ԼՂՀի մէջ տեղի ունեցող ԵԱՀԿի դաշտային առաքելութեան կապակցութեամբ, Արցախի քաղաքական կուսակցութիւնները, հասարակական կազմակերպութիւնները եւ ստեղծագործական միութիւնները Հոկտեմբեր 11, 2010 թուակիր միացեալ նամակով դիմեցին ԵԱՀԿի նախագահին եւ Մինսկի խումբի համանախագահներուն՝ յստակացում պահանջելով այն մասին, թէ ինչո՞ւ նման գործողութիւններ տեղի չեն ունենար Ատրպէյճանի հակակշիռին տակ գտնուող տարածքներուն մէջ:
Ստորեւ՝ սոյն նամակէն յատուածներ.
«Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հանրապետութիւնում ԵԱՀԿ դաշտային առաքելութեան իրականացումն է եւ դրա հետ կապուած մեր երկրի հանրային-քաղաքական կեանքում շրջանառուող կարծիքներն ու մտահոգութիւնները: Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչութեանը՝ ԵԱՀԿ առաքելութեան նպատակն է: Եթէ իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում առկայ հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնուազն անհասկանալի է, թէ ինչո՞ւ է դաշտային առաքելութիւնն իրականացւում միայն այդ գօտու մէկ հատուածում, տուեալ դէպքում՝ ԼՂՀ տարածքում:
«Գնահատելով ձեր իրազեկուածութիւնը ղարաբաղեան հիմնախնդրի նախապատմութեան մասին, այնուամենայնիւ, անհրաժեշտ ենք համարում յիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձեւաւորման վրայ ազդեցութիւն թողած որոշ փաստեր եւ իրադարձութիւններ:
«Ադրբեջանին բռնակցուելուց յետոյ, ընդամէնը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիւը կրճատուել է 22 հազարով: Եւ դա այն դէպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչութիւնը նոյն ժամանակահատուածում գրեթէ եռապատկուել էր: Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապէս եղել է Ադրբեջանի պետական քաղաքականութեան օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների՝ Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ՝ կարողացել է ԼՂում ժողովրդագրական իրավիճակը «արմատապէս փոխել յօգուտ ադրբեջանցիների»: Սա այն եզակի դէպքերից է, երբ նախագահ Ալիեւը ճշմարտութիւնն է ասել:
«Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂից շուրջ մէկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի եւ ապրուստի հնարաւորութիւն չունենալու պատճառով ստիպուած են եղել լքել իրենց հայրենիքը: Էթնիկական վերջին զտումները ԼՂում, նրան յարակից հայաբնակ Շահումեանի շրջանում եւ Գետաշէնի ենթաշրջանում, ռազմական ուժի բիրտ կիրառմամբ իրականացուել են 1991-92թթ., ինչի հետեւանքով աւելի քան 50,000 հայեր հայրենազրկուել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թուականներին, Ադրբեջանից տարհանուել են 420 հազար հայեր, որոնք միլիարդաւոր դոլարների հասնող ունեցուածք եւ հարստութիւն են թողել այդ երկրում՝ չարժանանալով որեւէ փոխհատուցման:
«Այսպիսով, ստեղծուած իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետեւանք է: Ուստի եւ մարդկային զրկանքների ողջ պատասխանատուութիւնն ամբողջութեամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարութեան վրայ: Վերջինիս յանցաւոր գործելաոճը շարունակւում է եւ այսօր, ինչն արտայայտւում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացուող հայատեաց գաղափարախօսութեամբ, սպառազինութեան ներմուծման ծաւալների սրընթաց աճով եւ ռազմատենչ յայտարարութիւններով: Հակամարտող կողմերի միջեւ միջնորդութիւն ստանձնած կառոյցը, յուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում ղարաբաղեան խնդրի խաղաղ կարգաւորմանը, այլեւ հրահրում է նոր պատերազմ:
«Մենք ստիպուած ենք կրկին յիշեցնել, որ ստեղծուած իրավիճակում, երբ Ղարաբաղեան կողմը զրկուած է բանակցային գործընթացին լիարժէքօրէն մասնակցելու հնարաւորութիւնից, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում պատերազմի վերսկսման դէպքում, հետեւանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը եւ խաղաղ կարգաւորման առաքելութիւն ստանձնած կառոյցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր յետագայ միջնորդական ջանքերը ոչ թէ կը քաջալերեն նոր արիւնահեղութեան մոլուցքով տառապող Ադրբեջանի հիւանդ երեւակայութեանը, այլ կը սթափեցնեն նրան եւ կը նպաստեն քաղաքակիրթ երկխօսութեան միջավայրի ձեւաւորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»:
Ռամկավար Մամուլ Օգոստոս 31, 2010
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՌԵԼ ՉԱԴՐԱՆ ԴԱԺԱՆ ԼՌՈՒԹԵԱՆ
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
2008 թուականի Վրաց-Օսական պատերազմից անմիջապէս յետոյ ես գրեցի “Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղեան պատերազմին, կամ 1994-ի Պիշքեկեան պայմանագրի սրբագրման փնտռտուքները” հրապարակախօսական վերլուծական յօդուածը. ահաւասիկ
http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid…
(Այս երկու յօդուածները փոխլրացնում են իրար)
Որպէս նախաբան ասեմ, որ այս յօդուածը գրելու բուն առիթը հանդիսացաւ ԱԺ փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանի այն յայտարարութեանը, որ «եթէ Մինսքի գործընթացի շրջանակում սպառուի հակամարտութիւնը լուծելու հնարաւորութիւնը, ապա Հայաստանը կը նախաձեռնի ԼՂ-ի անկախութեան ճանաչումը»:
Խորապէս ցաւում եմ, որ պարոն Ս. Նիկոյեանի այս յայտարարութիւնը զուտ ներքին լսարանին է ուղղուած. հետաքրքիր է. քանի՞ տարի է պէտք մեր ազգընտիրներին զգալու, որ վաղուց են սպառուած համանախագաների միջնորդութիւնները եւ բառիս բուն իմաստով դատարկ ջուր են ծեծում:
Ցաւում եմ պարոն Նիկոյեան, որ դեռ կուրօրէն վստահում էք աշխարհի տէրերի բարի կամքին, ովքեր իբր փորձում են Հայ-թուրքական հաշտեցման միջնորդներ հանդէս գալ, կամ Ղարաբաղի հարցում համանախագահների անաչառութեանը, բայց ինչու՞ չէք ընդունում իրականութիւնը, որ մեր ազգի վիշտն ու տառապանքը չի յուզում աշխարհի տէրերին. արդէն քանիցս առերեսուեցիք նրանց խարդախ խաղերին ու ձեզ դաս չեղա՞ւ, թէ՞ միամտօրէն դեռ հաւատում էք նրանց կողմից յօրինուած դեմոկրատիա, ժողովրդավարութիւն, իրաւահաւասարութիւն… պլեֆին :
Ուստի` ի՞նչ միտք ունեն անիմաստ շարունակուող բանակցութիւնները. Մինչեւ ե՞րբ սին պատրանքներով խաբէք թէ´ ինքներդ ձեզ, թէ´ ողջ ազգին: Ի՞նչ դրական յոյսեր էք փայփայում շուրջ 15 տարի ձգուող բանակցային գործընթացից, երբ սեղանին որպէս բանակցային գործընթացի հիմք դրուած է “Մատրիտեան սկզբունքները” իրենց հայատեաց, խայտառակ ձեւակերպումներով, որոնք ամբողջովին բխում են Ատրպէյճանի օգտին: Ժամանակս խնայելու համար չթուարկեմ այդ ձեւակերպումները. կարծեմ դուք էլ քաջ գիտակցում էք դրանցից
բխող հակահայ հետեւանքները, բայց այնուամենայնիւ ազգին յուսադրում ու ժամանակ էք ձգում, քօղարկելով ձեր անզօրութիւնը: Չկիսելով բանակցութիւններից հայանպաստ արդիւնք ակնկալելու ձեր ուտոպիստական լաւատեսութիւնը, սթափ վերլուծելով գործընթացի իրական պատկերը, հետեւութիւնս մէկն է.
Բանակցային գործնթացը վաղուց է իրեն սպառել ու վերածուել “մուկ ու կատուի խաղին”, թէ´ երկու լարի վրայ խաղացող համանախագահներով հանդերձ, թէ´ կատուի դերը ստանձնած Ալիեւն իր ռազմատենչ յայտարարութիւններով, իսկ Հայկական կողմը՞…
Ստիպուած եմ պատռել չադրան դաժան լռութեան ու բարբառել.
Պարոնայք ազգընտիրներ ինձ թւում էր
Վերջին ահաբեկչական ակտը՝ Ատրպէյճանի ԶՈՒ յատուկ նշանակութեան ջոկատայինների կողմից Յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Չայլու գիւղի մերձակայ ուղղութեամբ տեղակայուած Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպուած դիվերսիան, ձեզ պէտք է լուրջ մտածելու, սթափեցնելու, հետեւութիւններ անելու տեղիք տար, բայց սխալուեցի:
Վստահ եմ. Հայկական դիւանագիտութեան անկարողութիւնն է պատճառը շուրջ 15 տարի ձգուող անպտուղ բանակցային գործընթացի:
Անկախ պետութիւ՞ն ենք, թէ՞ ինքնախաբկանքով ենք տարուած. ոչ մի վճռական որոշում ընդունելու ընդունակ չէք, չէք կարողանում յաղթահարել ներքին վախը, պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգութիւնը, տէր կանգնելու արիւնով վերցրած մեր հողերին. միջազգային կառոյցների գնահատականների գերին էք դարձել, ազգային խնդիրների ճակատագիրը ապաւինելով նրանց պարտադրանքներին:
Ինչպէս ամէն անգամ, այս անգամ էլ Ատրպէյճանի պրովոկացիոն գործողութիւնները համարժէք արձագանգի չարժանացան միջազգային կառոյցների կողմից. քանզի հայկական կողմի արձագանգներն այնքան թոյլ էին ու անզօր, որ ասես ոչինչ էլ չէր եղել: Այս ֆոնի վրայ դեռ լաւատեսական ակնկալիքներ ունէք Միջազգային կառոյցներից, կառոյցներ, որոնք իրենց լռութեամբ, կրաւորական կեցուածքով զօրակցում են Ալիեւի ռազմատենչ նկրտումներին..
Ահաւասիկ եւս մի թարմ ապացոյց.
Ղարաբաղի Չայլու գիւղի մերձակայքում տեղակայուած հայկական դիրքերի վրայ Յունիսի 18-ին Ատրպէյճանի կազմակերպած դիվերսիան, որ 5 հայ զինուորի կեանք խլեց, Տիկին Քլինթոնը կարողացաւ վարպետօրէն քօղարկել կատարուածը, հովանաւորելով Ատրպէյճանին, բաւարարուեց Ատրպէյճանին ու Հայաստանին հաւասարապէս յորդորել զերծ մնալ ուժի կիրառումից, իսկ ուժ կիրառող կողմին՝
Ատրպէյճանին պատժելու մասին խօսք անգամ չեղաւ.
Ի հարկէ, ինչպէ՞ս կարելի է պատժել Ամերիկայի դաշնակից Թուրքիայի փոքր եղբօրը… Իսկ Տիկին Քլինթոնի Ծիծեռնակաբերդ այցելութիւնը, որը շատերի համար այդքան ոգեւորուելու, յոյսեր փայփայելու առիթ հանդիսացաւ, դա զուտ Ամերիկեան վերնախաւի դիւանագիտական պրոֆեսիոնալիզմի մասին է խօսում:
Տիկին Քլինթոնը միշտ էլ լաւ գիտէ իր առաքելութեան կարեւորութիւնը, իր ասելիքն ու անելիքը, ինչպէս “Հայ-Թուրքական” փրոթոքոլների ստորագրութեան օրը Զուիցերիայում իր ներկայութեամբ պատուեց ներկաներին, հանդէս գալով իբրեւ Հայ-թուրքական բարեկամութեան միջնորդ, լուրջ իմիտացիա ստեղծեց, թէ Ամերիկայի պէս հզօր պետութիւնն է կանգնած հայ ազգի թիկունքին: Թէ քանի որ հայերս էլ սենտիմենտալ ազգ ենք, պահի տակ չէինք կռահում, որ յետոյ, կամաց-կամաց ենք քաղելու այդ ներկայութեան դառը պտուղները…
Այո´, շա՜տ սենտիմենտալ ազգ ենք. ուրախանում ենք. տեսէ՜ ք, տեսէ՜ ք Քլինթոնը յարգեց մեր զոհերի յիշատակը… բայց այդ այցի տակ թաքնուած յետին մտքերը ո´չ ոք չփորձեց կռահել, վերլուծել…
Վաղու՜ց գաղտնիք չէ, որ յաճախ ինչպէս Ամերիկան, Իսրայէլը, այնպէս էլ Եւրոպական շատ պետութիւններ Հայկական Ցեղասպանութիւնն օգտագործում են Թուրքիայի սանձերն իրենց բռի մէջ պահելու, իրենց կամքը թելադրելու, Թուրքիային կառավարելի դարձնելու համար…
Իսկ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլու անտեղեկացուածութիւնը Ղարաբաղի շփման գծում կատարուածի մասին նորից ու նորից փաստում է, որ գործ ունենք մի կառոյցի հետ, որի ղեկը վստահուած է թուրքին ու դեռ այդ կառոյցին անդամացութեան տենչանքով տոգորուած արդարամիտ որոշումների ակնկալիքնե՞ր ունենք ի նպաստ Հայաստանի. հերթական անգամ ազգովի մե՜ծ հիասթափութեան զգացում ապրեցինք Եւրոմիութեան երկդիմի, դեմագոգիկ պահուածքից…
Ղարաբաղեան դիվերսիան իր արժանի գնահատականը չունեցաւ ոչ միայն միջազգային կառոյցների կողմից, այլ նաեւ մեր Նախագահի, կառավարութեան, արտգործնախարարի, ազգային ժողովի մակարդակով:
Պարոնա´յք ազգընտիրներ, ու՞ր էք տանում մեր ազգին ձեր դիւանագիտական սնանկ, խակ գիտելիքներով, աշխարհի մեծերին դուր գալու ձեր ծայրայեղ հնազանդութեամբ ու պատրաստակամութեամբ. ասացէ´ք, ու՞ր էք տանում. վերջնական ոչնչացու՞մ աշխարհի երեսից…
Ի՞նչ արդարացումներ ունէք դիւանագիտական այսքան ձախողումների, թերացումների, անհեռատեսութեան… համար, թէ՞ դեռ մանկամտօրէն արդարութիւն էք որոնում ու ողորմում, արդարութիւ՞ն աշխարհի տէրերի կողմից, աբսուրդ,
ինքնախաբկանք …
Երբ աշխարհն արեան ծով է, նրանք նայում են բեմից, էլ որտեղի՞ց արդարութիւն հնչի արնոտ շուրթերից, երբ աշխարհը ղեկավարւում է ջունգլիական կանոններով. ուժեղը թոյլին յօշոտում է գազանի պէս տանջալի ու այդ ջունգլիական օրէնքներով առաջնորդուող հսկաների քար աչքերին մենք ընդամէնը մի նուազ հասկ ենք ո´չ աւելին, երբ ուզեն յարմար պահի կը ճզմեն, կ’ոչնչացնեն…,
Իսկ դուք դեռ անիմաստ յոյսե՞ր էք փայփայում, արդարութիւ՞ն էք փնտռում որտեղ չկայ, խղճահարութիւ՞ն էք փորձում արթնացնել նրանց քար սրտերում…
Պարոնա´յք ազգընտիրներ, խնդրում եմ, աղաչում եմ. ձեզ արդարացնելու համար միայն չասէք, թէ այլմոլորակայիններ էք, ինֆորմացիայի պակաս ունէք, ծանօթ չէք աշխարհի վարք ու բարքին, նիստ ու կացին, չգրուած օրէնքներին…
Օ՜ ո´չ, քաւ լիցի, ամենեւին էլ չեմ կասկածում, որ այդ փառասիրութիւնն է ձեր մէջ գլուխ բարձրացրել, աթոռները կորցնելու վախը… ո´չ ինֆորմացիայի պակասը. այդ է միակ պատճառը, որ դուք ակնյայտօրէն, յամառօրէն չէք ուզում տեսնել իրականութիւնը, չէք փորձում մանրազննին վերլուծութիւն կատարել. կատարուածից հետեւութիւններ անել. աւելին, դուք արհամարհում էք դիւանագիտական, ռազմագիտական հարուստ գիտելիքներ ունեցող մեր հայրենակիցների կարծիքներն ու խորհուրդները կապուած թէ´ հայ-թուրքական յարաբերութիւններին, թէ´ Ղարաբաղեան թնճուկին. Ձեզ համար փորձադաշտ են մեր ազգային խնդիրները, ինչպէս դա տեսանք ձեր յօրինած “Ֆութպոլային դիւանագիտութիւնից” ծնունդ առած սիրախաղի ժամանակ, հիմա էլ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացման դէմ ազգի բողոքի ձայնն արհամարհւում է ձեր կողմից. թքած ունէք ողջ ազգի կարծիքի, յորդորների, ընդվզումների վրայ: Մտածում էք. թող գոռա՜ն, գոռա՜ն հանգստանան.
Ճարե՞րն ինչ… Դուք ողջ ազգի լեզուն էք փորձում արմատից կտրել, որ չփորձեն յանդգնեն բարբառել, ձեզ մեղադրել, դիմադրել, հակադարձել, որ դառնան հլու-հնազանդ ձեր սնանկ մտքերի, կամայականութիւնների պարտադրուած պատանդները…
Ազգը հիասթափուած է ձեր ապազգային գործողութիւններից, բայց ճար չունի ձեր ճիրաներից, ձեր ներկայութիւններից ձերբազատուելու:
Դուք առաջնորդուելով զուտ ձեզ յատուկ յամառ կամայականութեամբ, ձեր տղայական, երեւակայական պատրանքներն իրականութեան տեղ էք փորձում մատուցել ու պարտադրել ողջ ազգին, յետոյ էլ ուզում էք հաւատանք ու վստահե՞նք ձեզ:
Թէ՞ կարծում էք ձեր կարդացած, սերտած հայրենասիրական ճառերը հաւատ ու վստահութիւն կը ներշնչեն ձեր անձի հանդէպ ու մեր յիշողութիւնից կը ջնջեն, կը մոռացնեն ձեր ապազգային գործողութիւնները.
Չարաչար սխալւում էք:
Ինչու՞ չէք խոստովանում, որ գլուխ չէք հանում դուրս գալու ձեր իսկ ստեղծած խառնաշփոթ իրավիճակից: Ինչու՞ էք զուր իմիտացիա ստեղծում, թէ ձեր կողմից վերահսկելիութեան սահմաններում են մեր ազգային, էլ չեմ ասում ներքին խնդիրները:
Դուք ինքներդ մոլորեալ, ողջ ազգի՞ն էք փորձում մոլորեցնել:
Ասացէ´ք, մինչեւ ե՞րբ էք ձեր ստերով կերակրելու մեր ազգին…
Նորից առերեսուեցինք նման փաստի հետ. ազերին խախտելով սահմանը 5 հայ զինուորի կեանքը խլեց, բայց դուք համեստօրէն լռում ու լռում էք …
Սովոր էք մի պահ բորբոքուէք, եռաք ու հանդարտուէք. ընդամէնը մի քանի օր ու ինչպէս միշտ դաժան անտարբերութիւն … հերթական անգամ էժան ծախեցիք զոհուած մեր 5 անմեղ զինուորի կեանքը. այդպէս եղաւ, երբ Պուտափեշտում ազերի սպայ Ռամիլ Սաֆարովը գլխատեց Գուրգէն Մարգարեանին, այդպէս եղաւ, երբ Թուրքիայում գնդակահարուեց “ԱԿՕՍ”ի խմբագրապետ Հրանդ Տինքը, այդպէս անտարբերութեան զոհ դարձան վաղ միջնադարի Նոր Ջուղայի հազարամեայ մեր խաչքարերը…
Համեստ ազգ ենք, գլուխներս էլ կոխեն կը մռնչանք ցաւից, բայց չենք դիմադրի, մի պահ կը բորբոքուենք ու դառնագին կուլ կու տանք, կը յարմարուենք, կը լռենք… ազգային բարդոյթ է. սա եկել է դարերից:
Չունէք խորամանկելու, մեր եղածն արժեւորելու, մեր կորուստը ինչպէս հարկն է սգալու, չունէք կատարուածից հետեւութիւններ անելու, հետեւողականօրէն պայքարելու կամք, ձգտում… միշտ յոյսներդ դրել էք օտարների բարի կամքին, որ մեր տարտ ու ցաւը օտարները բարձրաձայնեն, դատապարտեն… մեր փոխարէն պայքարեն…
Այստեղ են ասել,-
«Խելքի՜ աշեցէք…»
Ե՞րբ պէտք է ըմբռնենք այս պարզ ճշմարտութիւնը, որ
«Ամէն մարդ իրեն մեռելին կու լայ,
Ուրիշի լացին դու մի´ հաւատա.
Երբ մարդը չունի սրտի յորդ աղբիւր,
Որտեղի՞ց հնչի գովքը ջերմհամբիւր…»
Պարոն Նիկոյեան.
Մենք շատ ենք ունեցել Ղարաբաղի անկախութեան կարգավիճակին հասնելու
առիթներ, բայց ամէն անգամ բաց է թողնուել ընձեռնուած հնարաւորութիւնները ի շահս իւր օգտագործելու.
1-ը 1994թ. Պիշքեկեան զինադադարի պահին, երբ պարտուող կողմը դիւանագիտօրէն յաղթեց, իսկ յաղթող կողմը բանակցութիւններից ձեռնունայն դուրս եկաւ. յանձինս՝ Լեւոն Տէր Պետրոսեանի… (Շուրջ 15 տարի բանակցելով, չենք կարողանում փոսից հանել Լ. Տէր Պետրոսեանի փոսը գցած քարը)
2-րդ շանսը բաց թողնուեց Վրաց-Օսական պատերազմին.
Հենց այդ օրերին հերթական անգամ Հայաստանը կորցրեց Ղարաբաղի անկախութեան ճանաչումն, երբ մեզ առիթն արծաթէ սկուտեղի վրայ էր մատուցուած, եկել էր աստեղային պահը ճիշդ օգտագործելու, երկաթը տաք-տաք ծեծելու ժամը. բայց …
Ի՞նչ է Ղարաբաղն ու Նախիջեւանը Ստալինեան բռնակցման արդիւնք չե՞ն:
Բա ինչու՞ լռեցիք, ինչու՞… միթէ՞ դիւանագիտական պարտութիւն չէր… (մանրամասներին ծանօթացէք իմ “Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղեան պատերազմին, կամ 1994թ Պիշքեկեան զինադադարի սրբագրման փնտռտուքները” վերլուծական յօդուածում: http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid…
3-րդ շանսը կորցրեցիք այս տարուան Յունիսի 18-ի Ատրպէյճանի կազմակերպած դիվերսիոն գործողութիւնները անպատասխան թողնելով. 5 զոհ տուած Հայկական կողմը լուռ կուլ տուեց կատարուածը, երբ կարելի էր միջազգային մակարդակով կատարուածին մե՜ծ հնչեղութիւն տալ: Ատրպէճանի իշխանութիւնները նման առիթը երբե´ք ձեռից բաց չէին թողնի:
Պարոն Նիկոյեան ուզում եմ յուշման կարգով յորդորել.
Մինչ դուք արթմնի երազում էք Ղարաբաղի կարգավիճակի մասին, գոնէ մի փոքր խորամանկել կարողանայիք ու բարեհաճէիք, հող ստեղծէիք դրան հասնելու ճանապարհին. կանխարգելիչ միջոցներ ձեռնարկէիք Ատրպէյճանի կողմից յաճախակի դարձած դիվերսիոն գործողությունների առաջն առնելու, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով: Մի´ մոռացեք Լենինի յայտնի թէզը “Կայծից հրդեհ կը բռնկուի”:
Ուստի, Ատրպէյճանի կազմակերպած դիվերսիոն գործողությունները չպէտք է մնան անպատասխան.
Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանութիւններ օր առաջ, առանց յապաղելու, ազգային ժողովի մակարդակով պէտք է “բողոքի նոթա” ուղարկէք Ատրպէյճանի իշխանութիւններին, միջազգային կառոյցներին, յայտարարութեամբ հանդէս գաք, որպէսզի նմանօրինակ դիվերսիաների կրկնութեան դէպքում մեր ինքնապաշտպանութեանն ուղղուած համարժէք գործողութիւնների համար
պատասխանատուութիւն չկրենք, խուսափենք միջազգային կառոյցների խիստ գնահատականներից: Այս յայտարարութիւնը մեզ ապահովագրած կը լինի թէ´ միջազգային կառոյցների կոշտ գնահատականներից, թէ´ յաճախակի դարձած Ատրպէյճանական դիվերսիաներից, էլ չեմ ասում զսպաշապիկի դեր կը ծառայի Ալիեւի ռազմատենչ յոխորտանքների համար եւ կը զսպի Ղարաբաղը պատերազմով ետ վերադարձնելու Ալիեւի ախորժակը…
Բողոքի նոթան, կամ յայտարարութիւնը պէտք է ունենայ մօտաւորապէս այս բովանդակութիւնը.
«Ելնելով ստեղծուած իրավիճակից Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանութիւնները յայտարարում են.
Քանի որ Ատրպէյճանի կողմից յաճախակի բնոյթ են ստացել Հայկական ՊԲ դիրքերի շփման գծում կազմակերպուած դիվերսիանները, խախտելով հրադադարի նախնական պայմանաւորուածութիւնը, որը լի է պատերազմի վերսկսման վտանգով, իսկ միջազգային կառոյցները աչք են փակում եւ չունեն համապատասխան մեխանիզմներ Ատրպէյճանին պատժելու, այս անպատժելիութեան արդիւնքում զոհւում են անմեղ հայ զինուորներ, խաղաղ բնակիչներ, ուստի, հայկական կողմն իրեն իրաւունք է վերապահում իր զինուորի եւ հայ ազգաբնակչութեան անվտանգութիւնն ապահովելու, նմանօրինակ դիվերսիաները սանձելու համար, ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով վճռական գործողութիւնների… Հայկական կողմի համարժէք ու վճռական գործողութիւնների արդիւնքում. սահմանի խախտման, առաջխաղացման ու նոր տարածքների գրաւման դէպքում կատարուածի ողջ պատասխանատուութիւնը պէտք է կրի հրադադարը խախտող` Ատրպէյճանական կողմը, իսկ նոր գրաւած տարածքները ետ չեն վերադարձուի: Հայաստանը ստիպուած կը լինի իրեն իրաւունք վերապահել դադարեցնել բանակցութիւնները եւ անմիջապէս ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, դառնալ իր հայրենակիցների անվտանգութեան ու պաշպանութեան միակ ու յուսալի երաշխաւորը”:
Այս օրերին, երբ անկախ Հաագայի միջազգային դատարանի որոշումից, աշխարհի տէրերի կողմից Քոսովոյի անկախութեան հարցը համարեա լուծուած է, այս յայտարարութիւնը եւ´ միջազգային կառոյցներին, եւ´ Ալիեւին սթափ մտածելու տեղիք կու տայ:
Միայն մեր իշխանութիւնները պէտք է խորամանկել կարողանան ու մէկ էլ փորձեն դիւանագիտական դասեր սերտեն մեր հարեւաններից, այլապէս այս կաղացող դիւանագիտական, ռազմավարական գիտելիքներով մեր ազգի մայրամուտին ականատես կը լինենք:
Պրիւքսէլ