ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ

Շատ էի լսել Քեսապի մասին, որ գեղատեսիլ, սաղարթախիտ բնութիւն ունի, տները ամբողջովին «թաքնուած են» ձորերի եւ լեռների մէջ: Աստծոյ կամքով, թէ բախտի թելադրանքով ինձ բախտ վիճակուեց լինել Քեսապում: Հալէպի շնչասպառ անող տապից ձանձրացած՝ րոպէներն էի հաշւում, թէ ե՞րբ եմ լինելու Քեսապում: Շատ անհամբեր էի, այն տպաւորութիւնն էր մօտս, որ կարծես մի քանի անգամ արդէն եղել եմ այնտեղ, ինձ սպասող կայ Քեսապում: Այնտեղ կարօտով էի գնում ողջ ճանապարհը:
Մի քանի բառով կամ նախադասութեամբ անհնար է պատմել Քեսապի մասին: Շուրջ բոլորդ գլխապտոյտ առաջացնող վայրի բնութիւն է, թռչունների դայլայլ, պտղատու ծառեր, մաքուր օդ: Քեսապում գտնուելու առաջին իսկ վայրկեանից ինձ մօտ այն տպաւորութիւնն էր, որ Հայաստանում եմ գտնւում. ինձ ասես Ջերմուկում, Դիլիջանում կամ էլ Ծաղկաձորում զգացի:
Յափշտակուած այս չքնաղ բնութեամբ՝ ընկնում ես անուրջների գիրկը եւ սկսում անվերջ անրջել, մտորել եւ խորհել: Մտածում էի, որ, ինչու ոչ, այս հողը մեզ պէտք է պատկանէր: Մենք՝ հայերս, Քեսապ պէտք է գանք ոչ թէ հիւրի, այլ տանտիրոջ կարգավիճակով: Եւ ակամայից իմ մէջ գլուխ բարձրացրեց սեփականատիրոջ ոգին: Յուսանք, հաւատանք եւ սպասենք, որ կը գայ բաղձալի օրը, երբ բոլորս ազգովի ոտքներս ամուր կը խփենք այս հողին եւ ի լուր աշխարհի կը գոչենք, որ Քեսապը Հայաստանն է, Հայաստան աշխարհի մի մասը:
Անսահման մեծ է տպաւորութիւններս եւ ակնածանքս քեսապցիների նկատմամբ: Շատ հիւրընկալ, ազնիւ, սրտբաց ժողովուրդ են նրանք: Քեզ հետ ծանօթանալու առաջին իսկ վայրկեանից դառնում են քո բարեկամը:
Պէտք է ասեմ, որ Քեսապն իր մէջ մագնիսի պէս ձգողական ուժ ունի: Կարծես քեզ առնում է իր գիրկը եւ չի թողնում լքես իրեն: Իրօք այդպէս է, սեփական մաշկիս վրայ եմ զգացել դա: Չէի կարողանում կտրուել այս հրաշք բնութիւնից եւ վերադառնալ Հայաստան: Անբացատրելի զգացողութիւն էր:
Եղանք նաեւ Տէր Զօրում: Տէր Զօրի անապատ՝ վայր, որտեղ կոտորուեց, փշուր-փշուր եղաւ հայ ժողովրդի ողնաշարը: Առաւօտ կանուխ ճանապարհ ընկանք, կէսօրին արդէն Տէր Զօրում էինք: Սրտի թրթիռով էինք սպասում, թէ ե՞րբ ենք տեղ հասելու: Մինչ Տէր Զօր հասնելը կանգ առանք Եփրատ գետի մօտ:
Բոլորս քարացած միմեանց էինք նայում՝ չհաւատալով, որ կանգնած ենք Եփրատի ափին: Անցնելով Տէր Զօրի անապատով՝ մեր քթին կարծես դիպչէր անմեղ նահատակ հայերի թափուած արեան հոտը, մի ակնթարթում մեր աչքի առաջ յառնեց եղեռնի տեսարանը: Լռութեան մատնուած՝ կտրեցինք-անցանք անապատը: Դէպի Տէր Զօր ուխտագնացութիւնը աւարտեցինք Տէր Զօրի Սուրբ Նահատակաց եկեղեցի այցելելով: Այստեղ ականատես եղանք մի հոգեցունց տեսարանի: Եկեղեցու թանգարանում՝ առանձին անկիւնում, ապակու տակ ցուցադրուած էր թուրքական եաթաղանից սրախողող եղած, նահատակուած հայերիս ոսկորները, գանգերը, որոնք գտնուել են պեղումների ժամանակ:
Որպէս վերջաբան կ՛աւելացնեմ, որ իւրաքանչիւր հայ կեանքում գոնէ մէկ անգամ պարտաւոր է լինել Քեսապում եւ Տէր Զօրում: Հաւատացէ՛ք, դա պարզապէս անհրաժեշտութիւն է, հոգեւոր սնունդ: Քեսա՛պ, ես նորից կը գամ քո գիրկը, Տէր Զօր, ես նորից կը դիպչեմ քո հողին: