ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Կրկին Ապրիլ է. . .
Մեծ Եղեռնի 96րդ տարելիցը թեւակոխում ենք գլխահակ, դատարկաձեռն, անծրագիր, անկարող, կրկին ապաւինած օտարների գթասրտութեանը, կրկին խնդրագրեր յղելով մեծ տէրութիւնների ղեկավարներին:
Մեր երկրի ղեկավարը հպարտանքով յայտարարում է իր պահանջը՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահից Ցեղասպանութիւն բառը արտաբերելու, իսկ ինքը անհամբերութեամբ սպասում է թուրքիոյ հետ հայերի իրաւունքների ոտնակոխման քուն մտած համաձայնագրի արթնացմանը:
Յատկապէս այս օրերին հիւրընկալում եւ հոծ բազմութեամբ ունկնդրում ենք մեր ազգի մեծագոյն դահիճներից, եղեռնի ոճրագործ պատասխանատուներից, ճեմալ փաշայի շառաւղին՝ նրա թոռին: Դեռ աւելին՝ գնահատում ենք նրա մարդասիրական վերաբերմունքը, յատկապէս նրա այցելութիւնը Եղեռնի զոհերի Յուշակոթողին, լսում ու շոյւում ենք նրա հայերէն արտաբերած մի նախադասութեամբ եւ մեր արարքը արդարացնում մէկ պարզ, օտարների բառարանից մեզ ստիպած դարձուածքով՝ «զաւակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար»: Իսկ աւելի առաջ գնալով յիշեցնեմ, որ նոյնիսկ մտահոգուած նրա կեանքի ապահովութեամբ, ի վերջոյ նա մեծ հայասպանի շառաւիղ է, որը սիրաշահում է մեզ, մտահոգւում ենք՝ «թէ նա չի՞ վախենում իր կեանքից Ցեղասպանութիւն բառը օգտագործելու համար»: Եւ «յուրախութիւն» մտահոգուողների, պարզւում է Թուրքիոյ մէջ կարելի է այդ մասին խօսել, այն դէպքում, երբ նոյն երկրի մէջ, ոչ թէ այդ բառը օգտագործելու, այլ հայութեան մասին խօսելու համար Հրանտ Տինք են սպանում, երբ այդ նոյն երկիրը ստիպում է օտար երկրներին իրենց օրէնքից ջնջել այդ բառի դէմ ծառացողների համար նշանակուած դատական պատիժները:
Թէեւ չեմ սիրում համեմատութեան մէջ մտնել հրեաների հետ, բայց իրավիճակի նոյնութիւնը ինձ ստիպում է այդ քայլին դիմել:
Կարո՞ղ էր արդեօ՞ք որեւէ հրեայ Հիտլերի, Գեօրինգի կամ այլ հրէասպան դահիճների թոռներին այս պատուին արժանացնել:
Եւ այդ ինչպէ՞ս է, որ նոյն հրեաները գերմանացի նոր սերունդից բիլիոններով հատուցում են ստանում նրանց պապերի գործած ոճրագործ արարքների համար, իսկ մենք անմիջապէս արդարացում ենք գտնում մեր դահիճների թոռներին պատասխանատուութիւնից, մինչեւ իսկ հատուցման հարցից, նրանց փրկելու համար:
Ի՞նչ է պատահել մեզ:
Դեռ որքա՞ն է տեւելու մեր ազգային այս աստիճան մաշուածութիւնը:
Ինչո՞ւ այսչափ դեռ «կապուած» ենք թուրքերին: Ինչո՞ւ ենք ուզում ամէն ինչ մոռանալ երազեալ հեշտ ապրելու համար: Ինչո՞ւ ենք ուզում արագօրէն փախչել մեր երկրից, օտարութեան մէջ արագ օտարանում ենք եւ հասնում այն վիճակին, որ պատրաստակամ ընդունում ենք նոյնիսկ մեզ կործանող համաձայնագիր, միայն թէ թշնամի չմնանք մեզ ոչնչացրած, այս օրի հասցրած հայասպան հարեւանի հետ:
Ինչո՞ւ յանկարծ այսչափ անգլուխ մնացինք մենք:
Ինչո՞ւ մեր ժողովուրդը մինչեւ օրս լիովին չի ըմբռնում մեզ հետ կատարուած մեծագոյն ոճրագործութեան ահռելի տարողութիւնը, որ այսչափ մակերեսային է մօտենում Եղեռնի հետ կապուած խորագոյն հարցերին:
Մեր երկրում վերջին տարիներին յատուկ միտումով, յատկապէս այս օրերին, թուրքերի մեծ բարեկամ եւ մեծ տէրութիւնների կողմից վարձկան, նախկին վարկաբեկուած մի նախարար, ժողովրդին կրկին իր ստայօդ խոստումներով առաջնորդում է դէպի խառնակութիւն, որից դժուար պահին ինչպէս նախորդ անգամ, ինքը փախչելու է, անպաշտպան ժողովրդին թողնելով կրակակէտի առջեւ:
Միթէ՞ մեր ժողովուրդը կորցրել է ոչ միայն իր մտածելու, տեսնելու կարողութիւնը, այլ իսպառ կորցրել է իր յիշողութիւնը, որ ինքնամոռաց հետեւում է «երգի-պարի յեղափոխութեան» դէպի սպանդանոց առաջնորդող նախրապետին:
Միթէ՞ տարուայ մէջ ամիսներն են պակասել, կամ այդ ի՞նչ հրաշագործ փոփոխութիւն է արուելու երկրի փտած ղեկավարութեան մէջ, որ այդ «զարթօնքը» յարմարեցւում է յատկապէս Ապրիլ ամսին, ժողովրդի ուշադրութիւնը շեղելու իր ապագայի համար ամենակարեւոր հարցից՝ իր Պահանջատիրութիւնից:
Սա փայլուն ապացոյցն է այն բանի, որ խարխափող ժողովուրդը կարիք ունի առաջնորդի եւ նա այդ թափուր տեղում մարդ չգտնելով համաձայնւում է հետեւելու նոյնիսկ իրեն եւ երկիրը մէկ անգամ արդէն դէպի կործանում տարած ԼՏՊին:
Իրապէս մենք ազգովին կանգնած ենք ցաւալի վիճակի առջեւ:
Տարիներ ի վեր, հսկայական գումարներ ենք վատնում, թուրքերի հակահայկական, Ցեղասպանութեան չգոյութեան քարոզչութեանը հակադրուելու վրայ, միեւնոյն ժամանակ նոյնքան գումար վատնում աշխատելով այս հզօր երկրի քաղաքական գործիչներին կենտրոնացնելու հայկական հարցին ի նպաստ քուէարկելու համար:
Ի հակադրութիւն այդ տարած հսկայական աշխատանքին եւ վատնուած նոյնչափ հսկայական գումարներին, անցնող 20 տարիների ընթացքում ոչ մէկ վայրկեան ենք մենք ներդրել մեր կառավարութեանը ստիպելու, որ Հայկական Պահանջատիրութիւնը դարձնի երկրի օրինագիծ, որ այն դառնայ ոչ թէ առանձին կազմակերպութիւնների տքնաճան աշխատանք, այլ հայկական պետականութեան մտածողութեան ուղեգիծ:
Մենք ազգովին ընկել ենք աշխարհին ապացուցելու եւ համոզելու թուրքերի գործած Ցեղասպանութիւնը մեր դէմ եւ ամենեւին չենք վիրաւորւում մեր այս վիճակից, մեր այս մտածողութիւնից: Այդ ողորմելի վիճակի հետեւանքը դարձաւ «հայ թուրքական արձանագրութեան» ամօթալի երեւոյթը, որը դեռ քօղարկուած շարունակւում է դանդաղ առաջ ընթանալ, վստահաբար նոր թափով կեանքի կոչուելու համար:
Այսօր թուրքիոյ վարած քաղաքականութիւնը ոչնչով չի տարբերւում օսմանեան պետականութեան վարած քաղաքականութիւնից՝ հայերին խաբէութեամբ սիրաշահելով թմրեցնելու եւ յետոյ նրանց իրաւունքները իսպառ ոչնչացնելու հին գործելաձեւից: Եւ պատահական չէ, որ իրենք միայն կանգ են առել Ցեղասպանութիւն բառի վրայ, մեզ խաբելով, այդ բառի շուրջ մեզ անվերջ պտտեցնելով, քաջ ըմբռնելով, որ մեզ համար հիմա միայն այդ բառի հաստատումն է կարեւորը, որը շուտով, չորս տարի էլ հոլովումից յետոյ, անարժէք ու յոգնեցուցիչ է դառնալու այլեւս օրէօր վայրենացող աշխարհի համար:
Մենք այսօր ազգովին յոյսերս կապել ենք արեւմտեան եւ եւրոպական «գթասրտութեան», «արդարադատութեան» հետ եւ մեր հարցի լուծումը սպասում ենք իրենցից, ինչպէս արել 1896ից սկսեալ: Շեփորահարում ենք թուրք դիւանագիտութեան անկողմնակալութիւնը հայ պաշտօնեաներին դիրքեր առաջադրելու համար, ինչպէս նախկինում պարծեցել եւ խաբուել ենք:
Հաւատացնում եմ, որ թուրք ղեկավարութիւնը հայերիս ոչ միայն պատմութիւնը, այլ հոգեբանութիւնը փայլուն գիտէ, քանի որ իրենց մէջ ու իրենց հետ է ձեւաւորուել այն: Իսկ մեր երկրի ղեկավարութիւնը, ոչ միայն տեղեակ չէ համաձայնագիր ստորագրող թուրքի հոգեբանութիւն-մտածողութիւնից, այլ բոլորովին զուրկ է իր իսկ ժողովրդի կրած կորստի ահաւորութեան զգացողութիւնից: Այլապէս նրա մտքով իսկ չէր անցնի, թէկուզ միլիոններ վաստակելու գնով, սիրաշահել թուրքերին, նոյնիսկ ֆուտբոլային իր թերի քաղաքականութեամբ: Այլապէս նա արդէն հաստատած կը լինէր մեր Պահանջատիրութեան հրատապ հարցը:
Թուրքիան այսօր մեր հաշուին, Ցեղասպանութեան ժխտումով, ամրացնում է իր դիրքերը, օգտագործելով ամերիկեան շահամոլութեան գերադասումը արդարութեան ճանաչումից, միւս կողմից մահմետական աշխարհում առաջնորդի դիրք ապահովելով իր երկրի ու ժողովրդի համար, էլ աւելի է հզօրացնում իր դիրքը: Իր երկրի ներսում կրօնափոխուած հայերը զգուշօրէն բացայայտում են իրենց ազգային պատկանելիութիւնը, բայց նա դեռ ձեւացնում է, որ դա իրեն չի անհանգստացնում:
Մեր կառավարութիւնը դեռ քնած է մեծ ուղտի փոքր ականջում, ոչ մէկ ծրագիր ունի այս ուղղութեամբ, աւելի ճիշդ բոլորովին չի էլ մտածում այդ մասին: Չի մտածում, որ իր ժողովրդի մի մասնիկ է ի յայտ գալիս, որին անհրաժեշտութեան դէպքում պէտք է տէր կանգնի:
Աշխարհը ականատես եղաւ Ճապոնիայի վերջին Ցունամիին՝ բնութեան սարսափելի աղէտին: Դա ոչ մարդկային մտածումով ստեղծուած աղէտ էր, բայց որից բնակչութեան մի մաս փրկուեց, թէկուզ կորուստների գնով: Իսկ մեր աղէտի՞ց. . .
Նոյնիսկ բնութեան այդ զարհուրելի աղէտի հետ չեմ կարողանում համեմատել մեր ժողովրդի ապրած տառապանքը:
Խաղաղ, աշխատասէր, ստեղծագործ մի ամբողջ ժողովուրդ առանց պատճառի, առանց բացատրութեան, սրի ու սպանդի ուժով դուրս հանել իրենց յարմարաւէտ տներից ու ամիսներով քաղցած, ծարաւ, մտրակի հարուածներով ու տարբեր չարչարանքներով քայլեցնել: Ձորերում ու քարայրներում անմարդկային ձեւերով խոշտանգել, սպանել ու այրել: Կենդանի թաղել, մարդկանց ոտքերին պայտեր գամել ու նրանց ստիպել քայլելու: Երեխաներին ու ծերերին ձիերի սմբակների տակ ճզմել: Մի ամբողջ գիւղ իր ողջ բնակիչներով հողին հաւասարեցնել Ճեմալի ձեռքով եւ դեռ մենք կարող ենք նստել եւ լսել նրա եւ այդ ոճրագործ ոհմակի շառաւիղների՞ն:
Թող ինձ ներեն այն «փափկասուն» սրտերը, որոնք չեն կարող այս տեսարանների մատնանշումը ընդունել, բայց ինձ համար թուրքի արածը իմ ազգին, իմ հարազատներին, վեր է նոյնիսկ որեւէ հատուցումից անգամ: Էլ չեմ խօսում ներողութիւն խնդրելու անհեթեթութեան մասին, որը ինձ համար հարցից դուրս է եղել միշտ: Եթէ նոյնիսկ երկրագնդի վրայ մէկ թուրք էլ մնացած լինի, հարիւրաւոր տարիներ էլ անցնեն, նա պատասխանատու է իմ ազգին եւ ինձ հասցրած աններելի ոճրի համար:
Իմ ազգը թափառական է այսօր գնչուներից աւելի: Օրէօր դատարկւում է մեր երկիրը, օրէօր հալւում, կորչում է մեր լեզուն, նոր սերունդը այն ընդունում է միայն որպէս անիմաստ պարտադրանք: Ամբողջովին փոխուել է մեր ազգային դիմագիծը, մեր հոգեբանութիւնը: Եւ այս ամէնի պատճառը թուրքն է: Եւ նա պէտք է, ոչ թէ պատասխան տայ, այլ փոխհա-տուցի:
Ժամանակն է, որ մենք թէկուզ ուշացումով, կենտրոնանանք մեր Պահանջատիրութեան վրայ: Մենք բիլիոնների հասնող եկամուտ ունենք նրանցից գանձելու: Թուրքիոյ ամենաբերրի հողերը մեզ են պատկանում: 96 տարիների ընթացքում մեր հողերից կուտակած շահերի գանձում ունենք նրանցից ստանալիք: Ինչո՞ւ մեր կառավարութիւնը, մեր հայրենի ժողովուրդը, որը բողոքում է իր ծանր տնտեսական վիճակի մասին, չի ելնում իր իրաւունքները պահանջելու կառավարութիւնից: Փոխանակ իր հողն ու երկիրը լքելու, փոխանակ իր զաւակներին ստորին, ամօթալի աշխատանքների համար թշնամու գիրկ ուղարկելու, հրեաների օրինակով կարող է իր երկրում իր օրինական դրամների տէրը դառնալ:
Մեզ պէտք է այօր մի նոր 1965թ. զարթօնք, երբ մեր բռնագրաւուած հողերի պահանջը առաջին անգամ բարձրացուեց, նոյնիսկ սովետական ծանր բռունցքի տակ: Զարթօնք, որ ժողովրդին իր կենցաղային լճացած վիճակից դուրս բերի դէպի իր ապագան ճիշդ կերտելու մայրուղի:
Ցեղասպանութեան լինել-չլինելու հարցի վրայ փոխանակ վատնելու մեր ուժերը, մենք այսուհետեւ պէտք է ազգովին մեր պահանջատիրութեան յայտը ներկայացնենք: Մեր գրաւուած տարածքների վերադարձը, մեր թափուր թողած ունեցուածքների գումարը, նրանցից շահարկուած եկամուտները անցած 96 տարիների ընթացքին:
Թող թուրքիոյ իշխանութիւնը զբաղուի Ցեղասպանութեան հերքումի կամ հաստատումի հարցով: Թող նա շարունակի տարիներ ժխտեր, որ հայերը ապրել են իրենց երկրում, որ հայերի բնակավայրերն են իրենք չեն օգտագործում: Այդ ժխտումը չի արել եւ չի կարող անել, գոյութիւն ունեցող փաստերը շատ աւելի հաստատուն են դեռ: Ուրեմն առանց ժամանակ կորցնելու մենք պէտք է, որ Ցեղասպանութեան հաստատման մեր աղերսը փոխարինենք մեր Պահանջատիրութեամբ: Եւ մեր Պահանջատիրութիւնը միայն թուրքիայով չի սահմանափակուելու: Մենք Պահանջատէր ենք նաեւ Ադրբեջանից Բաքուի եւ Սումգայիթի հայութեան ունեցուածքները բռնագրաւելու, նրանց հասցրած նիւթական, հեգեկան, մտային վնասների համար:
Այո, եթէ հայութիւնը այս զարթօնքով չառաջնորդուի յաւէտ մնալու է թափառական, խնդրողի, աղերսողի, զիջողի, կորցնողի ու պառակտուողի վիճակում ինչպէս այսօր է:
Ապրիլ 14, 2011
Սան Ֆրանսիսքօ