ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տնտեսական ճգնաժամի պատճառներից մէկը Միացեալ Նահանգների ռազմական ներկայութիւնն է աշխարհի բազմաթիւ անկիւններում. չէ՞ որ ռազմական ներկայութիւնն ամենածախսատար բնագաւառներից մէկն է: Միացեալ Նահանգներն այսօր ինչ-որ տեսակի ներկայութիւն ունի աշխարհի 195 երկրներից 150ում: Եւրոպայում աւելի քան 80000 ամերիկեան զինուոր է տեղակայուած եւ եւրոպացի հարկատուի հետ համեմատած ամերիկեան հարկատուն կրկնակի է վճարում նրանց ծախսերը հոգալիս: Իսկ այսօր Եւրոպայի տնտեսութիւնն աւելի առողջ է, քան ամերիկեանը (ըստ որոշ գնահատականների):
Միացեալ Նահանգներն իր ներկայութիւնը զգացնել է տալիս նաեւ Արեւելեան Ասիայում. այնտեղ մօտ 70000 ամերիկացի զինուոր է տեղակայուած: Իսկ Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր տնտեսութիւնն ունի, Հարաւային Կորէան՝ 13րդը: Այս պետութիւնները շատ հանգիստ կարող են իրենք հոգալ իրենց շրջանի անվտանգութեանն ուղղուող ծախսերը, բայց չգիտես ինչու բոլորը պատսպարւում են ամերիկեան հովանոցի ներքոյ:
Ամերիկեան տնտեսագէտների մի պատկառելի խումբ կոչ է անում պաշտպանութեան բնագաւառին յատկացուող նախահաշուի զգալի կրճատում իրականացնել եւ որպէս տեսլական ունենալ ոչ թէ աշխարհի անվտանգութիւնը, այլ սեփականը: Պենտագոնը խոստացել է աւելի խնայողաբար հաշուարկել իր առաջիկայ հինգ տարիների բիւջէն, բայց տնտեսագէտները պնդում են, որ սա բաւարար չէ իրավիճակը բարելաւելու համար: Իսկ եթէ փաստերի լեզուով խօսենք, Պենտագոնը խոստանում է չաւելացնել իր ծախսերը առաջիկայ հինգ տարիների ընթացքում՝ նպատակ ունենալով նման կերպ խնայել տարեկան մօտ 100 միլիարդ (մլրդ) դոլար: 2012 թուականի պաշտպանական նախահաշիւը 553 մլրդ դոլար է կազմում: Այստեղ հաշուարկից դուրս է մօտ 150 մլրդ դոլարը, որն անձեռնմխելիօրէն յատկացուած է Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներին: Ստացւում է, որ Միացեալ Նահանգները կոպիտ հաշուարկով աւելի քան 600 մլրդ դոլար է ծախսում ռազմական նպատակներով. մօտաւորապէս նոյն չափով, ինչ աշխարհի միւս բոլոր երկրները միասին վերցրած:
Որոշ տնտեսագէտներ արդարացիօրէն փաստարկում են, որ աշխարհի բոլոր երկրները չեն, որ Միացեալ Նահանգների համար վտանգ են ներկայացնում, եւ նման ծախսերն արդարացուած չեն: Այսպէս կոչուած գերտաքացման պայմաններում այս ծախսերն այնքան էլ ակնառու չէին, բայց այժմ, երբ մարդիկ աւելի քան երբեք անհանգստացած են իրենց վաղուայ օրուայ ճակատագրով, նման հսկայական ռազմական նախահաշիւը հարկատուների ուժերից վեր է:
Մասնագէտների մէկ այլ խումբ հակաճառում է՝ որպէս փաստարկ բերելով այն պատճառաբանութիւնը, որ եթէ այդքան զինուոր միանգամից տուն վերադառնայ, երկրի տնտեսութիւնը շատ աւելի խոշոր հարուածի կ՛ենթարկուի քան այսօր: Փաստարկների մէջ նշուած է, որ այդ զինուորների մի զգալի մասը կոնկրէտ մասնագիտութիւն չունի եւ գրեթէ զրոյից պիտի սկսի մասնագիտական կեանքը այսօրուայ դժուար պայմաններում, երբ նոյնիսկ բարձրագոյն կրթութեամբ մարդիկ ստիպուած են պատահական աշխատանքներ վերցնել՝ իրենց գոյութիւնը քարշ տալու ակնկալիքով:
Ամէն դէպքում Միացեալ Նահանգների ռազմական ներկայութիւնն աշխարհի հեռաւոր անկիւններում բարի համբաւ չի բերում այս երկրին, այլ հրահրում է հակազդող ուժերին՝ աւելի մեծ եռանդ տալով նրանց ծրագրերին: Տնտեսագէտներն առաջարկում են վերանայել Միացեալ Նահանգների պաշտպանական ծրագիրը՝ վերափոխելով այն այսօրուայ հրամայականի լոյսի ներքոյ:
Միացեալ Նահանգների ազգային պարտքը գնալով աճում է: Մեր ամենախոշոր պարտատէրը Չինաստանն է (մօտ 9.8%), ապա Ճապոնիան (մօտ 9.6%), որին հետեւում է Միացեալ Թագաւորութիւնը (մօտ 5.1%): Միացեալ Նահանգների մնացեալ արտաքին պարտքը բաժանում են նաւթ արդիւնահանող արաբական երկրները, Բրազիլիան եւ այլն: Ուրեմն, երբ միւս անգամ ինչ-որ մէկը ձեզ ասի, թէ մենք Չինաստանի պարտքը մարելու համար ենք աշխատելու, յարգանքով կարող էք չհամաձայնել մտքի հետ…
—————————————————————————————————————-
Մուբարաքի Միլիարդները

Եգիպտոսում կատարուող սրընթաց իրադարձութիւնները ցնցեցին ամբողջ աշխարհը ինչպէս քաղաքական այնպէս էլ տնտեսական առումով: Վառելիքի արժէքը շեշտակի տատանում գրանցեց յեղափոխութեան օրերին, իսկ եգիպտական յեղափոխութեան հետեւանքները միայն ժամանակը կարող է ցոյց տալ:
Շատերն են խօսում Մուբարաքի միլիարդների մասին, եւ ժողովուրդն արդարացիօրէն վրդովուած է, թէ ինչպէս ամսեկան մօտ 800 դոլար ստացող պաշտօնեան կարող է համարուել աշխարհի ամենահարուստ մարդը: Տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ այս մտածելակերպը պարզ կերպով յիշեցնում է նաեւ մեզ ծանօթ մէկ այլ պատկեր:
Իսկ արդեօ՞ք այստեղից հետեւութիւններ անելու են նրանք, ովքեր իրավիճակի բերումով պէտք է որ խորը մտածէին այս մասին: Եգիպտոսը դեռ պատրաստ չէ պատասխանելու բազմաթիւ հարցերի, որոնցից ամենակարեւորը երկրի տնտեսութեան վերականգնման ուղին է: Թէ ինչ կը ստանայ հասարակ ժողովուրդը դրանից, միայն Աստուած գիտի: Յեղափոխական օրերին հնչեց նաեւ հետեւեալ թեւաւոր խօսքը. «Իւրաքանչիւր յեղափոխութիւն շատ աւելի վտանգաւոր է հասարակ ժողովրդի համար, քան այն ծնող դրդապատճառները»: Իսկ երբ մարդ այլեւս գոյութի՞ւնը չի կարողանում պահպանել: Չէ՞ որ կայ մէկ այլ թեւաւոր խօսք. «Կորցնելու բան չունեցող մարդն ամէնից վտանգաւորն է»: Այսպիսի իրավիճակում նա ամէն քայլի կարող է դիմել:
Եգիպտոսեան յեղափոխութիւնը անհետեւանք չի մնայ նաեւ հարեւան երկրների համար, նրանց տնտեսական առողջութեան տեսանկիւնից եւս: Բայց մարդկանց այսօր աւելի շատ այլ հարց է հետաքրքրում. «Որտեղի՞ց Մուբարաքին այդքան շատ փող»:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վերաբերեալ Ֆորբս ամսագրի հրապարակած ցուցակում Մուբարաքի անունը հնարաւոր չէ գտնել, սակայն դատելով նրա կարողութեան չափերից՝ դա պէտք է, որ սխալմունք լինի: Միայն 18 օրուայ ահագնացող բողոքի ցոյցերը ստիպեցին 30 տարի շարունակ Եգիպտոսն իր ձեռքում պահող նախագահին հրաժարական տալ: Պաշտօնավարութեան ընթացքում Մուբարաքն արդէն ապահովել է իր անհոգ ծերութիւնը, քանի որ նրա ընտանիքի կարողութիւնը գնահատւում է 40-70 մլրդ դոլար:
Իհարկէ Մուբարաքը զինուորական էր եւ ոչ գործարար, սակայն նա որոշակի գումար էր ստանում երկրի զարգացման բոլոր գործարքներից, կաշառքներից եւ մենաշնորհներից: Իսկ այդ եկամուտը գուցէ եւ աւելի հաստատուն էր, քան ցանկացած գործարարինը: Մինչդեռ Եգիպտոսում մէկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքը կազմում է ընդամէնը 6200 դոլար: Աշխատատեղերի եւ աւելի բարձր սոցիալական դիրք գրաւելու հնարաւորութեան պակասն էր, որ ստիպել էր երիտասարդներին դուրս գալ փողոց եւ փոփոխութիւններ պահանջել: Անկասկած, Եգիպտոսի արդէն իսկ նախկին նախագահի ունեցուածքը հնարաւոր չէ ստոյգ չափել, այն երկրից դուրս ներդրուած է շուէյցարական դրամատներում: Վերջիններս յայտարարել են, որ Մուբարաքի հետ կապուած բոլոր բանկային հաշիւները ժամանակաւորապէս սառեցուած են: Սակայն այդ գումարներից եւ ոչինչ բաժին չի հասնի երկրի բնակիչներին: Բացի այդ, հաւանական է, որ հրաժարականի պայմաններից մէկն էլ հէնց կարողութեան մեծ մասը պահպանելու գաղափարը լինի:
Ենթադրաբար այդ ահռելի գումարների մի մասն էլ թաքցուած է չափազանց ապահով վայրերում, գուցէ դա էր պատճառը, որ Մուբարաքը այդքան երկար սպասեց նախքան հրաժարական տալը, որպէսզի հնարաւորութիւն ունենար իր դեռեւս գործող իշխանութիւնն օգտագործել նահանջի ճանապարհ ապահովելու համար:
Բնաւ պէտք չէ կարծել, որ այսպիսի դրամաշորթութիւնը յատուկ էր միայն Եգիպտոսի նախագահին: Նոյն վարքագիծն են ցուցաբերում Մերձաւոր Արեւելքի միւս երկրների իշխանութիւնները, պարզապէս նրանք փոքր-ինչ աւելի զգոյշ են այդ հարցում: Եւ սա բոլորովին էլ մէկ անձի կամ նրա ընտանիքի խնդիրը չէ. երեսուն տարի նախագահի աթոռին մնալը ենթադրում է, որ Մուբարաքը համագործակցում էր իշխանական այլ օղակների հետ: Սրա ապացոյցը կարող է լինել այն փաստը, որ երկրի բանակը թոյլ տուեց նրան մնալ երկրում (թէեւ արտաքսուած), երբ պարզ դարձաւ, որ բողոքարարները չեն պատրաստւում զիջել իրենց դիրքերը:
Մուբարաքի կարողութեան հետ կապուած պատմութիւնը հաւանաբար սրանով չի աւարտուի: Երկրի նախկին նախագահը դեռ կարող է իր հին կապերի միջոցով ազդեցութիւն գործել ներկայումս իշխանութեան գլուխ գտնուողների, ինչպէս նաեւ յետագայ նախագահի վրայ: Վտանգ կայ, որ յաջորդ նախագահը նոյնպէս կը ցանկանայ հարստանալ եւ նոյն ուղին կը բռնի: Այս ծանր սցենարներից խուսափելու համար երկրում հարկաւոր է արդիւնաւէտ եւ թափանցիկ տնտեսական համակարգ ստեղծել:
Տնտեսագէտները եւ քաղաքագէտները հաւաստիացնում են, որ «յեղափոխական» ալիքը չի սահմանափակուի միայն Եգիպտոսով, իսկ թէ որքանով էր այդ ալիքը յեղափոխական, ժամանակը ցոյց կը տայ:
Գրէք ինձ
khachigmelekyan@aol.com
հասցէով: