Արի, տանեմ իմ յետեւից, որ յիշեցնեմ,
Թէ որտե՜ղ է Նոյը փրկուել, ու թէ՝ ինչի՜ց.
Արի, տանեմ իմ յետեւից՝ սովորեցնեմ՝
Ո՞նց է գիրքը տառից ծնւում, Մարդը՝ Ազգից.
Արի, տանեմ իմ յիտեւից՝ մոլորեցնեմ,
Որ մոռանաս՝ ի՞նչ է սուրը, սուրն արիւնոտ.
Արի, տանեմ իմ յետեւից՝ տե՜ղդ ցոյց տամ,
Որ չխորշես նեղ գանգերից, շեղ աչքերից.
Արի, տանեմ իմ յետեւից՝ պատկերդ տես,
Ու տես՝ յանկարծ այդ տեսնելից սիրտդ չխառնես.
Արի, տանեմ յետեւից՝ աշխա՜րհը տես,
Որ իմանաս՝ հայն ինչո՜ւ է ցրուած այսպէս.
Արի, տանեմ քեզ անապատ՝ ոսկորնե՜ր տես,
Շշունջներից մեռելների չսահմռկես.
Արի, տանեմ իմ յետեւից՝ ձա՜յն չհանես,
Լսիր, ի՛նչ են մարդիկ խորհում ցեղիդ մասին.
Արի, տանեմ իմ յետեւից՝ հետքերդ տես,
Ու չփորձես քեզ բաժանել բութ գազանից.
Արի, տանեմ իմ յետեւից՝ գմբէթներ տես,
Աճիւններն են սուրբ այրերի հանգչում անտես.
Արի, տանեմ իմ յետեւից… Խաչքարե՜ր տես,
Ու խաչ հանիր, տեսնեմ՝ ո՜նց է թաթդ այրւում,
Ո՜նց է մաղձդ մէջդ եռում, լեղիդ պայթում,
Ո՜նց է աչքդ շանթեր թափում, լեզուդ՝ նզովք,
Ո՜նց է փորդ արիւն տենչում ու միտքդ՝ սուր,
Ո՜նց ես հողի վրայ դողում, ժանտ՝ հայհոյում,
Ո՜նց ես լեշից վերածւում թոյն, շունչդ փչում…
Արի, տանեմ իմ յետեւից… թէ մարդ ես դեռ…
ՎԵՀՈՒՆԻ ՆԵՐՍԻՍԵԱՆ