Դժգոհ անարդար
Աշխարհի կարգից,
Կռացած բեռից՝ ժամանակների,
Ծնւում է ցաւով
Մի անափ թախիծ,
Սպիտակափառ ջարդից վիթխարի…
Ճակատագրի
Մրմունջ դառնագին,
Հայը գաղթում է՝ աչքերը ետին,
Յաղթուածի շնչով
Բանականութեան,
Գնում է հեռու՝ մէջքն Արարատին…
Հեռանում է նա
Չվում է անդարձ,
Ինչպէս մի տերեւ մայր ծառից պոկուած,
Բայց մի հարազատ,
Անբարբառ կարօտ,
Արցունք է շաղում՝ աչքերում նրա…
Մարում է լոյսն իմ՝
Յուսոյ կանթեղի,
Օջախիս ծուխը երկինք չի հասնում,
Ո՛չ սուր է ճօճւում,
Ո՛չ թուր է սրւում,
Արդեօք, ինչո՞ւ է երազն իմ մեռնում…
Այսքան հալածանք, այսքան տառապանք,
Հազար ցաւ տեսած
Այս փոքրիկ հողում,
Տէ՛ր իմ,
Իմ սիրտն է՝ ափերից ելնում,
Փրկութիւն եմ ես՝ քեզնից աղերսում…
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
ՊՈՍԹՈՆ