխոնջ աշխատանք է տանում, որպէսզի համակարգչային յիշեալ երկու աշխատակենտրոնները դպրոցի վերամուտին պատրաստ լինեն օգտագործման համար:
«Ինձ համար անհուն ուրախութիւն էր ականատես լինելու՝ մեր երեխաների կրթութեան հարցում բարձրակարգ արհեստագիտութեան դերը կարեւորելու «Շամլեան» Ազգային վարժարանի յանձնառութեանը: Վարժարանի ջանքերով «Dell» մակնիշի համակարգիչների ձեռքբերումը սոյն փաստի պերճախօս վկաներից մէկն է:
Յիշեալ աշխատակենտրոնները յագուրդ կը տան մեր աշակերտների համակարգչային կարիքներին, մինչ նրանք սովորում, ուսումնասիրում եւ ընդարձակում են իրենց գիտելիքների հորիզոնները», ասել է Զարեհ Մովսէսէանը:
ԴՊՐՈՑԻ ԹՂԹԱԿԻՑ