ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Վերջին շրջանում աւելի յաճախադէպ են դարձել խօսակցութիւնները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ընդհանրապէս ճանաչման եւ, մասնաւորապէս, Հայաստանի Հանրապետութեան կողմից ճանաչման վերաբերեալ: Խօսակցութիւնները գլխաւորապէս քաղաքական բնոյթի են, թէեւ պետութեան ճանաչումն առաջին հերթին իրաւական երեւոյթ է: Յիշեալ խօսակցութիւնները հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները գտնում են, որ ԼՂՀ ճանաչումը մեզ ոչինչ չի տայ: Երկրորդ դիրքորոշման կողմնակիցների համար ԼՂՀ ճանաչումը կարծես վերջնական նպատակը լինի: Ես ձեռնպահ կը մնամ այս մօտեցումներին գնահատական տալուց: Փոխարէնը՝ առաւելապէս կը կենտրոնանամ հարցի իրաւական կողմի վրայ եւ կը փորձեմ ցոյց տալ, որ հարցն աւելի բարդ է, քան թւում է առաջին հայեացքից:
Որեւէ պետութեան ճանաչում, ինչքան էլ այն խարսխուած լինի քաղաքական դրդապատճառների վրայ, այնուհանդերձ, իրաւական երեւոյթ է: Ըստ այդմ, անհրաժեշտ է քննութեան առնել այն նախադրեալները եւ այն իրաւական հետեւանքները, որոնք առնչւում են պետութիւնների ճանաչման հետ:
Նոր ժամանակների պատմութեան մէջ պայմանագրով ամրագրուած առաջին ճանաչումը տեղի է ունեցել 1648թ.ին, երբ խաղաղութեան պայմանագրով վերջ տրուեց սպանա-հոլանտական ութսունամեայ (1568-1648թթ.) պատերազմին եւ Սպանիան ճանաչեց իրենից 67 տարի առաջ անջատուած եւ 1581թ.ին իր ինքնիշխանութիւնը հռչակած Միացեալ Նիտերլանտների անկախութիւնը:
Նորահաստատ պետութիւնների ճանաչման հարցն ամբողջովին ընկալելու համար անհրաժեշտ է տեսնել, թէ միջազգային իրաւունքն ինչպիսի՞ չափորոշիչներ է առաջ քաշում այդ երկրների անկախութիւնը ճանաչելու համար: Ըստ միջազգային իրաւունքի, դրանք երեքն են՝ որոշակի տարածք, բնակչութիւն եւ տուեալ տարածքի արդիւնաւէտ կառավարում: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ միջազգային իրաւունքը տարածքի կամ բնակչութեան որեւէ նուազագոյն շէմ չի սահմանում: Տարածքի եւ բնակչութեան առումով կարեւոր է, որ տարածքը լինի որոշակի, իսկ բնակչութիւնը՝ մշտական: Այսքանը: Օրինակ, ներկայումս անկախացող հարաւային Սուտանի — հիւսիսային Սուտանի միջեւ կայ երկու տարածք՝ Ապիէի (10, 460 քառ. քմ., 60,000 շունչ) եւ Հարաւային Քուրտուֆանի (South Kurdufan, 158,355 քառ. քմ., 1,100,000 շունչ) շրջանները՝ ընդհանուր առմամբ 1,160,000 բնակչութեամբ 168 815 քառ. քմ., որոնց ճակատագիրը որոշուելու է հետագայում: Ինչպէս տեսնում էք, այս անյստակութիւնները չեն խանգարում անկախացման գործընթացին: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքը մինչեւ մի քանի մեթր ճշգրտութեամբ տարանջատուած է Ադրբեջանից:
Ինչ վերաբերում է արդիւնաւէտ կառավարման դրոյթին, ապա միանշանակ է, որ առնուազն 1994թ. Մայիսից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ընտրուած իշխանութիւններն են իրականացնում կառավարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ողջ տարածքի վրայ: Ուզում եմ յատուկ շեշտել, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ ոչ մի օր չի իրականացրել արդիւնաւէտ կառավարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքի որեւէ հատուածի վրայ, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի տարածքի վրայ ընդհանրապէս որեւէ տեսակի կառավարում չի իրականացրել երբեւէ:
Վերոյիշեալը երեք չափորոշիչներն էին ճանաչման համար: Տեսնենք, չճանաչելու համար ի՞նչ հիմքեր են պէտք: Միջազգային իրաւունքն առանձնանշում է երկու հիմք, որոնց պատճառով կարող է ճանաչումը տեղի չունենալ: Առաջինը ոչ բաւարար անկախութիւնն է: Այստեղ ԼՂՀ դիրքերը բաւականին թոյլ են: Մենք մոռանում ենք մի կարեւոր հանգամանք՝ անկախութիւն նշանակում է անկախութիւն ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Հայաստանից: Այնպէս որ, քանի դեռ ԼՂՀ դուրս է մղուած բանակցային գործընթացից միամտութիւն է ակնկալել, որ որեւէ երկիր կը ճանաչի ԼՂՀ անկախութիւնը:
Ճանաչմանը խոչընդոտող երկրորդ պատճառը ինքնորոշման սկզբունքի բաղադրիչներից որեւէ մէկի ոտնահարումն է: Օրինակ, երբ իշխանութեան մէջ համարժէքօրէն ներկայացուած չեն տուեալ տարածքի ցեղային կամ կրօնական խմբերը: Այս հարցում ԼՂՀ իշխանական սանդղակում ստեղծուած իրավիճակը միանգամայն համապատասխանում է երկրի ներկայիս բնակչութեան կազմին:
Կարեւոր հանգամանք է նաեւ ճանաչման ձգտող որեւէ պետական միաւորման մէջ հաստատուած բարքերն ու կարգերը: Զուտ իրաւական տեսանկիւնից ժողովրդավարական վարչաձեւի առկայութիւնը անկախութեան ճանաչման նախապայման չէ: Այնուհանդերձ, վերջերս ԼՂՀ յետընթացը «մասնակի ազատ երկրներից» «անազատ երկրների» շարքը, ըստ Ֆրիտըմ Հաուսի սանդղակի, լուրջ խոչընդոտ է ԼՂՀ ճանաչման ճանապարհին: Ինձ կարող են առարկել՝ ասելով, որ եթէ ուզենան ճանաչել, ապա ժողովրդավարութեան այս վիճակում էլ կը ճանաչեն: Համաձայն եմ: Բայց հէնց խնդիրն էլ այն է, որ չեն ուզում ճանաչել, ուստի եւ նման պայմաններում միակ խելամիտ քաղաքականութիւնը չճանաչելու համար բոլոր պատճառների եւ պատրուակների բացառումն է:
Հիմա անդրադառնանք մէկ այլ կարեւոր հարցի՝ ի՞նչ իրաւական հետեւանքներ է ստեղծելու ԼՂՀ ճանաչումը կամ աւելի պարզ՝ ինչո՞ւ են ոմանք ուզում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչուի:
Այս հարցն ունի երկու կողմ, մէկը ԼՂՀ ճանաչումն է Հայաստանի կողմից, միւսը այլ երկրների կողմից: Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն ունի մի քանի դրսեւորում: Ճանաչման կողմնակիցները աւելի շուտ առջնորդւում են քաղաքական նպատակներով: Սակայն հարցն ունի նաեւ իրաւական լուրջ բարդութիւն, որը մշտապէս անտեսւում է: Ըստ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան մաս հանդիսացող Անկախութեան հռչակագրի, Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը հռչակել է նաեւ «հիմնուելով 1989 թուականի Դեկտեմբերի 1ի «Հայկական ԽՍՀի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ», այսինքն ճանաչել է նշեալ փաստաթղթի օրինականութիւնը: Յիշեցնեմ, որ նշեալ համատեղ որոշման 3րդ կէտը հռչակել է «Հայկական ԽՍՀի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորումը»: Ինչպէ՞ս կարող է Հայաստանի Հանրապետութիւնը իր իսկ մի մասը ճանաչել անկախ: Ուզում եմ ընդգծել, Լեռնային Ղարաբաղի Հայաստանի Հանրապետութեան մաս լինելը ոչ միայն տէ ժիւրէ ամրագրուած է Հայաստանի սահմանադրութեան մէջ, այլեւ տէ ֆաքթօ կենսագործւում է մեր ամենօրեայ կեանքում: Հակառակ դէպքում հայաստանցի զինծառայողների ներկայութիւնը ԼՂՀում կը լինէր անօրինական, ղարաբաղաբնակները չէին կարող Հայաստանի անձնագրեր ստանալ, իսկ Ռոպերթ Քոչարեանն էլ չէր կարող մասնակցել Հայաստանի նախագահական ընտրութիւններին:
ԼՂՀ ճանաչման ձգտողները կարծում են, որ ճանաչումը կը բարձրացնի ԼՂՀ անվտանգութեան աստիճանը: Եթէ մոռանանք նման որոշման հակասահմանադրականութիւնը, գուցէեւ ճիշդ են: Սակայն յիշենք, որ ճանաչուած պետութիւն լինելը չի ազատում այդ երկիրը արտաքին յարձակման վտանգից: Վերջին ժամանակաշրջանի օրինակները շատ են՝ թուրքական զօրքերի պարբերական ներխուժումները Իրաք, հէնց նոյն Իրաքի ներխուժումը Քուէյթ, դրանից առաջ իսրայէլեան ներխուժումը Լիբանան կամ թուրքական ներխուժումը Կիպրոս եւ այլն: Ուստի հաշուի առնելով ոչ վաղ անցեալի փորձը, կարող ենք ամփոփել՝ այո՛, միջազգային ճանաչումը կը նպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան աստիճանի բարձրացմանը, սակայն չի կարող երաշխաւորել ԼՂՀ ապահով գոյութիւնը:
Հիմա ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ անել: Պատմական փորձը ցոյց է տալիս, որ պետական միաւորները գոյութիւն ունեն, քանի դեռ այդ պետութեան եւ նրա հաւանական հակառակորդների միջեւ առկայ է ուժերի հաւասարակշռութիւն: Ուստի, պատասխանը շատ պարզ է՝ պէտք է պահպանել ուժերի հաւասարակշռութիւնը: Ուզում եմ յատուկ շեշտել, որ ուժ ասածը եւ ռազմական հզօրութիւնը նոյնական չեն: Ռազմական հզօրութիւնը ուժի, թէեւ կարեւոր, բայց ընդամէնը բաղադրիչներից մէկն է: Այստեղ առաջ է գալիս ամէնադժուար հարցը՝ ինչպէ՞ս պահպանել ուժերի հաւասարակշռութիւնը մի կողմից ԼՂՀ — Հայաստանի Հանրապետութեան, միւս կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, երբ կողմերի ուժային զամբիւղների ձեւաւորման հիմքերը էականօրէն տարբեր են: Պարզ ասած, մենք զիջում ենք մեր հաւանական հակառակորդներին քաղաքականապէս, տնտեսապէս, տարածքով, աշխարհագրական դիրքով, բնակչութեամբ, պաշարներով, ռազմական արդիւնաբերութեամբ եւ այլն: Առաջին հայեացքից դժուար թուացող այս հարցն ունի շատ պարզ պատասխան: Քանի որ հաւասարակշռութիւնը յարաբերական հասկացութիւն է, այսինքն այն կողմերի ուժերի համեմատութիւնն է, ապա եթէ դու ի վիճակի չես հաւասարակշռութեան հասնել ինքդ ուժեղանալով, ապա պիտի գնաս այլ ճանապարհով՝ պիտի տկարացնես քո հակառակորդին: Հակառակորդին տկարացնելու բազմաթիւ ձեւեր կան, ես միայն կ՛անդրադառնամ դրանցից մի քանիսին: Այսօր Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց թուաքանակն առնուազն 2.5-3 միլիոն է, լեզգինները, աւարները, ցախուրները, թալիշները, թաթերը, ուտիները եւ այլք, տառապում են ադրբեջանական ազգայնականութեան լծի տակ: Այո, ներկայումս նրանցից շատերի ինքնութիւնը ճնշուած է կամ՝ հարկադրաբար քողարկուած, սակայն տեղեկատուական դաշտում նպատակային աշխատանքը կը յանգեցնի նրանց ազգային գիտակցութեան զարթօնքին: Եւրոպական զանազան կառոյցներում մեր պատուիրակութիւնները եւ մեր դեսպանութիւնները ողջ քաղաքակիրթ աշխարհում մշտապէս պէտք է արծարծեն Ադրբեջանում ցեղային եւ այլ փոքրամասնութիւնների նկատմամբ գործադրուող խտրականութեան եւ հալածանքի փաստերը: Գործնական առումով անհրաժեշտ է ԼՂՀից հեռարձակել այդ ժողովուրդներին հասցէագրուած ռուսալեզու, թուրքալեզու եւ այդ ժողովուրդների լեզուներով ռատիօ եւ հեռուստահաղորդումներ, ստեղծել համապատասխան կայքեր: Վստահ եմ, որ հիմնական առարկութիւնը կը լինի, որ մասնագէտներ չկան եւ միջոցներ չկան: Նախ՝ միջոցների մասին: Եթէ ԼՂՀ պիւտճէում նախկին պաշտօնեաների պահպանման ծախսերը կրճատուեն կամ ի չիք դառնան, ապա միայն այդ գումարով կարելի կը լինի իրականացնել նշածս ծրագիրը: Իսկ երբ լինեն միջոցներ, մասնագէտներն ի յայտ կը գան: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մէջ դեռ կան մարդիկ, որ ուզում են պայքարել սեփական ժողովուրդների ապագայի համար: Միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ աւելի լաւ կը լինի, որ Հայաստան հիմնադրամը տարեկան մի երկու դպրոց պակաս նորոգի կամ Սեւանի ափին ուինտսերֆինկի ակումբ չկառուցի, սակայն իրականացնի նշածս ծրագրերը: Չէ՞ որ, երբ վերջնականապէս խախտուի հաւասարակշռութիւնը, ապա պատերազմը կը դառնայ անխուսափելի, իսկ այդ դէպքում կատարուած բոլոր աշխատանքները պարզապէս աւերակներ կը դառնան: Այսինքն ներքին հակակշիռների միջոցով արտաքին հաւասարակշռութեան պահպանումը պիտի դառնայ Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀ քաղաքականութեան հիմնաքարերից մէկը:
Ասածս վերաբերում է նաեւ Թուրքիային: Թուրքիայում ներկայումս ընթանում են ինքնութեան որոնման խորքային խմորումներ: Օրինակ, որոշ տուեալներով, Թուրքիայում մինչեւ երեք միլիոնի հասնող զազաները թիրախային խմբի լաւագոյն օրինակն են: Քրտերի հետ յարաբերութիւնները խիստ կարեւոր են եւ հաշուի առնելով մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները կարող են վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Հայաստանն իր քսանամեակի շէմին շատ աւելի հասուն եւ հեռահար քաղաքականութիւն պիտի իրականացնի: Մենք պէտք է հասկանանք, որ եթէ ոչ մեր իրաւունքների վերականգնումը, ապա գոնէ մեր եւ Թուրքիայի միջեւ միջնորմ պետութեան ստեղծումը բխում է մեր կենսական շահերից: Հակառակ պարագային, մեր ճանաչուած լինելը մեզ չի փրկի: Ուզում եմ յիշեցնել, որ առաջին հանրապետութիւնն ունէր լիակատար ճանաչում միջազգային համայնքի կողմից, այդ թւում նաեւ՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի, սակայն դա չխանգարեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը յարձակման ենթարկուի նրանց կողմից եւ բաժանուի նրանց միջեւ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան ապահովման միւս ճանապարհը Թուրքիային տարածաշրջանից հնարաւորինս հեռու պահելն է: Ցաւօք հայ-թուրքական տխրահռչակ արձանագրութիւնները Տրովադայի ձիու դեր խաղացին եւ օգնեցին Թուրքիային միջամուխ լինելու Լեռնային Ղարաբաղի հարցի մէջ:
Ակնյայտ է, որ խորքի մէջ ցանկացած բանակցութիւն, այդ թւում նաեւ՝ միջպետական, ազդեցութեան լծակների փոխադարձ կիրարկման գործընթաց է: Բանակցութիւնները կարող են քեզ համար նպաստաւոր ելք ունենալ, եթէ քո ընդդիմախօսի վրայ քո լծակներն աւելի ազդեցիկ են, քան նրանը՝ քո վրայ: Երբ ես տարիներ առաջ հանրապետութեան նախագահին առաջարկեցի իմ ծրագիրը, որը մեծապէս խարսխուած էր Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի վերարծարծման վրայ, ապա մտքիս մէջ առաջինը նկատի ունէի Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը: Այսօր էլ ես գտնում եմ, որ Ուիլսընի իրաւարար վճռի համապատասխան հնչեղութեան հասցուած հարցը, ինչպէս նաեւ այդ վճռի արժեւորումը ազդեցիկ իրաւական կառոյցների եւ մասնագէտների կողմից, կարող է ներկայ պայմաններում մեր ձեռքին լուրջ լծակ լինել եւ էական հարցերում ապահովել Թուրքիայի չէզոքութիւնը: Ես այսօր էլ գտնում եմ, որ Թուրքիայի վրայ ազդեցութեան լծակների ստեղծումը մեր արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն նպատակներից պիտի լինի, իսկ այդ ճանապարհին Ուիլսընի իրաւարար վճիռը ուղենշային նշանակութիւն ունի: Ցաւօք, չնայած իմ բոլոր ջանքերին, ես հինգ տարուայ ընթացքում չկարողացայ որեւէ յաջողութեան հասնել:
Ամփոփելով կարող եմ անել հետեւեալ եզրակացութիւնները.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչումը քաղաքական առումով խիստ ժամանակավրէպ է, իսկ իրաւական առումով յղի է անցանկալի հետեւանքներով:
2.Առանց սահմանադրական փոփոխութիւնների՝ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի Հանրապետութեան կողմից կը լինի հակասահմանադրական:
3. ԼՂՀ ճանաչումը որեւէ երկրի կողմից կը լինի Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան ոտնահարում:
4. ԼՂՀ ճանաչումը որեւէ երկրի կողմից առանց Հայաստանի ճանաչման, ԼՂՀում հայաստանցի զինծառայողներին կը դնի խիստ խոցելի իրաւական կարգավիճակի մէջ:
5. Հիմնական ուժերը պէտք է կենտրոնացնել ուժերի հաւասարակշռութիւնը պահելու ուղղութեամբ: Դրա համար պէտք է Ադրբեջանը թուլացնել ներքնապէս, իսկ Թուրքիայի նկատմամբ ունենալ ազդեցութեան լծակներ:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման հարցը պէտք է հանել հայութեան քաղաքական օրակարգից որպէս գործնականում անիրագործելի, իսկ արդիւնքում ոչինչ չտուող նպատակ:
Տարիներ առաջ առիթ ունեցայ հանդիպելու Մինսքի խմբի ամերիկեան նախկին համանախագահներից մէկին: Խօսակցութիւնն անկեղծ էր, քանի որ երկուսս էլ նախկին պաշտօնեաներ էինք: Իմ այն հարցին, թէ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նա ասաց հետեւալը. «Ի՞նչ պիտի լինի որ: Եթէ կարողացաք պահել ուրեմն ձերը կը լինի, եթէ չկարողացաք պահել, ուրեմն ազրպէյճանցիներինը կը լինի»: Պատասխանն ի հարկէ շնական է, սակայն սա է միակ ճշմարտութիւնը:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կեդրոնի ղեկավարն է, Գանատայի մէջ Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինի «Արցախեան հարցի վերջին զարգացումները» նիւթով Պէյրութի մէջ, 21 Յունուար, 2011ին տեղի ունեցած խորհրդաժողովին արտասանուած խօսք։