ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»Ի
Մեր ժողովուրդը կարիք ունի յաղթանակների երէկ ասում էր երիտասարդ մի գրողեւ պնդում, որ դա յատկապէս երեւաց Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Մանաւանդ նոր սերունդը այդ յաղթանակին շատ էր սպասում: Երբ 90ականներին մութ էր, գրեթէ քաղց, կարիք, անգործութիւն, մեզ պահողը հէնց ռազմաճակատի յաղթանակներն էին:
Ասում են՝ այդ տարիներին արտագաղթ գրեթէ չի եղել, իսկ ով էլ գնացել է՝ ետ է վերադարձել, որովհետեւ դա անյուսութեան, ապագայի հանդէպ հաւատի բացակայութեան գաղթ չէր: Ծանր էր, երիտասարդ տղաների դիակներ էին բերում Արցախից, սակայն մարդիկ ապրում էին յաղթանակների ոգեւորող, արբեցնող լուրերով: Յաղթանակներն անշուշտ միայն ռազմական չեն լինում: Եւ պէտք էլ չէ, որ 21րդ դարում դրանք ռազմական լինեն: Այս դարը տնտեսական, գիտական, սպորտային յաղթանակների դար է: Իսկ այդ բոլոր ասպարէզներում մենք, ցաւօք, պարտւում ենք: Իսկ ժողովուրդն այնպէ՜ս է ուզում յաղթել: Կարծում էք ինչու՞մ էր այն խաբեբայ երիտասարդ «ֆիզիկոսի» ֆենոմենը: Հէնց յաղթանակի փափաքն էր առաջնորդում նրանից համաշխարհային մեծութեան գիտնական, նոր Էյնշտէյն ու Կոպերնիկոս սարքելու աւանտիւրան (արկածախնդրութիւնը-Խմբ.):
Յաղթանակի կարօտն է ստիպում մարդկանց գնալ հանրահաւաքների ու երթերի՝ գուցէ այս անգամ իշխանութիւնը գրաւե՞նք: Եթէ այն չենք կարողանում գրաւել ընտրութիւնների ճանապարհով, ապա պէտք է դրան հասնենք ուժով ու պայքարով: Այդ նոյն յաղթանակի ձգտումով են նաեւ մարդիկ այս օրերին այցելում Րաֆֆի Յովհաննիսեանին՝ գուցէ նա իր հացադուլո՞վ յաղթի իշխանութիւններին ու ինչ որ քայլեր պարտադրի: Յաղթելու երազանքը հզօր խթան է, հասարակութեանը շարժող ուժ: Պարզապէս հարկաւոր է հասարակութեանը տալ այդ յաղթանակի զգացումը՝ թէկուզ փոքրիկ յաղթանակներ ապահովելով: