Քանի տարիների աւանդոյթ է, ճիշդ չեմ կարող ասել, բայց Հոկտեմբեր ամիսը յամառօրէն եւ աւելի ծաւալուն ձեւով շարունակում է կոչուել Մշակոյթի ամիս, Լոս Անջելըսի հայկական դպրոցներում:
Մխիթարեան հայրերի վարժարանն այս տարի որոշել էր մշակոյթի ամսուայ տօնակատարութիւնն անցկացնել հայկական հարսանիքի աւանդական խրախճանքի ցուցադրութեամբ, զոր պիտի ներկայացնէին նախակրթարանի եւ միջնակարգի աշակերտները (Ա.-Ը. դասարաններ): Եղանակի ոչ բարենպաստ պայմանների պատճառով, այն տեղափոխուեց Հոկտեմբեր 22ից, եւ տեղի ունեցաւ Հոկտեմբեր 29ին, Հինգշաբթի առաւօտեան ժամը 10:30ին, դպրոցի շրջափակում:
Պայծառ, արեւոտ օրը ծնողների եւ հիւրերի համար ստեղծում էր տօնական մթնոլորտ: Հարսանեկան արարողութիւնից առաջ իրենց շնորհքները պիտի ցուցադրէին մանկապարտէզի երեք բաժինների՝ «Nursery», «Pre-K», «Kindergarten»ի աշակերտները: Ամենակրտսեր առաջին բաժինը, որոնց մէկ մասը դեռ չէր հասցրել հասկանալու իր աշակերտ լինելու դրութիւնը, արդէն երգում եւ արտասանում էր հայերէն: Երկրորդ բաժնի փոքրիկները ներկայանում էին որպէս աւելի փորձառու աշակերտներ: Իսկ երրորդ բաժինն արդէն ոտք էր դրել նախակրթարան մուտք գործելու ճանապարհը: Հայերէն խօսքն ու երգը անուշիկ մանուկների շրթներով տարածւում էր լայնարձակ բակում:
Անհամբեր էին ներկաները մասնակցելու հարսանեկան տօնախմբութեան, որի կամաւոր պատասխանատուն էր ծնողներից՝ պարուսոյց Սարօ Ասատուրեանը: Ծրագիրը պատրաստուած էր արտադպրոցական ժամերին: Հիմնական դերակատարներն էին Ը. դասարանի աշակերտները: Ազգային դհոլ եւ զուռնայի կենդանի նուագակցութեամբ հեռուից մօտենում էր հարսանեկան թափօրը. հարսն ու փեսան իրենց ծնողներով, քաւորը ու հիւրերը: Հարսանիքի մասնակիցները բերում էին աւանդական լաւաշը՝ ուսին նետուած, նուէրները եւ գոհարեղէնները՝ սկուտեղներով, պնակներ՝ հարսին եւ փեսային՝ կոտրելու համար, յատկանշական մեղրը՝ նրանց համտեսեցնելու համար: Հարսնեւորների ուրախ տրամադրութիւնը խանդավառում էր բոլորին: Մենապարերով ելոյթ էին ունենում հարսն ու փեսան, պարում էին նրանց ծնողները, քաւորը եւ հիւրերը: Ներկաները բուռն ծափերով իրենց մասնակցութիւնն էին բերում հարսանիքին: Դպրոցի ուսուցիչ-ուսուցչուհիները նստած էին բակի վերնամասում եւ արցունքոտուած աչքերով դիտում էին իրենց աշակերտների ուրախութիւնը: Արդէն երկու ամիսներ է, ինչ սկսուել է ուսումնական տարին, եւ «Մխիթարեան» դպրոցի անձնակազմը հերոսաբար դիմագրաւելով տնտեսական դժուարութիւններին՝ հայի աննկուն կամքով պահպանում է վարժարանի գոյութիւնը: Եւ շարունակւում է հարսանիքը՝ փաստելու, որ ոչ մի փոթորիկ չի կարող խանգարել հայ դպրոցի գոյութիւնը, քանի կան հայ լեզուն, հայ մշակոյթը, հայ ուսուցիչը եւ աշխարհասփիւռ հայ ժողովուրդը:
Մշակոյթի օրը «Մխիթարեան» դպրոցում շարունակուեց հարսանիքին յաջորդող ճաշկերոյթով, եւ ապա՝ տարբեր զուարճալի ծրագրերով: Հայ դպրոցի գոյութիւնն իսկ ամէնօրեայ մշակոյթի տօն է մեզ համար: Պահպանե՛նք մեր դպրոցները:
(Թղթակցութիւն վարժարանէն)